Աֆրիկյան դանդուռը (անգլ․՝ Elephant bush, Dwarf Jade, լատ․՝ Portulacaria afra) մանր, հաստ տերևներով հարավաֆրիկյան սուկուլենտ է։ Իր հայրենիքում 2-6 մ բարձրությամբ թուփ է, որը փղերի սիրված ուտելիք է։ Դրանով է պայմանավորված
«փղի թուփ» անգլերեն անվանումներից մեկը։ Աֆրիկյան դանդուռ ուտում են նաև այծերն ու կրիաները: Այն նաև օգտագործվում է հարավաֆրիկյան խոհանոցում ՝ աղցաններին, ապուրներին կամ շոգեխաշած ուտեստներին թթվաշ համ տալու համար:
Աֆրիկյան դանդուռը սենյակային պայմաններում սովորաբար մինչև 1 մ բարձրության է հասնում և համարյա երբեք չի ծաղկում։ Գոյություն ունեն աֆրիկյան դանդուռի խայտաբղետ և գաճաճ ենթատեսակներ։
Աֆրիկյան դանդուռը, բացառությամբ էականորեն փոքր տերևներից, շատ նման է թանձրատերևուկին (Crassula ovata), և նույն խնամքի կարիքն ունի:
Աֆրիկյան դանդուռի խնամքը սենյակային պայմաններում
Աֆրիկյան դանդուռը սենյակային պայմաններում աճեցվում է որպես բոնսայ, որպես սովորական ծաղկամանային բույս կամ ամպելային՝ կախված աճող։
Լուսավորությունը։ Աֆրիկյան դանդուռի համար անհրաժեշտ է ապահովել շատ պայծառ լուսավորություն։ Այն չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։
Օդի ջերմաստիճանը։ Եթե հնարավորություն կա, ապա ձմռան հանգստի համար, օդի ջերմաստիճանի ամենահարմարավետ տիրույթը +10…+16°C է։ +8°C-ից ներքև ջերմությունը չի կարելի իջեցնել։ Տաք սենյակում ձմեռացման դեպքում, ջերմաստիճանը չպետք է գերազանցի +22°C-ը։
Ամռանը շատ շոգը վնասակար է, լավագույն տիրույթը +22…+27°C է։
Օդի մաքրությունը։ Շատ կարևոր է որպեսզի աֆրիկյան դանդուռը միշտ թարմ օդ ունենա, ուստի սենյակը, որտեղ աճում է բույսը, պետք է հաճախակի օդափոխել։ Լավ կլինի, եթե տաք սեզոնը բույսը ամբողջությամբ դրսում անցկացնի։
Ջրելը։ Աֆրիկյան դանդուռը պետք է շատ չափավոր ջրել։ Գերխոնավությունը կարող է սպանել բույսին։ Ջրել պետք է երբ ոչ միայն ծաղկամանի հողի մակերեսն է չորացել, այլև համարյա ողջ հողը։
Օդի խոնավությունը։ Մյուս սուկուլենտ բույսերի պես, աֆրիկյան դանդուռը նույնպես չի վախենում չոր օդից։ Ոչ շրջակա օդի խոնավությունը բարձրացնելու, ոչ էլ բույսը ցողելու կարիք չկա։
Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում աֆրիկյան դանդուռին սնուցում են 15 օրը մեկ՝ հատուկ սուկուլենտների և/կամ կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով՝ պարարտանյութի փաթեթի վրա նշվածից երկու անգամ պակաս չափաբաժիններով։
Էտը։ Աֆրիկյան դանդուռը հանգիստ դիմանում է նույնիսկ շատ խոր էտին ու արագ վերականգնվում է, ընդորում, էտել կարելի է շուրջ տարին։ Անկանոն աճը զսպելու և սաղարթին ցանկալի ձև տալու համար, ակտիվ աճի շրջանում անհրաժեշտ է անընդհատ քշտել ճյուղերի ծայրերը։
Տեղափոխումը։ Այլ, մի փոքր ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են միայն ակնհայտ անհրաժեշտության դեպքում՝ երբ արմատներն այլև աճի տեղ չունեն։ Սովորաբար, երիտասարդ բույսերի համար այդ անհրաժեշտությունը ծագում է 2 տարին մեկ, իսկ մեծահասակների համար՝ 4-5 տարին մեկ։
Նոր ծաղկամանը, կամ, բոնսայի դեպքում հատուկ տաշտակը, լավ դրենաժային շերտ պետք է ունենա։ Հողախառնուրդը պետք է լինի թեթև, փխրուն, ջրա և օդաթափանցիկ։ Կարելի է գնել սուկուլենտների և/կամ կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ։ Ինքնուրույն պատրաստելու համար, հավասար մասերով խառնում են մանր խիճ կամ խոշոր ավազ, կավային ճմահող, տերևային բուսահող։ Հողախառնուրդի թթվայնությունը պետք է լինի 4,5-6,0 рН տիրույթում։ Բույսը տեղափոխելիս, բույսի աճը զսպելու համար, կարելի է մինչև 1/3-ով կարճեցնել արմատները։
Բազմացումը։ Աֆրիկյան դանդուռը ամենահեշտ բազմացվող բույսերից է։ Բազմացնում են կտրոններով։ Խորհուրդ է տրվում առնվազն 4 տերև ունեցող 6-7 սմ երկարությամբ կտրոններ դնել արմատակալման, սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի փոքր, 1-2 տերև ունեցող կտրոններն էլ են արմատակալում։
Տնկելուց առաջ կտրոնները մոտ 24 ժամ թողնում են (ոչ արևի տակ) որ կտրված տեղերը չորանան։ Տնկում են վերը նշված համամասնություններով կազմված հողախառնուրդում, հողը միշտ չափավոր խոնավ են պահում, տնկարկը դնում են պայծառ, ցրված լույսով լուսավորված տեղում, իսկ կտրոնները ծածկելու, ջերմոցային պայմաններ ստեղծելու կարիք չկա։
Հիվանդություններ և վնասատուներ։ Աֆրիկյան դանդուռը համեմատաբար կայուն է հիվանդությունների նկատմամբ։ Բայց վատ խնամքի, օրինակ, չափից շատ ջրելու կամ մաքուր օդից զրկելու դեպքում, կարող է վարակվել ալրացողով։
Վնասատուներից աֆրիկյան դանդուռի վրա կարող են հայտնվել՝
- Սարդոստայնային տիզ, Spider mite, Паутинный клещ;
- Վահանամիջատ, Diaspididae, Щитовка;
- Ալրատիզ, Мealybugs, Мучнистыми червецами:
Տարածված բարդություններ են՝
- տերևաթափ՝ վատ լուսավորության պատճառով;
- ճյուղերի անհամաչափ ձգվածություն՝ վատ լուսավորության կամ գերխոնավացմն պատճառով;
- տերևների դեղնում և թոշնում՝ գերխոնավացմն պատճառով։