Մոմաբաղեղ

Մոմաբաղեղը (Հոյա) (անգլ.՝  Waxplant, Waxvine, Waxflower, Hoya, ռուս.՝ Хойя, լատ.՝ Hoya), պատկանում է թունաթափազգիների (Asclepiadaceae) ընտանիքին։ Հայրենիքը հարավային ու հարավարևելյան Ասիան, Ավստրալիան, Պոլինեզիան են:
Կենսաբանական նկարագիր
Սենյակային, մագլցող բույսերից մեկն է։ Տերևները մսոտ են ու հաստ։ Աստղաձև, վարդագույն, բուրավետ ծաղիկները, որոնք հովանոցաձև դասավորված են ծաղկակոթունի վրա, չափազանց գեղեցիկ են և կարծես մոմից պատրաստված լինեն։ Պսակաթերթիկների վրա արտաթորվող մեղրանման հեղուկի կաթիլները ալմաստի նման փայլփլում են արևի ճառագայթների տակ։ Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է մոմաբաղեղը (H.carnosa R.Br.), որի երկարությունը հասնում է մոտավորապես 6 մ-ի։ Հաստ, ձվաձև կաշենման տերևները փայլուն են, կանաչադեղնավուն երանգով։ Փոքրիկ աստղաձև ծաղիկները սպիտակ են, վարդագույն կենտրոնով, արձակում են ուժեղ, դուրեկան բուրմունք։ Ծաղկաթափից հետո ծաղկակոթուները չպետք է հեռացնել, քանի որ հետագա տարիներին դրանց վրա բացվում են նոր ծաղիկներ։ Ցողունը բարակ և թույլ է, այդ պատճառով բույսը բարձրացնում և փռում են պատաճաղերի վրա։
Մշակում
Մոմաբաղեղը ամառվա ընթացքում պահվում է պատշգամբում, կիսաստվերի տակ։ Այս շրջանում պետք է ջրել առատ և բույսը հաճախակի ցողել գոլ ջրով։ Բարձր արդյունք է տալիս թռչնաղբի կամ գոմաղբի հեղուկով սնուցելը։ Ձմռանը խորհուրդ է տրվում թաղարները տեղավորել լույսին մոտ, 16-18° ջերմության պայմաններում ջրելով չափավոր և սակավ։ Գարնանը պետք է բույսերը վերատնկել, երիտասարդները տարին մեկ անգամ, իսկ տարիքավորները՝ 2-3 տարին մեկ։ Հողախառնուրդ պատրաստելու համար կարելի է վերցնել 3 մաս ճմահող կամ այգու հող, 1 մաս տերևահող, 1 մաս գոմաղբ և 1 մաս ավազ։ Բազմացվում է սերմերով և կտրոններով։ Արմատակալեցված կտրոնները սկզբնական շրջանում բավական դանդաղ են աճում։ Առատ ծաղկումը սկսում է 4-5 տարեկան հասակից։ Բնակարանային պայմաններում մշակվող մոմաբաղեղը կարող է ապրել տասնյակ տարիներ։
Մոմաբաղեղի ամենատարածված տեսակներն են՝
Մոմաբաղեղ մսեղը, Хойя мясистая, Hoya carnosa

Մոմաբաղեղ չքնաղը, Хойя прекрасная, Hoya bella

Մոմաբաղեղ վեհաշուքը, Хойя величественная, Hoya imperialis

Մոմաբաղեղ բազմածաղկավորը, Хойя многоцветковая, Hoya multiflora

Մոմաբաղեղ մանրածաղիկ, Хойя мелкоцветковая, Hoya parviflora

Մոմաբաղեղ լինեարիս, Хойя Линеарис, Hoya linearis

Հղումներ

Սրճենի

Սրճենին (անգլ․՝ A coffee tree, ռուս․՝ Кофейное дерево, լատ․՝ Coffea), տորոնազգիների ընտանիքի մշտադալար ծառերի և թփերի ցեղ է։ Հայտնի է սրճենու մոտ 50 տեսակ՝ տարածված Աֆրիկայի և Ասիայի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Մշակվում է 4-5 տեսակ։

Սրճենու հայրենիքը արևադարձային Եթովպիան է, բայց ամենատարածվածը արաբական սրճենին է, որից ստացվում է ամենաբարձրորակ սուրճը։ Սուրճի այս տեսակը կոչվում է «արաբիկա»։ Այժմ աշխարհի սրճենու բոլոր ծառատեսակների 90 %-ը պատկանում է «արաբիկա» տեսակին։

Սրճենին տալիս է հարուստ վառ կարմիր պտուղներ՝ սերմեր։ Այս բարձրահասակ թուփը վայրի բնության մեջ կարող է հասնել 8-ից 10 մ բարձրության: Ծաղկաբույլերի գույնը սպիտակ կամ սպիտակավուն է։ Մշակության մեջ բույսը կարճացնում են մինչև 150-ից 250 սմ բարձրության, ինչը շատ ավելի հեշտ է դարձնում խնամքը և բերքահավաքը:

Սրճենին բնութագրվում է աճի և զարգացման միջին տեմպերով, տարեկան աճը կազմում է 50–100 մմ։ Կյանքի տևողությունը ուղղակիորեն կապված է բույսի աճի համար բարենպաստ կլիմայական պայմաններից: Գիտությանը հայտնի են սրճենիներ, որոնք ավելի քան 100 տարեկան են, և դրանք չեն դադարում պտուղ տալ։

Սրճենին ծաղկում է ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։ Դրանից հետո ճյուղերի վրա պտուղներ են գոյանում, որոնք կարելի է ուտել։ Առաջին անգամ սերմից աճեցված սրճենին ծաղկում և պտուղ է տալիս 3-4 տարեկանում։

Խնամքը սենյակային պայմաններում

  • Օդի ջերմաստիճանը. Գարնանից՝ աշուն՝ 20-ից 30 աստիճան, իսկ ձմռանը՝ 12-ից 15 աստիճան:
  • Օդի խոնավությունը. Պետք է բարձր լինի (մոտ 70%): Ամռան շոգ և չոր ամիսներին սրճենին ամեն օր ցողում են հնեցված, փափուկ ջրով: Ամիսը մեկ անգամ թուփը խորհուրդ է տրվում ցողել փայտի մոխրի թուրմով, որն օգտագործվում է հիվանդությունների և վնասատուների առաջացումը կանխելու համար։ Ցուրտ եղանակին սաղարթը ցողել չի կարելի։
  • Լուսավորությունը. Արհեստական լուսավորություն կամ ցրված արևի լույս: Սենյակում լավագույն տեղը արևմտյան կամ հյուսիսային պատուհանագոգն է:
  • Ոռոգումը. Ջրում են լավ հնեցված, փափուկ ջրով։ Ամռանը ջրում են երկու օրը մեկ (առնվազն), իսկ ձմռան ամիսներին՝ հողախառնուրդի վերին շերտի չորանալուց հետո։
  • Հողախառնուրդը. Պետք է լինի մի փոքր թթվային: Ինքնուրույն պատրաստելիս, հավասար չափերով խառնում են տորֆ, այգու հող, փտած գոմաղբ և գետի ավազ։ Ծաղկամանի հատակին լավ դրենաժային շերտ են լցնվում։ Հողի թթվայնությունը պահպանելու համար, 30 օրը մեկ անգամ, բույսը ջրում են թթվացված ջրով՝ 1 գ կիտրոնաթթուն լուծելով 1 լիտր ջրի մեջ։
  • Պարարտացումը. Օրգանական կամ հանքային պարարտանյութերով, փոխնեփոխ, բույսը սնուցում են 15 օրը մեկ անգամ։ 
  • Տեղափոխումը. Բույսը այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են, երբ արմատներն այլևս չեն տեղավորվում ծաղկամանի մեջ (մոտավորապես 3 տարին մեկ):
  • Բազմացումը. Սերմերի կամ տնկաշիվերի միջոցով։ Սերմերով բազմացնելիս, դրանք չեն թաղում, այլ հարթ կողմով դնում են հողի մակերեսին։ Հակառակ դեպքում սերմերը ​​կարող է փտել: Ցանքը ջրում են մի փոքր տաք ջրով: Ցանքը ծածկում են ապակիով կամ թաղանթով։ Անհրաժեշտ է պարբերաբար օդափոխել ցանքը. դրա համար 3-4 օրը մեկ, երեք ժամով ծածկը բացում են։

Տնկաշիվերով բազմացան համար օգտագործում են անցյալ տարվա ճյուղերը, ընդորում յուրաքանչյուր կտրոն պետք է ունենա 2 հանգույց։ Նախքան տնկելը, կտրոնները մի քանի ժամ պահում են հետերոաքսինի լուծույթում։ Այնուհետեւ դրանք տնկում են 1 մաս տորֆից և 1 մաս ավազից բաղկացած խառնուրդի մեջ։ Կտրոնները տնկում են մոտ 30 մմ խորությամբ:

  • Խնամքի առանձնահատկությունները. Բույսը շատ վատ է արձագանքում նույնիսկ թույլ միջանցիկ քամիներին և արմատներում ջրի լճացմանը: Ձմռանը թուփը զով պայմաններում հանգստի կարիք ունի։ Պետք է հեռու դնել աշխատող ջեռուցման սարքերից:

Բարդություններ

  • Տերևների եզրերի մգացում և չորացում: Սենյակի օդը չափազանց չոր է։
  • Սաղարթը դեղնում է: Արմատային համակարգը փտել է։
  • Տերևի վրա ձևավորվում են շագանակագույն բծեր: Ազոտի պակաս հաղում։
  • Տերեւների վրա ծակեր են հայտնվում։ Արևայրուկի հետեւանք։
  • Երիտասարդ տերևները դեղնում են պահպանելով կանաչ երակներ: Հողը բավականաչափ թթվային չէ:
  • Սաղարթը դեղնում է, տերևները սկսում են փտել և թափվել: Շատ ջրելու և վատ դրենաժի հետևանք։
  • Տերևաթափ ձմռանը: Թուփը զգում է լույսի սուր պակաս։
  • Չափազանց դանդաղ աճ: Հողախառնուրդում սննդանյութերի պակաս։
  • Տերևները ճզմվում են, առաջանում են դեղին երանգի բծեր։ Հողում կալիումի պակաս կամ կոշտ ջրով ջրելու հետևանք։
  • Տերևները ծածկված են շագանակագույն կամ մանուշակագույն բծերով: Հողախառնուրդում ֆոսֆորի չափազանց ցածր պարունակություն:
  • Երիտասարդ տերևները գունատ դեղնավուն են և շատ փոքր: Հողում երկաթի պակաս կա։
  • Բույսի վրա ամենից հաճախ տեղավորվում են այնպիսի վնասատուներ, ինչպիսիք են ալրատիզը, վահանամիջատները և սարդոստայնային տիզը:

Արտաքին հղումներ

Այգածաղիկ

Այգածաղիկ (լատ.՝ Ipomoea), ցայգածաղիկ, պատատուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, թփերի, հազվադեպ՝ ջրային բույսերի ցեղ։
Հայտնի է մոտ 500, Հայաստանում մշակության մեջ՝ այգածաղիկ մանուշակագույնը (Ipomoea purpurea), որն ունի բազմաթիվ տարատեսակներ։

Արտաքին կառուցվածք

Փաթաթվող կամ փռվող բույս է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հասարակ են, սրտաձև, ձվաձև, փետրաձև, ամբողջական կամ մատնաձև բլթակավոր։ Ծաղիկները մեկական են, ձագարաձև, ագիտակ, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, կապույտի գրեթե բոլոր երանգներով։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Ծաղիկները բացվում են վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ բաց դեղնավուն կամ սև, եռանկյունաձև։

Նշանակություն

Որոշ տեսակներ դեղաբույսեր են օրինակ՝ այգածաղիկ լուծողականը (Ipomoea pyrga)։ Սննդի մեջ օգտագործում են այգածաղիկ ջրային (Ipomoea aquatica) և այգածաղիկ բաթաթ (Ipomoea batatas) տեսակները։ Վերջինս հարուստ է օսլայով և կոչվում է նաև քաղցր կարտոֆիլ։

Այգածաղիկ մանուշակագույն (անգլ․՝ Тhe common morning-glory, tall morning-glory, purple morning glory,  ռուս․՝ Ипомея пурпурная, լատ․՝ Ipomoea purpurea)
https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_purpurea

Այգածաղիկ նոճիանման (անգլ․՝ cypress vine, cypressvine morning glory, cardinal creeper, cardinal vine, star glory or hummingbird vine, ռուս․՝ Ипомея квамоклит, լատ․՝ Ipomoea quamoclit)
https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_quamoclit

Այգածաղիկ Հորսթֆալի (անգլ․՝ Lady Doorly’s morning glory, ռուս․՝ Ипомея Хорстфалла, լատ․՝ Ipomoea horsfalliae)
https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_horsfalliae

Բաթաթ (անգլ.՝ Sweet potato, ռուս.՝ Батат, լատ.՝ Ipomoea batatas)

Արտաքին հղումներ