Զմրուխտե ծառը (անգլ․՝ China doll, Emerald tree, Serpent tree, ռուս․՝ Радермахера, լատ․՝ Radermachera sinica) բիգնոնիազգիների ընտանիքին պատկանող, մշտադալար ծառ է, որն աճում է Հարավային Չինաստանի եւ Թայվանի մերձարեւադարձային լեռնային շրջաններում:
Բնական պայմաններում այն կարող է հասնել մինչև 30 մ բարձրության, իսկ բնի տրամագիծը 1 մետրի։ Շատ բուրավետ, սպիտակ, շեփորաձև ծաղիկները բացվում են ընդամենը մեկ գիշերով և թոշնում են հաջորդ օրվա արևի տակ։
Սենյակային պայմաններում 1-1.5 մետրից չի բարձրանում և չի ծաղկում։
Խնամքը սենյակային պայմաններում
Լուսավորությունը
Զմրուխտե ծառին պայծառ, ցրված լույս է պետք: Լավ է աճում նաև մասնակի ստվերում, կարճ ժամանակով կարող է դիմակայել արևի ուժեղ ճառագայթներին։ Արևելքին կամ արևմուտքին նայող պատուհանի գոգը լավագույնս համապատասխանում է բույսի պահանջին։ Դեպի հարավ նայող պատուհանի գոգին դնելու դեպքում, լավ կլինի բույսը պաշտպանել կեսօրի արևից: Բույսի ճյուղերի չծռվելու և համաչափ աճ ապահովելու համար, անհրաժեշտ է պարբերաբար պտտել ծաղկամանը:
Օդի ջերմաստիճանը
Զմրուխտե ծառը բավականին ջերմասեր է, բայց խիստ շոգին դժվար է դիմանում։ Օդի սենյակային ջերմաստիճանը (+22․․․+25ºС) ամենահարմարն է։ Ձմռանը, բույսին հանգստի ժամանակ ապահովելու համար, ջերմաստիճանը կարելի է իջեցնել մինչև +16ºС։ +11 ºС -ից ցածր ջերմաստիճանը կարող է կործանարար լինել։
Օդի խոնավությունը
Զմրուխտե ծառը խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով հաճախակի ցողել բույսը: Ամռանը, ժամանակ առ ժամանակ, կարելի է գոլ ջրով ցնցուղի տակ լողացնել։
Ջրելը
Վեգետացիոն շրջանում առատ ջրելու կարիք ունի, բայց պետք է թույլ չտալ ջրի լճացում ու գերխոնավություն։ Չի կարելի նաև թույլ տալ, որ ծաղկամանի հողը ամբողջությամբ չորանա: Ջրում են հենց որ ծաղկամանի հողի վերին շերտը չորանա։
Աշնանը և ձմռանը ջրելու քանակը և ծավալը նվազեցնում են: Այդ ժամանակահատվածում ջրում են հողի վերին շերտի չորանալուց 2 օր անց։
Սնուցելը
Գարնանն ու ամռանը սնուցում են դեկորատիվ-սաղարթավոր բույսերի համար նախատեսված պարարտանյութերով։ Սեզոնի սկզբին բույսը սաղարթ աճեցնելու համար ազոտի գերակշռմամբ պարարտացման կարիք ունի, իսկ աշնանը պետք է կիրառել ֆոսֆոր-կալիումային պարարտանյութեր:
Պարարտանյութը պետք է տալ փաթեթի վրայի հրահանգին համապատասխան չափաբաժնով: Փորձառու այգեգործները խորհուրդ են տալիս նախքան սնոււցում տալը ջրել բույսը և մեկ-երկու ժամ հետո նոր պարարտացնել այն։
Զմրուխտե ծառը լավ է արձագանքում նաև սաղարթային սնուցմանը: Տերևները կարելի է ցողել պարարտանյութի կես չափաբաժնի լուծույթով: Այդպես սննդարար նյութերը շատ ավելի արագ են ներծծվում, իսկ սաղարթը ձեռք է բերում փայլուն զմրուխտի երանգ:
Էտը և սաղարթի ձևավորումը
Զմրուխտե ծառը կարելի է կամ որպես ծառ աճեցնել, կամ փարթամ թուփի տեսքով: Առաջին դեպքում, աճի սեզոնի ողջ ընթացքում բնի ստորին մասից հեռացնում են բոլոր կողային ճյուղերը: Իսկ որպեսզի փարթամ թփի ձև ստանա, քշտում են բոլոր ճյուղերի վերին բողբոջները՝ խթանելով դրանց ճյուղավորումը:
Տեղափոխելը
Այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխելու համար լավագույն ժամանակը գարնան սկիզբն է: Այդ ժամանակ է ծառը ձմեռային «հանգստից» հետո սկսում ակտիվորեն աճել: 5 տարեկանից երիտասարդ բույսերը տեղափոխելու կարիք է առաջանում համարյա ամեն տարի։ Մեծահասակ բույսերի ծաղկամանը փոխում են մոտ երեք տարին մեկ՝ եթե ծաղկամանում արդեն նեղվածք է և արմատները դուրս են եկել դրենաժային անցքերից։ Եթե ոչ, ապա կարելի է բավարարվել հողի վերին շերտը (4-5 սմ) փոխելով:
Զմրուխտե ծառի արմատները բավականին հզոր են, ուստի ծաղկամանը պետք է լինի լայն և խոր, բայց ոչ շատ մեծ։ Ծաղկամանի ծավալը պետք է մոտավորապես հավասար լինի արմատային համակարգի ծավալին, որպեսզի ծառի արագ աճը որոշ չափով զսպվի։
Ծաղկամանում լավ դրենաժ ապահովելը շատ կարևոր է։
Հողախառնուրդը
Հարմար է արմավենիների և/կամ ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդը։ Ինքնուրույն պատրաստելու համար իրար են խառնում՝
- փտած գոմաղբ կամ կենսահումուս (1 մաս);
- խոշոր ավազ (1 մաս);
- տերևային բուսահող կամ պարտեզի հող (2 մաս);
- սոճու կեղեւ (0,5 մաս):
Բազմացումը
Զմրուխտե ծառը բազմացնում են կտրոններով կամ անդալիսի միջոցով:
Կտրոնները արմատակալման դնելու լավագույն ժամանակը մայիսն է կամ հունիսի սկիզբը: Կտրոն ստանալու համար կտրում են ցողունի մի մասը՝ տերևով ու տերևային հանգույցով: Կտրած տեղը մշակում են ակտիվացված ածխի փոշիյով կամ արմատավորում խթանող դեղամիջոցով։ Այնուհետև կտրոնը 2-3 սմ խորությամբ խրում են տորֆի և ավազի խառնուրդ հանդիսացող սուբստրատի մեջ, լավ ջրում են ու ծածկում թափանցիկ թաղանթով։ Ցանքը դնում են տաք և լուսավոր տեղում, պարբերաբար օդափոխում են և խոնավացնում:
Կտրոնները բավականին արագ են արմատավորվում: Արդեն 1,5–2 ամիս անց երիտասարդ բույսերը կարելի է լինում տեղափոխել առանձին ծաղկամանի մեջ։
Անդալիսի միջոցով բազմացնելու համար, մայր բույսի երկար ճյուղերից մեկը մոտեցնում են հողին, հողին դիպչող հատվածը ազատում են տերևներից, այդ տեղում մի փոքր վնասում են կեղևը և թաղում հողի մեջ։ Գագաթը պետք է դրսում մնա։ Մեկ այլ տարբերակով, նույնն անում են օդի մեջ՝ տերևներից ազատված հատվածը պարուրում են հողով կամ մամուռով ու փաթաթում են ցելոֆանով։ Երկու դեպքում էլ այդ հատվածները մշտապես խոնավ պետք է պահվեն։ Արմատների առաջանալուց հետո, այդ հատվածը առանձնացնում են մայր բույսից և տնկում են նոր ծաղկամանում։
Հնարավոր բարդություններ
- Ճյուղերը անբնական ձգվում են։ Սովորաբար դա տեղի է ունենում ձմռանը, երբ լույսի պակաս կա: Բույսը պետք է պահել զով տեղում և պայծառ լույսի ներքո: Կարելի է ցերեկային լույսով լրացնել լուսավորության ժամերը։
- Տերևների ծայրերը չորանում են, տերևները կորցնում են իրենց ամրությունը և չորանում են։ Սենյակի օդը շատ չոր է կամ բույսը անբավարար է ջրարբիացվում: Նույնը կարող է տեղի ունենալ երբ լուսավորությունը չափազանց ուժեղ է: Այս դեպքում բույսը պետք է տեղափոխել մասնակի ստվերված վայր:
- Նոր տերևները մանրանում են ու խամրած են։ Լույսի և/կամ սնունդի պակասից է: Անհրաժեշտ է ապահովել պայծառ, ցրված լույսով և/կամ սաղարթային պարարտացում անել։
- Տերևները դեղնում են ու թափվում։ Լուսավորության պակասից է։
Հիվանդություններ և վնասատուներ
Զմրուխտե ծառը կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Միայն վատ խնամքի դեպքում բույսը կարող է տառապել ֆուզարիոզից (արմատային փտախտ), ենթարկվել կարմիր սարդոստայնային տիզերի, ուտիճների և ալրատիզերի հարձակմանը։