Կակաո

Կակաոյի ծառը (անգլ․՝ Cacao tree, Cocoa tree, ռուս․՝ Какао, լատ․՝ Theobroma cacao) փիփերթազգիների (Malvaceae) ընտանիքի, փոքր, 4–8 մ բարձրությամբ, մշտադալար ծառ է։ Դրա սերմերը՝ կակաոյի հատիկները, օգտագործվում են շոկոլադե լիկյոր, կակաոյի կարագ և շոկոլադ պատրաստելու համար։

Տանը կակաոյի ծառ աճեցնելը

Կակաոյի ծառերն աներևակայելի պահանջկոտ են տեղի նկատմամբ, պահանջում են որոշակի կլիմայական և հողային պայմաններ: Պետք է նկատի ունենալ, որ թեև հնարավոր է տանը կակաոյի ծառ աճեցնել, սակայն դա ամենևին հեշտ գործ չէ: Սենյակային պայմաններում գրեթե անհնար է հասնել ծառի ծաղկելուն, իսկ միայն մեկ ծառ աճեցնելու դեպքում պտուղ ստանալու մասին խոսք լինել չի կարող։

Տեղի ընտրությունը

Բնության մեջ կակաոն աճում է բազմահարկ արևադարձային ջունգլիների ստորին հարկում՝ մթնշաղի, ցրված, մեղմ լուսավորության պայմաններում: Սենյակային պայմաններում, սակայն, կակաոն մի փոքր փոխում է իր սովորությունները՝ վատ է զարգանում խիտ ստվերում, բայց, միևնույն է չի դիմանում արևի ուղիղ ճառագայթներին:

Փորձը ցույց է տալիս, որ կակաոյի ծառն իրեն լավ է զգում արևելյան պատուհանի գոգին։Հարմար են նաև մասամբ հարավին կողմնորոշված ​​պատուհանագոգերը, որոտեղ բույսը տեղադրում են արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանելով։

Օդի ջերմաստիճանը և խոնավությունը

Լավագույն պայմաններ հնարավոր կլինի ապահովել, եթե կակաոն աճեցվի օդի վերահսկվող, բարձր ջերմաստիճան և բարձր խոնավություն ապահովող ջերմոցում։ Եթե դա հնարավոր չէ և բույսն աճելու է սենյակային պայմաններում, ապա պետք է ձգտել այնպիսի պայմանների, որոնցում օդի ջերմաստիճանը կայուն ու բարձր է ողջ օրվա ընթացքում ու շուրջ տարի։ Տեղային բարձր խոնավություն ապահովելու համար պետք է օդի խոնավացուցիչ միացնել կամ ծաղկամանը տեղադրել ջրով ու խիճով լի, լայն սկուտեղի վրա։ Արևի ուղիղ ճառագայթները և մոտակա ջերմության աղբյուրները, ինչպիսիք են ռադիատորները, կարող են չորացնել ծառը:

Կակաոյի ծառը կմահանա եթե օդի ջերմաստիճանը իջնի +10°С-ից ցածր, իսկ +10…+16°С տիրույթում աճի խնդիրներ և տեսանելի խանգարումներ են առաջանում։ Կակաոյի ծառի համար պետք է իսկապես կայուն, ջերմ պայմաններ ստեղծել։ Իդեալում, օդի ջերմաստիճանը ողջ տարին պետք է մնա +24 … +25°С աստիճանի մակարդակում: Չափազանց բարձր ջերմություն՝ +28°С բարձր, ծառը նույնպես չի սիրում, իսկ +23°С ցածր անկումը սկսում է ազդել բույսի տերևների վրա:

Կակաոն չի հանդուրժում միջանցիկ քամիներ, ջերմաստիճանի հանկարծակի փոփոխությունները, ջեռուցման սարքերին մոտ լինելը։ Լավ կլինի բույսը հաճախ չտեղաշարժել ու տեղը չփոխել։ Ամռանը դուրս՝ մաքուր օդի էլ հանել պետք չէ։

Օդի խոնավությունը

Օդի բարձր խոնավությունը՝ 70% և բարձր, պայման է, առանց որի բույսը հնարավոր չէ աճեցնել։ Ծառը չի հանդուրժում չոր օդը և արագ չորանում է սովորական սենյակի միջավայրում:

Բույսը ջրով ցողելիս պետք է ընտրել մանր կաթիլներով ցողիչներ և խուսափել տերևները ուժեղ թրջելուց՝ պրոցեդուրան կատարելով բույսից որոշակի հեռավորության վրա և բարձրությունից։

Ջրելը

Կակաոն պետք է շատ զգույշ ջրել՝ համոզվելով, որ ջրելուց հետո ծաղկամանի տակդիրի մեջ ջուր չմնա, իսկ հողի վերին շերտը՝ 2–3 սմ խորությամբ չորանա մինչև հաջորդ ջրելը։ Ձմռանը, նույնիսկ բացարձակապես կայուն ջերմաստիճանի դեպքում, կակաոյի ոռոգումը կրճատում են՝ ոռոգումների միջև ընկած, վերը նկարագրված ժամանակահատվածը 1-2 օրով երկարացնում են և նվազեցնում են ջրի քանակը:

Կակաոյի ծառը ջրում են փափուկ տաք ջրով, որի ջերմաստիճանը պետք է մի քիչ գերազանցի սենյակի օդի ջերմաստիճանը:

Պարարտացումը

Կակաոյի ծառի համար գերադասելի են օրգանական, այլ ոչ թե հանքային պարարտանյութերը: Դրանք կարելի է համակցել և խառնել իրար։ Համալիր պարարտանյութեր ընտրելիս, նախապատվությունը պետք է տրվի ազոտի բարձր պարունակությամբ պարարտանյութերին՝ դեկորատիվ տերևավոր բույսերի համար նախատեսված։

Կակաոյի համար սնուցման հաճախականությունը հանքային պարարտանյութերի դեպքում 2-3 շաբաթը 1 անգամ է, իսկ օրգանական պարարտանյութերի դեպքում՝ ամիսը 1 անգամ։ Սնուցումն արվում է ամբողջ տարին՝ ձմռանը կրկնակի նվազեցնելով հաճախականությունը։ Երիտասարդ բույսերի համար կարելի է փոխնեփոխ կիրառել արմատային և սաղարթային սնուցումներ:

Էտելն ու ձևավորելը

Առանց ձևավորման կակաոն չի պահպանի սաղարթի կոմպակտությունն ու գեղեցկությունը: Բույսն էտելու մեջ դժվար բան չկա. ցանկության դեպքում, սկսած երիտասարդ տարիքից և 30 սմ բարձրությունից, ընձյուղների գագաթները կարելի է քշտել՝ որոշակի ուրվագիծ ստեղծելու և սաղարթը խտացնելու համար։ Սովորաբար, բույսի ամենաակտիվ աճող և երկարաձգված ընձյուղների գագաթները քշտում կամ էտում են 1/3-ից մինչև ½ մասի չափով։

Անկախ տարիքից, ձևից և չափսից, կակաոյի ցանկացած ծառի համար պարտադիր է չոր, վնասված, թույլ, բարակ, անպտուղ և խիտ աճող ճյուղերի հատելը։

Այս բույսի համար էտն իրականացվում է վաղ գարնանը։

Հողախառնուրդը

Ճիշտ այնպես, ինչպես կլիմայական պայմաններն են կարևոր կակաոյի համար, հողախառնուրդի բաղադրությունն է կարևոր։ Կակաոյի մշակության տակ գտնվող տարածքների մեծ մասում կավահող կամ ավազակավային հողեր են՝ 6,5-ից 7,0 pH թթվայնությամբ:

Կակաոն ունի առանցքային արմատ, բայց շատ խոր արմատային համակարգ չի ձևավորում։ Բույսը պետք է աճեցվի փոքր խորությամբ կամ միմյանց տրամագծով ու բարձրությամբ հավասար չափսերով ծաղկամաններում։ Նախընտրելի են բնական նյութերից պատրաստված ծաղկամանները։ Տեղափոխելիս, ծաղկամանի տրամագիծը երիտասարդ բույսերի դեպքում ավելացնում են մի քանի սանտիմետրով, իսկ մեծահասակների դեպքում՝ 2 չափ ավելով։

Տեղափոխման հաճախականությունը կախված է արմատային համակարգի զարգացման աստիճանից։ Կակաոն տեղափոխում են նոր տարայի մեջ միայն այն ժամանակ, երբ արմատները ամբողջությամբ հյուսում են հողագունդը։

Հարկավոր է ուշադիր ընտրել հողը: Թեթևակի թթվային ռեակցիան pH-ի 5,8-ից 6,0 միջակայքում իդեալական է: Հողախարնուրդը պետք է լինի լավ դրենաժ ապահովող, թեթև, սննդարար։

Բույսը տեղափոխելիս կարելի է հեռացնել միայն թեթև առանձնացվող հողը՝ խուսափելով արմատների հետ շփումից։

Հիվանդություններ, վնասատուներ և խնդիրներ աճեցնելիս

Կակաոն կարող է ենթարկվել սարդոստայնային տիզերի և վահանակիր միջատների հարձակմանը, սակայն ավելի հաճախ դժվարությունները կապված են լինում ոչ պատշաճ խնամքի հետ: Տերեւների վրա բորբոսի, ընկճվածության, վնասատուների վնասման նշանների դեպքում, պայքարն անմիջապես իրականացնում են միջատասպանների և ֆունգիցիդների օգնությամբ:

Կակաոյի ծառի բազմացնելը

Սերմերով բազմացնելիս, դրանք ցանում են բերքահավաքից անմիջապես հետո կամ հասունանալուց առնվազն 2 շաբաթ հետո։ Կակաոյի սերմերը շատ արագ են կորցնում իրենց ծլողունակությունը՝ նույնիսկ սառը պայմաններում:

Ցանքն իրականացնում են ունիվերսալ, փխրուն հողախառնուրդի մեջ։ Կակաոյի համար օգտագործվում են միջին չափի անհատական ​​բաժակներ, այլ ոչ թե ցանում են ընդհանուր արկղերի մեջ։ Սերմերը խորացնում են 2-3 սմ-ով՝ հետևելով սերմերի խիստ ուղղահայաց դասավորությանը՝ լայն ծայրը դեպի վար։ Ցանքից հետո հողը ջրում են, հետագայում մշտապես պահպանելով հողախառնուրդի թեթև խոնավությունը։ Սերմերի ծլելու համար անհրաժեշտ է օդի +23…+25°С տաքություն։

Լուսավորությունը կարևոր է միայն սերմերի ծլելուց հետո։ Ծլած սածիլները տեղափոխում են վառ, բայց ցրված լուսավորութուն ունեցող տեղ, ապահովում են օդի բարձր խոնավություն:

Կակաոյի երիտասարդ ընձյուղները շատ արագ են զարգանում, մի քանի ամսում հասնում են 30 սմ բարձրության և տալիս մինչև 8 տերեւ։ Հենց այդ ժամանակահատվածում դրանք տեղափոխում են ավելի մեծ տարաների մեջ և սկսում են ձևավորվել։

Տնկաշիվերով բազմացումը ավելի պարզ և արդյունավետ ձև է: Օգտագործում են կակաոյի կիսափայտացած ընձյուղները՝ որոնք մասամբ պահպանել են կանաչ գույնը, բայց ամբողջովին կանաչած տերևներ ունեն։ Կտրոնների երկարությունը պետք է լինի 15-20 սմ, դրանց վրա թողնում են 3-4 տերև։ Արմատակալման խթանիչների կիրառումն արագացնում է տնկաշիվերի արմատակալումը:

Տնկաշիվերը տնկում են խոնավ, թեթև հողախառնուրդի մեջ կամ իներտ հողի մեջ՝ ընդհանուր մեծ արկղերում: Շատ բարձր խոնավության դեպքում արմատավորումը պետք է տեղի ունենա +26…+30°С ջերմաստիճանում: Կտրոնների վրայի ծածկը, աճին զուգահեռ, աստիճանաբար հեռացնում են, բույսերը խնամքով ջրում են։ Տնկաշիվերը առանձին տարաների մեջ են տեղափոխում միայն ուժեղ արմատային համակարգ ձևավորելուց հետո՝ արմատակալման նշանների ի հայտ գալուց մի քանի ամիս անց։

Որքան մեծ է կակաոյի ծառը, այնքան ավելի շատ կտրոններ կարելի է կտրել դրանից, բայց 1-3 տարեկան բույսերից 3 հատից ոչ ավել։

Կակաոն հազվադեպ բազմացնում են նաև մեկ աչքանի կտրոններով, որոնց կտրատում են աչքի վերևից ու ներքևից թողնելով 5 մմ ընձյուղ։ Կտրոնները ամրացնում են փայտե ձողիկների վրա և ստորին կտրվածքը թաղում են հողի մեջ։ Արմատակալման պայմանները նույնն են, բայց արմատավորումը կրկնակի երկար է տևում։

Արտաքին հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *