Կորդիլին

Կորդիլինը (անգլ․՝ Cordyline, ռուս․՝ Кордилина, լատ․՝ Cordyline) մոտ 15 տեսակի ծառանման ծաղկավոր բույսերի ցեղ է` Asparagaceae ընտանիքի Lomandroideae ենթաընտանիքում:

Կորդիլինը բնիկ է Խաղաղ օվկիանոսի արևմտյան տարածաշրջանում՝ Նոր Զելանդիայում, Արևելյան Ավստրալիայում, Հարավարևելյան Ասիայում և Պոլինեզիայում, մեկ տեսակ էլ հայտնաբերվել է Հարավային Ամերիկայի հարավ-արևելքում:

Կորդելինին հաճախ շփոթում են վիշապածառի հետ, դրանք շատ նման են, հատկապես եթե աճեցվում են որպես մերկաբուն ծառեր: Դրանց տարբերելու ամենահեշտ ձևը արմատներով է, որոնք հաճախ դուրս են ցցվում գետնից. դրանք դեղնավուն-նարնջագույն են վիշապածառի մոտ և սպիտակավուն կորդիլինի մոտ:

Բնական պայմաններում բույսը սովորաբար հասնում է 2-ից 12 մետր բարձրության, ծաղկամանում այն չի գերազանցում 1,5 մ-ը, ավելի հաճախ այն աճում է 60-ից 90 սմ: Կորդելինը ուժեղ արմատային համակարգով թուփ կամ ծառ է. բարակ բնով և գեղեցիկ երկարաձիգ, սուր կամ նշտարաձև տերևներով:

Ժամանակի ընթացքում հին տերևները չորանում և թափվում են՝ մերկացնելով բնի ստորին հատվածը, ինչը բույսին արմավենու տեսք է տալիս։ Կորդելինին հաճախ անվանում են կեղծ արմավենի: Եվ չնայած բույսը ծաղկում է սպիտակ կամ կարմիր ծաղիկներով, դրանք ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում, կորդելինը աճեցվում է բացառապես իր գեղեցիկ տերևների համար։ Կարդիլինի բազմաթիվ խայտաբղետ տերեւներով սորտեր կան բուծված։

Կորդիլինի տեսակները

  • Կորդիլին հարավային (Cabbage Tree, Cordyline australis)։ Բնության մեջ աճում է մինչև 12 մ, բունը կոշտ է, հիմքում հաստ է: Դաշույնանման տերևները հասնում են մեկ մետր երկարության և մինչև 35 սմ լայնության։ Կանաչ տերևներն ունեն հաստ, բաց գույնի երակներ։ Ծաղկում է հաճելի հոտով, սպիտակ ծաղիկներով՝ հավաքված փնջի մեջ։ Լավ է աճում սենյակային պայմաններում և ձմեռային այգիներում:
  • Կորդիլին Բենքսի (Cordyline banksii )։ Մինչև 3 մ բարձրությամբ բարակ ցողունով բույս ​​է։ Տերեւները՝ 60 սմ-ից մինչեւ 1,5 մ երկարությամբ, կանաչ, մինչեւ 20 սմ երկարությամբ կոթունների վրա։ Սիրում է զով պայմաններ, բայց լավ է հարմարվում տարբերվող պայմաններին:
  • Կորդիլին չբաժանված (Cordyline indivisa)։ Բնական պայմաններում մինչև 12 մ բարձրությամբ բարձրահասակ ծառ է, ժապավենանման սրածայր տերեւներով՝ 70-150 սմ երկարությամբ, կանաչ՝ կարմիր երակով։
  • Կորդիլին կարմիր (Cordyline rubra)։ 3-4 մ բարձրությամբ թուփ է՝ մինչև 50 սմ երկարությամբ կարմիր կաշվի պես տերևներով, մինչև 15 սմ երկարությամբ ակոսավոր կոթունի վրա։ Մանուշակագույն ծաղիկները հավաքվում են մինչև 30 սմ չափի փնջի մեջ։
  • Կորդիլին ուղղաձիգ (Cordyline stricta)։ 30-60 սմ երկարությամբ սղոցանման եզրերով, նեղ կանաչ տերևներով։ Կան մանուշակագույն տերևներով ձևեր:
  • Կորդիլին գագաթային (Cordyline fruticosa)։ Ջերմասեր դանդաղ աճող տեսակ է՝ 30-50 սմ երկարությամբ տերևներով, բուծվում են կարմիր, դարչինագույն և բաց կանաչ գույնի երկայնական շերտերով զարդարված սորտեր։

Կորդիլինի սորտեր

  • Kiwi Մուգ կանաչ տերևներ ունի՝ վարդագույն եզրերով և դեղին շերտերով;
  • Red Edge Տերևներն ունեն կարմիր-վարդագույն եզրագիծ և մեջտեղում կրեմի գույնի շերտ;
  • Snow  Սպիտակ շերտեր տերևների վրա;
  • Lord Roberts Տերևների վրա սպիտակ և վարդագույն գծեր կան;
  • Joungii Կարմիր-շագանակագույն տերևներով բույս է;
  • Canario Վառ կանաչ գծերով, լայն տերևներ:

Խնամքը

Օդի ջերմաստիճանը և լուսավորությունը

Խայտաբղետ սորտերին անհրաժեշտ է ցրված լույս, ստվերում տերևների գույնը դառնում է կանաչ: Մուգ կանաչ տերևներով կորդիլինները հիանալի են զգում մասնակի ստվերում: Բույսը կարելի է դնել խոր ստվերում, բայց այս դեպքում շաբաթական մեկ օր կամ ամիսը 5-7 օր այն պետք է դնել վառ ցրված լույսով լուսավորված տեղում։

Ամռանը բոլոր կորդելինների համար հարմարավետ է օդի 20-25 ջերմաստիճանը: Ձմռանը օդի ջերմաստիճանը +18-ից ցածր petq 1 չընկնի: Կորդիլինները չեն սիրում միջանցիկ քամիներ:

Օդի խոնավությունն ու ոռոգումը

Ամռանը և գարնանը կորդելինը ջրում են շաբաթական 2-3 անգամ, երբ ծաղկամանի հողի վերին շերտը մի փոքր չորանա։ Ձմռանը ջրելը կրճատում են, բայց պետք չէ թույլ տալ, որ հողն ամբողջովին չորանաԼայն տերևներով կորդելինները պահանջում են ավելի առատ խոնավություն, քան նեղ տերևներովը։

Օդի խոնավությունը պետք է բարձր լինի ողջ տարվա ընթացքում: Ձմռանը չի կարելի բույսը պահել ջեռուցման սարքերի մոտ: Ժամանակ առ ժամանակ տերևները պետք է սրբել խոնավ շորով։

Սնուցումը

Գարնանը և ամռանը սնուցումն արվում է շաբաթական մեկ անգամ, ձմռանը` ամիսը մեկ անգամ` դեկորատիվ տերևավոր բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով:

Հողախառնուրդը

Կորդիլինը կարելի է աճեցնել նաև հիդրոպոնիկ եղանակով: Իսկ հողախառնուրդը պետք է լինի թեթևակի թթվային, փխրուն, իսկ ծաղկամանը լավ դրենաժ ապահովի։ 

Նորր, քիչ ավելի մեծ ծաղկաման բույսը տեղափոխում են 2-3 տարին մեկ։ Ծաղկամանի տակից դուրս եկած արմատները կարող են ազդանշան ծառայել տեղափոխման համար։

Ծաղկելը և էտը

Կորդիլինը սենյակայում պայմաններում շատ հազվադեպ է ծաղկում: 

Երբ կորդելինը շատ է ձգվում, այն կտրում են՝ կտրվածքը մշակելով մանրացված ակտիվացված ածուխով։ Էտը նպաստում է նոր ճյուղերի ձևավորմանը, ինչը թույլ է տալիս պահպանել բույսի գրավիչ տեսքը: Կտրված գագաթները կարելի է արմատավորել:

Բազմացում սերմերով

Սորտային բույսերի սերմերից աճեցված կորդելինները կորցնում են իրենց մայրական հատկությունները։ Սերմերը ցանում են մարտին ավազից և ճմահողից կազմված հողախառնուրդի մեջ: 

Սերմերը շատ անհավասար են ծլում. առաջին ծիլերը հայտնվում են մեկ ամսից, վերջինները՝ երեք ամսից:

Բազմացում կտրոններով

Կորդելինը կարող է բազմացվել գագաթային կամ ցողունային կիսափայտացած, առնվազն 7 սմ երկարությամբ կտրոններով։ Կտրոնները մշակում են արմատակալումը խթանող նյութով ու տնկում ավազից ու տորֆից կազմված խառնուրդի մեջ։ Տնկարկը ծածկում են թափանցիկ թաղանթով, պահում են 20-22 աստիճան ջերմաստիճանում և հաճախ ցողում։

Արմատավորումը տեղի է ունենում մեկ ամսվա ընթացքում: Արմատավորված տնկաշիվերը տեղափոխում են փոքր ամանների մեջ:

Բազմացում արմատային ընձյուղներով

Եթե ​​կորդելիը ունի կողային ընձյուղներ (ձագուկներ), երբ դրանք մի փոքր մեծանան, հեշտությամբ կարելի է առանձնացնել և տեղափոխել առանձին ծաղկամանի մեջ։

Վնասատուներ, հիվանդություններ և հնարավոր խնդիրներ

Կորդելինի վրա կարող են հարձակվել վահանակիրները, ուտիճները, սարդոստայնային տիզը, տրիպսները և ալրատիզը։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

  • Եթե ցողունի ներքևի մասը փտել է՝ շատ ջրելու հետևանք է։
  • Տերեւների վրա թեթև չորացող բծեր կան՝ արևայրուք։
  • Խայտաբղետ տերևները կանաչում են՝ անբավարար լուսավորություն, կորդելինը պետք է տեղափոխել ավելի լուսավոր տեղ և աստիճանաբար տերևները նորից խայտաբղետ կկդառնան։։
  • Տերեւների վրա շագանակագույն բծեր՝ շատ ջրելու հետևանք է:
  • Տերևները կորցնում են իրենց ճկունությունը, գանգուրվում և սևանում են՝ օդի ջերմաստիճանը շատ ցածր է։
  • Տերևների ծայրերը և/կամ եզրերը չորանում են՝ սենյակի օդը շատ չոր է։
  • Ծաղկամանի հողի մակերեսը սպիտակել է՝ կոշտ ջրով ջրելու հետևանք է, հարկավոր է զգուշորեն հեռացնել հողի վերին շերտը և փոխարինել այն նորով:
  • Միայն ստորին տերևներն են թափվում՝ բնական աճի գործընթաց է:

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *