Աստղաշուշան

Աստղաշուշանը (Խնջլոզ) (անգլ.՝ Star of Bethlehem, չին․՝ 虎眼, ռուս.՝ Птицемлечник, լատ.՝ Ornithogalum), հակինթազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 150, Հայաստանում՝ 10 տեսակ՝ 

աստղաշուշան հայկական (Ornithogalum hajastanum), աստղաշուշան Տեմպսկու (Ornithogalum tempskyanum), աստղաշուշան լեռնային (Ornithogalum montanum), աստղաշուշան կարճահասակ (Ornithogalum brachystachys) և այլն։

Որպես սենյակային բույս, աշխարհում տարածված է հարավաֆրիկյան, Հնդկասոխ կոչվող , աստղաշուշանը (անգլ.՝ Pregnant onion, False sea onion ռուս.՝ Индийский лук, Птицемлечник хвостатый, լատ.՝ Ornithogalum caudatum կամ Albuca bracteata

Հնդկասոխը կարելի է և՛ բաց գրունտում աճեցնել, և՛ սենյակային պայմաններում։ Պահանջկոտ բույս չէ, կարող է մինչև 30 տարի ապրել։

Արտաքնապես հնդկասոխը շատ ինքնատիպ է։ Աճելով, երկար բարակ տերեւները յուրահատուկ ձևեր են ընդունում։ Կանաչ սոխուկը հողից բարձր է լինում և պատված է դեղնավուն ծաղկաթեփով։ Ժամանակի ընթացքում այն վերածվում է գնդի: Հնդկասոխի ծաղկելը նույնքան անսովոր է: Սկզբում այն ծաղկի նետ է արձակում, որն արագորեն երկարում է ,իսկ հետո վրան հայտնվում են փոքրիկ, նրբագեղ ծաղիկները։

Ծաղկելուց հետո ծաղկատար նետը անհրաժեշտ է կտրել, որպեսզի բույսը ուժերը չվատնի սերմեր աճեցնելու վրա։

Բաց գրունտում աճեցնելիս հնդկասոխը արագ է աճում, իսկ արմատը հողի մեջ խորանում է մինչև 1 մ։ Խնամքը նույնն է ինչ բոլոր սոխուկավորների դեպքում՝ պետք է ջրել ու սնուցում տալ բույսին։

Ձմռան շեմին սոխուկը և բոլոր “ձագուկներին” հանում են հողից և ձմեռացնում են սառնարանում կամ պաղ նկուղում։

Հնդկասոխի խնամքը սենյակային պայմաններում

Սենյակում աճեցնելիս հնդկասոխի համար անհրաժեշտ է ապահովել օպտիմալ պայմաններ:

Հողախառնուրդը

Բույսին լավ դրենաժով, ոչ մեծ ծաղկաման է պետք։ Հողախառնուրդը կազմում են ճմահողից (1 մաս), տերևային բուսահողից (1 մաս) և գետի ավազից (2 մաս): Սոխուկի միայն ստորին մասն են խրում հողի մեջ, մնացած մասը մնում է դրսում։

Ջրելը

Հնդկասոխը հարկավոր է կանոնավոր ու չափավոր ջրել։ Չափից շատ ջրելը կարող է կործանել բույսը։ Ձմռանը հնդկասոխը ջրում են միայն երբ հողի վերին շերտը ամբողջովին չորանա:

Ոչ պակաս կարեւոր է, որ շրջակա օդը խոնավ լինի: Չոր օդը հանգեցնում է տերևների դեղնելուն ու ոլորվելուն։ Հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար ցողել բույսը:

Եթե հնդկասոխը վատ է աճում, պետք է վերանայել ջրելու գրաֆիկը։ Ավելորդ խոնավությունը փտեցնում է արմատները։ Պետք է նկատի ունենալ, որ այս բույսը կարող է 2-3 ամիս դիմանալ առանց ջրի:

Լուսավորությունը

Լույսը կարևոր է հնդկասոխի աճի համար։ Ճիշտ է, բույսը պահանջկոտ չէ և կարող է հարմարվել նույնիսկ դեպի հյուսիս նայող պատուհանի սակավ լույսին, բայց առավել հարմարավետ իրեն կզգա հարավային կամ արեւելյան պատուհանագոգին։

Լույսի պակասը կարելի է լրացնել արհեստական լուսավորությամբ կամ, գոնե ամսական մեկ շաբաթով, պայծառ լուսավորված տեղ բույսը “գործուղելով”։

Ամռանը բույսը կարելի է դուրս հանել բաց պատշգամբ կամ հանել ու տնկել այգում։ Միայն պետք է հիշել, որ հնդկասոխը անհրաժեշտ է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից։

Այգում հնդկասոխի արմատները ուժեղ և խոր աճ են տալիս ու ձմռան շեմին, տուն տանելիս բույսի արմատները չվնասել չի լինի։ Մյուս կողմից, բազմաթիվ “ձագուգներ” առաջացած կլինեն, որոնք կարող են օգտագործվել հնդկասոխի բազմացման համար։

Սնուցումը

Սենյակային պայմաններում հնդկասոխ աճեցնելիս անհրաժեշտ է պարբերաբար սնուցել այն հանքային և/կամ օրգանական պարարտանյութերով։ Օգտակար կլինի նաև գոմաղբի թուրմով սնուցումը։ Ամիսը մեկ անգամ բույսը կարելի է ջրել կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով կամ փայտի մոխրի թուրմով:

Հնդկասոխի ծաղիկը

Տեղափոխելը

Որպեսզի հնդկասոխը միշտ ուրախացնի առատ եւ գունագեղ ծաղիկներով, դրան պետք է, իր աճին համընթաց, պարբերաբար տեղափոխել այլ՝ քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ։ Հնդկասոխը լավ է տանում տեղափոխությունը: Տեղափոխելիս, նոր ծաղկամանը պետք է հնից 2 սանտիմետրով մեծ տրամագիծ ունենա։

Ջերմաստիճանը

Հնդկասոխը, ջերմասեր բույս լինելով, լավ է աճում սենյակային ջերմաստիճանում: Ձմռանը սենյակում ջերմաստիճանը պետք է չնվազի +12°C-ից:

Բազմացումը

Հնդկասոխի բազմացման առավել արագ եւ արդյունավետ ձևը բույսի վրա առաջացող փոքրիկ սոխուկներով՝ «ձագուկներով» բազմացումն է։ Դրանք աշնանը առանձնացնում են մայր բույսից և տնկում առանձին ծաղկամանի մեջ։ Եթե նույնիսկ որոշ սոխուկների վրա արմատներ չլինեն, ոչ մի սարսափելի բան չկա՝ խոնավ հողում, երկու շաբաթ անց, դրանք ևս կձևավորեն արմատային համակարգ:

Հնդկասոխը մանր, սև սերմեր է տալիս, որոնք նման են գլուխ սոխի սերմերին։ Դրանք բարձր ծլողունակություն ունեն և, ցանելուց հետո, ձևավորում են փոքրիկ սոխուկներ։

Կա նաև հնդկասոխի մայր սոխուկը կիսելով բազմացման տարբերակ։

Հնդկասոխի կիրառումը ժողովրդական բժշկությունում

Պաշտոնական բժշկության մեջ հնդկասոխը չի օգտագործվում։ Տնայնագործական բժշկության մեջ հնդկասոխով հոդատապ, հոդացավեր, սալջարդեր, երակների հիվանդություններ, թութք, ռադիկուլիտ, օստեոխանդրոզ, շնչառական ուղիներ, հերպես, չիբան ու գորտնուկ են բուժում։

Հնդկասոխը կարող է օգտագործվել որպես ցավազրկող, հակամանրէ, վերքեր բուժող միջոց: Հասուն տերևներն ունեն բուժիչ հատկություններ, դրանք հարուստ են կոլխիցինով։ Բույսի հյութում առկա են կալցիումի օքսալատի միացություններ։

Բուժիչ հյութ ստանալու համար, վերցնում են հին տերևներն ու ճզմելով դուրս են բերում անհրաժեշտ քանակությամբ հյութ։ Եթե տերեւների ծայրերը չորացած են, դրանք հեռացնում են մինչև ճզմելը։

Ուշադրություն։ Պետք է հիշել, որ հնդկասոխը թունավոր բույս է, որը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Խմել հյութը կամ ծամել տերևները, առավելևս, չի կարելի։ Բույսի հետ պետք է շատ զգույշ աշխատել՝ պաշտպանելով ձեռքերն ու աչքերը։

Թարմ քամած հյութով մերսում են հիվանդ տեղերը ու փաթաթում բրդյա թաշկինակով: Ասում են, որ 5-10 րոպե անց մարդն իրեն ավելի լավ է զգում, ցավն անցնում է։

Գլխացավի դեպքում հնդկասոխի հյութով մերսում են քունքերը և ծոծրակը:

Մրսածության, սուր շնչառական հիվանդությունների դեպքում, հնդկասոխի հյութով մերսում են քթարմատը, հոնքերի վերևի կամարները և լիմֆատիկ հանգույսները։

Հակացուցումներ

Հնդկասոխի կիրառման հակացուցումները շատ են, քանի որ բույսը թունավոր է: Թույլատրվում է միայն արտաքին օգտագործումը: Բույսի հյութը կարող է մաշկի այրվածքներ առաջացնել, այնպես որ, նախքան օգտագործելը պետք է ստուգել մաշկի զգայունության աստիճանը։

Հնդկասոխից պատրաստուկներ սարքում են ռետինե ձեռնոցներով։ Պետք է բացառել թարմ հյութի ընկնելը լորձաթաղանթների և, հատկապես, աչքերի մեջ։

Կտրականապես հակացուցված է օգտագործել հնդկասոխի հյութը և դրա հիման վրա պատրաստուկները հղի, կերակրող, մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների, հեմոֆիլիայով, երիկամային անբավարարությամբ հիվանդների և ալերգիայի դրսևորումներին հակված մարդկանց համար:

Թունավորման առաջին նշանների դեպքում, պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության։ Նախքան բժիշկների ժամանումը, պետք արհեստական փսխում առաջացնել, ստամոքսը լվանալ ջրով կամ կալիումի պերմանգանատի վարդագույն լուծույթով, ընդունել լուծողական։ Եթե հնդկասոխի հյութը շփվել է լորձաթաղանթներին, պետք է սոդայի թույլ լուծույթով լվանալ բերանը, քիթը եւ կոկորդը:

Արտաքին հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *