Մաղադանոսը (անգլ․՝ Parsley, ռուս․՝ Петрушка, լատ.՝ Petroselínum) կարոս, ազատքեղ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3 տեսակ մշակության մեջ 1 տեսակ՝ մաղադանոս մշակովի (Petroselínum sativum)։
Ունի 3 տարատեսակ՝
- արմատապտղային
- հարթ տերևային,
- գանգրավոր տերևայն:
Մաղադանոսի տերևները հարուստ են C, PP և B խմբի վիտամիններով, A և K պրովիտամիններով, պարունակում են կալիում: Մաղադանոսը ոչ միայն համ է տալիս ճաշերին, այլև հարստացնում է կենսաբանորեն ակտիվ նյութերով:
Նկարագիր
Մաղադանոսը ոչ պահանջկոտ, ցրտադիմացկուն, երկամյա բույս է: Առաջին տարում կազմում է հոտավետ տերևների փունջ, իսկ եթե թողնվում է հողում, ապա երկրորդ տարում ծաղկում է և տալիս է մանր սերմեր:
Արմատապտղային տեսակները ձևավորում են կոնաձև կամ իլիկաձև, դեղնասպիտակ արմատապտուղներ: Այդ տեսակի կանաչ զանգվածը չեն կտրում, որպեսզի բույսը ուժ ունենա լավ չափսերի արմատապտուղ ձևավորել:
Հարթ և գանգրավոր տերևային մաղադանոսի տերևները այնքան գեղեցիկ են, որ հաճախ դրանք տնկվում են կոմպոզիցիաներում:
Ագրոտեխնիկա
Մաղադանոսը պահանջկոտ չէ հողի նկատմամբ, սակայն բերրի, փխրուն հողում, լավ լուսավորված տեղում առանձնապես լավ բերք է ապահովում:
Ինչպես ցանել և աճեցնել
Որպես նախորդող բույսեր մաղադանոսի համար լավն են դդմիկը, վարունգը, կարտոֆիլը և կաղամբը: Պետք չէ աճեցնել մաղադանոսը գազարից, նեխուրից, համեմից, չամանից հետո, սակայն զուգահեռաբար թվարկածների հետ լավ կաճի:
Ընդհանրապես մաղադանոսը լավ է աճում ամսական բողկի, պղպեղի, սիսեռի, լոլիկի և վարունգի հետ խառը տնկարկներում: Այն տեղում ուր աճել է մաղադանոսը, նորից մաղադանոս կարելի է ցանել միայն 4 տարի անց:
Մաղադանոս տնկելու տեղը նախապատրաստում են աշնանը՝ պարարտացնելով հողը կոմպոստով:
Մաղադանոսի սերմերը ցանում են անմիջապես բաց գրունտի մեջ: Ցանելուց առաջ սերմերը առնվազն 30 րոպե թրջում են և հետո չաորացնում մինչև սորունության վերականգնումը: Մարգում 1-1,5 սմ խորությամբ ակոսներ են բացվում, որոնք խոնավացվում են, ինչից հետո ցանում են սերմերը և ծածկում հողով: Հողն այնուհետեվ հարթեցնում են և թեթև տոփանում:
Որպես կանոն, 15-20 օրից սերմերը ծլում են: Ծլելն արագացնելու համար մարգը կարելի է ծածկել ցելոֆանե թաղանթով: Ծիլերը հայտնվելուն պես թաղանթը պետք է հեռացնել, որպեսզի ծիլերի լուսավորվածությունը առավելագույն լինի: Ծիլերը կարող են դիմանալ մինչև 9 աստիճան ցրտին:
Մաղադանոսի տերևային տեսակները կարելի է լրացուցիչ ցանել մինչև աշուն: Իսկ խոր աշնանը մաղադանոսի սերմերը ցանում են առանց թրջելու 1 սմ խորությամբ ակոսներում և մարգը ցանկածածկում են փտած գոմաղբով կամ տորֆով:
Սնուցում
Տերևային մաղադանոսը 1-2 անգամ սեզոնի ընթացքում սնուցում են ազոտ պարունակող օրգանական պարարտանյութով: Արմատապտղային մաղադանոսը սնուցում են վեգետացիոն շրջանի սկզբում և մեկ անգամ էլ օգոստոսին:
Բերքը հավաքելը
Տերևային մաղադանոսի տերևները պոկում և օգտագործում են ողջ վեգետացիոն շրջանում, իսկ արմատապտուղները հավաքում են խոր աշնանը՝ մինչև կայուն ցրտերը:
Պահպանումը
Արմատապտղային մաղադանոսը պահում են սառնարանում կամ նկուղում, ինչպես գազարը: բույսերի մի մասը կարելի է թողնել այգում՝ գարնանը վաղահաս տերևներ ունենալու համար: Մաղադանոսը շատ լավ դիմանում ձմռանը և կարող է վնասվել միայն երբ ձյուածածկ չկա և շատ ցուրտ է:
Կիրառումը բուսաբուժությունում
Անհիշելի ժամանակներից մաղադանոսը կիրառվել է բուսաբուժությունում որպես ուժ վերականգնող, վերքեր ապաքինող և լնդերը ամրացնող միջոց:
Մաղադանոսը կարգավորում է նյութափոխանակությունը օրգանիզմում, խթանում է աղիների գործունեությունը և մարսողական ֆերմենտների արտադրությունը: Ուստի մաղադանոսը լայնորեն կիրառվում է մարսողական հիվանդությունները բուժելիս և ախորժակը վերականգնելու համար:
Մաղադանոսը կիրառվում է նաև որպես միզամուղ միջոց:
Մաղադանոսի թուրմն օգտագործվում է պեպենները հեռացնելու համար, ինչպես նաև սալջարդերը և միջատների կծած տեղերը բուժելու համար:
Հղիության շրջանում խորհուրդ չի տրվում մաղադանոս ուտել: Նաև պետք է իմանալ, որ մաղադանոսի հյութը երիկամների վրա գրգռիչ ազդեցություն ունի:
Մաղադանոսի աճեցնելը սենյակային պայմաններում
Մաղադանոսը կարելի է աճեցնել տանը՝ լուսամուտի գոգին և ըմբոշխնել կանաչ վիտամինները ամբողջ տարին:
Դրա համար կարելի է աշնանը այգուց մի քանի բույս փորել-հանել, բերել տուն ու տնկել ծաղկաթաղարի մեջ: Սենյակային պայմաններում մաղադանոսը շատ լավ աճում է 15-20 սմ խորությամբ, պարարտ հողում, եթե բավարար լուսավորություն կա և պարբերաբար ջրվում է: Տնկելուց 5-6 շաբաթ անց մաղադանոսը կձևավորի հոտավետ տերևների փառթամ փունջ:
Կարելի է նաև ցանել մաղադանոսը: Գերադասելի են գանգրավոր տերևայն տեսակները, քանի որ դրանք արագ են աճում և փառթամ տերևներ ունեն: Սերմերը ցանելուց առաջ պետք է թրջել, իսկ ծաղկաթաղարը տեղադրել լավ լուսավորված տեղում: Ծիլերը հայտնվելուց հետո, անհրաժեշտության դեպքում պետք է նոսրացում կատարել և շարունակել աճեցնել մինչև լիարժեք տերևների գոյանալը: