Փետրախոտ

ՓետրախոտՍարի սմբուլ (անգլ.՝ Feather grassNeedle grassSpear grass, ռուս.՝ Ковыль, լատ.՝ Stipa), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա չորասեր խոտաբույսերի ցեղ։
Ցողունը բարակ է, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները կոշտ են, նեղ գծաձև՝ սովորաբար հետոլորված եզրերով կամ խողովակաձև (ծածկում են հերձանցքերը)։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մեկական, նուրբ և ճկուն փետուրների տեսքով։ Ծաղկում է հունիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբեր։
Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ցածրադիր և միջին լեռնային, գոտիներում (1500-2200 մ բարձրություններում)։ Աճում է անապատներում, կիսաանապատներում, տափաստաններում, նոսրանտառներում, չոր, քարքարոտ վայրերում և այլն։ Փետրախոտի շատ տեսակներ տափաստանների բուսականության հիմնական տարրերից են։
Ճիմ առաջացնող և կերային խոտաբույս է։ Գեղազարդիչ է։

Հղումներ

Դափնեվարդ

Դափնեվարդը  (անգլ.՝ Oleander, ռուս.՝ Олеандр, լատ.՝ Nerium), շնամեռուկազգիների (Apocinaceae) ընտանիքի բույսերի ցեղ է։ Հայրենիքը Փոքր Ասիան և Հարավային Եվրոպան է (Միջեկրականի ծովեզերք)։ Մշտադալար բարձր թուփ է, իր հայրենիքում աճում է գետերի ափերին, բարձրությունը հասնում է 4-5 մետրի։ Ծաղիկները բուրավետ են,սպիտակ, կարմիր, վարդագույն և դեղին երանգներով։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Մշակության մեջ հաճախ կարելի է հանդիպել սովորական ճփնուն (լատիներեն՝ N․ oleander) և նրա լիաթերթ ծաղկավոր այլատեսակին (N. o. fl. pl.):
Ընտանիքը շատ աղքատ է. բաղկացած է 10 տեսակից:  Օլեանդրն ունի նեղ, բայց մինչև 40սմ երկարության հասնող տերևներ: Ծաղիկներն արտակարգ գեղեցիկ են ու խոշոր ծաղկաբույլերով:  Ծաղկման շրջանը ամառն է՝ հունիս-հուլիսը: Բույսը լուսասեր է. սենյակում ամենահարմար տեղը հարավային լուսամուտներն են: Ամառը պետք է առատ ջրել, իսկ ձմռանը կարելի է պակասեցնել: Օլեանդրը ջերմասեր է, բայց պահանջկոտ չէ խոնավության նկատմամբ, լավ է դիմանում չորային պայմաններին, բայց լավ չի տանում ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները: Օլեանդրն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն: Գեղեցիկ ծաղիկներով այս բույսը թունավոր է: Այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն դնել այնպիսի սենյակում, որտեղ երեխաներ կան: Օլեանդրի հյութը պարունակում է թունավոր նյութեր, որն առաջին հերթին ազդում է նյարդային համակարգի վրա: Օլեանդրը բազմացվում է ցողունային կտրոններով: Այն տեղափոխում են տարին մեկ անգամ՝ մարտ ամսին: Թաղարի խորքային հատվածը լավ կլինի լցնել խիճ կամ ավազ, որպեսզի ապահովի ջրի անցանելիությունը:

http://ankakh.com/article/423/olyeandr

Հղումներ