Ինչպես փրկել ջրախեղդ եղած բույսերը

Սենյակային բույսերի մահվան հիմնական պատճառներից մեկը չափից շատ ջրելն է: Նորմալ կենսագործունեության համար, բույսերի արմատները թթվածնի կարիք ունեն:

Երբ ծաղկամանի մեջ ջուրը կուտակվում է և չի հեռացվում, հողը ճահճանում է, բույսի արմատները չեն կարողանում շնչել, դրանք բառացիորեն ջրախեղդ են լինում և սկսում են փտել:

Բույսը կարող է ջրախեղդ լինել տարբեր հանգամանքներում՝

  • Եթե ծաղկամանը շատ ավելի մեծ է բույսի արմատային համակարգից, բույսը չի կարողանում օգտագործել հողի ողջ խոնավությունը, եւ “պարապ” մնացած հողն ուղղակի ցեխի է վերածվում կամ ճահճանում է։
  • Երբ սենյակում ցուրտ է, գոլորշիացումը դանդաղ է ընթանում և հողը երկար ժամանակ չի չորանում։
  • Երբ չկան դրենժային անցքեր կամ դրանք խցանվել են, ապա ավելորդ ջուրը չի կարողանում դուրս գալ ծաղկամանից։
  • Կան նաև բույսեր, որոնք պարզապես չեն սիրում հաճախակի ջրվել։ Օրինակ՝ թանձրատերևուկները։

Բույսի ջրախեղդության նշանները

Առողջ բույսն աչքի է ընկնում նոր, վառ գույնի տերևներով ու ճյուղերով, արմատները սպիտակ և ճկուն են լինում, իսկ հողը հաճելի հոտ է ունենում։ Հակառակ դրան ջրախեղդ եղած բույսի հողից սկսում է նեխելու հոտ գալ, տերևները թուլանում, դալկանում են ու թափվում։ Փտող արմատները չեն կարողանում կլանել և դեպի տերևները մղել հողի միջի ջուրը, փոխարենը, փտելու հետևանքով առաջացող քայքայիչ, վնասակար նյութեր են հասնում դրանց։

Ի՞նչ պետք է անել

  • Դադարեցնել ջրելն ու պարարտացնելը։ Այևս ոչ մի կաթիլ ջուր, ոչ մի պարարտանյութ պետք չէ ավելացնել, որքան էլ բույսը շարունակի թառամել կամ կորցնել տերևները։
  • Տեղափոխել: Եթե ​​բույսը ուժեղ լուսավորությամբ տեղում է, այն պետք է տեղափոխել ավելի մեղմ լույսով տեղ: Պայծառ լույսի ներքո բույսն ավելի շատ ջրի կարիք է ունենում։
  • Ստուգել ծաղկամանի դրենաժը։ Եթե դրենաժային անցքերը խցանված են, ապա անհրաժեշտ է վերականգնել դրանց գործառույթը՝ մաքրելով կամ լրացուցիչ անցքեր բացելով։
  • Չորացնել հողախառնուրդը։ Հողի վրա անձեռոցիկներ կամ թղթյա սրբիչներ փռել, սպասել մինչև ջրի ներծծելը, այնուհետև փոխել նորերով։
  • Ավելացնել օդ: Խեղդվող բույսի արմատները օդի կարիք ունեն։ Անհրաժեշտ է հնարավորին չափ փխրեցնել ծաղկամանի հողը և բարակ ձողիկով, չվնասելով արմատները, խոր անցքեր բացել հողի մեջ։
  • Ցողել տերևները։ Քանի որ խափանվում է տերևների ջրամատակարարումը, անհրաժեշտ է հնեցված, գոլ ջրով հաճախակի ցողել բույսի սաղարթը։
  • Սպասել մեկ շաբաթ։ Սովորաբար մեկ շաբաթից մինչև 10 օրվա ընթացքում վերականգնման նշաններ են ի հայտ գալիս: Մինչև հետևողական նոր աճ չարձանագրվի, բույսը պարարտացնել պետք չէ:
  • Նոր հողախառնուրդ։ Եթե ​​բույսը շատ մեծ չէ, ապա այն փրկելու ամենաարդյունավետ և արագ միջոցը բույսը ծաղկամանից հանելն է ու հողախառնուրդը փոխելը։ Արմատներն անհրաշեշտ է զգուշորեն ազատել հին հողից, լվանալ, հեռացնել դրանց բոլոր փտած ու վնասված մասերը (կարելի է դրանից հետո, 15-20 րոպեով ընկղմել արմատները կալիումի պերմանգանատի թույլ լուծույթի մեջ), այնուհետև տնկել բույսը նոր հողախառնուրդի մեջ։ Եթե առողջ մնացած արմատների զանգվածը էականորեն փոքր է նախկինից, ապա, համապատասխան, ավելի փոքր ծաղկաման է պետք ընտրել։ Եթե հին ծաղկամանն է օգտագործվելու, ապա այն պետք է նախապես օճառով լավ լվանալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *