Բաղեղ սովորականը (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix) շուրջ 60 ցեղ և 500 տեսակ ընդգրկող ընտանիքի՝ Հայաստանում տարածված միակ ներկայացուցիչն է։
Բաղեղները մշտադալար լիանանման թփեր են, հերթադիր տերևադասավորությամբ։ Տերևները կաշվեկերպ են, պարզ, ամբողջական։ Ծաղիկները հավաքված են գնդաձև հովանոցներում, ողկույզներում կամ հուրաններում։ Պտուղը հատապտղանման է, կապտասև գույնով, մսալի պտղամսով։ Հայաստանում բնական տարածում ունեցող սովորական բաղեղը մշտադալար փաթաթվող բույս է, որը, սովորաբար կառչելով, բարձրանում է ծառերի վրա՝ հասնելով մինչև 20 մ բարձրության և հիմքի մասում ցողունի 8-10 սմ տրամագծի։ Համապատասխան հենարանի բացակայության դեպքում, փռվում է հողի մակերեսին և ստեղծում համատարած կանաչ ծածկոց։ Տերևները պոլիմորֆ են, երիտասարդ ճյուղերի վրա՝ խոշոր, ռոմբաձև, նշտարանման։
Տես նաև Ալժիրյան բաղեղի մասին հոդվածը ==>
Աճեցման պայմանները | |
Հողախառնուրդը՝ | տերևային բուսահող : ճմահող : ավազ (1:3:1) |
Հողի թթվայնությունը՝ | թույլ թթվային (5.0-6.0), չեզոք (6.0-7.0) |
Լուսավորությունը՝ | պայծառ, ցրված կիսաստվեր ստվեր |
Ջրելը ամռանը՝ | առատ |
Ջրելը ձմռանը՝ | չափավոր |
Օդի խոնավությունը | բարձր՝ >60% նորմալ՝ 30% – 60% |
Օդի ջերմաստիճանը ձմռանը՝ | +10°C – +15°C |
Առանց հողի, ջրի մեջ բաղեղ աճեցնելը
Կամայական ձևի կավե, ապակյա կամ պլաստիկ անոթի մեջ լցնում են կերամզիտ, պերլիտ, խոշոր ավազ կամ մանր քարեր և տնկում բաղեղը։ Լցնում են թորած, իսկ դրա բացակայության դեպքում, հնեցված, քլորազերծ ջուր՝ այնքան, որ արմատները լինեն ջրի մեջ։
Տեղադրում են սենյակում կամ դրսում, պայծառ լուսավորության ներքո։ Եթե բաղեղը նոր պետք է արմատակալի, ապա ջուրը որտեղ այն պահվում է, պետք է 2-3 օրը մեկ փոխվի, իսկ երբ ուժեղ արմատային համակարգ կա, ջուրը փոխում են 6-7 օրը մեկ։
Նոր արմատակալող բաղեղի ճյուղերը տեղադրում են արևի ուղիղ ճառագայթներից պաշպանված կիսաստվերում։ Օդի +18…+27°C ջերմաստիճանի դեպքում, արմատները հայտնվում են 4-6 շաբաթ անց։