Ձիթենի (անգլ.՝ Olea, ռուս.՝ Маслина, Олива, լատ.՝ Olea), ձիթենազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։
Տնտեսական նշանակություն ունի միայն մեկը՝
Ձիթենի եվրոպականը (անգլ.՝ Olive, ռուս.՝ Олива европейская, Маслина культурная, Маслина европейская, Оливковое дерево, լատ.՝ Olive europaea): Ձիթենի եվրոպականը մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է՝ 4-12 մետր բարձրությամբ։ Ապրում է 400-500 տարի, երբեմն՝ 1000 և ավելի։ Սաղարթը՝ լայն բրգաձև երբեմն՝ կախված ճյուղերով։ Տերևները մանր են, երկար, նշտարաձև, օվալաձև, հակադիր, ապրում են 2-3 տարի։ Ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն, երկսեռ՝ հավաքված 8-40-ական հուրանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը կորիզապտուղ է, էլիպսաձև, օվալաձև, կշիռը՝ 3-15 գրամ, հասա մաշկով, մանուշակագույն կամ սև, հաճախ մոմանման ֆառով։
Տարածվածությունը
Բնական պայմաններում տարածված է Միջերկրական ծովի շրջանում, ժայռոտ, կրաքարերով հարուստ լեռնալանջերում, ծովի մակարդակից մինչև 500 մ բարձրությունների վրա։ Լավ է աճում գետահովիտների խոր, ալյուվիալ, փուխր հողերում։ Ամենատիպիկ մերձարևադարձային բույսն է, որը չի պտղաբերում արևադարձային շրջաններում և չի ծաղկում բարեխառն գոտու պայմաններում։
Մշակվում է Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Ալբանիայում, Ղրիմի թերակղզում, Վրաստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում և այլուր։
Հայաստանում աճում է նախկին Նոյեմբերյանի և Մեղրիի շրջաններում։
Կիրառությունը
Ձիթենու պտուղները արտակարգ հարուստ են ճարպայուղերով։ Պահածոային սորտերը պարունակում են 30-50, իսկ յուղայինները՝ 50-70 տոկոս ճարպեր (չոր նյութի հաշվով)։ Բացի այդ, պտուղներում պարունակվում է միջին հաշվով 10,9 % սպիտակուցներ, իսկ պտղամսում 7,8 % շաքարներ (գլխավորապես գլյուկոզա), ինչպես նաև 2-1 0 % դառը գլյուկոզիդ-օլեուրոպեին, քիչ քանակությամբ կարմիր պիգմենտ, պտղակեղևում՝ էմուլսինա ֆերմենտը։ Պտուղներում և այլ օրգաններում պարունակում է նաև մաննիտ։
Ձիթապտղի յուղը օգտագործվում է ոչ միայն սննդի և հրուշակեղենի, պահածոների արտադրության մեջ, այլ նաև բժշկության բնագավառում, որպես ստամոքսաաղիքային հիվանդությունների, ռախիտի, թոքախտի, դիստրոֆիայի և անեմիայի բուժման միջոց։ Օգտագործվում է նաև ստամոքսի թթվության բարձրացման, ինչպես նաև գեղձաքարային հիվանդությունների դեպքում։
Լայն կիրառում ունի նաև բնափայտը:
Ձիթենու խնամքը սենյակային պայմաններում
Լուսավորվածությունը
Ձիթենին լուսասեր է: Բնակարանում ամենից հարմար տեղը հարավին նայող պատուհանի գոգն է:
Օդի ջերմաստիճանը
Ձիթենին ջերմասեր է: Վեգետացիոն շրջանում օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը 18-22°С է:
Ձմռանը, սակայն, առավել բերքատվություն ապահովելու համար, անհրաժեշտ է ապահովել ավելի ցածր՝ 10–12°С:
Եթե բերքատվությունը նշանակություն չունի, կարելի է ձմռանն էլ ձիթենին պահել սենյակային ջերմության պայմաններում:
Ջրելը
Ջրում են առատ՝ հողի վերին շերտը չորանալուց հետո: Ջրելիս պետք է համոզվել, որ ջուրը հասավ մինչև թաղարի հատակը: Հողի ամբողջովին չորանալը կարող է կործանել ձիթենին:
Ձմռանը ջրում են ոչ հաճախ՝ ելնելով հողի վերին շերտի վիճակից:
Օդի խոնավությունը
Խոնավասեր է: Տան և չոր կլիմայի պայմաններում, մանավանդ ամռանը ձիթենին ամենօրյա ցողման կարիք ունի: Խորհուրդ է տրվու բույսը ցողել առավոտյան կամ երեկոյան՝ երբ չկա ջրի կաթիլների միջով Արևի ճառագայթներից այրվածքներ ստանալու վտանգ:
Սնուցումը
Ակտիվ աճի շրջանում անհրաժեշտ է ամսական երկու անգամ լրացուցիչ սնուցում ապահովել ձիթենուն: Գարնանը, երբ ակտիվ աճ կա, խորհուրդ է տրվում ազոտով հարուստ պարարտանյութեր տալ, իսկ հետագայում կարելի է օգտագործել կոմպլեքսային պարարտանյութեր:
Էտը
Ձիթենին լավ է տանում էտը, ինչը թույլ է տալիս ստանալ սաղարթի տարբեր տեսքեր: Էտը նախընտրելի է անել գարնանը:
Սովորաբար ծառի բարձրությունը սահմանափակում են 80 սանտիմետրով: Առաջին հերթին հեռացման ենթակա են միմյանց խագարող ճյուղերը, ընդորում, հեռացնում են ավելի հները կամ թույլ զարգացած ճուղը: Պետք է հաշվի առնել, որ առավել բերքատու են նախորդ տարի աճած ճյուղերը:
Տեղափոխումը
Լավ աճող ձիթենին երկու տարին մեկ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխելու կարիք ունի:
Ցանկալի է տեղափոխումն անել առանց արմատներն ու հողագունդը վնասելու:
Հողախառնուրդը
Ձիթենին պահանջկոտ չէ հողի նկատմամբ, թերևս չի տանում միայն հողի բարձր թթվայնությունը:
Ամենանախընտրելին հողախառնուրդի հետևյալ բաղադրությունն է՝
Որպես կանոն ձիթենին բազմացնում են կտրոններով, քանի որ կորիզով բազմացնելը բավականին աշխատատար գործընթաց է ու կորիզից աճած ձիթենին սկսում է ծաղկել ու պտղաբերել միայն 10 տարի անց:
Կտրոնով բազմացնելու համար
Կտրոնները կտրում են ամռանը: Կտրում են 2-4 տարեկան ճյուղերի վերին, մոտ 20 սմ երկարությամբ մասը: Կտրոնի հաստությունը պետք է լինի մոտ 3-4 սմ:
Ցանկալի է կտրոնը մի քանի ժամով ընկղմել արմատների գոյացումը խթանող լուծույթի մեջ («Экосил», «Корневин»), ինչից հետո կամ դնել ջրի մեջ և սպասել արմատների հայտնվելուն, կամ էլ կեսի չափով խրել խոնավ ավազային սուբստրատի մեջ:
Արմատակալումը հաջողելու համար կարևոր է, որ կտրոնը լինի լավ լուսավորված, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ, օդի ջերմաստիճանը լինի ոչ պակաս +20°С-ից և ապահովվի օդի բարձր խոնավությունը: Բարձր խոնավությունն ապահովում են ծածկելով կտրոնը շշով կամ ցելոֆանով և պարբերաբար ճրով ցողելով:
Մոտ մեկ ամսից կտրոնից նոր ճյուղեր կառաջանան:
Սերմից աճեցված ձիթենին պտղաբերության փուլին հասնում է 12 տարեկանում, իսկ կտրոնից աճեցվածը առաջին բերքը տալիս է 3-4-րդ տարում:
Հիվանդություններն ու վնասատուները
Ձիթենիները հիվանդությունների և վնասատուների նկատմամբ լավ դիմադրողականություն ունեն, սակայն գերխոնավ և լույսի պակաս ունեցող միջավայրում կամ վատ խնամքից առաջացած այլ հետևանքներով կարող են ենթարկվել ախտածին սնկերի, բակտերիաների ու վնասատու միջատների հարձակմանը:
Ձիթենու ամենավտանգավոր հիվանդությունը տուբերկուլյոզն է, որը, խորացման դեպքում, բուժել համարյա անհնար է: Հիվանդությունն ուղեկցվում է բնի ու ճյուղերի վրա մեծ բշտիկների առաջամամբ:
Սկզբնական շրջանում, առաջին վարակված ճյուղերը պետք է անմիջապես կտրել բշտիկներն ու մշակել պղնձարջասպով:
Գերխոնավության պայմաններում բույսի վրա կարող են հայտնվել բծեր, ժանգ կամ տարբեր բտածություններ: Սնկային այդ գոյացությունները կարելի է վերացնել հետևյալ ֆուգիցիդների օգնությամբ՝ «Максим», «Фундазол», «Скор»:
Մակաբույծ միջատներից ձիթենու համար վտանգավոր է ձիթենու ցեցը, սպիտակաթևիկը և վահանամիջատը: Դրանց դեմ պայքարի համար կիրառում են՝ «Актара», «Актеллик», «Децис», ինչպես նաև «Карбофос» и «Пиретрум»