Ալրատիզ

Ալրատիզը (անգլ․՝ Mealybug, ռուս․՝ Мучнистый червец, լատ․՝ Pseudococcidae) սենյակային բույսերի վտանգավոր վնասատու է, որն արագ բազմանում է խոնավ ու տաք միջավայրում։

Նկարագրված է ալրատիզի ավելի քան 2200  տեսակ, որոնցից 330-ը տարածված են Եվրոպայում։

Ալրատիզի որձերը, ի տարբերություն էգերի և թրթուրների թևավոր են ու անվնաս՝ քանի որ զուրկ են բերանից։ Իսկ էգերն ու թրթուրները գոյատևում են բույսերի հյութը ծծելով։

Էգերը, ձվադրելու համար, բույսի վրա ընտրում են թաքուն, դժվարամատչելի տեղեր և մեկ անգամից կարող են 300-2000 ձու դնել։

Թրթուրները շատ շարժունակ են, արագ տարածվում են բույով մեկ և կարող են բույսից բույս տեղափոխվել քամու, մարդու կամ կենդանու միջոցով։

Ալրատիզերն արտաթորում են կպչուն զանգված, որը մնալով բույսի վրա, դառնում է սնկային հիվանդության օջախ։

Ալրատիզի դեմ պայքարը

Կանխարգելում

  • Անհրաժեշտ է պարբերաբար, ուշադիր զննել բույսերը, մանավանդ ալրատիզի համար հարմար մասերը՝ տերևների ներքին մակերեսը, կոկոնները, մատղաշ և նեղ տեղերը։
  • Պետք է մշտապես հետևել բույսի և ծաղկանոցի մաքրությանը, հեռացնել թափված ու չորացած տերևները, կտրել վնասված մասերը, խոնավ լաթով մաքրել տերևները, լողացնել բույսերը ցնցուղի տակ (տե՛ս, թե ինչպես մաքրել սենյակային բույսերի տերևները==>
  • Պետք է միշտ թեթևակի խոնավ պահել ծաղկամանի հողը, քանի որ ալրատիզը խորշում է թաց հողից։
  • Պատուհանի գոգին կամ ջերմոցում պետք չէ շատ խիտ տեղադրել բույսերը։
  • Նոր բույս ձեռք բերելու դեպքում, այն պետք է 1-2 շաբաթ մեկուսի՝ կարանտինում պահել և միացնել մյուս բույսերին միայն համոզվելուց հետո, որ բույսն առողջ է։

Պայքարի տնայնագործական միջոցներ

Եթե բույսերի վրա ալրատիզերի քանակը շատ մեծ չէ, կարելի է փորձել դրանց վերացնել հետևյալ միջոցներով՝

  1. Օճառաջուր։ Տնտեսական կամ կանաչ օճառի ջրային լուծույթի մեջ թաթախված բամբակով մշակել բույսի բոլոր տերևներն ու ճյուղերը։
  2. Օճառի սպիրտային լուծույթ։ Տեսանելի սպիտակ բծերը հեռացնելուց հետո, 1լ գոլ ջրին խառնում են 15 գ հեղուկ օճառ և 10 գ սպիրտ կամ օղի ու այդ լուծույթով լավ ցողում են բույսը։ Մի քանի ժամ անց բույսը լվանում են ցնցուղի տակ։
  3. Սխտոր։ Ճզմած սխտորը խառնում են 70%-ոց սպիրտի և ջրի հետ՝ 1:1:3 հարաբերակցությամբ, զտելուց հետո, ստացված հեղուկով ցողում են բույսը։
  4. Ցիտրուսային թուրմ։ 50-100 գ ցիտրուսային մրգի կլեպի վրա լցնում են 1 լիտր գոլ ջուր և 24 ժամից զտում են ու ցողում բույսը։
  5. Վաղենակի թուրմ։ 100 գ վաղենակի չորացրած ծաղիկների վրա լցնում են 1 լ գոլ ջուր և թրմում են 24 ժամ։ Զտելուց հետո ցողում են բույսը։

Միջատասպան թունաքիմիկատներ

Ծանր դեպքերում, երբ տնայնագործական միջոցները չեն օգնում, միակ փրկությունը հատուկ միջատասպան (insecticide) նյութերն են՝ Актара, Фитоверм, Биотлин, Моспилан։

Վերը թվարկված համակարգային միջատասպան նյութերի գործողության ժամկետը մոտ 2 շաբաթ է, ուստի, ալրատիզի բոլոր սերունդներից ազատվելու համար անհրաժեշտ է լինում բույսի 2-3 մշակում անել՝ 14 օրը մեկ պարբերականությամբ։

Կարդացեք նաև մեկ այլ նյութ, թե ինչպես սենյակային բույսերը պաշտպանել վնասատուներից ==>

Արտաքին հղումներ

Սենյակային բույսերի տեղակայման գոտիներԸ

Հյուսիսային պատուհան

Հյուսիս նայող պատուհանները տալիս են շատ միջին ուժգնության ցրված լույս, ինչը հարմար է ստվերադիմացկուն բույսերի համար: Այս ուղղությամբ արևի ուղիղ ճառագայթներ չեն լինում:

Հարավային պատուհան

Հարավ նայող պատուհանները ստանում են արևի ամենաշատ ուղիղ լույսը՝ գրեթե ողջ օրը, բացառությամբ վաղ առավոտից և ուշ հետկեսօրից: Հարավային պատուհանների գոգերը հիանալի տարբերակ են այնպիսի բույսերի համար, ինչպիսիք են կակտուսները, սուկուլենտները և ներսում աճեցվող համեմունքային խոտաբույսերն ու բանջարեղենը:

Արևելյան պատուհան

Արևելյան կողմի պատուհանները առավոտյան մի քանի ժամ ստանում ենուղիղ արև, իսկ մնացած ժամերին պայծառ ցրված լույս: Արևելյան կողմի պատուհանները հիանալի տարբերակ են արևադարձային բույսերի մեծ մասի համար, որոնք սիրում են վառ ցրված լույս:

Արևմտյան պատուհան

Արևմուտք նայող պատուհանները կեսoրից հետո և երեկոյան ստանում են ուղիղ արև, իսկ այլ ժամերին՝ պայծառ ցրված լույս: Արևմուտք ուղղված պատուհանների գոգերը լավ տարբերակ են այն բույսերի համար, որոնք սիրում են մասնակի ուղիղ լույս, օրինակ՝ սուկուլենտներն ու դրանց նման բույսերը:

Ինչպես պարզել, արդյոք բույսը ստանում է լույսի ճիշտ քանակություն

Բարեբախտաբար, բույսերը նշաններ են տալիս դրա վերաբերյալ։ Բավարար լույս չստացող բույսերը, դանդաղ են աճում, եթե ընդհանրապես աճում են, տերևները թուլանում են, դեղնում ու թոշնում։ Մյուս կողմից, չափից շատ ջերմության և արևի լույս ստացող բույսերը ստանում են դարչնագույն, տեղ-տեղ այրված տերևներ և տերևների ծայրեր:

Նյութը վերցված և թարգմանված է bloomscape.com կայքից։

Ստվերադիմացկուն սենյակային բույսեր

Aglaomena

Ագլաոնեմա (անգլ․՝ Aglaonema, or Chinese evergreen, չին․՝ 粗肋草屬, ռուս․՝ Аглаонема, լատ․՝ Aglaonema): Հեշտ աճող սաղարթային բույս ​​է, որն իրեն լավ է զգում ցածր և միջին լուսավորության ներքո:

Անթուրիումը (անգլ․՝ Anthurium, ռուս․՝ Антуриум, լատ․՝ Anthurium): Միջինից ցածր լուսավորության պայմաններում ծաղկում է կարմիր, սպիտակ կամ վարդագույն ծաղիկներով: Ծաղկամանի հողը մշտապես խոնավ են պահում:

Բաղեղ անգլիականը և Բաղեղ ալժիրյանը լավ են աճում ցածր կամ միջին լույսավորության ներքո:

Բեգոնիա ռեքս, Փղականջ ռեքս (անգլ․՝ King begonia, ռուս․՝ Бегония рекс, լատ․՝ Begonia rex)։ Գնահատվում է գունագեղ սաղարթի համար: Դիմանում է միջինից ցածր լուսավորությանը։ Ջրել հողի չորանալուց հետո։

Դիֆենբախիան կամ Համրաբույսը (անգլ․՝ Dumb cane, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia) նախընտրում է միջինից ցածր լուսավորությամբ տարածք: Պետք է թույլ տալ, որ հողը չորանա մինչև ջրելը:

Զամիոկուլկասը (կամ Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ), (անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas) լավ է աճում չոր միջավայրում և ցածր լուսավորության ներքո:

Թուջե ծաղիկ (անգլ․՝ Cast Iron Plant, Bar-room plant, չին․՝ 蜘蛛抱蛋, ռուս․՝ Аспидистра высокая, լատ․՝ Aspidistra elatior)։ Եղունգի պես կոշտ այս բույսն աճում է լիարժեք ստվերում և կանոնավոր ջրվելու պահանջ նույնպես չունի:

Ծոփոր (անգլ․՝ Monstera, ռուս․՝ Монстера, լատ․՝ Monstéra): Հարմարվում է տարբեր ինտենսիվությամբ լուսավորությանը և ունի սենյակի օդը մաքրելու հատկություն։

Կալատեան (անգլ․՝ Calatheas, Prayer plant, ռուս․՝ Калатея, լատ․՝ Calathea) լավ է աճում միջինից ցածր լուսավորության պայմաններում: Լավ աճի համար անհրաժեշտ է կայուն խոնավություն: Որպես կանոն, որքան ցածր է լույսը, այնքան հազվադեպ կալատեան ծաղկում:

Մարանտա սպիտակաջիղ (անգլ․՝ Prayer Plant, ռուս․՝ Маранта беложильчатая, լատ․՝ Maranta leuconeura)։ Այս հիանալի բույսը հանդուրժում է թույլ լուսավորությունը, բայց շատ ավելի լավ է աճում պայծառ, ցրված լույսի ներքո։ Սիրում է փխրուն հող ու օդի խոնավություն։

Պոթոս ոսկեզոծը (անգլ․՝ Devil’s ivy, ռուս․՝ Эпипре́мнум золотистый, լատ․՝ Epipremnum aureum) թույլ լուսավորության սիրահար է։ Պետք է ունենա ցածրից չափավոր լույս և հողը չորանա մինչև նոր ջրելը:

Պտեր (անգլ․՝ Ferns, ռուս․՝ Папоротники, լատ․՝ Polypodióphyta)

Պտերի (ձարխոտերի) շատ տեսակներ, ներառյալ Button fern, Autumn fern, Rabbit’s foot fern, Maidenhair fern և այլն, լավ տարբերակ են ցածր լուսավորության պայմաններում աճեցնելու համար: Դրանց համար պետք է ապահովել մշտապես խոնավ հող և ցածր կամ միջին լուսավորություն:

Պլատիցերիումը նույնպես ձարխոտ է (անգլ․՝ Staghorn fern, ռուս․՝ Платицериум, լատ.՝ Platycerium) լավ է աճում օդի բարձր խոնավությամբ վայրերում, օրինակ, լոգասենյակներում:

Բնության մեջ պլատիցերիումներն աճում են ծառերի վրա և չունեն հողի պահանջ: Չափավոր լույսը բավարար է:

Թռչնի բույն պտեր (անգլ․՝ Bird’s Nest Fern, ռուս․՝ Асплениум гнездовой, Костенец, լատ․՝ Asplenium nidus)։ Արեւադարձային անտառների ծառերի ճյուղերին ու բներին է աճում այս էպիֆիտ բույսը։ Սիրում է կիսաստվերը և խոնավությունը:

Սանսևիերիան (Զոքանչի լեզու) (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera) լավ է աճում չոր միջավայրում և հեշտությամբ համակերպվում է չափավոր և թույլ լուսավորության հետ:

Սինգոնիում տերևատոտիկ (անգլ․՝ Arrowhead Plant, ռուս․՝ Сингониум ножколистный, լատ․՝ Syngonium podophyllum): Նվազագույն պահանջներով, հեշտ աճող բույս ​​է: Որպեսզի այն գեղեցիկ տեսք ունենա, անհրաժեշտ է կանոնավոր կերպով էտել:

Սպաթիֆիլում (անգլ․՝ Peace lily, ռուս․՝ Спатифиллюм, լատ․՝ Spathiphyllum)։ Նախընտրում է չափավորից մինչև ցածր լուսավորություն և մշտապես խոնավ հող: Նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում, ծաղկում է տարին մի քանի անգամ:

Վիշապենի (անգլ․՝ Lucky Bamboo, չին․՝ 富貴竹, ռուս․՝ Драцена Сандера, լատ․՝ Dracaena sanderiana) Վիշապենին Ասիայում անհիշելի ժամանակներից  համարվում է բարի բախտի և բարգավաճման խորհրդանիշ: Կարելի է թե՛ հողի, թե՛ միայն ջրի մեջ աճեցնել։ Լավ է աճում և՛ ցածր, և՛ միջին լուսավորված վայրում։

Քլորոֆիտում (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)։ Քլորոֆիտումները ամենահեշտ աճեցվող տնային բույսերից են: Դրանք հաջողությամբ հարմարվում և աճում են շատ տարբեր պայմաններում։

Ֆիլոդենդրոնը (անգլ.՝ Philodendron, ռուս.՝ Филодендрон, լատ.՝ Philodendron)  միջինից ցածր լուսավորության սենյակային բույս ​​է, որը նախընտրում է որ հողը չորանա մինչև նոր ջրելը:

Քիմիոն

Քիմիոնը [Քիմոն, Ճապուռ, Զիրե](անգլ․՝ Caraway, Persian cumin, ռուս․՝ Тмин, Кмин посевной, Индийская зира, լատ․՝ Cárum cárvi) նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։

Քիմիոնը բուրավետ և անուշաբույր խոտաբույս է: Սերմերը բույսի ամենաշատ օգտագործվող մասն են՝ օգտագործվում են որպես համեմունք, սակայն բույսի բոլոր մասերն են ուտելի:

Քիմիոնի սերմեր աճեցնելը որոշակի համբերություն է պահանջում, քանի որ բույսը երկամյա է և, ինչպես գազարը, սերմ է տալիս աճի երկրորդ տարում:

Առաջին տարին բույսի բարձրությունը հասնում է մոտ 20 սմ-ի, ունի գազարին նմանվող սաղարթ և երկար արմատ: Երկրորդ տարում բույսը եռապատիկ մեծանում է չափերով, և սաղարթը դառնում է ավելի փետրավոր՝ հաստ ցողուններով: Հովանոցների վրա հայտնվում են սպիտակ փոքրիկ ծաղիկներ, որոնք բացվում են մայիսին և մնում են մինչև ամառվա վերջ։ Ծաղկած ծաղիկները տալիս են փոքր կոշտ շագանակագույն սերմեր՝ քիմիոնի համեմունք, որը շատ երկրների խոհանոցների կարևոր համեմունք է:

Քիմիոն աճեցնելը

Լույսը
Ցանել արևկող տեղում։ Լույսի պակասի դեպքում կարող է աճի միայն երրորդ տարում ծաղկել։
Օդի ջերմաստիճանը
Զով եղանակ սիրող բույս է, բայց դիմանում է թե՛ ցրտին, թե՛ շոգին։
Ձմռանը, մուլչապատ վիճակում կարող է դիմանալ -30°C։
Օդի խոնավությունը
Շատ խոնավ կլիման նպաստավոր չէ, հարմար է 35-40% օդի խոնավությունը։
Ջրելը
Կանոնավոր, չափավոր։
Սնուցումը
Թեթևակի պարարտացնում են, երբ բույսերը հասնում են 7-8 սմ բարձրության և հաջորդ անգամ, երբ ծաղկում է: Սեզոնի կեսին բույսի շուրջը կոմպոստ են փռում:
Հանգստի շրջանը
Ձմռանը
Հողը/Հողախառնուրդը
Թեթև, պարարտ հող։ pH 6.0 – 7.0
Ծաղկամանը
Պետք է առնվազն 20,3 սմ խորությամբ կոնտեյներ: Բույսն ունի ուղղահայաց արմատ և այնքան էլ լավ չի աճում կոնտեյների մեջ։
Բազմացնելը
Սերմով։ Կարելի է ցանել աշնանը կամ գարնանը։
Սերմերը սկսում են ծլել օդի +8°C ջերմությունից սկսած։

Ցանելը

Քիմիոնը ավելի լավ է անմիջապես դրսում ցանել՝ վաղ աշնանը: Գարնանացանի դեպքում էլ նախընտրելի է անմիջապես այգում ցանել՝ տեղափոխելիս արմատը չվնասելու համար։ Տեխնիկապես քիմիոնի սածիլներ էլ կարելի է աճեցնել, բայց դրանք վաղ և զգուշորեն պետք է տեղափոխել այգի՝ մինչև արմատի մեծանալը։

Սերմերը ցանում են 5-10 մմ խորությամբ: Եթե ​​բույսն աճեցվում է որպես բանջարեղեն, ապա միմյանցից հեռավորությունը պետք է 20 սմ լինի: Սերմերի համար աճեցնելիս, մի քիչ ավելի հեռու։

Ընթացքը

Քիմիոնը աճում է գազարի պես: Աճի առաջին տարում բույսն հասնում է մոտ 20 սմ բարձրության: Հաջորդող գարնանը մաղադանոսի արմատի նման արմատից սկսվում է նոր գարնանային աճ: Ամռան սկզբին բույսը իր ծաղկի ցողունը հասցնում է մոտ 60 սմ բարձրության:

Բերքահավաք

Աղցանների կամ ապուրների համար, մատղաշ, ուտելի տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել ամռանը։ Երկրորդ տարվա աշնանը, ծաղկելն ավարտելուց մոտ մեկ ամիս անց, հավաքում են սերմերի գլուխները, փռելով շորի վրա չորացնում են, այնուհետև թափ են տալիս թղթե տոպրակի մեջ՝ սերմերն առանձնացնելու համար։ Սերմերը պահում են ապակյա տարայի մեջ՝ զով, մութ տեղում:

Քիմիոնի արմատները նույնպես կարող են փորվել երկրորդ տարին և օգտագործվել որպես արմատապալարային բանջարեղեն:

Հղումներ

Հեյխերա

Հեյխերան (անգլ.՝ Coral bells, Alumroot, ռուս.՝ Гейхера, լատ.՝ Heuchera) քարբեկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Արժեքավոր և լայնորեն տարածված դեկորատիվ բույսեր են,

հատկապես Հեյխերա արնագույնը (Heuchera sanguinea), որի հիբրիդային բազմաթիվ տեսակները հայտնի են նաև Heuchera hybrida (Heuchera hybrida) անվամբ:

Անվանվել է գերմանացի բժիշկ և բուսաբան Յոհան Հայնրիխ ֆոն Հեյխերի (1677-1746) պատվին։

Խնամքը

Լույսը
Լիարժեք արևից մինչև կիսաստվեր
Պայծառ գույները պահպանելու և ծաղկելու համար անհրաժեշտ է օրական առնվազն 4 ժամ ուղիղ արև։
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C
Ձմռանը՝ ոչ նվազ -15°C-ից
Օդի խոնավությունը
Անտարբեր է օդի խոնավության նկատմամբ, սակայն, սիրում է կանոնավոր ցողվել։
Ջրելը
Խոնավասեր է, ամռանը հողը միշտ թույլ խոնավ պահելու համար կարող է պետք լինի օրը 2 և ավելի անգամ ջրել;
Հողի ճահճացումը, սակայն, կարող է կործանել բույսը։
Սնուցումը
Համարյա կարիք չունի։ Աճի ողջ շրջանում, մեկ անգամ, կրկնակի կամ եռակի ցածր չափաբաժնով։
Հանգստի շրջանը
Ձմռանը անհրաժեշտ է ջերմամեկուսացնել կամ տեղափոխել զով, լուսավոր սենյակ։
Հողը
Լավ ջրաթափանցիկ, խոնավ, պարարտ հող, որը չեզոքից թեթևակի թթվային է՝ 6,0-ից 7,0 pH-ով: Որոշ տեսակներ, ինչպիսիք են H. sanguinea-ն, չեն հանդուրժում կավային կամ թթվային հողերը:
Ծաղկամանը
Դրենաժային մեծ ծակերով, լայն, ոչ շատ խոր։
Բազմացնելը
Թուփը կիսելով, տնկաշիվով, սերմով։

Որտե՞ղ տնկել

Տեղը որոշում են սորտային պահանջներին համապատասխան։ Վառ գույնի և խայտաբղետ սաղարթներ ունեցողների համար հարմար է վառ լուսավորված տարածքը: Մուգ կանաչ սաղարթ ունեցողների համար գերադասելի է կիսաստվերը։ Նախընտրելի է հեյխերան տնկել բակի արևմտյան կամ արևելյան հատվածում, որտեղ արևի ուղիղ ճառագայթների տակ կլինի միայն առավոտյան:

Սենյակային պայմաններում աճեցնելիս, պետք է ընտրել արևելյան պատուհանագոգերը:

Տեղափոխելը

Հեյխերան նույն տեղում կարող է բարեհաջող աճել միայն 5 տարի։ Այնուհետև, անկախ սնուցումների քանակից և հողի վերին շերտը փոխելու հաճախականությունից, պետք է այն հանել և նոր տեղում տնկել։ Այդ 5 տարիների ընթացքում բույսը կորցնում է իր դեկորատիվ տեսքը՝ ճյուղերը ձգվում են, թուփը կորցնում է ցրտադիմացկունությունը և ձմռան ցրտից մահանում է։

Վերատնկելիս երիտասարդացնում են թուփը՝ հեռացնում են վնասված հատվածները և շատ մեծացած թուփը բաժանում են ավելի փոքր մասերի։

Հեյխերայի տեսակները

Հնարավո՞ր է Հեյխերան աճեցվել սենյակում:

Այո, հեյխերան կարող է ձմռանը դառնալ սենյակային բույս: Ծաղկամանը պետք է տեղադրել արևոտ, բայց զով տեղում, այնպիսի մի տեղ, որտեղ գիշերը օդի ջերմաստիճանը +7…+15°C է:

Հղումներ

Սագոենի

Սագոենին (անգլ.՝ Cycas, ռուս.՝ Саговник, լատ.՝ Cycas) հնագույն սագոենազգիների (Cucadaceae) ընտանիքի բույսերի ցեղ է: Այս ցեղի բնական տիրույթն է Ասիան (Հնդկաստանից մինչև Ճապոնիա), Ինդոնեզիան, Ավստրալիան, Խաղաղ օվկիանոսի կղզիները և Մադագասկարը։

Սագոենիները մշտադալար, 2-15մ բարձրությամբ, բազմամյա բույսեր են, որոնք իրենց առավելագույն բազմազանությանը հասել են յուրայի և կավճի ժամանակաշրջաններում, երբ դրանք տարածվել էին գրեթե ամբողջ աշխարհում: Կավճի վերջում, երբ ոչ թռչնավոր դինոզավրերը անհետացան, Հյուսիսային կիսագնդի սոգոյենիների մեծ մասը նույնպես վերացավ:

Այժմ հաշվվում է սագոենիների մոտ 113 տեսակ։ Ամենահայտնի, որպես սենյակային բույս տարածված տեսակը Սագոենի ճապոնականն է (անգլ․՝ Japanese Sago Palm, ռուս․՝ Саговник поникающий, լատ․՝ Cycas revoluta) է:

Խնամքը

Լույսը
Պայծառ ծրված, կիսաստվեր։ Ամռանը կարելի է դուրս հանել, բայց արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանել։
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C
Ձմռանը՝ ոչ պակաս +15°C
Կարող է դիմանալ կարճատև ցրտացումներին, բայց -5°C-ից ցածր ջերմաստիճանը սպանում է բույսին։
Օդի խոնավությունը
Բարձր՝ 70%-80% Կանոնավոր ցողել, սրբել թաց սպունգով
Ջրելը
Ամռանը՝ չափավոր
Ձմռանը՝ քիչ
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, ամիսը մեկ անգամ, մագնիում և կալիում չպարունակող, օրգանական պարարտանյութերով։ Օրինակ՝ ձիու գոմաղբ։
Հանքային հեղուկ պարարտանյութով N-P-K (18,8,18)
Հանգստի շրջանը
Ձմռանը
Հողախառնուրդը
Լավ փխրուն, պարարտ, թույլ թթվայինից՝ չեզոք
Ծաղկամանը
Դրենաժային մեծ ծակերով
Երիտասարդ բույսերը տեղափոխում են 2-3 տարին մեկ։ Մեծ բույսերը չեն տեղափոխում, փոխում են հողի վերին՝ 5սմ շերտը։
Բազմացնելը
Կողքից աճող ձագուգներով, սերմով (հազվադեպ)

Կտրել կարելի է միայն ամբողջովին դեղնած ու դարչնագույն դարձած ճյուղերը: Ամբողջովին չդեղնած ճյուղերը կարող են վատացնել բույսի տեսքը, բայց դրանք դեռևս կլանում են բույսի համար օգտակար տարրեր, իսկ դրանց կտրելը կարող է խթանել մյուս ճյուղերի դեղնելը և վատթարացնել բույսի առողջությունը:

Հղումներ

Ֆատսիա

Ֆատսիան (անգլ․՝ Fatsia, ռուս․՝ Фатсия, լատ․՝ Fatsia) Արալիա (Araliaceae) ընտանիքի մշտադալար թփերի երեք տեսակների, փոքր ցեղ է։

Ծագումով Ճապոնիայի և Կորեայի հարավային շրջաններից է։

Ֆատսիայի երեք տեսակներն են՝

  • Fatsia japonica․ Հայրենիքը Հարավային Ճապոնիան, Հարավային Կորեան և Թայվանն են։
  • Fatsia oligocarpella․ Հայրենիքը Խաղաղ օվկիանոսի ճապոնական Բոնին կղզիներն են։
  • Fatsia polycarpa. Հայրենիքը Թայվանի լեռնային շրջաններն են։

Ճապոնական ֆատսիան այդ երեքից ամենատարածվածն է։ Այն լայնորեն կիրառվում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, որպես դեկորատիվ բույս, ինչպես նաև աշխարհով մեկ՝ որպես սենյակային բույս։

Ճապոնական ֆատսիայի խնամքը սենյակային պայմաններում

Լույսը
Ցրված մեղմ լույս, կիսաստվեր, հեռու արևի ուղիղ ճառագայթներից։ Լավ է տանում արհեստական լուսավորությունը։
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +16..+27°C
Ձմռանը՝ +7…+13°C
Օդի խոնավությունը
Կարող է դիմանալ ցածր խոնավությանը, սակայն նախընտրելի է մոտ 60%-ը, շատ լավ է արձագանքում կանոնավոր ցողելուն։
Ջրելը
Խոնավասեր է Հողը միշտ թեթև խոնավ պետք է լինի, ճահճացումը կործանանար է։։
Ամռանը ջրում են 3 օրը մեկ։
Ձմռանը ջրում են 7 օրը մեկ։
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, 15 օրը մեկ, համալիր պարարտանյութով՝ առաջարկվողից երկու անգամ թույլ դոզայով։
Հանգստի շրջանը
Ձմռանը
Հողախառնուրդը
Կարելի է գնել պատրաստի հողախառնուրդ։
Պարտեզի հող (1)
Տորֆ (1)
Ավազ (1)
Ծաղկամանը
Նոր, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ երբ արմատներին աճի տեղ չի մնում։
Լավ դրենաժ։
Բազմացնելը
Տնկաշիվերով, սերմով

Խորհուրդներ

  • Շաբաթը մեկ անգամ պետք է պտտել ծաղկամանը՝ որպեսզի բույսը բոլոր կողմերից համաչափ աճի։
  • Ֆատսիաները սիրում են ձմռան հանգիստը, այնպես որ լավ կլինի տեղափոխել տան ավելի զով բայց լուսավոր մաս։
Հղումներ

Դիֆենբախիա

Դիֆենբախիան կամ Համրաբույսը (անգլ․՝ Dumb cane, չին․՝ 花叶万年青属, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia L) Araceae ընտանիքի արևադարձային, մշտադալար բույսերի ցեղ է։ Բնիկ է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտիներում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա: Որոշ տեսակներ լայնորեն մշակվում են որպես դեկորատիվ բույսեր,

հատկապես որպես տնային բույսեր։ Որոշ տեսակներ էլ տեղայնացվել են մի քանի արևադարձային կղզիներում:

Բնության մեջ հայտնաբերվել է դիֆենբախիայի մոտ 40 տեսակ։ Սենյակային պայմաններում դիֆենբախիան շատ արագ է աճում. կան տեսակներ, որոնք հինգ տարեկանում ունեն 200 սմ և ավելի բարձր հասակ։

Խնամքը

Լույսը
Պայծառ ծրված, կիսաստվեր
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+30°C
Ձմռանը՝ ոչ պակաս +15°C
Օդի խոնավությունը
Բարձր, մոտ 65%։ Կանոնավոր ցողել։
Ջրելը
Ամռանը՝ առատ
Ձմռանը՝ չափավոր
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, 15-20 օրը մեկ:
Օգտագործում են կիր չպարունակող օրգանական կամ հանքային պարարտանյութեր։ Դոզան պետք է 2 անգամ կրճատվի արտադրողի կողմից առաջարկվող չափից:
Հանգստի շրջանը
Սեպտեմբեր-մարտ
Հողախառնուրդը
Լավ փխրուն:
Տորֆ, տերևային բուսահող, գետի ավազ, մանրեցված տորֆամամուռ (2:4:1:2)
Ծաղկամանը
Լավ դրենաժով։
Այլ ծաղկաման տեղափոխում են երբ արմատներն այլևս հնի մեջ չեն տեղավորվում։
Բազմացնելը
Գագաթային տնկաշիվերով, անդալիսով, սերմով (հազվադեպ)

Դիֆենբախիայի հութը թունավոր է։ Մաշկի վրա կարող է այրվածքներ առաջացնել։

Դիֆենբախիան շատ խոնավասեր բույս ​​է։ Այն չափազանց բացասաբար է արձագանքում միջանցիկ քամիներին և ջերմաստիճանի կտրուկ անկմանը:

Բույսը բացասաբար է արձագանքում կրին: Այս առումով, սաղարթը ցողելու և ոռոգելու ջուրը նախ պետք է ազատել նստվածքից կամ անցկացնել ֆիլտրով: Հարմար է նաև եռացրած ու սառեցրած ջուրը կամ անձրեւաջուրը։

Հղումներ

Նատրիումի գլուտամատ

Նատրիումի գլուտամատը (անգլ․՝ Monosodium glutamate [MSG], չին․՝ 味精, ռուս․՝ Глутамат натрия, լատ․՝ Natrii glutamas) համային հատկությունները

բարելավող սննդային հավելանյութ է (E621):

Այն սպիտակ, բյուրեղային փոշի է, որը հեշտությամբ լուծվում է ջրի մեջ։ Որպես սննդային հավելում օգտագործելը պայմանավորված է նրանով, որ այն փոխանցում է հիմնական համերից մեկը՝ ումամի, կամ այսպես կոչված «մսի համը»՝ ի շարս քաղցրից, աղիից, թթուից և դառից։

Նատրիումի գլուտամատի կիրառումը որպես պարարտանյութ

Անտեղյակները սովորաբար զարմանում են լսելով, որ նատրիումի գլուտամատը կարելի է օգտագործել որպես պարարտանյութ: Սակայն, չնայած որպես սննդային հավելված իր ոչ այնքան լավ համբավին, նատրիումի գլուտամատը լայնորեն ու հաջողությամբ կիրառում են սենյակային բույսերի սնուցման համար։

Նատրիումի գլուտամատը լավ պարարտանյութ է, քանի որ այն պարունակում է.

  • ազոտի, ֆոսֆորի և կալիումի համեմատաբար մեծ պաշար;
  • այնպիսի տարրեր, ինչպիսիք են ամոնիումը, սուլֆատը, կալցիումը, մագնեզիումը, օրգանական նյութերը:
  • մի շարք ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են բույսերի աճի համար:

Բոլոր վերը թվարկվածները կարևոր սննդանյութեր են բույսերի առողջ աճի համար։ Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իր հատուկ դերը.

  • Ազոտն օգնում է բույսին իր համար սնունդ ստեղծել ֆոտոսինթեզի միջոցով:
  • Ֆոսֆատները խթանում են արմատների աճը, մեծացնում են այլ սննդանյութերի կլանումը և ծաղկման խթանիչն են:
  • Կալիումը օգնում է բույսերին ավելի արագ աճել և կարգավորում է նյութափոխանակության գործընթացները, որոնք անհրաժեշտ են մրգերի և սերմերի զարգացման համար:
  • Օրգանական նյութերը կարող են բարելավել հողը և օգնում են ջրի և սննդանյութերի պահպանմանը: Դրանք նաև նպաստում են հողում օգտակար օրգանիզմների բազմացմանը, որոնք, իրենց հերթին, օգնում են պարարտանյութի արդյունավետ կլանմանը:
  • Ամինաթթուները նպաստում են բերքի առողջությանը և երկարացնում են պահպանման ժամկետները:
  • Ծծումբը ախտահանում է հողը և օժանդակում է ազոտի արդյունավետ կլանմանը:
Ուշադրություն։ Նատրիումի գլուտամատի մեծ քանակությունը կարող է սպանել բույսին։ Միայն չափավոր քանակությունն է օգտակար որպես պարարտանյութ:

Լուծույթը պատրաստելը

  • Փոքր և մինչև 1 տարեկան բույսերի համար 1 թեյի գդալ նատրիումի գլուտամատը խառնում են 4 լիտր հնեցված, գոլ ջրի հետ և սնուցում են բույսերը 2 շաբաթը մեկ անգամ։
  • Խոշոր կամ 1 տարեկանից մեծ բույսերի համար 0.5-1 թեյի գդալ նատրիումի գլուտամատը խառնում են 1 լիտր հնեցված, գոլ ջրի հետ և սնուցում են բույսերը շաբաթական մեկ անգամ։

Սնուցումը կարելի է կատարել ինչպես ջրելու, այնպես էլ բույսի սաղարթը ցողելու միջոցով: Սնուցման լավագույն ժամանակը ուշ երեկոն է:

Խոլորձների սնուցման համար խորհուրդ է տրվում 1 թեյի գդալ նատրիումի գլուտամատը խառնել 1 լիտր հնեցված, գոլ ջրի հետ և դրանով ցողել բույսի արմատներն ու տերևները։

Հղումներ