Սեզատերևը կամ Սոխ կտրողը (անգլ․՝ Chives, ռուս․՝ Шнитт-лук, Лук скорода, լատ․՝ Allium schoenoprasum) բազմամյա խոտաբույս է, սակայն կարող է մշակվել որպես միամյա կամ երկամյա բույս։
Զարգացման երկրորդ տարում հայտնվում են սերմնացողուններ, որոնք, բազմամյա մշակման դեպքում, ծաղկում են ամեն տարի։
Սեզատերևը որպես կերակուր
Սեզատերևի փոքրիկ սոխուկները սովորական գլուխ սոխի համ ունեն, բայց համարյա երբեք չեն օգտագործվում։ Սեզատերևն աճեցնում են իր բուրավետ, նուրբ տերևների համար։ Դրանք դնում են ապուրների, աղցանների, կարկանդակների մեջ։ Ոչ միայն համեղ, նաև շատ օգտակար է սեզատերևը, այն պարունակում է բազմաթիվ միկրոտարրեր՝
- սելեն;
- ցինկ;
- մարգանեց;
- ֆիտոնցիդներ, ամինաթթուներ (արգինին, հիստիդին, Մեթիոնին և այլ)։
Սեզատերևը՝
- Լավացնում է ախորժակը;
- Կարգավորում է աղեստամոքսային համակարգի գործունեությունը;
- Դրական է ազդում երիկամների, լյարդի, սիրտ-անոթային համակարգի վրա;
- Մրսածության և տարատեսակ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ լավ միջոց է։
Սեզատերևը դրական ազդեցություն ունի նաև այգում,մեղրատու է, վանում է գազարի ճանճ կոչվող վնասատուին, մի շարք բույսերի օգնում է խուսափել սնկային հիվանդություններից։
Բաց գրունտում աճեցնելը
Սեզատերևը կարող է աճեցվել ինչպես անմիջապես մարգի մեջ ցանելով, այնպես էլ սածիլներ տնկելով։ Սածիլներ ստանալու համար, սերմերը ցանում են ձմռան վերջում կամ վաղ գարնանը; Գարնանը, երբ սածիլները հասնում են 10 սմ բարձրության և եղանակային պայմանները բարենպաստ են, դրանք տեղափոխում են բաց գրունտ։
Աճեցնելու տեղը և հողը նախապատրաստելը
Գործնականում սեզատերև կարելի է աճեցնել ցանկացած մշակաբույսից հետո, իսկ շատ հարմարավետ այն իրեն զգում է գազարի կողքին։
Սեզատերևի վաղ բերք կարելի է ստանալ միայն լավ լուսավորված, արևկող մարգերից, բայց, պետք է նկատի ունենալ, որ արևկող վայրում սեզատերևի տերևները շուտ են դախանում։ Ուստի կիսաստվերը կարող է գերադասելի լինել։
Մարգերը սկսում են նախապատրաստել աշնանը․ հեռացնում են բոլոր մոլախոտերն ու դրանց արմատների մնացուկները; Ծանր, կավային հողերին ավազ են խառնում։ Հողը պարարտացնում են փտած գոմաղբով կամ կոմպոստով, փայտի մոխիրով։ Չափաբաժինները սովորական են՝ 1 ք․մ․-ին մոտ մեկ դույլ գոմաղբ կամ կոմպոստ և կես լիտր մոխիր։
Ցանելը
Սեզատերևի սերմերը լավ ծլողունակություն ունեն, սակայն գործն արագացնելու համար դրանք կարելի է 24 ժամ թրջել գոլ ջրի մեջ՝ ընթացքում 3-4 անգամ փոխելով ջուրը։ Թրջելուց հետո սերմերը փռում և չորացնում են՝ միմյանց չկպնելու աստիճանի, ինչից հետո ցանում են։
Սովորաբար ցանքն անում են գարնանը, սակայն աշնանացանն էլ է հնարավոր։ Աշնանացանի դեպքում ցանքն անում են 2 սմ խորությամբ, չթրջած սերմերով և ցանքը մուլչապատում են։
Գարնանը ցանում են նախապես թրջած սերմեր՝ 1 սմ խորությամբ։
Եթե սեզատերևն աճեցվում է որպես միամյա բույս, ապա սածիլներն իրար մոտ են տնկում ՝ 15 սմ x5 սմ սխեմայով։ Ավելի նոսր են տնկում եթե հիմնական բերքը ծրագրավորված է ստանալ երկրորդ տարում։ Շարքերի միջև հեռավորությունը թողնում են մոտ 30 սմ։
Առաջին ծիլերը հայտնվում են 1-1,5 շաբաթից։ Մեկ-երկու տերևներ առաջանալուց հետո ցանքը նոսրացնում են այպես, որ շարքի մեջ բույսերն իրարից 8-10 սմ հեռու լինեն։
Երբ հեռացվող բույսերն արդեն հնարավոր կլինի վերատնկել, անում են երկրորդ նոսրացումը՝ ապահովելով 25-30 սմ հեռավորություն։
Խնամքը
Սեզատերևը պահանջկոտ բույս չէ։ Որպես բազմամյա բույս աճեցնելիս, օրինակ, քաղհան ու հողի փխրեցում անում են միայն առաջին երկու տարիներին։ Դրանից հետո սեզատերևը տարածվում է ու ճիմապատելով իր շուրջը, չի թողնում մոլախոտեր աճեն։
Ջրել շատ է պետք՝ առատ, բայց ոչ ճահճացման աստիճանի։ Սիզատերևը կարող է դիմանալ հողի կարճատև իսպառ ջրազրկմանը, բայց դա տեղի կունենա տերևների համային հատկությունները կորցնելու հաշվին։
Լրացուցիչ սնուցման կարիք էլ շատ ունի։ Կարելի է սնուցել (1:10) գոմաղբի, կամ (1:20) թրջնաղբի ջրային լուծույթներով, փայտի մոխիրով՝ 1 բաժակ մոխիր 1 ք․մ․-ին։
Սնուցումների հաճախականությունը կախված է հողի որակից, բայց, տերևները ամբողջությամբ կտրել-հավաքելուց հետո պարարտացումը շատ ցանկալի է։
Տեղափոխումը
Եթե սեզատերևը մնում է աճելու երրորդ տարին, ապա իմաստ ունի այն տեղափոխել, քանի որ. նույն տեղում աճելով, այն աղքատեցնում է հողը և բեռքատվությունն ընկնում է։
Տեղափոխելիս, (լավագույն ժամանակը գարունն ու աշունն են) թուփը, զգուշորեն փորելով ու հանելով հողից, ձեռքով բաժանում են մասերի։ Առանձնացված ամեն փունջ պետք է ունենա առնվազն 4-5 սոխուկներ։ Տնկում են նոր տեղում, նույն՝ նախկին խորությամբ, 30 սմ իրարից հեռու։ Տնկելուց հետո լավ ջրում են։
Տնային պայմաններում սեզատերև աճեցնելը
Տնային պայմաններում էլ, պատուհանի գոգին կամ պատշգամբում մի քանի թուփ սեզատերև աճեցնելը բարդ բան չէ։
Սերմերը նախապատրաստում են թրջելով։ Ծլելն արագացնելու համար կարելի է աճի խթանիչներ ավելացնել ջրին։
Ծաղկաթաղարը, որտեղ սեզատերև է աճեցվելու, պետք է մոտ 20 սմ խորություն ունենա, ապահովված լինի դրենաժային անցքերով ու դրենաժային շերտով։ Հողախառնուրդը պետք է կազմված լինի ավազից, ճմահողից և փտած գոմաղբից կամ կոմպոստից։
Ցանելու համար հողի մակերեսին 1,5 սմ խորությամբ ակոսներ են արվում, որոնք լավ ջրվում են և դրանց մեջ, 2-2,5 սմ միմյանցից հեռու շարում են սերմերը։ Այնուհետև ակոսները ծածկվում են նույն հողախառնուրդով և ցողվում են ջրչցողիչով, իսկ ծաղկաթաղարը ծածկում են ապակով կամ ցելոֆանով։
Օդի սենյակային ջերմության պայմաններում առաջին ծիլերը հայտնվում են 6-8 օր հետո։ Դրանից հետո պետք է հանել ծաղկաթաղարի ծածկը և բույսերը տեղադրել արևկող պատուհանագոգին։
Լավ կլինի օդի ջերմաստիճանը լինի 18-23 C տիրույթում։
Եթե օրվա լուսավոր ժամերը քիչ են 12-ից, լավ կլինի արհեստական լուսավորություն ապահովել։
Ջրել անհրաժեշտ է հաճախ ու քիչ-քիչ, շոգ օրերին ավելի շատ։
Լավ աճի համար օդի ամենից հարմարավետ խոնավության աստիճանը 70% է։
Ամսական երկու անգամ բույսերին լրացուցիչ սնուցում պետք է տրվի։
Առաջին ծիլերը հայտնվելուց երկու ամիս անց կարելի է սկսել ընտրովի կտրել և օգտագործել տերևները։
Բազմացումը
Սեզատերևի բազմացման ամենահեշտ եղանակը թուփը բաժանելովն է։ Գարնանը, մինչև բույսի աճը սկսվելը, 2-4 տարեկան թուփը զգուշությամբ փորում-հանում են հողից, երկար տերևները կտրում են 15 սմ բարձրությամբ իսկ արմատները 5-7 սմ երկարությամբ։ Այնուհետև թուփը բաժանում են 4-5 սոխուկներ ունեցող մասերի։ Բաժանված թփերը տնկում են անմիջապես՝ նոր տեղում, նույն՝ նախկին խորությամբ, 30 սմ իրարից հեռու։ Տնկելուց հետո լավ ջրում են։
Սերմերով բազմացումն ավելի երկարատև գործընթաց է, բայց երիտասարդ բույսեր են ստացվում։ Սերմերը հավաքում են ամռան վերջին կամ աշնան սկզբին։ Եթե վտանգ կա, որ սերմնազամբյուղը կարող է բացվել ու սերմերը թափվեն, կարելի է մառլայից պարկ հաքցնել սերմնազամբյուղի վրա։ Սերմերի ծլողունակությունը խիստ նվազում է պահպանության երրորդ տարուց սկսած։
Հիվանդություններն ու վնասատուները
Սեզատերևը հազվադեպ է հիվանդանում, ավելի հաճախ տուժում է վնասատուներից։ Վնասատուների կազմը, ի դեպ, տարբեր է սովորական սոխի վնասատուների կազմից։
Սեզատերևին երկու հիվանդություներ են իրական վտանգ ներկայացնում՝ Կեղծ ալրացողային սնկերը և Սոխի ժանգը։
Սեզատերևի ամենավտանգավոր վնասատուներն են՝
- Lilioceris merdigera (Луковый листоед — трещалка);
- Thrips tabaci (Табачный трипс);
- Луковый скрытнохоботник (Ceutorhynchus jakovlevi)
Պրոֆիլակտիկա
Սերմերը մոտ 10 րոպե մինչև 50 C աստիճան ջրի մեջ տաքացնելը կարող է ախտահանիչ նշանակություն ունենալ։
Եթե սեզատերևի տերևները հիվանդության հետքեր ունեն, ապա խնայել պետք չէ՝ անմիջապես պետք է կտրել դրանք ու այգուց հեռու ոչնչացնել։
Մշտապես պետք է հեռացնել կեղքին աճող բոլոր մոլախոտերը, քանի որ վնասատուները սկզբում հենց դրանց վրա են բնակվում։
Պետք է ուշ աշնանը կտրել բոլոր տերևները՝ չթողնել դրանք մնան ձյան տակ։
Պետք չէ տարիներ շարունակ, նույն տեղում աճեցնել սեզատերևը։
Վնասատուներին վանելու լավ միջոցներ կան, օրինակ ցողել բույսերը թութունի թուրմով՝ խառնած տնտեսական օճառի հետ։
Քիմիական նյութերի կիրառումը խիստ անցանկալի է, բայց, Կեղծ ալրացողի դեպքում (պերոնոսպարոզ), կարելի է սրսկել 1% -նոց բորդոսյան հեղուկով, որին, կպչունությունն ավելացնելու համար կարելի է ավելացնել դույլին 50 գրամ օճառ։
Բերքը հավաքելն ու պահպանելը
Ըստ պահանջարկի կարելի է պարբերաբար կտրել մի քանի տերևներ, կամ ողջ վերգետնյա մասը միանգամից, ընդորում վեգետացիոն շրջանում 3-4 անգամ կարելի է ամբողջովին կտրել 25–40 սմ բարձրության հասած վերգետնյա մասը։
Եթե աշնանը սերմեր ստանալու մտադրություն չկա, կտրում և սնունդի մեջ օգտագործում են նաև ծաղկացողունները։
Ամենալավ համն ունեն սեզատերևի նոր կտրած տերևները, բայց, եթե անհրաժեշտ է պահպանել դրանք որոշ՝ ոչ ավել քան երկու շաբաթ ժամանակով, ապա պահում են սառնարանի մեջ՝ փակ պլաստիկ փաթեթի կամ տուփի մեջ։ Ավելի երկար կարելի է պահպանել չորացնելուց հետո կամ սառնարանի սառցախցում։