Հավորթիան (անգլ.՝ Haworthia, ռուս.՝ Хавортия, լատ.՝ Haworthia) հարավաֆրիկյան, գաճաճ, սուկուլենտ խոտաբույսերի ցեղ է, որի բազմազան ներկայացուցիչներից շատերը տարածված են ողջ աշխարհով՝ իբրև սենյակային բույսեր:
Անվանակոչվել է ի պատիվ անգլիացի բուսաբան Էդրիան Հավորթի (Adrian Hardy Haworth 1767—1833):
Խնամքը
Լուսավորությունը
Հավորթիաներին անհրաժեշտ է պայծառ, ցրված լույս: Արևմտյան և արևելյան պատուհանների գոգերը ամենից հարմարն են հավորթիաների համար: Հյուսիսային պատուհանագոգին հավորթիան կարող է ձգվել դեպի լույսը և կորցնել դեկորատիվությունը:
Օդի ջերմաստիճանը
Ձմռանը հավորթիաները պահում են զով սենյակում, ցանկալի է ապահովել +10 – +12°С օդի ջերմություն, սակայն +18°С էլ տանելի է:
Գարուն-աշուն ժամանակահատվածում ամենահարմարավետն է +22 – +27°С ջերմաստիճանը:
Ջրելը
Շոգին հավորթիաները ջրում են առատ, բայց հազվադեպ՝ երբ հողն ամբողջովին, մինչև հատակը չորանում է, իսկ ցուրտ եղանակին շատ քիչ՝ ողջ ձմեռը 1-2 անգամ:
Օդի խոնավությունը
Խավորթիաները օդի խոնավության նկատմամբ զգայուն չեն, ջրով ցողելու կարիք չկա: Փոխարենը կարևոր է, սենյակն օդափոխելով, թարմ օդ ապահովելը:
Պարարտացումը
Հվորթիաներին լրացուցիչ սնուցում տրվում է միայն ամռանը, ամսական մեկ անգամ, կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութով: Հողի թթվայնությունը բարձրացնող օրգանական պարարտանյութերի կիրառումից պետք է զերծ մնալ:
Հողախառնուրդը
Կարելի է գնել կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ, կամ պատրաստել ինքնուրույն հետևյալ բաղադրատոմսով՝
- ճմահող – 1 բաժին;
- տերևային բուսահող -1 բաժին;
- փտած գոմաղբ – 0,5 բաժին;
- գետի խոշոր ավազ կամ կարմիր ավազ – 1 բաժին:
Տեղափոխումը
Մի քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ երբ բույսի արմատներին տարածվելու տեղ չի մնում:
Հավորթիաներն աճեցնում են լավ դրենաժ ունեցող, սաղր ու լայն ծաղկամաններում:
Բազմացումը
Հավորթիաները լավ են բազմանում կողային “ձագուգներով”, որոնք անջատում են մայր բույսից և առանձին տնկում տեղափոխման ժամանակ:
Բազմացնել հնարավոր է նաև տերևներով, բայց դա բավականին երկարատև գործընթաց է: Տերևի կտրվածքը մշակում են ակտիվացված ածխի փոշիով և թողնում են 3 օր չորանա: Այնուհետև տնկում են ավազի մեջ, բայց մի 3-4 շաբաթ չեն ջրում՝ մինչև արմատներ առաջանալը:
Բարդությունները
Հավորթիաները հազվադեպ են վնասատուների թիրախ դառնում:
Ձմռանը երբեմն հավորթիայի արմատները ամբողջովին մահանում են: Այդ դեպքում գարնանը բույսը տնկում են նոր հողախառնուրդի մեջ:
Գերխոնավության և անմիջապես բույսի վար ջուր լցնելու պատճառով հավորթիան կարող է մահանալ: Այդ առումով առանձնապես վտանգավոր է ձմռան սեզոնը: