Ալոկազիան (անգլ․՝ Alocasia, ռուս․՝ Алоказия, լատ․՝ Alocasia) նվիկազգիների ընտանիքի բազմամյա, մշտադալար, արևադարձային բույսերի ցեղ է։ Հայտնի է ալոկազիայի 79 տեսակ։
Համառոտ տեղեկանք ալոկազիա աճեցնելու վերաբերյալ
Ծաղկելը․ սենյակային պայմաններում շատ հազվադեպ է ծաղկում, աճեցվում է որպես դեկորատիվ տերևներ ունեցող բույս;
Լուսավորությունը․ խայտաբղետ տեսակներին անհրաժեշտ է պայծառ, ցրված լույս, իսկ կանաչ տերևներ ունեցողներին՝ կիսաստվեր։ Արևի ուղիղ ճառագայթները վնասակար են բոլոր տեսակների համար;
Օդի ջերմաստիճանը․ գարնանն ու ամռանը՝ +23…+25 ºC, ձմռանը՝ մոտ +20 ºC, բայց ոչ ցածր +18 ºC-ից;
Օդի խոնավությունը․ անհրաժեշտ է բարձր խոնավություն։ Պետք է կանոնավոր ցողել բույսը և շոգին այն տեղադրել թաց խճով լի, լայն տակդիրի վրա;
Ջրելը։ Աճի շրջանում՝ առատ, երբ չորանա հողի վերին շերտը։ Ձմռանը՝ հողի վերին շերտի չորանալուց 1-2 օր հետո;
Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում ամսական երկու անգամ՝ փոխնեփոխ օրգանական և համալիր պարարտանյութերով;
Հանգստի շրջան։ Աշնան կեսից մինչև գարնան սկիզբը;
Տեղափոխումը։ Այլ ծաղկաման տեղափոխում են գարնանը։ Երիտասարդ բույսերը՝ ամեն տարի, մեծահասակները՝ 2-3 տարին մեկ;
Հողախառնուրդը։ Տերևային հումուս՝ 2 մաս, փշատերևի հումուս՝ 2 մաս, տորֆ՝ 2 մաս, ավազ՝ 1 մաս և մի բուռ փայտի մոխիր;
Խնկեղեգ ճահճայինը (անգլ.՝ Sweet flag, ռուս.՝ Аир, լատ.՝ Acorus calamus) խնկեղեգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ, բազմամյա, դեղատու խոտաբույս է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Համառոտ տեղեկանք խնամքի վերաբերյալ
Ծաղկելը՝ հունիս-հուլիս;
Լուսավորությունը՝ ցրված լույս, հեռու արևի ուղիղ ճառագայթներից։ Հարմար են արևելյան և արևմտյան պատուհանագոգերը։
Օդի ջերմաստիճանը՝ վեգետացիոն շրջանում՝ +18…+22 ºC, ձմռանը՝ +16…+18 ºC, սակայն ավելի ցածր ջերմաստիճաններն ու սառը քամիներին էլ է դիմանում;
Օդի խոնավությունը՝ բարձր։ Լավ կլինի ծաղկամանը դնել թաց խճով լի տակդիրի վրա և հաճախ ցողել բույսը;
Ջրելը՝ առատ ու հաճախ, շոգին պետք է ցողել, կարելի է դնել թաց խճով լի տակդիրի վրա;
Սնուցումը՝ կարիքը չկա;
Հանգստի շրջանը՝ աշնան կեսից մինչև ձմռան վերջը;
Տեղափոխումը՝ կախված արմատների համար տեղի առկայությունից;
Հողախառնուրդը՝ ավազ– 2 մաս, ճմահող– 2 մաս, գետի տիղմ-2 մաս կամ տորֆ– 1 մաս;
Հիվանդությունները՝ գործնականում չկան, տառապում է միայն ոչ բավարար խոնավությունից ու քիչ ջրելուց։
Առանց հողի, ջրի մեջ խնկեղեգ աճեցնելը
Կամայական ձևի կավե, ապակյա կամ պլաստիկ անոթի մեջ լցնում են կերամզիտ, պերլիտ, խոշոր ավազ կամ մանր քարեր և տնկում խնկեղեգը։ Լցնում են թորած, իսկ դրա բացակայության դեպքում, հնեցված, քլորազերծ ջուր՝ այնքան, որ միայն արմատները լինեն ջրի մեջ;
Տեղադրում են սենյակում կամ դրսում, արևի ուղիղ ճառագայթներից պաշպանված կիսաստվերում։
Մանրադրամախոտը (անգլ․՝ Copper coin grass, Common pennywort, չին․՝ 铜钱草, ռուս․՝ Щитолистник обыкновенный, լատ․՝ Hydrocotyle vulgaris) բազմամյա, սողացող, ջրային խոտաբույս է և շատ տարածված սենյակային բույս Չինաստանում։
Բնության մեջ աճում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սենյակային պայմաններում աճեցվում է ինչպես զուտ ջրային միջավայրում (հիդրոպոնիկ), այնպես էլ հողում, կամ միաժամանակ կիսով չափ հողի և կիսով չափ ջրի մեջ։
Հայերեն անվանումը պաշտոնական չէ, Պարտիզպանի տվածն է և պայմանավորված է թե՛ բույսի կլոր, մանրադրամի չափսի տերևների տեսքով, թե՛ դրա անգլերեն անվանումներից մեկով։ Կարելի է անվանել նաև Չինական փողի խոտ, Հիդրոկոտիլ և այլն։
Կենսականորեն անհրաժեշտ խոնավություն և սնունդ ապահովելու դեպքում, մանրադրամախոտը շատ արագաճ, սողացող բույս է։
Նկարում՝ մանրադրամախոտի աճեցումը կիսով չափ հողի և ջրի մեջ։
Միայն հողի մեջ աճեցնելիս, հողը պետք է միշտ խոնավ լինի, բայց, միևնույն ժամանակ, ցեխ չդառնա։ Շոգին ամեն օր ջրելու կարիք կլինի։
Մանրադրամախոտ աճեցնելու համար օգտագործվող, ինչպես նաև ջրելու ու ցողելու ջուրը, պետք է հնեցված լինի՝ ազատ քլորից։ Հին ջուրը փոխելիս, թափում և թարմ ջրով լրացնում են հին ջրի 2/3-ը։ Ջուրը փոխելու անհրաժեշտությունն առաջանում է ամռանը՝ 3-5 օրը մեկ, գարնանն ու աշնանը՝ 5-7 օրը մեկ և ձմռանը՝ 10-15 օրը մեկ։
Ջուրը փոխելուց հետո, կախված ջրի ծավալից, մի քանի կաթիլ պարարտանյութ են ավելացնում ջրին և ցնցում ծաղկամանը, որպեսզի ջուրը լավ խառնվի։
Շատ կարևոր է չմոռանալ բույսը պարբերաբար սնուցելու մասին։ Վեգետացիոն շրջանում, բույսը պետք է սնուցել հավասարակշռված NPK – ով, համալիր, հեղուկ պարարտանյութով։ Հողի մեջ աճեցվող բույսերը սնուցում են ամիսը մեկ անգամ։
Նկարում` ծաղկած մանրադրամախոտն է։ Ընդհանրապես այս բույսն աճեցնում են գեղեցիկ տերևների համար, իսկ ծաղկելը բույսին ամենևին չի գեղեցկացնում։
Ուստի, եթե սերմեր ստանալու մտադրություն չկա, ծաղիկները պետք է անմիջապես կտրել։ Դա կխնայի բույսի ուժերը և պարարտանյութ կխնայի։
Մանրադրամախոտը մշտապես պայծառ, ցրված լույսի կարիք ունի, իսկ ձմռանը բույսը նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների ներքո կարելի է դնել։
Մանրադրամախոտը ջերմասեր է, օդի ջերմաստիճանը չպետք է իջնի +5C-ից, իսկ ամենահարմարավետը +16…+24C տիրույթն է։
Մանրադրամախոտը անհրաժեշտ է պարբերաբար նոսրացնել՝ հեռացնել դեղնած ու ծերացած տերևները։ Արդյունքում կբարելավվի բույսի օդափոխությունը և, լավ սնուցման դեպքում, տերևներն ավելի խոշոր և փարթամ կլինեն։
Բույսի ծաղկամանը պետք է պարբերաբար պտտել, որպեսզի տերևները մի կողմ թեքված չաճեն։
Մանրադրամախոտը բազմացնում են սերմերով կամ թուփը բաժանելով։ Քանի որ թուփը բաժանելով բազմացման եղանակը շատ դյուրին է, սերմերով բազմացումը համարյա չի կիրառվում։
Մանրադրամախոտը շատ կայուն է հիվանդությունների նկատմամբ և չի վախենում վնասատուներից։ Ջրի կամ կես հող, կես ջուր միջավայրում աճեցնելիս պետք է զգուշանալ մոծակների ձվադրումից ջրի մեջ։
Ըստ որոշ տեղեկությունների մանրադրամախոտը նաև ուտում են, ինչպես նաև օգտագործում չինական բժշկությունում։
Գազարը կամ ստեպղինը (անգլ․՝ Carrot, ռուս․՝ Морковь посевная, լատ․՝ Daucus carota subsp. sativus) լայնորեն տարածված, նեխուրազգի, երկամյա արմատապտուղ է։
Գազար աճեցնելը
Գազարը ցրտադիմացկուն է, սերմերը կարող են ծլել օդի +3…+4 °C աստիճանից սկսած, իսկ ծիլերը կարող են դիմանալ -3…-4 °C ցրտահարությանը։ Վաղ գարնանը ցանելու ժամկետը որոշելիս, պետք է հաշվի առնել, որ +3…+4 °C – ին սերմերը կծլեն 15-20 օրում, իսկ երբ հողը տաքանա մինչև +20°C` 8-10 օրում։
Ցանքաշրջանառությունը
Խորհուրդ չի տրվում նույն տեղում 4 տարուց շուտ գազար ցանել։ Լավ նախորդող մշակաբույսեր են հանդիսանում՝ կաղամբը, կարտոֆիլը, վարունգը, լոլիկը, գլուխ սոխը, պրասը, կանաչեղենը, բացի մաղադանոսից և լոբեղենը։ Վատ նախորդող մշակաբույսերն են՝ մաղադանոսը, բադրիջանը, հոռոմ-սամիթը, վայրի գազարը, նեխուրը, դդմիկը։ Աճեցնելիս լավ “հարևաններ” են՝ բողկը, սխտորը, հազարը, ամսեկան բողկը, կանաչ և գլուխ սոխը, պղպեղը, լոլիկը, լոբին, ոլոռը, մաղադանոսը, հազարը, սեզատերևը, սպանախը, եղեսպակը, նեխուրը։ Վատ “հարևաններ” են անիսոնը, սամիթը, կաղամբը, խնձորենին, վարունգը, ճակնդեղը։
Սերմերը թրջելն ու ախտահանելը
Գազարի սերմերը դժվար են ծլում, ուստի, ծլելուն խոչընդոտող եթերային յուղերից ազատվելու համար, սերմերը 24 ժամ թրջում են +40…+50 °C տաք ջրի մեջ՝ ընթացքում պարբերաբար փոխելով ջուրը։
Մեկ այլ, ավելի արդյունավետ, նաև ախտահանող միջոց է սերմերը կես ժամ ջրածնի պերոքսիդի կամ կալիումի պերմանգանատի թույլ լուծույթի մեջ թրջելը։
Թրջելուց հետո սերմերը չորացնում են, որպեսզի հեշտ լինի ցանելը։
Ցանելը
Սերմերը ցանում են մոտ 1 սմ խորությամբ, միմյանցից 5-7 սմ հեռավորության վրա, թողնելով 15-20 սմ միջշարային տարածություն։ Քանի որ սերմերը շատ մանր են և լավ ծլողունակություն չունեն, որպես կանոն ցանքն ավելի խիտ է արվում և հետագայում է նոսրացվում։ Ցանելուց հետո լավ ջրում են։
Խնամքը
Գազարը պահանջկոտ բույս չէ, բայց որոշ բաներ անել, այնուամենայնիվ, պետք է։
Ցանքը նոսրացնելը
Նոսրացումն արվում է երկու անգամ։ Առաջին անգամ, երբ ծիլերը կձևավորեն 1-2 իսկական տերև, բույսերի միջև ստեղծում են 1,5-2 սմ բացատ։ Երկրորդ անգամ, երբ բույսերը կձևավորեն 3-4 իսկական տերև, բույսերի միջև ստեղծում են 5-6 սմ բացատ։
Ջրելը
Գազարը հաճախակի ջրել պետք չէ, գերխոնավացումը անդրադառնում է բերքի որակի, մասնավորապես պահպանման ժամկետի վրա։
Չոր և տաք եղանակին գազարի մարգը ջրում են երկու շաբաթը մեկ անգամ, ապահովելով 4-5 լ ջուր 1 ք․մ․-ին։
Պարարտացնելը
Աշնանը, մարգը նախապատրաստելիս, 1ք․մ․-ին 2 ճաշի գդալ կրկնակի ուպերֆոսֆատ և 1,5 ճաշի գդալ կալիումի սուլֆատ խառնել հողի հետ։
Գարնանը, ցանելուց առաջ, 1ք․մ․-ին 1 ճաշի գդալ կրկնակի ուպերֆոսֆատ և 1 ճաշի գդալ նիտրաֆոս խառնել հողի հետ։ Իսկ ակոսների մեջ, անմիջապես ցանելուց առաջ՝ ամեն մետրին մի բուռ փայտի մոխիր։
Ոչ բերրի և կարծր հողի դեպքում, հողի հետ խառնում են փտած գոմաղբ՝ 1ք․մ․-ին 5-6 կգ։ Թարմ գոմաղբ հողի հետ խառնել չի կարելի, նույնիսկ աշնանը։
Բերքահավաքը
Գազարի բերքը հավաքում են մինչև ցրտերի սկիզբը։ Երեկոյան հողից հանված գազարը նկատելիորեն ավելի քաղցրահամ է։ Հողից հանելուց հետո, անմիջապես, մոտ 2 սմ թողնելով, կտրում են վերին կանաչը, որպեսզի դադարեցնեն բույսի մեջից գոլորշիացումը։ Այնուհետև բերքը չորացնում են ստվերում։
Ինչպես սենյակային պայմաններում գազար աճեցնել
Ինչի մեջ աճեցնել
Գազար աճեցնելու թաղարը պետք է ունենա առնվազն 20 սմ խորություն։ Իհարկե, շատ ավելի լավ կլինի 30 սմ խորություն ապահովել։ Իսկ թաղարի լայնքը պետք է լինի առնվազն 10 սմ։
Տեղեկանք
Կլոր 20×20 սմ չափսերով թաղարի մեջ կարելի կլինի աճեցնել 4 նորմալ չափսի գազար, 25×25 -ում՝ 5 հատ, իսկ մոտ 10x60x20 սմ չափսերով, երկար, ուղղանկյուն թաղարի մեջ՝ 12 գազար։
Հողախառնուրդը
Գազար աճեցնելու համար անհրաժեշտ է փխրուն, ջրաթափանցիկ, ազոտով ոչ շատ հարուստ հողախառնուրդ։ Հողը պարարտացնելու անհրաժեշտության դեպքում պետք է ընտրել NPK 5-10-10 ակմ 4-10-10 համալիր պարարտանյութեր։
Թաղարի լավ դրենաժը պարտադիր է։
Ցանելը
Ցանել կարելի է անմիջապես թաղարի մեջ կամ սկզբում սածիլներ աճեցնել։ Պետք է նկատի ունենալ, որ սածիլները հետագայում տեղափոխելը շատ զգույշ պետք է արվի՝ նուրբ արմատները չպետք է վնասվեն։
Հողի մեջ, միմյանցից 5 սմ հեռավորությամբ արվում են 3-6 մմ խորությամբ փոսիկներ, ուր գցում են 2-3 գազարի սերմ, փոսիկները ծածկում են հողով ու ջրում ջրցողիչով։ Մինչև սերմերի ծլելը, թաղարի հողը պետք է միշտ խոնավ լինի։
Թաղարը ցանելուց հետո տեղադրում են արևկող տեղում, կամ արհեստական լույսի տակ։ Սերմերը ծլում են 14-17 օր անց։
Երբ ծիլերը հասնում են 3-5 սմ բարձրության, յուրաքանչյուր փոսիկից աճած ծիլերից թողնում են ամենականաչն ու ուժեղը, մյուսները սուր մկրատով հեռացնում են։
Լուսավորությունը
Գազարի համար պետք է ապահովվի օրական առնվազն 6 ժամ արևի կամ արհեստական լուսավորություն։ Լավագույն արհեստական լուսավորությունն ապահովում են լույսի ողջ անհրաժեշտ սպեկտրը ընդգրկող LED ֆիտոլամպերը, որոնք կախում են բույսից 5-8 սմ բարձրության վրա։
Ջրելը
Ջրելու հարցում պետք է շատ ուշադիր լինել։ Սենյակային պայմաններում, ջեռուցման առկայությամբ հողը կարող է շատ շուտ չորանալ։
Ջրել պետք է սենյակային ջերմաստիճանի, հնեցված, քլորազերծ ջրով, երբ հողի վերին, 2 սմ խորությամբ շերտը չորանում է։ Ջրելիս պետք է համոզվել, որ գազարի ողջ արմատը ողողվեց ջրով և ավելցուկ ջուրը դուրս հոսեց թաղարի տակդիրի մեջ։
Սնուցումը
Երբ ծիլերը հասնեն 7,5-8 սմ բարձրության, կամ հասցրել են ձևավորել 3 ու ավելի իսկական տերևներ, կարելի է ցածր ազոտ պարունակող պարարտանյութով սնուցում տալ։ Սնուցումն իրականացվում է 3 շաբաթը մեկ։
Բերքահավաքը
Երբ հողից դուրս է գալիս գազարի գազարագույն, վերին մասը, նշանակում է բույսը հասունացել է։ Եթե ավելի մատղաշ պտուղներ են ուզում, ավելի վաղ են հանում գազարը։
Տափաստանային սպիտակ սունկ կամ Կայսերական սունկ (անգլ․՝ King trumpet Mushroom, French horn Mushroom, King Oyster Mushroom, ռուս․՝ Вёшенка степная, Вёшенка королевская, Степной бе́лый гриб, լատ․՝ Pleurotus eryngii)
Սնկի աճեցման ավանդական տեխնոլոգիաները ենթադրում են կամ այգում՝ հատուկ նախապատրաստված մարգում, սեզոնային աճեցնելը, կամ էլ նկուղում կամ այլ հարմարեցված, փակ տարածքում, որտեղ կարելի է արհեստական միկրոկլիմա ստեղծելով, սունկն անընդհատ աճեցնել՝ անկախ տարվա եղանակից։
Սակայն, այժմ գոյություն ունի նոր, կանադական տեխնոլոգիա, որը թույլ է տալիս սունկ աճեցնել սենյակային պայմաններում։
Սունկ աճեցնելու տեխնոլոգիան պատենտավորել է կանադական Food & Health Tec․ ընկերությունը, որը գործում է ողջ աշխարհում:
«Սուննկ տուփի մեջից»՝ այսպես կարելի է անվանել այս մեթոդը։ Վաճառվում է փակ տուփի մեջ հավաքված անհրաժեշտ սուբստրատը, սնկային սպորները (միցելի), ինչպես նաև անհրաժեշտ պարարտանյութերն ու խթանիչները։ Սնկերն էլ աճում են այդ տուփի մեջ։
Բերք ստանալու համար կարիք չկա որևէ գիտելիք և հմտություն ունենալու, քանի որ բոլոր անհրաժեշտ համամասնություններն արդեն հաշվարկվել և ավելացվել են տուփի մեջ: Չեն պահանջվում նաև լրացուցիչ սարքավորումներ։
Արախիսը կամ գետնընկույզը (անգլ․՝ Peanut, ռուս․՝ Арахис, լատ․՝ Arachis hypogaea) լոբազգիների ընտանիքին պատկանող, 25-40 սմ բարձրությամբ, միամյա խոտաբույս է, որը լայնորեն մշակվում է իր արժեքավոր պտղի՝ գետնի տակ գոյացող գետնընկույզի համար։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է, սակայն այժմ տարածված է ողջ աշխարհում։
Արախիսը սիրում է ջերմություն, արև և չափավոր խոնավություն: Կախված տեսակից և եղանակային պայմաններից, արախիսի հասունացման շրջանը՝ տնկելուց մինչ բերքահավաքը, տևում է 120-160 օր:
Ինչպես արախիս աճեցնել ու բերք ստանալ
Որտեղ կարելի է աճեցնել
Արախիս աճեցնելու համար պետք է ընտրել օրվա ընթացքում առնվազն 8 ժամ արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվող վայր՝ շատ փխրուն, պարարտ և լավ դրենաժ ունեցող հող։ Եթե առկա հողը կարծր է, խիստ կավային է, այն փխրեցնելու համար, պետք է դրա հետ խառնել կոմպոստ, տերևային բուսահող և/կամ ավազ:
Սերմերի նախապատրաստում
Արախիսի 1 բաժակ հասուն, հում, խոշոր պտուղները պետք է գոլ ջրով մանրակրկիտ լվանալ, տեղավորել մեծ բանկայի մեջ ու վրան լցնել 3 բաժակ սառը ջուր։ Թողնել այդպես մնա մոտ 12 ժամ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու, մոտ 21 ° C ջերմաստիճան միջավայրում, օդփոխվող տարածքում։
Այնուհետև պետք է ողողել և չորացնել սերմերը։ Եվս 12 ժամ անց պետք է կրկնել թրջելու ընթացակարգը: Երրորդ անգամ, նույն ձևով թրջել-չորացնելուց հետո սերմերը կսկսեն ծլել:
Ցանելը
Ծլած սերմերը կարելի է ցանել բաց գրունտում կամ որպես սածիլ աճեցնել։ Ժամանակ շահելու համար ճիշտ կլինի ցրտերն անցնելու ժամկետից մոտ 30 օր շուտ սերմերը ցանել տորֆից բաժակների մեջ և սենյակային կամ ջերմոցային պայմաններում սածիլներ աճեցնել, իսկ երբ բաց գրունտի ջերմությունը հասնի 18,5°C, պատրաստի սածիլներն իրենց բաժակներով տնկել մշտական տեղում։
Բաց գրունտում ցանելիս, 2-3 սերմեր թաղում են 5-7 սմ խորությամբ փոսիկների մեջ՝ 2-3 սմ խորությամբ։
Սերմերը պետք է լինեն միմյանցից 15-20 սմ հեռավորության վրա, իսկ հետագայում տնկարկը նոսրացնում են այնպես, որպեսզի բույսերի միջև 45-46 սմ ազատ տարածք լինի:
Հետագա խնամքը
Արախիսը, ցանելուց 30-ից 40 օր հետո ծաղկում է փոքրիկ դեղին ծաղիկներով: Յուրաքանչյուր ծաղկից դեպի գետին աճում է շյուղ, որը մտնում է հողի մեջ՝ այնտեղ, պատիճի մեջ, արախիսի նոր պտուղներ ձևավորելու համար։
Երբ թուփը մոտ 30 սմ բարձրության է հասնում, բույսի բնի շուրջը 3-4 սմ բուկլից պետք է արվի։ Հետագայում բուկլից է արվում ամեն ջրելուց հետո։
Ճիշտ ջրելը արախիսի հաջող աճեցման բանալին է: Տնկելուց հետո սերմերը և երիտասարդ բույսերը պետք է խոնավության մեջ պահել մինչև բողբոջելը: Այդ ժամանակից մինչև ծաղկելը, բույսերին ամեն շաբաթ անհրաժեշտ է մոտ 2,5 սմ տեղումներ՝ անձրևի կամ ջրելու միջոցով:
Ջրելիս պետք է խուսափել բույսի տերևները թրջելուց։
Քանի որ արախիսի արմատները մակերեսային են, հայտնվող մոլախոտերը պետք է ձեռքով հեռացնել: Երբ ծաղիկներից իջնող շյուղերը սկսում են աճել, բույսի շուրջը, խոնավությունը պահպանելու և մոլախոտերը նվազեցնելու համար, 2-5 սմ բարձրությամբ ցանկածածկ են փռում։
Բերքահավաքը
Երբ արախիսի սաղարթը սկսում է դեղնել, բույսի տակի հողը փոցխով կամ բահով զգուշորեն բացում ու թուլացնում են: Ձեռքով քաշում հանում են բույսն իր արմատներով ու պատիճներով, թափահարելով ազատում են հողից և գլխիվայր թողնում են գետնին, որպեսզի շյուղերի ծայրին կպած պատիճները մոտ մեկ շաբաթ չորանան։ Անձրևային եղանակի դեպքում չորացումը կազմակերպվում է այլ տեղում՝ ծածկի տակ։
Չորացման առաջին շրջանից հետո արախիսի պատիճները առանձնացնում են շյուղերից և մեկ շերտով փռում սառը, չոր տեղում՝ ևս երկու-երեք շաբաթ չորանալու համար: Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել պատիճների վիճակը՝ համոզվելու համար, որ բորբոս չկա: Բորբոսնած պտուղները հեռացնում են, դրանք ուտելի չեն, բորբոսը կարող է թունավոր լինել:
Չորացման երկրորդ շրջանից հետո արախիսի պատիճները կարող են կճպվել և պտուղները բովվել կամ իրենց պատյաններում մի քանի ամիս պահվել ցանցից տոպրակի մեջ, զով, չոր տեղում կախված:
Տանը, ծաղկամանի մեջ աճեցնելը
Տանը արախիս աճեցնելու առավել բարենպաստ տեղը հարավ կամ արեւելք նայող պատուհանի գոգն է: Այլ տեղում անհրաժեշտ կլինի լրացուցիչ արհեստական լուսավորություն ապահովել։
Ծաղկամանը պետք է ունենա 30-40 սմ տրամագիծ և առնվազն 30 սմ խորություն։
Հողախառնուրդը կազմում են ավազի և փտած գոմաղբի հավասար մասերից։ Այն պետք է չեզոքին մոտ թթվայնություն ունենա (pH 6 – 6.5)։
Աճի համար օդի հարմարավետ ջերմաստիճանը + 20․․․+27°C է: +35°C-ից բարձր և +15°C-ից ցածր լինելը կարող է հանգեցնել բույսի մահվանը:
Ամռանը խորհուրդ է տրվում առավոտյան և երեկոյան, սենյակային ջերմաստիճանի ջրով ցողել բույսը։ Յուրաքանչյուր ցողելուց հետո հողը պետք է փխրեցվի, որպեսզի թթվածնով հագեցած լինի:
Վիգնան (անգլ․՝ Vígna, ռուս․՝ Вигна, լատ․՝ Vígna) լոբազգիների ընտանիքի ծաղկող խոտաբույսերի ցեղ է։ Որպես վիգնայի հայրենիք տեղորոշվում են Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և Բանգլադեշը։
Ցեղի ամենատարածված ներկայացուցիչներն են՝ Վիգնա չինականը (անգլ․՝ Cowpea , ռուս․՝ Коровий горох , լատ․՝ Vīgna unguiculata ), a subspecies of the black eyed peas ( Black-eyed pea ), Մաշը (անգլ․՝ Mung bean կամ Maash, ռուս․՝ Маш , լատ․՝ Vigna radiata ), Ուրդը (անգլ․՝ Vigna mungo, ռուս․՝ Урд, լատ․՝ Vígna mungo ), Աձուկին (անգլ․՝ Adzuki bean, ռուս․՝ Адзуки, լատ․՝ Vigna angularis):
Աձուկի (Vigna angularis)
Վիգնայի ծլեցված սերմերը
Վիգնա ծլեցնելը շատ հեշտ է, իսկ ուտելը՝ օգտակար։ Այն հարուստ աղբյուր է բուսական սպիտակուցների (20% -40%), ամինաթթուների, դանդաղ կլանվող ածխաջրերի,
որոնք, ուղեղի լավ աշխատանքի համար գլյուկոզա են ապահովում, ճարպեր, վիտամին C, B խմբի վիտամիններ, պրովիտամին А։ Ծլեցված մաշը բուսական սպիտակուցի հիմնական աղբյուրներից է այուրվեդիկ բուսակերության համակարգում։ Ի տարբերություն այլ լոբազգիների, մաշը չի խթանում գազագոյացումը, չի փքում որովայնը։
Ծլեցնելը
Պետք է նկատի ունենալ, որ թրջելուց հետո վիգնայի զանգվածը կավելանա 3-4 անգամ։ Սերմերի առանձնացված խմբաքանակը լավ լվանում են, իսկ վնասված հատիկները հեռացնում։
Այնուհետեւ դրանք լցնում են բանկայի կամ այլ՝ ապակյա/կերամիկական ամանի մեջ: Թրջելու համար վրան լցնում են մաշի ծավալից 2-3 անգամ ավելի շատ ջուր (1 բաժակ մաշին՝ 2-3 բաժակ ջուր), լավ խառնում են և այդպես թողնում են 8-12 ժամ։ Եթե թրջելուց հետո որոշ սերմեր մնում են կարծր, ապա դրանք պետք է հեռացնել: Պինդ սերմերը հեշտ է հայտնաբերել, քանի որ դրանք էականորեն փոքր են ջրից ուռած սերմերից։
Թրջելուց հետո ջուրը թափում են (քանի որ այդ ջուրը պարունակում է սննդարար նյութեր, ապա այն կարող է հաջողությամբ օգտագործվել սենյակային բույսերը ջրելու համար): Այնուհետև սերմերը լավ լվանում են հոսող ջրի տակ, քամում են ու նորից լցնում բանկայի մեջ ու դնում արեւի ուղիղ ճառագայթներից հեռու՝ օդի սենյակային ջերմաստիճանում:
Վրան նորից ջուր են լցնում, բայց այս անգամ քիչ՝ այնքան որ միայն ծածկի սերմերը։
Սովորաբար, կախված օդի ջերմաստիճանից և սերմերի թարմությունից, 1-2 օր անց ծլեցված մաշը պատրաստ է լինում։ Եթե ավել երկար ծիլեր են պետք, ապա յուրաքանչյուր 8-12 ժամը մեկ կրկնում են 3-4 կետերը։
Ծլեցված վիգնայի կանաչ կլեպները կարելի է մաքրել։ Կլեպը դուրս կգա ջրի երեսին եթե խոր ամանի մեջ լվալ սերմերը հոսող ջրի տակ։ Լվալուց հետո, եթե ծլեցված վիգնան որոշ ժամանակ սառնարանում պահելու մտադրություն կա, պետք է մի փոքր չորացնել:
Ծլեցված վիգնան սառնարանում, սննդի փակ տուփի կամ բանկայի մեջ, կարող է պահվել 2-4 շաբաթ։
Վիգնայի միկրոկանաչի աճեցնելը
Վիգնայի միկրոկանաչին ավելի ճիշտ կլինի անվանել լավ երկարացված ծիլեր։ Աճեցնողների մեծ մասը նկարում պատկերված վիճակում են բերքահավաքն անում։ Սակայն կան նաև մինչև 2 տերև աճեցնողներ։
Միկրոկանաչի աճեցնելու համար, սկզբում կատարվում են ծլեցնելու համար վերը նկարագրված բոլոր քայլերը։ Այնուհետև ծլած սերմերը տեղափոխում են հետագա աճի համար նախատեսված հիմքի վրա, որը կարող է լինել՝
մի քանի տակ ծալված անձեռոցիկ կամ զուգարանի թուղթ,
մի քանի տակ ծալված մարլա,
կոկոսի կլեպի սուբստրատ,
հող։
Աճեցման հիմքը լավ խոնավացնում են, ծլած սերմերը հավասարապես բաշխում են հիմքի ողջ մակերեսով և, լավ շփում ապահովելու համար, զգուշորեն սեղմում են հիմքին։
Սանքը կանոնավոր կերպով ջրում են, այն կարելի է տեղադրել թե՛ լուսավոր տեղում, թե՛ խավարում և ստանալ տարբեր գունահամային հատկություններով միկրոկանաչի։
Բերքահավաքի համար միկրոկանաչին պատրաստ է լինում 6-8 օր անց։ Միկրոկանաչու արմատները կտրում և թափում են, մնացած զանգվածը օգտագործելուց առաջ լավ լվանում են։
Վիգնայի միկրոկանաչին, առանձին կամ այլ ուտեստների հետ, ուտում են հում կամ, ինչը կապահովագրի տարբեր վարակներից, 30-60 վայրկյան եռման ջրի մեջ ըկղմելուց հետո։
Կոկոսի սուբստրատը կամ Կոկոսային տորֆը (անգլ․՝ Coconut substrate, Cocopeat, Coconut Coir, ռուս․՝ Кокосовый субстрат, Кокосовый торф) ողջ աշխարհում, լայնորեն օգտագործվում է
սենյակային և այլ բույսեր, սածիլներ, տնկիներ, սունկ, միկրոկանաչի աճեցնելու, բույսերի կտրոններ արմատակալման դնելու համար պատրաստվող հողախառնուրդների մեջ, հիդրոպոնիկայում, ինչպես նաև հողը ցանքածածկելու համար։
Կոկոսի սուբստրատը պատրաստում են կոկոսի կեղևը և դրա մանրաթելերը աղալով։ Ստացվում է թեթև, փխրուն,օրգանական, շատ ուշ քայքայվող, չեզոք թթվայնությամբ, լավ խոնավություն կլանող ու պահող զանգված։
Կոկոսի սուբստրատը հիմնականում վաճառվում է մամլած աղյուսների տեսքով, ինչը շատ հարմար է տեղափոխման համար, իսկ օգտագործելուց առաջ այն պարզապես թրջում են և ստացվում է շատ ավելի մեծ, պատրաստի զանգված։
Մոտ 4 կգ սեղմված կոկոսի սուբստրատից (աղյուսի չափը 30x30x10 սմ) ստացվում է մոտ 60 լիտր պատրաստի սուբստրատ:
Կոկոսի սուբստրատի առավելությունները
Փորձված այգեգործները, գիտեն, որ բույսի համար շատ կարևոր է արմատային համակարգի զարգացումը: Եթե արմատները զարգանում են փխրուն, թեթև հողում, ապա զարգացումն ավելի արագ է ընթանում, քան կարծր կավահողի մեջ: Բացի այդ, արմատներին անհրաժեշտ է խոնավություն և թթվածնի ազատ ներհոսք:
Նշված պայմաններն ապահովելու համար, հողախառնուրդներ կազմելիս, ավելացնում են տարբեր փխրեցնող, խոնավություն պահեստավորող հավելանյութեր՝ տորֆ, տորֆամամուռ, վերմիկուլիտ, ագրոպերլիտ և այլն: Այս նյութերից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:
Ինչ վերաբերում է կոկոսի սուբստրատին, ապա այն ունի՝
ծակոտկեն կառուցվածք և կարող է մեծ քանակությամբ խոնավություն պահել իր մեջ ՝ այն աստիճանաբար տալով բույսերին: Միևնույն ժամանակ, այն նաև ապահովում է թթվածնի հասանելիությունը արմատներին:
չեզոք pH թթվայնություն, ինչը թույլ է տալիս այն օգտագործել գրեթե բոլոր բույսերի համար: Հարմարեցնելով յուրաքանչյուր բույսի տեսակին, կոկոսի սուբտրատին համապատասխան բաղադրիչ ավելացնելով, կարելի է փոխել հողախառնուրդի թթվայնությունը: Օրինակ, հողախառնուրդի թթվայնությունն ավելացնելու համար կարելի է ավելացնել վերնատորֆ (թթվային), իսկ փոքր-ինչ ալկալային հողախառնուրդ ստանալու համար ՝ կրաքար:
բացի խոնավությունից, նաև ջրի մեջ լուծված սննդարար տարրերը իր մեջ պահելու, այնուհետեւ աստիճանաբար բույսերին տալու հատկություն:
բազմակի օգտագործման հնարավորություն (մինչև 5 տարի):
Կոկոսի սուբստրատը օրգանական նյութ է։ Աստիճանաբար, մոտ 5 տարի անց, կոկոսի սուբստրատը ամբողջովին քայքայվում է և դառնում հողի հումուսի մաս:
Կոկոսի սուբստրատի կիրառման եղանակները
Սենյակային բույսեր աճեցնելը
Սենյակային կամ դրսի՝ կոնտեյներային բույսեր աճեցնելու համար կոկոսի սուբստրատը կարելի է օգտագործել կամ մաքուր վիճակում՝ բույսին հաճախ և անընդհատ սնուցում տալով, կամ հողախառնուրդի ձևով՝ սուբստրատին ավելացնելով այլ բաղադրիչներ՝ ճմահող, տերևային բուսահող, կոմպոստ, փտած գոմաղբ, ավազ և այլն:
Սածիլներ աճեցնելը
Քանի որ սուբստրատը ստերիլ է, սածիլներն աճեցնելիս սուբստրատի կիրառումը, ամենայն հավանականությամբ, կազատի մի շարք հիվանդություններից և խնդիրներից (սեւ ոտք, միջատներ և մոլախոտեր):
Ինքնին, մաքուր կոկոսի սուբստրատը գործնականում չունի սննդային որևէ արժեք, ինչը նշանակում է, որ կա՛մ այն սերմեր ցանելուց առաջ պետք է հատուկ պարարտացվի, կամ, առաջին իսկական տերևները հայտնվելուց առաջ, պարարտացվի հեղուկ պարարտանյութերով:
Ընդհանուր ցանքից առանձնացնելուց հետո սածիլների և տնկիների աճեցնելը
Առանձնացվող բույսերը տնկում են կոկոսի սուբստրատի և պարտեզի ախտահանված հողի (1:1) խառնուրդի մեջ: Պարարտ և փխրուն հողախառնուրդ է ստացվում, իսկ սածիլները «մանկությունից» վարժվում են այգու հողի առանձնահատկություններին:
Բույսերի (տնկիների) տնկելը բաց գրունտում
Եթե տնկելուց առաջ տնկափոսի մեջ լցվի այգու հողի և կոկոսի սուբստրատի խառնուրդ (մոտավորապես 1:1), ապա բույսի հարմարվելը նոր տեղին ավելի դյուրին և արագ տեղի կունենա, ավելի արագ կաճեն նոր արմատները։
Հողը ցանքածածկելը
Կոկոսի սուբստրատը կարող է օգտագործվել որպես ցանքածածկ կամ որպես բույսերի արմատները ցուրտ եղանակներին ջերմամեկուսացնելու միջոց:
Ինչպես ճիշտ նախապատրաստել կոկոսի մամլած սուբստրատը
Մամլած աղյուսը պետք է դնել որևէ ամանի մեջ և վրան ջուր, իսկ անհրաժեշտության դեպքում միանգամից պարարտանյութ պարունակող լուծույթ լցնել: Ասենք, 4 կիլոգրամանոց աղյուսի վրա լցվում է մոտ 25 լիտր ջուր, և, մեկ ժամ անց, ստացվում է մոտ 60 լիտր (6 դույլ) պատրաստի սուբստրատ: Եթե միանգամից այդպիսի զանգվածի կարիքը չկա, ապա կարելի է սղոցով կտրել և օգտագործել աղյուսի մի մասը:
Կոկոսի սուբստրատի թերությունները
Ցավոք, այս աշխարհում ամեն ինչի մեջ միշտ ինչ-որ թերություններ կան: Ինչ վերաբերում է կոկոսի սուբստրատին, դրանք են՝
Համեմատաբար բարձր գինը Հայաստանում: Սա որոշ չափով սահմանափակում է դրա օգտագործումը՝ մանավադ բացօթյա օգտագործումը ցանքածածկ անելու համար։
Օգտագործելուց առաջ կոկոսի սուբստրատը պետք է թրջել և որոշ ժամանակ սպասել սուբստրատի պատրաստ լինելուն:
Կոկոսի արմավենիները հիմնականում աճում են ծովափերին և, վատ մշակման դեպքում, սուբստրատը կարող է ծովի աղ պարունակել։ Ապահով լինելու համար, օգտագործելուց առաջ պետք է ստուգել սուբստրատը և, կարիքն առաջանալու դեպքում, լվանալ այն։ Կանանց, սովորական նեյլոնե զուգագուլպաներըշատ հարմար են սուբստրատը ողողելու համար:
Վերջապես, գլխավորը. ցավոք, երբեմն վաճառքում հայտնվում են կոկոսի անորակ, ոչ ստերիլ և բույսերին վնասող նյութեր պարունակող սուբստրատներ: Պետք է գնել ստուգված արտադրողների ապրանքը։
Հազարը (անգլ․՝ Lettuce, ռուս․՝ Латук, լատ․՝ Lactuca sativa) բարդածաղկա-վորների ընտանիքի Lactuca ցեղին պատկանող միամյա վաղահաս և ցրտադիմացկուն տերևաբանջար է։ Արժեքավոր և դիետիկ բույս է։
Գործածվում է հում վիճակում՝ որպես աղցանային ուտեստ կամ բուտերբռոդի մաս և ունի բարձր սննդային արժեք։ Հարուստ է A, B1, B2 և C վիտամիններով և հանքային՝ մասնավորապես երկաթի և կալիումի աղերով։
Քչերը գիտեն, որհազարը նաև դեղաբույս է:
Թարմ տերևների թուրմն օգտագործվում է որպես հանգստացնող, սպազմոլիտիկ, քնաբեր միջոց։ Սրտանոթային համակարգի հիվանդությունների համար հազարի հյութից պատրաստվում է հոմեոպաթիկ դեղամիջոց:
Աճեցնելը
Տեղը
Հազարն իրեն ավելի լավ է զգում արևոտ տեղում, որտեղ քամիներ չկան: Պետք չէ տնկել հազարը բարձրահասակ բանջարեղենի ստվերում: Հողը լավ կլինի պարարտ լինի, չեզոք կամ փոքր-ինչ թթվային ու լավ դրենաժով: Տրվող պարարտանյութի, մասնավորապես ազոտի դոզան պետք է ցածր լինի, այլապես հազարը կարող է կուտակել նիտրատներ:
Հողի բերրիությունը բարձրացնելու համար բավական է աշնանը կոմպոստ կամ փտած գոմաղբը ցրել մակերեսին (1 քառակուսի մետրին՝ 1-2 դույլ): Գարնանը, եթե հողի թթվայնությունը բարձր է, հողին կարելի է կիր խառնել:
Որ բույսերից հետո ցանել և որոնց հարևանությամբ
Լոբազգիները և հացահատիկները համարվում են հազարի լավ նախորդողներ: Հազարի լավ հարևաններ են սոխը, կաղամբները և բողկերը: Սոխը վանում է ուտիճներին, իսկ կաղամբների ու բողկերի համար, հազարի հարևանությունն է բարեբեր, քանի որ այն վախեցնում է հողային լվիկներին: Ելակի, ոլոռի, լոբու, սպանախի կողքին նույնպես կարելի է հազար տնկել: Դդմազգիների (վարունգ, դդմիկ, սեխ, ձմերուկ) մոտ հազարի տնկելը լավ է այն միտումով, որ հազարը հավաքելուց հետո տեղ կազատվի այդ բույսերի հետագա զարգացման համար: Աշնանը գազարի, սոխի և սխտորի, վաղ կարտոֆիլի բերքահավաքից հետո, դրանց տեղում կարելի է հազար ցանել:
Ցանելը
Հազարը ցրտադիմացկուն մշակաբույս է։ Այն ցանում են գարնան առաջին օրերին ՝ բողկից և գազարից էլ շուտ: Ծիլերը կարողանում են դիմակայել մինչև -2 ° C ցրտահարություններին, իսկ հասուն բույսերը՝ մինչև -5 ° C: Հազարը կարելի է ցանել շարքերով կամ խառը ցանքով: Փոքր չափի հազարները աճեցվում են 20 x 20 սմ սխեմայի համաձայն, խոշորները`30 x 30 սմ:
Բաց գրունտում սերմերը ցանում են 0,5 սմ տրամագծով փոսիկների մեջ: Սերմի ծախսը կազմում է 2-3 գ / 10 ք.մ․։ Սերմերը պետք է ծածկվեն հողի շատ բարակ շերտով, իսկ չոր եղանակին մի փոքր ավելի խորը, մինչև 1,5 սմ:
3-րդ տերեւի հայտնվելուց հետո հազարի ցանքը նոսրացնում են: Եվս մեկ նոսրացում անում են 2 շաբաթ անց: Հանված բույսերը օգտագործվում են սննդի համար:
Հետագա խնամքը
Հազարը չի պահանջում մշակման և խնամքի հատուկ միջոցներ: Լավ բերք ստանալու համար հարկավոր է ժամանակին փխրեցնել հողը, ազատվել մոլախոտերից և կանոնավոր ջրել: Ոռոգումը կատարվում է հազվադեպ, բայց առատորեն: Շոգին ջրում են օրական մեկ անգամ, զով եղանակին `շաբաթը 2-3 անգամ: Լրացուցիչ սնուցման կարիք չի զգացվում, քանի որ հազարը վաղ հասունացող բույս է:
Հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել ցանքաշրջանառության կանոնները։ Հազարը նույն տեղում կարելի է տնկել 3 տարի ընդմիջումից հետո։ Վնասված և հիվանդ բույսերը պետք է հեռացվեն, իսկ բերքահավաքից հետո առաջացած մնացորդները ոչնչացվեն: Պետք չէ քիմիական նյութերով բուժել հազարը, ավելի լավ է նախքան տնկելը հողը ջրել Բորդոյի հեղուկով կամ պղնձի սուլֆատով (5 լ / քմ):
Բերքահավաքը
Վաղահաս սորտերը հավաքում են ծլելուց 40-50 օր հետո, միջին արագությամբ հասունացող սորտերը 50-60 օր հետո, ուշ հասունացողները՝ 70-80 օր հետո: Ցանկալի է հավաքել հազարը առավոտյան, երբ այն թարմ է և սառը: Խորհուրդ չի տրվում դա անել ջրելուց հետո, խոնավության պատճառով հազարը կարող է փչանալ:
Կամ կտրում են հազարի հասունացած առանձին տերեւները կամ էլ հանում են ողջ թուփն արմատով, դա կախված է սորտից:
Չարժե լվանալ բույսերը, եթե անմիջապես ուտելը չի նախատեսվում: Հազարը արագորեն կորցնում է իր թարմությունը, այնպես որ այն հնարավորինս շուտ պետք ուղարկել սառնարան՝ լավ փակված ապակյա կամ պլաստիկ տարայի մեջ։ Այդպես հազարը կարող է սառնարանում պահվել մինչև 2 շաբաթ:
Հազարի մեջ ազոտական միացությունների ամենամեծ քանակությունը կուտակվում է ցողունների և տերևների մեջ: Ուտելուց առաջ հազարը պետք է պահել ջրի մեջ: Սա կօգնի հեռացնել նիտրատների մինչև 20% -ը:
Հազարի աճեցնելը սենյակային պայմաններում
Լուսավորությունը
Թույլատրելի նվազագույն լուսավորությունը կիսաստվերն է: Լավագույն լուսավորության ռեժիմը՝ արևի ուղիղ ճառագայթների ներքո առավոտյան մինչև ժամը 10։00 և ժամը 18։00-ից հետո, մյուս ժամերին՝ ցրված լույս (մինչև 40%):
Որպեսզի բույսը դեպի լույսի աղբյուրը չծռվի, ծաղկամանը պետք է պարբերաբար պտտել իր առանցքի շուրջ:
Օդի ջերմաստիճանը
Նոր հայտնված ծիլերի համար տանելի նվազագույն կարճաժամկետ ջերմաստիճանը -2° C է: Երբ ջերմաստիճանը բարձրանում է + 25 ° C- ից, հազարը սկսում է դառնանալ:
Ջրելը
Ծաղկամանի հողը պետք է անընդհատ խոնավ լինի, բայց բույսը ջրախեղդ չարվի:
Սերմեր ցանելը
Սերմերը ցանում են 4-5 մմ խորությամբ: Եթե հազարի սածիլ է աճեցվում, ապա սերմերը ցանում են 50 մլ բաժակների մեջ:
Սերմերի ծլելու պայմաններն են՝
օդի թույլատրելի ջերմաստիճանային տիրույթը՝ +5․․․+23° C;
օդի օպտիմալ ջերմաստիճանային տիրույթը՝ +16…+21° C;
ծլելու ժամկետը՝ 2-15 օր;
սերմերը ծլելու համար արևի լույսի կարիք չունեն:
2-3 լիտրանոց ծաղկամանում կարելի է աճեցնել 2-3 հազար:
Նոր հողախառնուրդի մեջ աճեցնելիս, լրացուցիչ սնուցման կարիք չի առաջանում։
Բերքահավաքը
Սերմերը ցանելու պահից մինչև բերքահավաք սկսելը անցնում է մոտ 30-50 օր: Ուտելու համար կարելի է կտրել ամբողջ բույսը, կամ միայն արտաքին տերևները ՝ թույլ տալով, որ ներքինները շարունակեն զարգանալ:
Բորաժը (անգլ․՝ Borage, ռուս․՝ Огуречная трава, լատ․՝ Borago officinalis L.) միամյա խոտաբույս է Boraginaceae ծաղկավոր բույսերի ընտանիքում: Այն բնիկ է Միջերկրական ծովի տարածաշրջանում։
Բորաժն այժմ բարեհաջող աճում է Եվրոպայի մեծ մասի այգիներում: Տերևներն ու ծաղիկները ուտելի են, ունեն վարունգի համ։
Կիրառումը սննդի ոլորտում
Արևմտյան Եվրոպայում բորաժը մշակվում է որպես բանջարեղեն: Մատղաշ տերևներից թարմ վարունգի հոտ է գալիս, նրանց համը թարմացնող է՝ հիշեցնում է սոխի համով վարունգ: Ուտում են բորաժի թարմ տերևները, իսկ ծաղիկները թարմ կամ շաքարապատված։
Որպես վարունգի լավ փոխարինող, ավելացնում են վինեգրետներին, աղցաններին, սոուսներին (մանանեխ, լոլիկ, թթվասեր), խավարտներին, թանապուր են պատրաստում և այլն: Աշնանը հավաքված բորաժի արմատներից պատրաստում են կանաչ կարագ, որն ավելացնում են պանիրներին, կաթնաշոռին, թթվասերին, թուրմերին, գինիներին, սիրոպներին և այլ սառը ըմպելիքներին՝ համ տալու համար: Բորաժը հաճելի կծու համ է հաղորդում ձեթով տապակված մսին և ձկնեղենին:
Իրանում բորաժի չորացրած ծաղիկներից թեյ են պատրաստում։
Բորաժի տերևները հավաքում են մինչ ծաղկաընձյուղների աճելը։
Կիրառումը բժշկության մեջ
Ասում են, հին Հռոմում բորաժի տերևներն ու ծաղիկները գցում էին գինու մեջ և մարտից առաջ տալիս զինորներին՝ նրանց ավելի համարձակ դարձնելու համար: 15-րդ դարում էլ Եվրոպայում հավատում էին, որ բորաժի ծաղիկները նպաստում են ոգու հզորացմանը և վանում են տխրությունը: Անցյալում, բժշկելու համար բույսի տերևները թարմ կամ չոր վիճակում օգտագործում էին հոդային ռևմատիզմի, հոդատապի, մաշկային հիվանդությունների համար։ Կիրառում էին որպես հանգստացնող, մեղմ լուծողական, միզամուղ, դիֆորեզային և պարուրող միջոց:
Բորաժից պատրաստված վիտամինային աղցանը կանխում է երիկամների և աղիների բորբոքային պրոցեսները և նվազեցնում է նյարդային գրգռվածության զգացումը դյուրագրգիռ հիվանդների մոտ։ Բարենպաստ ազդեցություն ունի նյութափոխանակման վրա, ուստի խորհուրդ է տրվում կիրառել երիկամների, լյարդի, լեղապարկի և անոթային համակարգի հիվանդություններ ունեցողների դիետիկ սնունդի մեջ:
Ուշադրություն
Բորաժի հիման վրա պատրաստված միջոցները խորհուրդ է տրվում խմել ոչ ավել, քան 30 օր, հակառակ դեպքում կարող են առաջանալ լյարդի հետ կապված խնդիրներ: Այս խոտը պետք է չուտեն մարսողական համակարգի հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև բորաժի նկատմամբ ալերգիկ անհանդուրժողականություն ունեցող մարդիկ:
Ինչպես աճեցնել
Բորաժը արագ է աճում, ցրտադիմացկուն է, հեշտությամբ բազմանում է ինքնացան եղանակով: Առանց հսկողության թողնելու դեպքում, բորաժը կարող տարածվել ողջ այգով: Ինքնացանից խուսափելու համար, բերքը հավաքում են նախքան սերմերի հասունանալը:
Բորաժը ցանում են գարնան սկզբին և ուշ աշնանը: Բայց ոչինչ չի խանգարում ողջ ամռան ընթացքում` յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ ցանելուն, եթե ձեզ հարկավոր են ոչ թե ծաղիկները և սերմերը, այլ միայն մատղաշ կանաչը:
Այս բույսը նախընտրում է թեթև, չեզոք և բերրի հողերը: Տնկելիս սերմերը թաղում են 1,5–2 սմ խորությամբ: Միջշարային հեռավորությունը 40–45 սմ: Սածիլները նոսրացնում են՝ բույսերի միջև թողնելով 15–20 սմ բացատներ:
Բորագոն գործնականում խնամքի կարիք չունի, միայն անհրաժեշտ է երբեմն քաղհանել մարգը և շատ չոր ամռանը ջրել բույսերը: Եթե հողը շատ աղքատ է, ապա այն կարելի է պարարտացնել օրգանական կամ համալիր պարարտանյութերով:
Վեգետացիոն շրջանը տևում է 70–80 օր:
Բորաժը կարող է աճեցվել որպես սենյակային բույս։ Բույսի համար պետք է ապահովել լավ դրենաժով, առնվազն 31 սմ խորությամբ և լայնությամբ ծաղկաման և պարարտ հողախառնուրդ, փոքր-ինչ թթու հողով (pH of 6.6):