Հացհամեմը (անգլ․՝ Trigonella, ռուս․՝ Пажитник, լատ․՝ Trigonella) բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող, մինչև 80 սմ բարձրությամբ ցողունով, միամյա, հազվադեպ՝ բազմամյա,
կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 95, Հայաստանում՝ 17 տեսակ՝ Հացհամեմ երկնագույն (Trigonella caerulea), Այծառվույտ (Trigonella foenum-graecum), Հացհամեմ գլխիկավոր (Trigonella capitata), Հացհամեմ թրաձեվ (Trigonella gladiata), Հացհամեմ բարակ (Trigonella tenuis), Հացհամեմ աստղաձև (Trigonella astroides) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։
Հացհամեմը օգտագործվում է սննդի, համեմունքների, կոսմետիկայի, օճառի, բորբոքումների բուժման եւ նույնիսկ մարսողության բարելավման եւ խոլեստերինի իջեցման համար:
Որպես համեմունքային բույսեր մշակության մեջ տարածված են հացհամեմի երկու տեսակները՝ Այծառվույտ, Հունական խոտ կամ Շամբալա (Fenugreek, Пажитник сенной, Trigonella foenum-graecum), Հացհամեմ երկնագույնը (Пажитник голубой, Trigonella caerulea)։
Ինչպես հացհամեմ աճեցնել
Սերմերը։ Լավ կլինի ստուգված մատակարարից թարմ, ծլողունակությունը չկորցրած սերմեր ձեռք բերել։
Որտեղ ցանել։ Հացհամեմ կարելի է աճեցնել ինչպես դաշտում կամ այգում, այնպես էլ, առնվազն 30 սմ խորությամբ, ծաղկամանում։ Հացհամեմը սիրում է աճել արևկող տեղերում, սակայն դա չի նշանակում, որ կհրաժարվի աճել կիսաստվերում։
Հողը, որտեղ ցանում են, պետք է փխրուն լինի և լավ դրենաժային հատկություն ունենա։ Մի փոքր թթվայնությունը (PH 6,4) գերադասելի է, սակայն 6,0 – 7,0 PH տիրույթն էլ նորմալ է։
Հացհամեմը տաք հող է սիրում, սերմերը ցանում են անմիջապես իր տեղում։ Նախապես սածիլներ աճեցնել կարելի է, սակայն այնպիսի տարայում, օրինակ տորֆի բաժակներում, որ հետո առանց արմատները վնասելու հիմնական տեղում տնկել լինի։
Ինչպես ցանել։ Ցանելուց առաջ հացհամեմի սերմերը մեկ գիշեր թրջում են գոլ ջրի մեջ, այնուհետև մի փոքր չորացնում են և ցանում՝ ամենևին չհետևելով սերմերի հավասարապես բաշխմանը հողի մակերեսին։ Ցանելուց հետո սերմերը պետք է ծածկել մոտավորապես 0,5 սմ բարձրությամբ հողի շերտով։
Ջրելը։ Ցանելուց հետո ցանքը լավ ջրում են։ Հետագա 3-5 օրերին էլ, մինչև առաջին ծիլերի հայտնվելը, հողը միշտ խոնավ պետք է լինի։
Բերքահավաքը։ Եթե հացհամեմն աճեցվում է տերևների համար, ապա ցանելուց 3-4 շաբաթ անց, երբ բույսերը հասնեն մոտ 14 սմ բարձրության, կարելի է արմատից մի փոքր վերև կտրել թփերն ու հավաքել։ Սերմեր ստանալու համար պետք է սպասել այնքան, մինչև սերմով պատիճները հասունանան և դեղնեն ու հավաքել դրանք մինչև բացվելը։
Թեյ հացհամեմի սերմերից
Օգտակարությունը
- Բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը;
- Բուժում է արտրիտը, հոդատապը (պոդագրան) և այլ բորբոքումները;
- Խթանում է կերակրող մայրերի կաթի արտադրությունը, հարստացնում է կաթը մագնիումով և վիտամիններով;
- Երկաթի բարձր պարունակության շնորհիվ, օգնում է արյան պակասության դեպքում (անեմիա);
- Կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում է շաքարի և խոլեստերինի մակարդակը;
- Մեղմում է դաշտանային ցավերը;
- Միզամուղ է, օգնում է արագ դետոքսիկացնել օրգանիզմը;
- Ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը։
Հակացուցումներ
Հացհամեմի սերմերի թեյը անվտանգ է, բացառությամբ հացհամեմի, սոյայի, առախիսի նկատմամբ ալերգիա ունեցողների համար։ Նրանց մոտ կարող են առաջանալ որոշակի բարդություններ, ինչպիսիք են ստամոքս-աղիքային խանգարում, սրտխառնոց, փսխում, դեմքի այտուցում եւ հազ։
Հացհամեմի սերմերի թեյ խորհուրդ չի տրվում խմել հղիներին և շաքարախտից բուժվողներին։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ թեյը նվազեցնում է արյան մակարդելությունը, ինչը լավ է սրտի աշխատանքի համար, բայց կարող է վտանգավոր լինել այլ հիվանդությունների դեպքում։
Ամեն դեպքում
Հացհամեմի սերմերի թեյ ամեն օր խմելու հարցով անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։
Ինչպես պատրաստել
- Աղացած կամ հավանգի մեջ տրորած 1 թեյի գդալ (11 գ) հացհամեմի սերմերը լցնել 1 բաժակ (240 մլ) եռման ջրի մեջ, բաժակը ծածկել և թրմել 5-6 րոպե։ Հացհամեմի սերմերի հետ միասին կարելի է այլ խոտեր (նանա, ուրց և այլն) կամ թեյ գցել։
- Մեկ այլ տարբերակով ամբողջական կամ հավանգի մեջ տրորած սերմերը լցնում են 1 բաժակ (240 մլ) տաք ջրով կաթսայի մեջ, և եռացնում 5-6 րոպե։
- Թեյքամիչով քամել թեյը մեկ այլ բաժակի մեջ և խմել՝ տաք կամ սառը վիճակում։
Հացհամեմի սերմեր ծլեցնելը
Հացհամեմի ծլած սերմերը սննդարար շատ տարրեր են պարունակում, որոնցից հիմնականներն են սպիտակուցները (29%), կալիումը, օսլան, շաքարը, եթերային յուղը, A, C և B վտամինները և Ֆերմենտները (էնզիմները)։ Բացի այդ, առկա են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։
Մեկ թեյի գդալ սերմերի էներգետիկ արժեքը 12 կիլոկալորիա է։
Հացհամեմի 100 գամ սերմերը պարունակում են՝
- Ճարպեր՝ 6,4 գ;
- Սպիտակուցներ՝ 23 գ;
- Ածխաջրեր՝ 58,4 գ, այդ թվում հյուսվածքներ (клетчатка)` 10 գ;
Հանքանյութերի պարունակությունը՝
- Կալիում՝ 770 մգ;
- Կրածին՝ 176 մգ;
- Մագնիում՝ 191 մգ;
- Երկաթ՝ 33,5 մգ;
- Ֆոսֆոր՝ 296 մգ;
- Նատրիում՝ 67 մգ;
- Ցինկ՝ 2,5 մգ։
Վիտամինների պարունակությունը՝
- С՝ 3 մգ;
- В1՝ 0,32 մգ;
- В2՝ 0,3 մգ;
- В9 (ֆոլացին, ֆոլին, ֆոլինաթթու)՝ 57 մգ;
- РР՝ 1,6 մգ։
Ինչպես ծլեցնել
- Ծլեցնելու համար նախատեսված սերմերը լավ լվանում են և քամում։
- Սերմերը լցնում են ծլեցման համար նախատեսված ամանի կամ սովորական բանկայի մեջ, որի բերանը հետո փակում են մարլայով ու կապում։
- Այնուհետև սերմերի վրա լցնում են 1-2 օր հնեցված ջուր ու 8–14 ժամ թողնում, որ թրջվեն։
- Թրջլուց հետո սերմերը լավ քամում են և դնում բերնքսիվայր։
- Մոտավորապես 12 ժամը մեկ սերմերը նորից ողողում են ջրով, լավ քամում են ու նորից դնում բերնքսիվայր։
- Երբ 3–5 օր անց սերմերի ծիլերի երկարությունը հավասարվի սերմի երկարությանը, դրանք պատրաստ են օգտագործման համար։ Ավելի շատ ծլեցնելու դեպքում սերմերը կարող են դառնանալ։
Հացհամեմի ծլեցված սերմերն ուտում են փոքր չափաբաժիններով՝ օրական 1 թեյի գդալի չափ՝ ճաշի հետ կամ ճաշից 5-10 րոպե առաջ։ Ծիլերը լավ են համատեղվում բանջարեղենի, բրնձի հետ, կարելի է մատուցել մրգերի, խաշած կարտոֆիլի, սենդվիչների եւ աղցանների հետ։
Հացհամեմի միկրոկանաչի
Սովորաբար հացհամեմի միկրոկանաչին որպես համեմունք օգտագործվում է աղցանների մեջ եւ հնդկական խոհանոցի շատ ճաշատեսակներում: Այն շատ օգտակար է լյարդի եւ ստամոքսի դիսպեպսիայի
բուժման համար, ինչպես նաեւ օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակը: Հացհամեմի միկրոկանաչին պարունակում է նաեւ ինսուլինի արտադրության համար պատասխանատու ամինաթթու: Հացհամեմի միկրոկանաչի ուտելը օգտակար է նաև արյան մեջ որոշակի ճարպերի, այդ թվում, խոլեստերինի եւ տրիգլիցերիդի թույլատրելիից բարձր մակարդակի դեպքում։ Ավելին, այն նաեւ օգնում է նվազեցնել դաշտանի ցավերը եւ կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը։
Ինչպես աճեցնել հացհամեմի միկրոկանաչին
- Միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված սերմերը նախ, վերը նկարագրված ձևով ծլեցնում են։
- Պատրաստում են հողախառնուրդ՝
- այգու հող՝ 50%;
- կոմպոստ՝ 30%;
- ավազ՝ 20%:
- Հողախառնուրդը, 3-4 սմ շերտով լցնում են սաղր, դրենաժային անցքեր ունեցող ամանի մեջ և լավ խոնավացնում։
- Ծլեցված սերմերը մեկ շերտով, հավասարաչափ բաշխում են հողի մակերեսին, ծածկում են նույն հողի բարակ, 0,5 սմ շերտով, այնուհետև լավ ջրում ցողիչով։
- Ցանքը դնում են լուսավոր տեղում, ամեն օր զննում են և, ըստ անհրաժեշտության, ցանկալի է վաղ առավոտյան կամ երեկոյան, ցողում են։ Հողը միշտ պետք է չափավոր խոնավ մնա, գերխոնավությունը բորբոսնելու է հանգեցնում։
- Ցանելուց 9-12 օր անց կարելի է սկսել բերքահավաքը։ Կարելի է աստիճանաբար կտրել և ուտել միկրոկանաչին կամ հավաքել բերքը անմբողջությամբ, պլաստիկ տուփի կամ տոպրակի մեջ պահել սառնարանում։
Հղումներ
- Հացհամեմ։ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան։
- Շամբալա։ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան։
- Հացհամեմ գլխիկավոր։ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան։
- Հացհամեմ աստղաձև: Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան։
- Trigonella – Wikipedia
- Funegreek.
- Пажитник.
- Пажитник сенной.
Չաման, շամբալա, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ… անվանումները՝ բազում, իսկ օգուտը՝ անվիճելի
Այս անհավանական օգտակար բույսն ունի բազում անվանումներ. շամբալա, չաման, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ: Ամբողջ աշխարհում գնահատվում են այս բույսի պտուղները, որոնք ոսկեգույն փոքրիկ հատիկներ են:
Չինական և այուրվեդայական բժշկությունը հին ժամանակներից օգտագործում է չամանի սերմերն ընդհանուր բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Արաբ գեղեցկուհիները պարբերաբար սննդի մեջ օգտագործում են այս բուժիչ բույսի պտուղները:
Չամանի սերմերի օգուտը
1. Մարսողություն
Չամանի պտուղները դրական ազդեցություն են գործում աղեստամոքսային տրակտի վրա, բարձրացնում են ախորժակը և բարելավում են մարսողության գործընթացը: Խորհուրդ է տրվում ծլած սերմերն օգտագործել լյարդի ֆունկցիաների թուլացում ունեցող հիվանդներին:
2. Շաքարային դիաբետ
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ շամբալայի սերմերը տեսանելի ազդեցություն են ունենում արյան մեջ շաքարի նվազեցման վրա: Լավ էֆեկտի համար խորհուրդ է տրվում ամեն օր ընդունել 2 թ/գ մանրացրած հատիկներ՝ նախապես խառնելով կաթի հետ:
3. Առողջ մաշկ
Չամանի պտուղներից պատրաստված մածուկը ցուցաբերում է հակաբորբոքիչ և հանգստացնող ազդեցություն, առաջացնում է ռեգեներացիայի գոծընթաց: Դրա համար այն լայնորեն օգտագործվում է քերծվածքների, վերքերի և մաշկային խոցերի բուժման ժամանակ:
4. Խոլեստերինի հսկողություն
Բույսը շատ օգտակար է նրանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ, սրտի և անոթների հիվանդություններ: Տարբեր ուտեստների մեջ ավելացրեք չաման, օգտագործեք ծլեցրած սերմերը, խմեք հատիկներից պատրաստված թուրմը և դուք լավ ծառայություն կմատուցեք ձեր օրգանիզմին՝ իջեցնելով խոլեստերինի մակարդակն անոթներում:
5. Շնչուղիների հիվանդություն
Շամբալայի պտուղներից պատրաստված կաթնային եփուկն իսկական փրկություն է չոր հազի ժամանակ: Իսկ եթե ձեզ տանջում է կոկորդի ցավը, ահա գերազանց բաղադրատոմս ողողումներ կատարելու համար. 2 ճ/գ սերմը 30 րոպե եփել 1 լ ջրի մեջ: Այդ թուրմով պարբերաբար ողողեք կոկորդը:
6. Կանացի առողջություն
Չամանի պտուղների օգտագործումը գործում է՝ որպես էստրոգենների արտադրման բնական խթանիչ: Կերակրող մայրերի մոտ չամանը խթանում է լակտացիան: Այսպես. եթե կրծքի կաթը չի բավականացնում, օրը 3 բաժակ եփուկ խմեք (2 թ/գ պտուղը՝ 1 բաժակ տաք կաթի համար):
Պատրաստեց Անի Գաբուզյանը, 168.am