Category Archives: Սենյակային պտղատուներ

Թուրինջ

Թուրինջը, (անգլ․՝ Grapefruit, ռուս․՝ Грейпфрут, լատ.՝ Cītrus paradīsi) սատապազգիների (լատ.՝ Rutaceae) ընտանիքի, ցիտրուսայինների ցեղին պատկանող, մերձարևադարձային, մշտադալար ծառ է։

Թուրինջը պոմելոյի և նարնջի ծառերից բնության ստեղծած հիբրիդ է։ Հասուն թուրինջենին բնության մեջ հասնում է մինչև 8 մ բարձրության։ Նոյեմբերին հասունացող պտուղներն ունեն դեղին կամ նարնջագույն կեղև իսկ միջուկը լինում է կարմրանարնջագույնից մինչև վարդագույն երանգներով։

Կարմիր միջուկով պտուղները ավելի շատ վիտամին C են պարունակում, իսկ ընդհանրապես, բոլոր տեսակների պտուղներն էլ, չնայած թեթև դառնությանն ու թթվությանը, շատ օգտակար են։

Սննդակարգի մասնագետները պնդում են, որ թուրինջը նպաստում է օրգանիզմի ճարպերի “այրմանը”, դրական ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա, սրում է տեսողությունը, ամրապնդում է իմունային համակարգը։

Տեսականորեն, Հայաստանում, բաց գրունտում, մեծ դժվարությամբ թուրինջենի կարելի կլինի աճեցնել Մեղրու և Նոյեմբերյանի տարածաշրջաններում։ Իսկ սենյակային պայմաններում աճեցնելու դրական փորձ, բարեբախտաբար, շատ կա։

Թուրինջենի աճեցնելը սենյակային պայմաններում

Թուրինջենի կարելի է աճեցնել պտղի կորիզից կամ տնկաշիվեր արմատակալման դնելով։

Կորիզից աճեցնելու համար, լավ հասաց պտղի կորիզներից ընտրում են խոշոր, ճիշտ կառուցվածք ունեցող սերմերը։ Ոչ բոլոր սերմերն են ծլում, ուստի ցանում են պահանջվածից շատ՝ հետագայում լավագույններն ընտրելու համար։

Սերմերը չորացնել պետք չէ, անմիջապես ցանում են կամ առանձին-առանձին՝ բաժակների մեջ, կամ միասին՝ թաղարի մեջ։

Հողախառնուրդը կազմում են տորֆից և գետի ավազից։ Սերմերը ցանում են 2 սմ խորությամբ, ցանելուց հետո ջրում են գոլ, հնեցված ջրով, ցանքը ծածկում են թափանցիկ թաղանթով կամ պլաստիկ շշերով՝ ջերմոցային պայմաններ ստեղծելու համար։

Ցանքը տեղադրում են տաք, պայծառ լուսավորված տեղում, ամեն օր օդափոխում են և, ըստ անհրաժեշտության, ջրում։ Առաջին ծիլերն հայտնվում են 2-3 շաբաթից, ինչից հետո ծածկերը հանում են։

Նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկամանների մեջ բույսերը տեղափոխում են երբ հին ծաղկամանն արդեն խոչնդոտում է բույսի զարգացմանը։

Տնկաշիվեր արմատակալման դնելու համար, գարնանը կամ ամռանը, հասուն թուրինջենու առողջ ճյուղերից 11-17 սմ երկարությամբ կտրոններ են վերցնում։ Ամեն կտրոնի վրա առնվազն 6 տերև պետք է լինի։ Կտրոնները արմատակալման են դնում գետի խոնավ, ոչ շատ մանր ավազի մեջ և ծածկում են՝ ջերմոցային պայմաններ ստեղծելու համար։ Օդի ջերմաստիճանը պետք է +25°С-ից ցածր չլինի, տեղը պետք է լուսավոր լինի, բայց ոչ արևի տակ։ Ավազի մեջ խրելուց առաջ կտրոնների ստորն մասերը կարելի է մշակել արմատակալումը խթանող նյութերով։

Արմատներն առաջանում են 2 շաբաթում, ինչից հետո տնկաշիվերը տնկում են հավասար մասերով ճմահողից, տերևային բուսահողից, փտած գոմաղբից և ավազից կազմված հողախառնուրդի մեջ։

Խնամքը

Որպեսզի թուրինջենին լավ զարգանա եւ հարուստ բերք տա, պետք է ուշադրություն դարձնել հետևյալին՝

  • Լուսավորությունը։ Լուսավոր օրվա տևողությունը պետք է առնվազն 8-10 ժամ լինի։ Արևի ուղիղ ճառագայթները այրվածքներ են առաջացնում թուրինջենու տերևների վրա:
  • Օդի ջերմությունը։ Օդի ջերմաստիճանը պետք է լինի մինչեւ +27°C: Միջանցիկ քամիները հակացուցված են։ Աշնանը եւ ձմռանը բույսը պետք է պահել զով՝ մինչեւ +4°C ջերմաստիճանի սենյակում, այլապես հաջորդ սեզոնին թուրինջենին չի ծաղկի և պտղաբերի։
  • Օդի խոնավությունը պետք է լինի մոտ 60%: Դրան հասնելու համար, շոգ սեզոնին ծառը հաճախակի ցողում են գոլ, հնեցված ջրով, բացի այդ, ամիսը մեկ անգամ, ծածկելով հողակույտը, լողացնում են ցնցուղի տակ։
  • Սնուցումը։ Բույսի առաջին գարնանը պետք է խուսափել պարարտանյութ օգտագործելուց, իսկ ամռանը, զգուշորեն օրգանական պարարտանյութով են սնուցում։ Հաջորդ գարնանն ու ամռանը սնուցելու որևէ արգելք չկա։ Լավ կլինի սնուցումներն անել հատուկ ցիտրուսայինների համար նախատեսված պարարտանյութերով։
  • Ջրելը։ Հողը պետք է միշտ խոնավ լինի, բայց ջրախեղդ անել էլ պետք չէ: Շոգ օրերին հնարավոր է ամեն օր ջրելու անհրաժեշտություն առաջանալ, մյուս օրերին՝ ըստ անհրաժեշտության՝ երբ հողի մակերեսը 1-2 սմ խորությամբ չորանա։ Ջրել պետք է անձրևաջրով կամ ծորակի հնեցված ջրով։

Բարդություններ

  • Թուրինջենին չի սիրում տեղափոխությններ, որոնցից հետո կարող է թափել տերևները և պտուղները։
  • Թուրինջենին, առնվազն մինչև երեք տարեկան դառնալը, ուտելու համար նորմալ պտուղներ չի կարող տալ: Մինչ այդ եթե ծառը պտուղներ ձևավորի, դրանք պետք է հեռացնել՝ որպեսզի դրանց վրա ծառը էներգիա չվատնի։
  • Եթե ծառը դադարել է աճել, ուրեմն պարարտանյութը բավարար չէ։
  • Երբ տերևները թափվում են, ամենայն հավանականությամբ բույսը չափից շատ են ջրել։
  • Երբ տերեւների ծայրերը չորանում են և ոլորվում, պատճառը օդի անբավարար խոնավությունն է:

Թուրինջենուն պետք է զննել վնասատուներ հայտնաբերելու համար: Բույսը կարող է ենթարկվել ցիտրուսային սպիտակաթևիկի (цитрусовая белокрылка), կարմիր ցիտրուսային տիզի (красный цитрусовый клещ) և վահանակիրների (щитовка) հարձակմանը։

Վնասատուների հայտնաբերման դեպքում, դրանց հեռացնում և ոչնչացնում են մեխանիկորեն, իսկ բույսը մշակում են դրա համար նախատեսված տարբեր նյութերով, օրինակ հնդկայասամանի յուղով։

Տես նաև “ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ” հոդվածը։

Արտաքին հղումներ

Պախիրա

Pachira

Պախիրան (անգլ․՝ Malabar chestnut, French peanut, Guiana Chestnut, ռուս․՝ Пахира, լատ․՝ Pachira) արևադարձային ծառերի ցեղ է, որը տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Հնդկաստանում:

Պախիրաները պատկանում են փիփերթազգիների ընտանիքին։ հայտնի է շուրջ 77 տեսակ: Դրանք ձևավորում են հնգաթև տերևներով փոքր կամ մեծ ծառեր, իսկ պտուղը օվալաձեւ է, փայտացած, ունի մի շարք խոռոչներ, որոնք պարունակում են բազմաթիվ սերմեր:

Պախիրաներից ամենահայտնին Մալաբարյան շագանակն է (անգլ․՝ Malabar chestnut, French peanut, Guiana chestnut, Provision tree, Saba nut, ռուս․՝ Пахира водная, լատ․՝ Pachira aquatica)։ Բույսեր վաճառող խանութներում այն երբեմն վաճառվում է Փողի ծառ (Money tree), իսկ Չինաստանում՝ Բախտի ծառ (Fortune tree) անվամբ։

Մալաբարյան շագանակի չափսերն ուղղակիորեն կախված են աճեցման պայմաններից: Սենյակային պայմաններում այն դանդաղ է ​ճում, իսկ բարձրությամբ կարող է հասնել առավելագույնը 3 մետրի: Իսկ ահա բնական պայմաններում մինչև 20 մ բարձրությամբ ծառ է:

Սենյակային պայմաններում մալաբարյան շագանակը չի ծաղկում և պտուղներ չի ձևավորում: Լավ խնամքի պայմաններում այն կարող է մոտ 10 տարի ապրել սենյակում:

Դեկորատիվության, սաղարթի յուրահատուկ գեղեցկության շնորհիվ, տան առատության խորհրդանիշ համարվող մալաբարյան շագանակը ոչ միայն տների ինտերիերն է զարդարում, այլև խանութների ու գրասենյակների մուտքերն ու սրահները։ Բույսն ունի նաև բուժիչ հատկություններ: Արևելյան ժողովրդական բժշկության մեջ դրա կեղևը օգտագործվում է ստամոքսի կամ կոկորդի ցավերի համար: Պտուղները լայնորեն օգտագործվում են խոհարարության մեջ՝ տաք խմիչքներ են պատրաստվում, տապակվում են կամ աղացած վիճակում օգտագործվում են հաց թխելիս:

Մալաբարի շագանակի խնամքը սենյակային պայմաններում

Օդի ջերմաստիճանը: Ամենահարմարավետը +23…+25°C ​​տիրույթն է: Ձմեռը ջերմաստիճանը չպետք է նվազի +16°C-ից։

Օդի խոնավությունը: Օդի խոնավությունը պետք է բարձր լինի՝ մոտ 60%: Բույսը պետք է պարբերաբար ցողել հնեցված ջրով։

Լուսավորությունը։ Լույսը պետք է պայծառ ու ցրված լինի: Հարավ-արևմտյան կամ հարավային պատուհանագոգերը ամենահարմարն են:

Ոռոգումը: Ամռան շոգ օրերին ծառը ջրում են շաբաթական 2 – 3 անգամ ՝ օգտագործելով հնեցված, սենյակային ջերմաստիճանից փոքր-ինչ տաք ջուր: Ձմռան ամիսներին հազվադեպ են ջրում, չթողնելով չորանա հողի վերին շերտը:

Հողախառնուրդը։ Հարմար է հավասար չափերով ճմահողից, տերևային բուսահողից և ավազից պատրաստված հողախառնուրդը։ Ծաղկամանը լավ դրենաժ պետք է ունենա։

Սնուցումը։ Բույսը պարարտացնում են 20 օրը մեկ անգամ՝ սկսած գարնան սկզբից, մինչև խոր աշուն։ Խորհուրդ է տրվում օգտագործել դեկորատիվ-սաղարթային բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութ։

Տեղափոխումը։ Երիտասարդ բույսերը մի փոքր ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են տարին մեկ, իսկ մեծերը՝ 2 տարին մեկ։

Բազմացումը։ Սերմերը ցանում են գարնանը, իսկ կտրոնները արմատակալման են դնում ամռան վերջում կամ աշնանը։

Հղումներ

Մորմ

Մորմը (ռուս.՝ Паслён, լատ.՝ Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 1700, իսկ Հայաստանում՝ 4 տեսակ՝

  • մորմ քաղցրադառն (Solanum dulcamara),
  • մորմ սև (Solanum nigrum),
  • մորմ թևավոր (Solanum alatum)
  • մորմ Վորոնովի (Solanum woronowii

Հայաստանում տարածված են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին։
Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է։

Թունավոր է։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ։ Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար։ Որոշ տեսակներ միջատասպան են։ Մեղրատու է։
Որպես գեղազարդիչ սենյակային բույս ամենատարածվածն են՝

  • Մորմ կեղծպղպեղանմանը, Christmas cherry, Winter cherry, Паслен ложноперечный, Solanum pseudocapiscum;

  • Մորմ պղպեղանմանը, False Jerusalem cherry, Winter cherry, Паслен перцевидный, Solanum capsicastrum;

Երկու տեսակներն էլ շատ նման են իրար և գիտնականներն այժմ հակված են դիտարկել դրանց որպես մեկ տեսակ:

Խնամքը

Ընդհանուր առմամբ մորմը ոչ պահանջկոտ բույս է, բայց որոշակի պայմաններ ապահովել պետք է:
Լուսավորությունը
Նախընտրելի է պայծառ, ցրված լույսը: Սենյակում մորմը ավելի լավ կլինի տեղադրել դեպի արևմուտք կամ արևելք բացվող պատուհանների գոգին: Հարավային պատուհանի դեպքում, բույսը կեսօրի արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանելու կարիք կառաջանա, իսկ հյուսիսային պատուհանին, առանց լրացուցիչ լուսավորության, բույսը շատ անհարմարավետ վիճակում կհայտնվի:
Ցանկացած պատուհանագոգին ձմռանը, լրացուցիչ լուսավորմամբ, առնվազն 10 ժամյա լուսային օր ապահովելու կարիք կարող է առաջանալ: Չապահովելու դեպքում, մորմը կարող է տերևաթափ ու ծաղկաթափ լինել:
Օդի ջերմաստիճանը
Ամռան ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +18 –  +25 °C է: Ձմռանը մորմն ավելի պաղ՝ +12 – +15 °C ջերմությամբ միջավայրի կարիքն ունի: Այդպիսի ջերմային ռեժիմ և պայծառ լուսավորություն ապահովելու դեպքում, մորմը կծաղկի ու կպտղաբերի նաև ողջ ձմռան ընթացքում:
Էտը
Խիտ սաղարթամաս ստանալու համար, խորհուրդ է տրվում պարբերաբար էտել շիվերի գագաթները: Էտել կարելի է շուրջ տարին:
Ջրելը
Մորմը առատ ջուր է “խմում”, ուստի շոգ եղանակներին առատ ջրարբիացման կարիք ունի: Սակայն, ինչպես համարյա բոլոր բույսերի դեպքում, չի կարելի թույլ տալ հողի ճահճացում:
Ջրում են հողի վերին շարտը չորանալուց հետո՝ լավ հնացված, սենյակային ջերմության ջրով: 
Օդի խոնավությունը
Մորմի համար ամենահարմարավետը օդի բարձր՝ 65 – 70% խոնավությունն է, ուստի պետք է կիրառել օդը խոնավացնող սարքեր կամ հաճախ ցողել բույսը:
Հողախառնուրդը
Մորմը պահանջկոտ չէ հողի նկատմամբ, լավ է աճում ցանկացած չեզոք, փխրուն ու պարարտ հողում:
Նախընտրելի է հետևյալ բաղադրատոմսը.

  • Ճմահող – 1 մաս;
  • Տորֆ– 1 մաս;
  • Փտած գոմաղբ կամ կոմպոստ – 2 մաս;
  • Գետի կամ կարմիր ավազ – 1 մաս:

Ծաղկամանը պետք է ունենա լավ դրենաժ:
Պարարտացումը
Քանի որ հարմարավետ պայմաններում մորմը ծաղկում և պտղաբերում է շուրջ տարին, այն միշտ լրացուցիչ սնուցման կարիք ունի: Սնուցումն անում են երկու շաբաթը մեկ:
Տեղափոխումը
Երիտասարդ թփերը տեղափոխում են նոր ծաղկամանի մեջ  ամեն տարի՝ նախընտրելի է գարնանը: Ավելի մեծ թփերը տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ 2-3 տարին մեկ:
Բազմացումը
Տնական պայմաններում մորմի բազմացման հիմնական ձևը սերմերը ցանելն է, ինչը կարելի է անել շուրջ տարին:
Սերմերը ցրում են գրունտի մակերեսին այնուհետև ծածկում մանր ավազի բարակ շերտով: Լավագույն ծլարձակումը տեղի է ունենում բարձր խոնավություն ունեցող միջավայրում: Ծլարձակման տոկոսը բավականին բարձր է:
Գարնանը և ամռանը մորմը կարելի է բազմացնել գագաթային կտրոններով, որոնք արմատակալման են դնում խոնավ ավազի մեջ:
Վնասատուներն ու հիվանդություննեը
Մորմը կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի, ուտիճների, սպիտակաթևիկների հարձակմանը: Առաջին նշանների դեպքում  պետք է սկսել բույսի բուժումը:
Սենյակային պայմաններում մորմի հիվանդությունները հիմնականում սխալ խնամքի հետևանք են: Օրինակ, ձմռանը, սենյակում օդի բարձր ջերմաստիճանի և թույլ լուսավորության պայմաններում այն կարող է թափել տերևներն ու ծաղիկները:

Հղումներ

Թզենի

Թզենի (անգլ․՝ Common Fig, Fig, ռուս․՝ Инжир, Фиговое дерево, Смоко́вница обыкнове́нная, լատ․՝  Fícus cárica)

Հայրենիքը՝Փոքր Ասիա
Կենսաձևը՝Ծառ
Ընտանիքը՝Թթազգիներ
Չափսերը՝ Սենյակային պայմաններում 60 սմ-ից մինչև 1,2 մ։
Ծաղկելը՝ Սենյակային պայաններում չի ծաղկում։
Լուսավորությունը՝ Պայծառ, ցրված լույս:
Օդի ջերմաստիճանը՝Ամռանը՝ 18-22 °С, ձմռանը՝ 5-10 °С:
Օդի խոնավությունը՝ Չափավոր,  60-70%։ Ամռանը ցողել։
Ջրելը՝ Ամռանը առատ՝  երբ հողը չորանա 2-3 սմ խորությամբ։ Ձմռանը՝ քիչ։
Հողախառնուրդը՝ Պարարտ, չեզոք կամ թեթև թթվայնություն ունեցող հող․

 

Այլ տարբերակ․

Ապահովել լավ դրենաժ։

Ծաղկամանն ու տեղափոխումը՝Երիտասարդ ծառերը տեղափոխում են ամեն տարի, մյուսներն ըստ անհրաժեշտության (3-4 տարին մեկ)։
Բազմացումը՝Կտրոններով, սերմերով:
Վնասատուներ՝Ալրատիզ, վահանամիջատ, սարդոստայնային տիզ:
Աճեցնելու դժվարությունը՝Միջին։
Թուզ, Fig, Инжир, Фиг
Հղումներ

Մուրայա

Մուրայան (անգլ.՝ Murraya, ռուս.՝ Муррайя, լատ.՝ Murraya) մշտադալար թփերի կամ ծառերի ցեղ է: Բնության մեջ տարածված են Հնդկաստանի արևադարձային անտառներում, Հնդկաչինում, Սումատրա և Յավա կղզիներում:

Հղումներ

Նարինջ

 

Նրնջի աճեցումը սերմից

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>