Սեթկրեզիա մանուշակագույն

Setcreasea
purpurea

Սեթկրեզիա մանուշակագույնը
(անգլ.՝ Purple heart, ռուս.՝  Сеткрезия пурпурная, լատ.՝ Setcreasea purpurea, Tradescantia pallida) հայտնի է նաև Տրադիսկանտիա մանուշակագույն  անունով:

Խնամքը

Սենյակային պայմաններում Սեթկրեզիա մանուշակագույնը հաճախ աճեցնում են մեկ ծաղկամանի մեջ 2-4 բույս տնկելով՝ այնպես, որ ճյուղերը կախվեն ծաղկամանի շուրջը: Սեթկրեզիա մանուշակագույնը բավականին տոկուն, ոչ պահանջկոտ բույս է, սակայն կան հարմարավետության որոշակի պայմաններ:
Լուսավորություն: Սեթկրեզիա մանուշակագույնը սիրում է պայծառ, ցրված լուսավորություն: Ցանկալի է նաև, որ օրվա ընթացքում 2-3 ժամ մնա արևի ուղիղ ճառագայթների ներքո: Այդպիսի պայմաններում տերևները դառնում են վառ մանուշակագույն:
Սակայն Սեթկրեզիա մանուշակագույնը կարելի է աճեցնել առանց արևի լույսի էլ, եթե հնարավորություն կա ֆիտոլամպերի միջոցով ապահովել բույսի 16 ժամյա լուսավորություն:
Լույսի պակասի դեպքում, բույսը կանաչում է, ճյուղերը ձգվում են և կորչում է էկզոտիկ տեսքը:
Օդի ջերմությունը: Եթե շուրջ տարին Սեթկրեզիա մանուշակագույնի համար ապահովվի միևնույն երկարության լուսային օր, ապա սենյակի ջերմաստիճանը կարգավորելու կարիք չի առաջանա: Սակայն ձմռանը, եթե լրացուցիչ լուսավորում չի տրվում, ճիշտ կլինի բույսը տեղափոխել ավելի պաղ (7 – 10 °C) տեղ, ինչը կդանդաղեցնի բույսի աճը ու գունափոխում, կամ տեսքի վատացում չի լինի:
Ջրելը: Սեթկրեազիա մանուշակագույնը պետք է առատ ջրել: Սակայն պետք է հետևել հողի վիճակին՝ այն պետք է լինի թեթևակի խոնավ, բայց ոչ ամբողջովին թաց: Շատ վտանգավոր են թե՛ ջրախեղդ վիճակը, թե՛ հողի իսպառ չորացումը:
Ջրել պետք է սենյակային ջերմության մեկ և ավելի օր բացոդյա թողնված ջրով:
Օդի խոնավությունը: Սեթկրեզիա մանուշակագույնը սիրում է բարձր խոնավութուն ունեցող միջավայր, սակայն ջրով ցողելն հակացուցված է: Ջրի կաթիլները լաքաներ կարող են առաջացնել տերևների վրա:
Խոնավությունը բարձրացնելու համար կարելի է բույսի կողքին ջրով լի որևէ անոթ դնել, կամ ծաղկամանը դնել ափսեի մեջ, որտեղ ջուր լցնել և խիճ՝ այնպես, որ ծաղկամանի հատակը ջրի մեջ չընկղմվի:
Ձմռանը պետք է Սեթկրեզիա մանուշակագույնը հեռու պահել ջեռուցման սարքերից օդի եկող տաք հոսանքներից:
Էտելը: Սեթկրեզիա մանուշակագույնը, պարբերական, խորը էտման կարիք ունի: Էտն անում են ակտիվ աճի սեզոնի նախաշեմին: Հին ճյուղերէ էտում են 2-3 սմ երկարություն թողնելով, իսկ նորերը, անհրաժեշ չափով են կարճացնում:
Սնուցում: Օրգանական կամ այլ պարարտանյութերով Սեթկրեազիա մանուշակագույնը սնում են ըստ անհրաժեշտության, ոչ հաճախ քան ամիսը մեկ անգամ:
Հողը: Հողի նկատմամբ  Սեթկրեզիա մանուշակագույնը պահանջկոտ չէ, այն կարող է աճել ցանկացած տիպի պարարտ հողում: Կարելի է գնել պատրաստի, սենյակային բույսերի համար նախատեսված, ունիվերսալ հողախառնուրդ: Ինքնուրույն պատրաստելիս խառնում են հավասարաչափ մասերով վերցված կոմպոստ, ճմահող և գետի, խոշոր ավազ և ավելացնում են մի քիչ փայտի ածուխի փոշի:
Ծաղկաթաղարը կարող է լինել դասական չափսերի՝ լայնքը հավասար է խորությանը, կամ էլ ավելի լայն: Ծաղկաթաղարի հատակին դրենաժի լավ շերտ են լցնում, որպեսզի ջուրը չմնա ծաղկաթաղարի մեջ:
Տեղափոխումը: Նոր, ավելի մեծ ծաղկաթաղարի մեջ  Սեթկրեազիա մանուշակագույնը տեղափոխում են գարնանը՝ երբ հին ծաղկաթաղարում արմատների համար այլևս տեղ չի մնում: Պետք է նկատի ունենալ, որ տեղափոխումն անում են միայն սկզբում ՝ երբ բույսը նոր է մեծանում: Հասուն բույսը միայն պարբերաբար էտում ու թարմացնում են:
Բազմացումը:  Սեթկրեզիա մանուշակագույնը հեշտությամբ բազմանում է գագաթային կտրոններով, որոնք արագ արմատներ են բաց թողնում ինչպես հողի, այնպես էլ ջրի մեջ:
Վնասատուներն ու հիվանդությունները: Սեթկրեզիա մանուշակագույնը վնասատուների հարձակմանը հազվադեպ է ենթարկվում ու ամենահավանական հարձակվողը կարող է լինել սարդոստայնային տիզը:
Սեթկրեզիա մանուշակագույնը կայուն է հիվանդությունների նկատմամբ: Ամենահաճախ պատահող անախորժությունը ճյուղերի ծայրերի չորանալն է, որը շատ չոր կամ տաք օդի հետ շփման արդյունք է:

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *