Անթուրիումը (անգլ.՝ Anthurium, ռուս.՝ Антуриум, լատ.՝ Anthurium) պատկանում է նվիկազգիների (Araceae) ընտանիքին։ Բնության մեջ աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտիներում: 500-ից ավելի անթուրիումի տեսակներ կան:
Եթե փնտրում եք սենյակային ծաղիկ, որը աշնանն ու ձմռանը պայծառ գույներ կավելացնի ձեր բնակարանին, գնեք անթուրիում: Ճիշտ խնամքի դեպքում այն ծաղկում է համարյա անընդհատ: Կան նաև անթուրիումի այնպիսի տեսակներ, որոնք արժեքավոր են շնորհիվ իրենց տերևների գեղեցկության:
Ուշադրություն
Անթուրիումի բոլոր տեսակները թունավոր են, խնամելիս պետք է զգույշ լինել և հեռու պահել մանկահասակներից:
Իրականում անթուրիումի ծաղիկ համարվող վառ գույն ունեցող մասը բուն ծաղիկի՝ կոնաձև, սպիտակ կողրիկի ծածկոց-տերևն է: Երբ ծաղկելն ավարտվում է այդ ծածկոց-տերևը կանաչում է և վերածվում է սովորական տերևի:
Անթուրիումը բուրմունք ունի: Տարբեր տեսակների բուրմունքը տարբեր է:
Անթուրիումը կարող է մինչև 70 սմ բարձրության հասնել:
Անթուրիումի սենյակային տեսակները
- Սենյակային պայմաններում հիմնականում հիբրիդային տեսակներ են աճեցնում: Ամենատարածվածը Անդրեի Դակոտա Անթուրիումն է, որը վառ կարմիր “ծաղիկներով” ծաղկում է շուրջ տարին:
- Տարածված է նաև Շերցերի Անթուրիումը, որի ծածկոց-տերևներն ավելի կլորավուն են: Ծաղիկները կարող են լինել կարմիր, նարնջագույն կամ բծավոր սպիտակ:
- Ինչպես ասվեց, կան նաև զուտ գեղեցիկ տերևների համար աճեցվող տեսակներ:
Խնամքը
Լուսավորությունը
Անթուրիումին անհրաժեշտ է ցրված, պայծառ լույս՝ առանց արևի ուղիղ ճառագայթների: Չնայած անթուրիումին հաճախ դասակարգում են որպես ստվերադիմացկուն բույս, խոր ստվերում այն լավ չի աճի ու չի ծաղկի:
Հյուսիսային պատուհանագոգերն, օրինակ, ամենահարմարավետ տեղը չեն անթուրիումի համար: Լավագույն տեղերը արևմտյան և արևելյան պատուհանների մոտ են:
Օդի ջերմաստիճանը
Անթուրիումը ջերմություն սիրող բույս է: Ձմռանը օդի ջերմաստիճանը չպետք է նվազի + 16-ից: Ամռանը ամենահարմարավետ ջերմաստիճանը +28 է:
Կարևոր խնդիր է բույսը միջանցքահովերից, իսկ ձմռանը նաև ջեռուցման սարքերից հեռու պահելը:
Օդի խոնավությունը
Խոնավասեր է: Լավ կլինի անթուրիումի ծաղկամանը տեղադրել լայն, ջրով ու ավազով կամ մանր խճաքարով լի տակդիրի վրա, ինչպես նաև պարբերաբար ջրով ցողել բույսի շրջակա օդը: Բուսի տերևները ցողելը այնքան էլ ցանկալի չէ, քանի որ ջրի կաթիլները չորանալուց հետո սպիտակ բծեր են թողնում տերևների վրա:
Տերևների վրայի փոշին անհրաժեշտ է մաքրել փափուկ, խոնավ սպունգով:
Ջրելը
Ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Կարևոր է թույլ չտալ ոչ հողի լրիվ չորացումը, ոչ էլ ճահճացումը:
Օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ քչացնում են ջրելու հաճախականությունը
Տեղափոխելը
- Արագ աճն ու ծաղկելն ապահովելու համար, մինչև 5 տարեկան դառնալը անթուրիումը ամեն տարի տեղափոխում են նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ: Հինգ և ավելի տարեկան բույսերը տեղափոխում են 3 տարին մեկ:
- Տեղափոխելիս ստուգում են բույսի արմատների վիճակը և հեռացնում են վնասված, փտած արմատները, իսկ կտրված քները մշակում են ածխափոշով:
- Կարևոր է նոր ծաղկամանում լավ դրենաժային շերտ ստեղծելը:
- Եթե բույսը “ձագուկներ” է տվել, դրանք կարելի է առանձնացնել:
- Ծաղկաման ընտրելիս նկատի ունեցեք, որ բույսի փոքր-ինչ նեղված վիճակը խթանում է ծաղկելը, իսկ ազատ տեղ ունենալը նպաստում է “ձագուկների” ի հայտ գալուն:
Հողախառնուրդը
Հողախառնուրդը պետք է լինի պարարտ ու թեթև, որպեսզի արմատներին օդ հասնի: Ցանկալի է, որ հողախառնուրդում լինեն ճմահող, փշատերևի մանրեցված (2-5 սմ կտորներ) կեղևվ խոշոր ավազ, պեռլիտ ու փայտածուխ:
Հողախառնուրդի անհրաժեշտ թթվայնությունը՝ թույլ թթվային (pH 5,5-6,5):
Մտղաշ բույսերի համար հողախառնուդի բաղադրատոմս
- Տորֆ – 1 մաս;
- Սֆագնում-մամուռ – 1 մաս;
- Սոճենու մանրեցված կեղև (2-5 սմ կտորներ) – 1 մաս;
- Պերլիտ – 1 մաս:
Մեկ և ավելի տարեկան բույսերի համար հողախառնուդի բաղադրատոմս
- Տորֆ – 2 մաս;
- Ճմահող – 0,5 մաս;
- Սոճենու մանրեցված կեղև (2-5 սմ կտորներ) – 1 մաս;
- Տերևային բուսահող – 1 մաս;
- Սֆագնում-մամուռ – 1 մաս;
- Խոշոր կարմիր ավազ կամ մանրեցված աղյուս – 1 մաս;
- Փայտածուխ – 0,2 մաս:
Սնուցումը
Գարնանն ու ամռանը անթուրիումը լրացուցիչ սնուցման կարիք ունի: Օգտակար կլինի նաև պարբերաբար, ջրելու հետ մեկտեղ առտաարմատային սնուցում կազմակերպելը:
Բազմացումը
Անթուրիումը բազմացնում են՝
- Բույսը տեղափոխելիս խոշոր բույսերը բաժանելով կամ “ձագուկներն” առանձնացնելով: Բաժանելու համար բույսը կտրատում են սուր, ախտազերծված դանակով, իսկ կտրվածքները մշակում են ածխափոշով: Առանձնացված բույսերը ջրում են չափավոր՝ գերխոնավ հողի մեջ “ձագուկները” չեն կպնի:
- Տերև ու օդային արմատ ունեցողկտրոնը արմատակալման դնելով:
- Սերմերով: Սակայն տնական պայմաններում սերմեր ստանալն ու դրանցով բազմացնելը բավականին բարդ գործ է: Անհրաժեշտ է ճիշտ ժամանակին արհեստական փոշոտում կազմակերպել, այնուհետև ճիշտ ժամանակին սերմը վերցնել ու անմիջապես տնկել: Անթուրիումի պտուղներն ու սերմերն էլ հասունանում է 9-12 ամսում, իսկ սերմից աճեցված բույսը սկսում է ծաղկել երրորդ տարում միայն:
Բույսի երիտասարդացումը
Աճին զուգահեռ անթուրիումի ներքևում մնացած տերևները մահանում են, իսկ նորերը աճում են գագաթից: Ժամանակի հետ բույսը կարող է կորցնել իր դեկորատիվ տեսքը, ուստի երիտասարդացման կարիք է առաջանում:
Երիտասարդացման համար կտրում և ջրի կամ այլ սուբստրատի մեջ արմատակալման են դնում բույսի գագաթը՝ անհրաժեշտ քանակությամբ հանգուցամեջեր թեղնելով վրան: