Մաշը (լատ.՝ Vigna), բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ է։ Մաշի տարբեր տեսակներ մշակվում են Արևադարձային գոտիներում որպես բանջարեղեն, ձավարեղեն, կերային և սիդերատային մշակաբույսեր:
Արմատն իլիկաձև է, ցողունը՝ կանգուն կամ կիսականգուն՝ 30-150 սմ բարձրությամբ, տերևները եռմասնյա են, հերթադիր, ծաղկաբույլը՝ ողկույզ, պտուղը ունդ է՝ դեղին կամ մուգ դեղին։ Սերմերը՝ ձվաձև, երիկամաձև, սպիտակ, վարդագույն, շագանակագույն։ 1000 սերմի կշիռը 300 գ է։ Ջերմասեր և խոնավասեր բույս է։
Օգտագործվում է որպես պարեն, կեր, ինչպես նաև կանաչ պարարտացման համար։ Ունի աֆրիկական ծագում։
Մշակվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կուբայում, Հնդկաստանում, Չինաստանում, Միջին Ասիական երկրներում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Ռուսաստանի Կրսանոդարի և Ստավրոպոլի երկրամասերում։ Հայաստանում մշակվում է Արարատյան դաշտում, Մեղրու, Եղեզնաձորի, Կապանի տարածաշրջաններում։
Մաշի վեգետացիոն շրջանը 3-4 ամիս է, տալիս է մինչև 3 կգ բերք:
Նույն տեղում մաշը ցանում են 3-4 տարի ընդմիջում տալով: Մաշին ամենից լավ նախորդող բույսերն են կաղամբը, վարունգը, լոլիկը, բադրիջանը, պղպեղը:
Ցանելուց առաջ մաշի ունդերը 20 րոպե պահում են կալիումի պերմանգանատի (մարգանցովկա) թանձր լուծույթի մեջ, այնուհետև լավ լվանում են և ցանում թաց կամ չորացնելուց հետո:
Մաշը ջերմություն շատ է սիրում: Ցանքն անում են երբ հողը 10 սմ խորության վրա տաքացել է մինչև 17 աստիճան: Միջշարային տարածությունը 80 սմ: Սերմերը ցանում են 70 սմ հեռավորությամբ՝ 4-6 սմ խորության վրա:
Կարելի է նաև մաշի սածիլներ պատրաստել:
Մաշի մագլցող տեսակների համար պետք է հենափայտեր տնկել:
Մաշի օգտակար հատկությունները
Մաշի ունդերը համարվում են արժեքավոր դիետիկ մթերք: Դրանք մոտ 30% սպիտակուց և 50% օսլա են պարունակում:
Բացի այդ մաշը հարուստ է В1, В2, В6, С, РР վիտամիններով, պարունակում է կարոտին, երկաթ, հանքային աղերի և այլ կենսական նշանակություն ունեցող տարրեր:
Մաշը օգնում է օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացմանը, բարերար ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա:
Մաշ ուտելը օգտակար է նաև աղեստամոքսային, լյարդի հիվանդություններ ունեցողների համար, ինչպես նաև շաքարախտով ու ռեվմատիզմով հիվանդներին:
Ըստ չինացի գիտնականների, ամենաօգտակարը սև ունդերով մաշերն են: Դրանք չեն կուտակում ծանր մետաղներ:
Մաշը խոհանոցում
Մաշը բարձր բերքատվություն ունի, բերքի ավելցուկը կարելի է սառեցնել և օգտագործել շուրջ տարին: Սառեցնելուց առաջ մաշի պտուղները մի քանի րոպե պահում են եռման ջրի մեջ, որպեսզի միջի շաքարները չփոխակերպվեն օսլայի և համն անփոփոխ մնա: Մաշի “լոբիները” օգտագործում են ապուրներ, ռագու, ձվածեղ պատրաստելիս, շատ լավ գարնիր է, ինչպես նաև հիմք է մի շարք բուսակերական կերակրատեսակների համար:
Բացի այդ մաշը կարելի է պահածոյացնել:
Հում վիճակում մաշը ուտելի չէ, պարունակում է թունավոր նյութեր, որոնք, սակայն, եփվելու ընթացքում հեշտությամբ քայքայվում են: