Ընկուզենու և դրա տերևների նկատմամբ այգեպանները, ոչ անհիմն, զգուշություն ունեն։ Հայտնի է, որ ընկուզենու տակ քնելուց գլխացավ կարող է սկսվել։ Հաստատ է, որ ընկույզն իրոք ալելոպաթիկ հատկություններ ունի՝ արտադրում է որոշակի նյութեր (յուգլոն), որոնք դժվարացնում են այլ բույսերի կյանքը ծառի տակ կամ մոտակայքում։
Տարածված կարծիք կա նաև, որ տերևները բանի պետք չեն՝ ոչ որպես ցանկածածկ, ոչ էլ կոմպոստի համար։ Սակայն պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ․ ընկուզենու տերևները, շնորհիվ իր յուրահատկությունների, կարող են լավ էլ օգտակար լինել։
Բայց մինչև տերևների օգտակարությանն անդրադառնալը, նշենք, որ ընկուզենու տակ միանգամայն հնարավոր է աճեցնել լոբի, ճակնդեղ, գազար, եգիպտացորեն, սեխեր, սոխ, մաղադանոս, սքվոշ։
Ի՞նչ կարելի է պատրաստել ընկույզի տերևներից
Ընկուզենու տերևներից կարելի է պատրաստել թեյեր, թուրմեր, գլխի մազերը ողողելու հողուկ և, նույնիսկ, կոմպոստ:
Հետագա տեքստում խոսքը գնում է մեզ մոտ տարածված Ընկուզենի սովորականի (Juglans nigra) տերևների մասին, սակայն նույն, եթե ոչ ավելի լավ, հատկություններն ունեն Ամերիկայում տարածված Սև ընկուզենու (Juglans nigra) տերևները:
1. Թեյ՝ ընկուզենու տերևներից
Ընկուզենու տերևները հատկապես օգտակար են բուսաբուժության մեջ, քանի որ ունեն և՛ հակաբակտերիալ, և՛ հակամակաբույծ հատկություններ: Այդ հատկությունները կարելի է գործի դնել թեյ խմելով:
Ընկուզենու տերևներից պատրաստված թեյն օգնում է հետևյալ հիվանդությունների բուժմանը՝
- շաքարային դիաբետ;
- փորլուծություն;
- թութք;
- հոդատապ;
- արյան վարակներ;
- բարձր քրտնաարտադրություն;
- անեմիա;
- աղիքային մակաբույծներ:
Որպես տտիպ և հակասեպտիկ նյութ, ընկուզենու տերևներից պատրաստված թեյը ներազդում է ինչպես ամբողջ մարմի, այնպես էլ առանձին մասերի, օրգանների վրա:
Ուշադրություն։ Ընկուզենու տերևներից պատրաստված թեյը հակացուցված է դաբաղանյութերի նկատմամբ զգայուն անձանց համար։
Թեյ պատրաստելը
Երկու ճաշի գդալ ընկուզենու չորացրած և մանրեցված տերևները լցնում են մեկ լիտր ջրի մեջ և դնում կրակի վրա։ Հինգ րոպե եռալուց հետո, հանում են կրակի վրայից, ծածկում են կափարիչով և թողնում են հանգստանա։ Տաս րոպե անց թեյը պատրաստ է։ Կարելի է զտել ու տաք-տաք խմել, կամ սառեցնել և սառուցով խմել։
Առաջին անգամ խմելիս, համը կարող է տարօրինակ թվալ: Պետք է շարունակել խմել (օրական ոչ ավելի, քան 2-3 բաժակ) և կնկատեք, որ վայելում եք համը:
2. Թուրմ՝ ընկուզենու տերևներից
Ընկուզենու տերևներից թուրմը հիմնականում օգտագործում են օրգանիզմը ճիճվաթափ անելու համար, սակայն այն ոչ միայն մակաբույծներից է ազատում, այլև մրսածությունից կամ գրիպից ավելի արագ ապաքինվելուն է օգնում։
Պատրաստելը
Հավաքում ու կախելով, մոտ մեկ շաբաթ չորացնում են ընկուզենու տերևների մի փունջ։ Չորացրած տերևները լցնում են լայն բերանով տարայի մեջ, ավելացնում են այնքան սպիրտ, օղի կամ կոնյակ, որ ծածկի տերևները և 4-6 շաբաթ պահում են մութ տեղում։ Հետո պատրաստի թուրմը զտում են և լցնում մուգ պատերով, ապակե շշի մեջ։
Օգտագործում են ըստ անհրաժեշտության: Մարդկանց մեծ մասի համար թեյի կամ ջրի հետ խառնած, օրական 15-20 թուրմի կաթիլը բավարար կլինի:
Ընկուզենու տերևների թուրմը ոչ միայն օգտակար է մարսողական տրակտը մաքրելու համար, այլ նաև դրանով ողողումները կարող են օգտակար լինել ատամներին և լնդերին:
Ի դեպ, նույն ձևով թուրմ կարելի է պատրաստել ընկույզի կեղևներից:
3. Գլխի մազերը ողողելու համար ընկուզենու տերևներից պատրաստված հեղուկ
Ընկուզենու տերևների պատրաստուկներն ունեն մեծ քանակությամբ տտիպ դաբաղանյութեր, որոնք ձգում են մաշկի հյուսվածքները: Այդ հատկությունը օգտագործում են մաշկային որոշ հիվանդություններ, ինչպիսիք են էկզեման, պզուկները, պսորիազը և թեփը բուժելու համար:
Ասում են նաև, որ հեղուկը թեթևացնում է արևայրուքից ցավերը և բուժում է ձեռքերի և ոտքերի ավելորդ քրտնարտադրությունից:
Պատրաստելը
Հեղուկը պատրաստում են թեյի նման։ Ավելի մեծ կաթսայի մեջ ավելի շատ թարմ կամ չորացրած տերևներ են լցնում, վրան ջուր են լցնում և դնում կրակի վրա։ 10-15 րոպե եռալուց հետո հեղուկը պատրաստ է։ Գլխի մաշկի համար հարմար ջերմաստիճանի իջնելուց հետո, այդ հեղուկով ողողում են մազերը։
Ցանկության դեպքում հեղուկը կարելի է կիրառել որպես մազերը շագանակագույն ներկելու միջոց։ Պետք է պարզապես որքան հնարավոր է երկար թրջել մազերը հեղուկով և վերջում չմաքրաջրել։
4. Ներկանյութ ընկուզենու տերևներից
Բացի մազերից, ընկուզենու տերևներից ստացված ներկանյութով կարելի է նաև հագուստը շագանակագույն ներկել։ Մի փոքր այլ գույնի համար կարելի է փորձել ընկույզի կանաչ կեղևը կամ չոր, շագանակագույն կեղևը:
Ամենամուգ, ամենաուժեղ ներկը ստանալու համար,պետք է հավաքել այնքան տերևներ, որպեսզի խիտ լցվի ներկի կաթսայի կեսը: Կաթսայի մեջ ջուր են լցնում և, դնելով կրակի վրա, հասցնում են եռման աստիճանի։ Եռալուց հետո կրակն իջեցնում են և ցածր կրակի վրա շարունակում են եփել մոտ մեկ ժամ։ Այուհետև եփուկն առանց զտելու ևս 2 օր թողնում են կափարիչի տակ հնանա։
Ի վերջո, եփուկը զտում են, կրկին եռացնում ու մեջը գցում ներկվող հագուստը։ Մինչև մեկ ժամ եփելուց հետո, հագուստը հանում են և պարզաջրում։
5. Ընկուզենու տերեւներից կոմպոստ
Ընկուզենու տերևներն իրականում կարող են կոմպոստացվել, քանի որ դրանց պարունակած, վտանգ ներկայացնող յուգլոնը (juglone) մի քիչ դանդաղ, բայց նույնպես քայքայվում է ջրի, մանրէների և օդի ազդեցությամբ։ Կոմպոստի մեջ դնելուց հետո, 2-4 շաբաթվա ընթացքում տերևների “թունավորությունը” էականորեն նվազում է։ Սակայն, եթե կոմպոստի մեջ ընկուզենու ճյուղեր և փայտի սղոցուկ էլ կա, ապա անվտանգ աստիճանի քայքայվելու համար կպահանջվի 6-8 ամիս։
Ինչպես հավաքել, չորացնել և պահել ընկուզենու տերևները
Ընկուզենու տերևները հավաքելու լավագույն ժամանակը հունիս և հուլիս ամիսներն են, քանի դեռ տերևները վառ կանաչ են:
Ամռանը, ծածկի տակ, տերևների փնջերը մոտ մեկ շաբաթում չորանում են։ Պահպանել չորացրած տերևները կարելի է հենց այդպես՝ փնջերով, կտորից տոպրակների մեջ, կամ մանրեցնելով ու լցնելով փակվող տարաների մեջ։
Ուշադրություն
- Խուսափեք ընկուզենու տերևների հետ գործ ունենալուց, եթե ալերգիկ եք, կերակրող մայր եք կամ հղի եք:
- Խորհուրդ չի տրվում երկարատև կամ ամեն օր օգտագործել ընկուզենու տերևներից պատրաստուկները:
- Ինքնաբուժում սկսելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ: