Մագնեզիումի սուլֆատ

Մագնեզիումի սուլֆատը (անգլ․՝ Epsom salt, Magnesium sulfate, ռուս․՝ Сульфат магния, Английская соль) մագնեզիումի ծծմբաթթվական չեզոք, սպիտակ աղ է։ Հայտնաբերվել է Անգլիայի Էպսոմ կոչվող աղբյուրի ջրի մեջ, բուսաբան Նեեմիա Գրյուն (Nehemiah Grew) 1695 թվականին: Այս պատճառով էլ այս նյութը զուգահեռաբար անվանում են Անգլիական աղ, Epsom salt, Английская соль։

Մագնեզիումի սուլֆատի օգտագործումը այգեգործությունում նոր բան չէ։ Անկախ հողի կազմից և որակից, խորհուրդ է տրվում դրանով սնուցել սիզամարգերը, ծաղկաթմբերը, ծառերը, թփերը և մարգերը, հիմնավորելով, որ բույսերն արդյունքում արագացնում են աճը, բարելավվում է դեկորատիվ տեսքն ու բերքատվությունը, մրգերի համը։ Մագնեզիումի սուլֆատը պարունակում է մագնեզիում եւ ծծումբ, որոնք կարևոր են բույսերի առողջ աճի համար:

Մագնեզիումը, քլորոֆիլի մոլեկուլների կազմի մեջ մտնելով, առաջին հերթին նպաստում է բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի ճիշտ ընթացքին, դրանով իսկ ապահովելով դրանց բնականոն աճն ու զարգացումը: Բացի այդ, այս տարրը ներգրավված է բույսերի սպիտակուցների սինթեզի եւ ածխաջրերի ձեւավորման մեջ, օգնում է կայունացնել բջջային թաղանթները, կարգավորում է ջրային հավասարակշռությունը եւ ֆերմենտների ակտիվացումը, մասնակցում է նյութափոխանակությանը, օգնում է կլանել ֆոսֆորը եւ կալցիումը, էական դեր է խաղում ասկորբինաթթվի կուտակման գործում, նպաստում է ճարպերի, եթերային յուղերի եւ մրգերի հասունացման համար անհրաժեշտ այլ նյութերի կուտակմանը:

Բույսերի մոտ մագնեզիումի պակասի նշանները առավել հաճախ դրսևորվում են վեգետացիոն շրջանի երկրորդ կեսին, թեեւ կարող են լինել բացառություններ: Դրա ախտանիշներից են՝

  • Բույսի վերգետնյա եւ ստորգետնյա մասերի աճի դանդաղումը;
  • Բույսի կանաչ գույնի ընդհանուր խամրումը;
  • Սպիտակ շերտերի առաջացումը տերևների երակների միջեւ (միջերակային քլորոզ) կամ, հիմնականում հին տերևների մարմարի նախշ ստանալը;
  • Տերևների վրա մուգ շագանակագույն, շագանակագույն, մանուշակագույն և դեղին բծերի հայտնվելը եւ տերևների չորանալը կամ փխրուն դառնալն ու ժամկետից շուտ թափվելը;
  • Թթվային հողերում աճող բույսերի տերևների ստորին կողմը կարող է մանուշակագույն դառնալ;
  • Հիվանդությունների եւ սթրեսների նկատմամբ դիմադրողականության նվազումը;
  • Բերքատվության և պտուղների ու սերմերի որակի անկոււմը։

Մագնեզիումի պակասը հաճախ է հանդիպում թեթեւ հողերում, որոնք աղքատ են օրգանական նյութերով և/ կամ շատ թթվային հողերում (բարձր թթվայնությունը թույլ չի տալիս, որ բույսերը կլանեն մագնեզիումն ամբողջությամբ): Բացի այդ, մագնեզիումի դեֆիցիտը կարող է առաջանալ անձրեւաջրերով դրա լվացման հետևանքով: Բացի այդ, եթե հողը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, բույսերը կարող են կլանել այն մագնեզիումի փոխարեն, ինչը նաեւ հանգեցնում է կալիումի պակասին:

Ծծումբը, թեև փոքր քանակությամբ, նույնպես անհրաժեշտ է բույսերի համար։ Այն հանդիսանում է սպիտակուցների և մի շարք այլ կարևոր կենսաքիմիական ռեակցիաների, սինթեզի գործընթացի անբաժանելի մասը, ակտիվորեն մասնակցում է օքսիդավերականգնողական գործընթացներին, մտնում է ամինաթթուների և ֆերմենտների կազմի մեջ, բարձրացնում է պարարտանյութից և մթնոլորտից ազոտի կլանման մակարդակը, ինչպես նաև մշակաբույսերի դիմադրողականությունը հիվանդությունների և սթրեսների նկատմամբ:

Ծծմբի պակասը հանգեցնում է նաեւ մրգերի եւ սերմերի սպիտակուցների, շաքարների եւ ճարպերի քանակի նվազմանը եւ միաժամանակ, նիտրատների վնասաբեր կուտակմանը:

Բույսերի մոտ ծծմբի պակասի նշանները բավականին դժվար է ախտորոշել, քանի որ դրանք կարող են նման լինել ազոտական սովի ախտանիշներին: Առաջին հերթին այդ ախտանիշներն են՝

  • Բուսերի աճի եւ զարգացման դանդաղումը;
  • Հատկապես երիտասարդ տերևների ընդհանուր դեղնելն ու ծռմռվելը;
  • Տերևների երակները եւ հիմնամասերը, առաջին հերթին ներքեւից, սկսում են ձեռք բերել հստակ, բայց ոչ պայծառ կարմրավուն գույն;
  • Տերևները դեպի վեր են ձգվում ու փխրունանում են;
  • Ծաղիկները մանրանում են ու դալկանում, ծաղկում են ծուլորեն դանդաղ ու երկարատև;
  • Հիվանդությունների եւ սթրեսների նկատմամբ դիմադրողականությունը նվազում է;
  • Պտուղների եւ սերմերի բերքատվությունն ու որակը նվազում են:

Ծծմբի պակաս առավել հաճախ նկատվում է թեթեւ հողերում, որոնք աղքատ են օրգանական նյութերով։ Ինչպես մագնեզիումը, ծծումբը նույնպես կարող է անհետանալ հողից՝ անձրևաջրերով լվացվելու արդյունքում:

Երբ և ինչպես կիրառել մագնիումի սուլֆատը

Բույսերի պահանջը մագնեզիումի եւ հատկապես ծծմբի նկատմամբ կախված է թե՛ բույսի տեսակից, թե՛ հողի տեսակից ու որակից: Օրինակ, ծծմբի ամենաբարձր պահանջարկը բնորոշ է կաղամբին, լոբուն եւ հացահատիկային բույսերին, իսկ մագնեզիումինը՝ կարտոֆիլին, լոլիկին, վարունգին եւ արմատապարալային բանջարեղենի համար: Ծաղիկներից մագնեզիումի եւ ծծմբի պակասն ավելի սուր են զգում վարդերը:

Ամենից շատ մագնեզիումի կարիք բույսերն ունեն ակտիվ աճի շրջանում եւ երշտի ժամանակ։ Իսկ ծծմբի կարիք ամենաշատն ունեն գարնանը եւ ուշ աշնանը: Արդեն նշվեց, որ որքան բարձր է հողի թթվայնությունը եւ աղքատ է օրգանական կազմը, այնքան ուժեղ է մագնեզիումի սուլֆատի նկատմամբ բույսերի պահանջարկը:

Մագնեզիումի սուլֆատը պարունակում է մոտ 17% MgO (մագնեզիումի օքսիդ) եւ մոտ 13% S (ծծումբ)։ Տարբեր արտադրողների մոտ այս տոկոսային հարաբերակցությունը կարող է մի փոքր տարբեր լինել: Սովորաբար մագնեզիումի սուլֆատով հողի սնուցումն արվում է գարնանը կամ աշնանը, երբ հողը նախապատրաստում են հետագա ցանքսի կամ տնկարկի համար։

Մագնեզիումի սուլֆատով սնուցումը կարող է արվել նաև ողջ վեգետացիոն շրջանում՝ ինչպես արմատային, այնպես էլ արտաարմատային սնուցման եղանակով, ընդորում, գարնանը ազոտական եւ ֆոսֆորային պարարտանյութերի հետ համատեղ, մնացած ժամանակ ինքնուրույն:

Սնուցումն արվում է ջրային լուծույթով, չոր հողում պարարտանյութը գրեթե չի աշխատում։ Մագնեզիումի սուլֆատի բյուրեղիկները լավ են լուծվում սենյակային ջերմաստիճանի ջրում։ Պատրաստված լուծույթը անմիջապես են օգտագործում։

Մագնեզիումի եւ/կամ ծծմբի սուր դեֆիցիտի ախտանիշների դեպքում, խորհուրդ է տրվում 2-3 անգամ, 5-7 օրը մեկ կատարել մագնեզիումի սուլֆատով բույսերի սնուցում:

Որպես պրոֆիլակտիկ միջոց, կամ աղքատ և/կամ թթվային հողերում բույսերի աճը խթանելու համար, բավարար կլինի երեք-չորս շաբաթը մեկ սնուցելը։ Առաջին սնուցումն արվում է ինտենսիվ աճի սկզբում, երբ ձևավորված են 4-8 իսկական տերեւներ, հետագայում՝ ծաղկելուց հետո։

Հատապտղային թփերի եւ պտղատու ծառերի համար, դրանց ծաղկելուց հետո, արվում է ամենամյա գարնանային, ընդամենը մեկ արմատային սնուցում։

Մագնեզիումի սուլֆատի կիրառման նորմը կախված է մշակաբույսի և հողի տեսակից ու կազմում է չոր վիճակում 15-100 գ՝ 1 քմ-ին: Ավելի շատ պարարտանյութ պետք է տրվի ավազային, թեթեւ հողերի դեպքում, ավելի քիչ՝ տորֆային կամ ծանր, կավային հողերի:

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը սենյակային բույսեր աճեցնելիս

Կարելի է շաբաթը մեկ անգամ, ջրելուց առաջ մեկ-երկու պտղունց մագնեզիումի սուլֆատ շաղ տալ սենյակային բույսի ծաղկամանի հողի մակերեսին: Իսկ ջրելու կամ ցողելու միջոցով սնուցելիս, լուծույթի խտությունը պետք է լինի 10-20 գ մագնեզիումի սուլֆատ 5 լ ջրի համար։

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը վարդեր աճեցնելիս

Բրիտանացի վարդերի սիրահարները շատ են գնահատում մագնեզիումի սուլֆատը եւ ավանդաբար օգտագործում են վարդեր աճեցնելիս:
Մագնեզիումի սուլֆատով վարդերի սնուցումը ապահովում է վարդերի վառ ու պայծառ ծաղկում, իսկ տերևները ավելի մուգ կանաչ գույն են ստանում։ Բացի այդ, թփերն ավելի դիմացկուն են դառնում վարդերի հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։

Նախքան տնկելը վարդի թփերը թրջում են կես բաժակ մագնեզիումի սուլֆատի՝ 1 գալոն (4,54 լիտր) ջրի լուծույթում։ Դա ամրապնդում է վարդի արմատները։ Բացի այդ, տնկելու փոսի մեջ լցնում են մեկ ճաշի գդալ մագնեզիումի սուլֆատ։

Արդեն աճող վարդերի սնուցման, ինչպես նաև էտված թփերի արագ վերականգնման համար, նույնպես մագնեզիումի սուլֆատ են օգտագործում։ Կես բաժակ մագնեզիումի սուլֆատը լուծում են 4.54 լ ջրի մեջ և այդ լուծույթով ջրում են ձմեռացումից նոր դուրս եկած թփերը ու այնուհետև, ողջ վեգետացիոն շրջանում՝ ամիսը մեկ անգամ։

Լուծույթ պատրաստելու փոխարեն կարելի է ջրելուց առաջ մեկ ճաշի գդալ մագնեզիումի սուլֆատ լցնել թփերի բների շուրջ։

Վարդերի համար վերը նշվածը կիրառելի է բոլոր այլ գեղեցիկ ծաղկող թփերի համար:

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը բանջարեղեն աճեցնելիս

Մագնեզիումի սուլֆատով սնուցումը ավելացնում պղպեղների և լոլիկների բերքատվությունը։ Դրա համար բավական է մեկ թեյի գդալ մագնեզիումի սուլֆատը լուծել 4.54 լ ջրի մեջ և երկու շաբաթը մեկ անգամ ցողել պղպեղի և լոլիկի թփերը։

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը պտղատու ծառերի սնուցման համար

Խորհուրդ է տրվում տարին երեք անգամ ծառերի բների շուրջ 3 ճաշի գդալ մագնեզիումի սուլֆատ շաղ տալ։ Դա խթանում է ծառերի աճը և ավելի համեղ են դառնում պտուղները։

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *