Քրքում

Քրքումը (անգլ․՝ Turmeric, ռուս․՝ Куркума, լատ․՝ Curcuma) բազմամյա, մինչև 0,9 մ բարձրությամբ, արևադարձային խոտաբույս է ։ Կոճապղպեղի (իմբիր) հետ նույն ընտանիքի անդամ են։ Ցավոք, հաճախ քրքում են անվանում նաև զաֆրանը կամ շաֆրանը (Crocus sativus), ինչը շփոթ է առաջացնում։ Քրքումի կոճղեզները լայն կիրառություն ունեն որպես համեմունք կամ դեղամիջոց։

Քրքումի հայրենիքը Հնկաստանն է, որտեղից էլ այն մեծ քանակությամբ արտահանվում է որպես համեմունք։ Եվրոպայի այգիներում քրքումը հայտնվեց 19-րդ դարավերջին։Քրքումի չորացրած կոճղեզներից աղալով ստանում են փոշի համեմունք։ Քրքումի տերևներն ու ծաղիկներն էլ են օգտագործվում թաիլանդական ու ինդոնեզիական խոհանոցներում։

Սակայն շատ ավելի նշանակալի են քրքումի բժշկող որակները, որոնց մասին անհիշելի ժամանակներից գիտեն Հնդկաստանում ու Չինաստանում։ Քրքումը ամենահզոր բնական հակաբորբոքային միջոց է ու հակաօքսիդանտ։ Օգտագործվում է նաև որպես հակադեպրեսանտ, քաղցկեղը ու ալցհեյմերի հիվանդությունը կանխարգելող միջոց։

Այլ աղբյուրներում նշվում են քրքումի հակավիրուսային, հակամանրէ, հակահելմինտային, հականեխիչ, իմունախթան, օրգանիզմի տոնուսը բարձրացնող հատկությունները։

Հաշվառված է քրքումի ավելի քան 90 տեսակ, սակայն հիմնականում մշակվում է “երկար կամ դեղին քրքում” կոչվող (Curcuma longa) տեսակը։

Աճեցման պայմանները

  1. Ծաղկելը. Սկսում է հուլիսից և շարունակվում է մինչև հոկտեմբեր ամիսը;
  2. Տնկելը. Կոճղեզի կտրոնները բաց գրունտում տնկում են մարտին կամ ապրիլին;
  3. Լուսավորությունը. Աճում է ինչպես պայծառ արևի տակ, այնպես էլ կիսաստվերում;
  4. Գրունտը. Պարարտ ավազային կամ կավային հողեր;
  5. Ջրելը. Ջրում են հաճախ և առատ;
  6. Պարարտացումը. Առաջին անգամ սնուցում են կոկոնների առաջացման պահին, հետո ծաղկել սկսելու պահին, այնուհետև ծաղկելն ավարտելուց կես ամիս հետո;
  7. Բազմացումը. Կոճղեզի կտրոններով կամ սերմերով;
  8. Վնասատուները. Սարդոստայնային տիզը;
  9. Հիվանդությունները. Արմատների փտելը, տերևների բծերը։

Քրքումն աճեցնում են ինչպես բաց գրունտում, այնպես էլ սենյակային պայմաններում, ընդորում աճեցնում են թե՛ կոճղեզներ ստանալու, թե՛ գեղեցիկ ու բուրավետ ծաղիկների համար։

Պետք է նկատի ունենալ, որ առաջին ծիլերի հայտնվելուց հետո պետք է 8-10 ամիս անցնի որպեսզի կոճղեսները հասունանան։ Այս պատճառով բաց երկնքի տակ քրքումը հնարավոր է աճեցնել միայն մեր երկրի ցածրադիր ու ջերմ կլիմա ունեցող գոտիներում։

Մինչև կոճղեզների կտրոնները տնկելը անհրաժեշտ է նախապատրաստել հողը՝ փորել առնվազն 20 սմ խորությամբ և փխրեցնել։ Կոճղեսները տնկելու համար պատրաստվում են հորեր 15 սմ խորությամբ և միմյանցից 15-20 սմ հեռու։ Այդ հորերից յուրաքանչյուրի մեջ տեղադրում են 2 կամ 3 կոճղեսի կտրոն, որի վրա կա առնվազն 1-2 պտուկ և այդ պտուկները պետք է դեպի վեր նայեն։

Հողով ծածկելիս, կոճղեսի վրա պետք է առնվազն 2 սանտիմետրոնաց հողի ծածկ ապահովել։ Այնուհետև տնկարկը ջրում են։

Բերքահավաքը

Քրքումի կոճղեսները հանում են հողից մինչև ցրտերը սկսելը, երբ բույսի վերգետնյա մասը սկսում է դեղնել ու թոշմել։ Կտրում են կոճղեսի վերին մասը, մաքրում են այն հողի մնացորդներից ու մանր արմատներից։

Իրացման համար նախատեսված կոճղեսները 60 վայրկյանով ընկղմում են եռացող ջրի մեջ, ինչի շնորհիվ դրանք դեղին գույն են ստանում։ Այնուհետև լավ օդափոխվող վայրում դնում են 7-15 օրյա չորացման։

Ինչպես պահպանել քրքումը

Պահպանման համար քրքումի կոճղեսները տեղադրում են խոնավ ավազի մեջ, ընդորում օդի ջերմաստիճանը պետք է լինի +10 – +12 աստիճան։

Աղացած քրքումը պահպանում են սառնարանում կամ այլ զով, մութ տեղում՝ պինդ փակված, ապակյա տարայի մեջ։ Նման պայմաններում այն կդիմանա մինչև 3 տարի։ Բաց վիճակում պահվող քրքումի փոշին հեշտությամբ օտար հոտեր է կլանում իր մեջ։

Քչերին է հայտնի, որ քրքումի դրական ազդեցությունը տասնապատկվում է եթե այն կիրարվում է սև պղպեղի հետ համատեղ՝ վերջինիս մեջ պարունակվող պիպերինը օգնում է քրքումի կլանմանը։

Ինչպես սենյակային պայմաններում քրքում աճեցնել

Ծաղկամանը

Քրքում աճեցնելու համար անհրաժեշտ է առնվազն 30,5 սմ խորությամբ և 30,5 -46 սմ լայնությամբ ծաղկաման կամ ծաղկաթաղար։ Այդ չափսի ծաղկամանում կարելի է տնկել 1-2 կոճղեսի կտրոն։

Քրքումը ծաղկաթաղարի հողի թթվայնության (pH) նկատմամբ պահանջկոտ չէ՝ կարող է աճել թույլ թթվայինից մինչև թույլ ալկալային հողում։ Հողը պետք է պարարտ լինի և փխրուն։ Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա։

Քրքումը տնկելը

Քրքում տնկելու լավագույն ժամանակը գարունն է կամ ամառը, երբ օդի ջերմաստիճանը դառնում է +12 C-ից բարձր։

Մեծ կոճղեսները մանրեցնում են այնպես, որ յուրաքանչյուր կտրոնի վրա մնա 2-3 պտուկ։ Կտրոնները տնկում են այնպես, որ պտուկները վեր նայեն և ծածկված լինեն մոտ 5 սմ հողի շերտով։

Տնկելուց հետո լավ ջրում են։

Ծաղկամանի մեջ աճող քրքումի խնամքը

Դիրքը

Բույսը պետք է պաշտպանված լինի միջանցիկ քամիներից և աճի ջերմ ու խոնավ միջավայրում։ Իր բնական պայմաններում քրքումն աճում է կիսաստվերում և չի սիրում ողջ օրը լինել արևի ուղիղ ճառագայթների տակ։ Բայց սենյակային պայմաններում բույսին պետք է հատկացնել ամենալուսավոր տեղը։

Ջրելը

Հողը միշտ չափավոր խոնավ վիճակում պետք է լինի։ Օդի ցածր խոնավության դեպքում, տերեևները ամենօրյա ցողման կարիք ունեն։

Եթե ձմռանն էլ նույն տաք ու խոնավ միջավայրն ապահովելու հնարավորություն կա, ապա ջրում են նույն ռեժիմով։

Օդի ջերմաստիճանը

Օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը +20 – +35 C է։ +10 C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում բույսը տառապում է։

Ձմեռացումը

Ձմռանը, եթե համապատասխան ջերմություն ու խոնավություն հնարավոր չէ ապահովել, կամ հանում ու պահում են կոճղեսը հաջորդ գարնանը տնկելու համար, կամ էլ կտրում են բույսի վերգետնյա մասը և ծաղկամանը պահում մոտ 18 C օդի ջերմության պայմաններում։

Պարարտացումը

Բույսը սնուցում են ամսական մեկ անգամ՝ աճի ողջ շրջանում։ Սնուցման համար կարելի է օգտագործել ինչպես օրգանական պարարտանյութերի լուծույթներ, այնպես էլ խանութից գնված կոմպլեքս պարարտանյութեր։

Վնասատուներ և հիվանդություններ

Քրքումը լուրջ թշնամիներ ու հիվանդություններ չունի, բայց կարող է ենթարկվել կարմիր սարդոստայնային տիզի և վահանակիրների հարձակմանը։ Հիվանդություններից կարելի է նշել կոճղեսի փտելն, ինչի պատճառ կարող են լինել շատ ջրելն ու վատ դրենաժը ու տերևների բծախտը։

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *