
Եղինջ (անգլ.՝ Urtica, ռուս.՝ Крапива, լատ.՝ Urtica), կծան խոտ, կճան մրմռուկ, աղինջ, դաղդղան, դարդահան, եղինջազգիների (Urticaceae) ընտանիքի միամյա և բազմամյա, եղինջ երկտուն (Urtica dioica L.), հազվադեպ՝ եղինջ այրող
(Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում։
Ի՞նչ կա եղինջի մեջ
100 գրամ եղինջում կա.
- Սպիակուց – 3.7 գ
- Ածխաջրեր – 5.4 գ
- Ճարպեր – 0.5 գ
- Ձուր – 85 գ
- Բջջանյութ – 3.1 գ
- Մոխիր – 2 գ
Վիտամիններ
- Վիտամին А – 1.15 մգ
- Վիտամին В1 – 0.2 մգ
- Վիտամին В2 – 0.16 մգ
- Վիտամին В4 – 17.4 մգ
- Վիտամին В5 – 0.3 մգ
- Վիտամին В6 – 0.1 մգ
- Վիտամին В9 – 30 մկգ
- Վիտամին С – 333 մգ
- Վիտամին К – 498.6 մկգ
- Վիտամին Е – 0.8 մգ
- Վիտամին H – 0.5 մկգ
- Նիացին – 0.39 մգ
Մակրոտարրեր
- Կալցիում – 481 մգ
- Կալիում– 334 մգ
- Մագնիում – 57 մգ
- Նատրիում – 80 մգ
- Լուսածին (ֆոսֆոր) – 71 мг
- Քլոր – 150 мг
Միկրոտարրեր
- Երկաթ – 1.64 մգ
- Պղինձ – 76 մկգ
- Մարգանեց – 779 մկգ
- Սելեն – 0.3 մկգ
- Ցինկ– 0.34 մգ
Կալորիականությունը՝ մոտ 42 կկալ
Եղինջը դեղաբույս է
Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչառական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։ Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում։
Եղինջից պատրաստված թեյը կամ եփուկը թեթևացնում են դաշտանի ցավերը և մեղմում են արնահոսությունը:
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ։Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։
Եղինջը որպես ուտեստ
Եղինջ ուտելուց բարձրանում է հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ, ինչպես նաև շատանում է էրիտրոցիտների քանակը:
Եղինջի ընձյուղներից պատրաստում են համեղ սալաթներ, ապուրներ, կոտլետներ, թեյեր, վիտամինային կոկտեյլներ…
Եղինջը որպես պարարտանյութի հիմք
Եղինջից պարարտանյութ պատրաստելը դժվար չէ՝ վերգետնյա մասերը լցնում են ջրի մեջ և սպասում մինչև եփ գա:
Թուրմը պատրաստելիս պետք է հետևել հետևյալ կանոններին.
- Ընձյուղներն հավաքում են մինչև սերմերի գոյանալը;
- Բույսը պետք է առողջ ու անվնաս լինի;
- Թուրմը պետք է շաբաթական 2-3 անգամ խառնել;
- Թուրմը ավելի լավ է պատրաստել արևի տակ, քանի որ բարձր ջերմությունները արագացնում են խմորման գործընթացը;
- Խմորումն արագացնելու համար կարելի է լուծույթին, որպես կատալիզատոր, խմորիչ (դրոժ), կամ նախորդ անգամ պատրաստվածից մի փոքր մերան ավելացնել;
- Մերանը կարելի է երկար ժամանակ պահել պլասիկ անոթի մեջ, ձմռանը տաք տեղում;
- Թուրմով սնուցումն անել երկու շաբաթը մեկ անգամ: Սնուցումից հետո բույսերը պետք է լավ ջրել:
Թուրմի վատ հոտից կարելի է ազատվել եթե հեղուկի մեջ գցել Կատվախոտի (валериана лекарственная) արմատ:

Եղինջի թուրմի պատրաստման բաղադրատոմսեր
Եղինջի թուրմի հիմքով պատրաստվող պարարտանյութերի տարբեր բաղադրատոմսեր կան, որոնք նախատեսված են տարբեր բույսեր սնուցելու համար:
Եղինջից ու հացից պատրաստված պարարտանյութ
Ջրի մեջ լցնում են եղինջի վերգետնյա մասեր, հացի, բուլկեղենի, պաքսիմատի մնացորդներ և խմորիչ (թթխմոր, դրոժ): Լուծույթը խմորում են 3-5 օր:
Տակառը, որում պատրաստվում է թուրմը պետք է լցված լինի եղինջի թփերով 3/4-ով, ծածկվի նույն բարձրությամբ ջրով, որպեսզի եռ գալու ընթացքում թուրմը չթափվի:
Պատրաստի թուրմը քամում են և, բույսերը սնուցելուց առաջ, բացում ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ:
Եղինջից և կաթնուկից պատրաստված պարարտանյութ
Պատրաստման ձևը նույնն է, ինչ վերը նկարագրվածը: Կաթնուկը և եղինջը հավաքում են մինչև սերմեր առաջանալը, մի քիչ չորացնում են, կտրատում ու լցնում տակառի մեջ: Լուծույթը խմորում են 4-5 օր: Պատրաստի թուրմին կարելի է փայտի մոխիր ավելացնել:
Բացի Կաթնուկից, լուծույթի մեջ կարելի է թորել հետևյալ բույսերի կանաչ զանգվածը՝
- Լոլիկի հեռացված, ավելորդ ընձյուղները;
- Հովվամախաղ;
- Քարխոտ;
- Օշինդր;
- Հազարատերևուկ;
- Սիզախոտ, արմատների հետ;
- Տատրակ;
- Երիցուկ:
Ցուցակից երևում է, որ պարտեզի համարյա բոլոր մոլախոտերը կարելի է օգտագործել: Բայց կան բույսեր, որոնք չի կարելի օգտագործել: Դա Պատատուկ դաշտայինն է, այն թունավոր է, ինչպես նաև հացազգիները, որոնք կարող են վնասակար, սպիրտ պարունակող միացություններ գոյացնել:
Մեթանային խմորման եղանակը
Վերը նշված պատրաստման եղանակները կարելի է կատարելագործել՝ եռման շրջանում ռետինե թաղանթով հերմետիկ փակելով տակառը, ինչը թույլ կտա առավելագույնս պահպանել ընթացքում առաջացող նյութերը, օրինակ ազոտը:
Մեթանային խմորումը ընթանում է մոտ 2 շաբաթ:
Որ բույսերի համար է օգտակար եղինջից պատրաստված թուրմը
Եղինջից պատրաստված թուրմը օգտակար է համարյա բոլոր բույսերի համար:
Ելակի համար շատ օգտակար է եղինջից և հացից պատրաստված թուրմը՝ հեշտ յուրացվող կալիումի և ազոտի շնորհիվ: Կալիումը քաղցրեցնում է պտուղները, իսկ ազոտը բույսի ընդանուր սնուցման համար է:
Եղինջի թուրմով ջրված հողում շատանում են Անձրևավորդերը:
Լոլիկի, տաքդեղի, կաղամբի, վարունգի համար էլ ազոտի, կալիումի և կալցիումի առկայությունը շատ օգտակար է: Սնուցումն անում են 2 շաբաթը մեկ անգամ:
Ուշադրություն: Սնուցման համար պատրաստված թուրմը պետք է առնվազն 1 շաբաթվա խմորում անցած լինի: Այլապես կարող է վնաս հասցնել բույսերին:
Ծաղիկներն էլ են պարարտացնում եղինջի թուրմով, սակայն առանց խմորիչի են պատրաստում, քանի որ շատ ծաղիկներ լավ չեն տանում խմորիչի առկայությունը:
Որ բույսերը պետք չէ սնուցել եղինջի թուրմով
Եղինջի թուրմը բացասաբար է ազդում սոխի, սխտորի և բոլոր բակլազգիների վրա:
Եղինջի օգտագործման այլ ոլորտներ
Եղինջի տերևներից ստանում են կանաչ ներկ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ: Ցողուններից՝ թուղթ, բարձրորակ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։