Նվենին կամ Տենդածառը (անգլ․՝ Eucalypt, ռուս․՝ Эвкалипт, լատ․՝ Eucalyptus) մրտենազգիների ընտանիքի մշտադալար ծառերի և թփերի ցեղ է։ Նվենիները բուսական աշխարհի հսկաներ են, հասնում են մինչև 100 մ և ավելի բարձրության։
Հայտնի է նվենիների 525 տեսակ, որոնց մեծ մասը աճում է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Տասմանիայի անտառներում ՝ կազմելով յուրահատուկ անտառներ (անտառի բոլոր ծառերի 4⁄5-ը)։ Մի քանի տեսակներ հանդիպում են Նոր Գվինեայում և Ինդոնեզիայում, մեկ տեսակ հանդիպում է Ֆիլիպիններում: Միայն 15 տեսակներ են աճում Ավստրալիայից դուրս, և միայն ինը ծագումով Ավստրալիայից չեն: Նվենի ծիածանայինը միակ տեսակն է, որը վայրի աճում Հյուսիսային կիսագնդում:
Նվենիները տաք արեւադարձային կամ մերձարևադարձային կլիմայի բույսեր են։ Մի շարք տեսակներ լեռնային՝ չափավոր ցրտի գոտիներից են։ Ցեղում կան ինչպես ջերմասեր տեսակներ, որոնք չեն կարող դիմակայել զրոյից ցածր ջերմաստիճանին, այնպես էլ տեսակներ, որոնք կարող են դիմանալ −1-ից −14 ° C ցրտին: Բարձր լեռնային շրջաններում կան տեսակներ, որոնք կարող են դիմակայել -20-ից -24 ° C ցրտահարություններին:
Ներկայում այս բույսը բուծվում է շատ երկրներում ոչ թե օդը աղտահանելու իրեն վերագրվող ունակության, այլ արագ աճի և խոնավ տարածքները չորացնելու ունակության համար: Նվենիներ կարելի է գտնել Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Իսրայելի, Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի, Հյուսիսային և Հարավային Աֆրիկայի, Կուբայի, Աբխազիայի, Ղրիմի հարավային ափերին և խոնավ, ճահճոտ վայրերում:
Հայաստանում կա 2 տեսակ՝ Նվենի ճիպոտայինը (Eucalyptus viminalis) և Նվենի մոխրագույնը (Eucalyptus cinerea)։
Նվենիներն ունեն բարձր դեկորատիվ նշանակություն և, ինչպես ասվեց, չորացնում են խոնավ հողերը։ Կեղևից ստանում են դաբաղանյութեր, տերևներից ու երիտասարդ ընձյուղներից՝ եթերայուղեր։ Նվենու թուրմը և յուղը օգտագործվում է օծանելիքի արտադրությունում, բժշկության մեջ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց, բնափայտը՝ վագոնաշինության և նավաշինության մեջ։
Տանը աճեցնելու ամենատարածված և հարմար տեսակներն են Նվենի մոխրագույնը (Eucalyptus cinerea), Նվենի գնդաձևը (Eucalyptus globulus), Նվենի թզատերևը (Eucalyptus ficifolia), Նիվենի գունիին (Eucalyptus gunnii) և Նիվենի կիտրոնայինը (Eucalyptus citriodora):
Նիվենիի խնամքը սենյակային պայմաններում
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում նիվենու նորմալ աճի և զարգացման համար անհրաժեշտ է օդի ջերմաստիճանը պահպանել +23 – +26°C տիրույթում, իսկ աշնանն ու ձմռանը +14 – +16°C տիրույթն է հարմարավետ:
Սենյակի լավ օդափոխությունը կարևոր է նվենու համար, բայց դրա հետ մեկտեղ բույսը պետք է պաշտպանված լինի միջանցիկ քամիներից:
Ջրելը և օդի խոնավությունը
Նվենին գարնանից աշուն պետք է առատ ջրել։ Հաճախականությունը որոշելու համար հետևում են ծաղկամանի հողի վերին շերտի վիճակին։ Ամենայն հավանականությամբ, ակտիվ աճի շրջանում բույսը կպահանջի ամենօրյա ոռոգում: Աշնանն ու ձմռանը ջրելը կարելի է կրճատվել, և ջրել երբ ծաղկամանի հողի վերին շերտը չորանա մոտ 2-5 սմ խորությամբ:
Ջրել պետք է հնեցված, գոլ ջրով (+18 – +20°C):
Նվենին ջրով ցողելու կարիք չկա, բայց նորմալ աճի և զարգացման համար, հատկապես ամռան շոգ օրերին, անհրաժեշտ է ապահովել օդի բարձր խոնավություն: Օդի խոնավությունը բարձրացնելու համար կարելի է բույսը ծաղկամանով դնել խիճով ու ջրով լցված տակդիրի վրա, այնպես, որ ծաղկամանը ջրից բարձր լինի, իսկ տակդիրի ջրի գոլորշին բարձրանա դեպի բույսը։
Լուսավորությունը
Նվենին լուսասեր է, պահանջում է պայծառ լուսավորություն և արևի ուղիղ լույս՝ օրական առնվազն 5-6 ժամ, ուստի առավել բարենպաստ է այն տեղակայել արևելյան, հարավային կամ հարավ-արևելյան պատուհանների մոտ։ Ամռան տաք օրերին խորհուրդ է տրվում պատշգամբ կամ այգի դուրս բերել նվենուն:
Սնուցում
Գարնան սկզբից մինչև աշնան վերջը նվենին երեք շաբաթը մեկ պետք է սնուցվի համալիր պարարտանյութերով՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով որպեսզի դրանցում ֆոսֆորի նվազագույն չափաբաժին լինի։ Օգտակար է փոխնեփոխ օգտագործել օրգանական և հանքային պարարտանյութերը: Ձմռանը սնուցումը դադարեցվում է:
Էտելը
Նիվենին էտելու համար առավել բարենպաստ ժամանակը գարունն է: Բույսի հիմնական ճյուղը պետք է կտրել ցանկալի երկարության վրա, ինչը կնպաստի նոր, կողային ճյուղերի առաջացմանը և կզսպի նիվենու աճը դեպի վեր: Նոր հայտնված ճյուղերն էլ պետք է պարբերաբար քշտել՝ կտրել գագաթները՝ դրանց ճյուղավորումը խթանելու համար:
Եթե բույսի ուղղահայաց աճը չի կասեցվում և այն շատ է բարձրանում, կարող է հենակ դնելու անհրաժեշտություն առաջանալ։
Այլ ծաղկաման տեղափոխելը
Երիտասարդ տարիքում տարին մեկ բույսի տեղափոխում պետք է արվի: Հետագայում, աճին զուգընթաց հնարավոր կլինի տեղափոխել 3 տարին մեկ անգամ: Նվենին դժվար է տանում տեղափոխությունը, ուստի, ավելի մեծ ծաղկաման տեղափոխելիս, ցանկալի է պահպանել արմատի հողագունդը: Նոր ծաղկամանում տնկելիս բույսի արմատի վզիկը պետք է 5 սանտիմետրով բարձր լինի հողի մակերեսից:
Հողախառնուրդը
Նվենու համար անհրաժեշտ է պատրաստել փխրուն հողախառնուրդ՝ խառնելով ճմահող (2 մաս), փտած գոմաղբ (1 մաս), տորֆ (1 մաս), գոտի ավազ (1 մաս): Ծաղկամանի լավ դրենաժը պարտադիր է։
Նվենու բազմացումը
Նվենին բազմացնում են սերմերով կամ գագաթային կտրոններով։ Կտրոնների արմատակալումը մեծ դժվարությամբ է ստացվում, շատ ավելի հեշտ է սերմից աճեցնելը։
Սերմերը ցանում են փետրվար-մարտ ամիսներին: Հողը, որտեղ ցանում են սերմերը պետք է բաղկացած լինի հավասար համամասնությամբ ճմահողից և ավազից: Սերմերը ցանվում են հողի մակերեսին և չեն ծածկվում հողի շերտով, ցանքը ծածկում են պոլիէթիլենով կամ ապակիյով:
Սերմերի ծլելու համար բարենպաստ պայմաններ են ցրված լուսավորությունը, օդի մոտ 20-25°C ջերմաստիճանը: Ջրելը պետք է լինի չափավոր, ցանկալի է, ջրցանի միջոցով։ Նվենու առաջին ծիլերը պետք է հայտնվեն ցանելուց 7-8 օր հետո:
Ծաղկելը
Բնական պայմաններում նվենին ծաղկում է գարնանը և ամռանը փոքրիկ սպիտակ ծաղիկներով: Սենյակային պայմաններում նվենիները չափազանց հազվադեպ են ծաղկում։
Արագաճությունը
Նվենու աճի տեմպը շատ բարձր է։ Լավ խնամքի և անհրաժեշտ արտաքին պայմանների ապահովման դեպքում շաբաթական աճը կազմում է մոտ 3 սմ:
Հիվանդությունները և վնասատուները
Հակասեպտիկ հատկությունների շնորհիվ նվենին գործնականում չի հիվանդանում ու չի ենթարկվում վնասատուների հարձակմանը: Առաջացող բոլոր խնդիրների հիմնական պատճառը ոչ պատշաճ խնամքն ու պայմաններն են լինում: Նորմայից շեղված օդի ջերմաստիճանի, խոնավության, բույսի լուսավորության վիճակը կարող է հանգեցնել Սարդոստայնային տիզի (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae), Ուտիճների (Aphid, Тля) կամ Կլոր որդերի, նեմատոդների (Roundworms, Нематода, Nematodes) հարձակմանը: Վնասատուների հայտնաբերման դեպքում, անհրաժեշտ է շտապ վերականգնել խնամքի ճիշտ պայմանները, բույսը սրբել օճառաջրով և բուժել միջատասպաններով:
ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==> ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>
Սենյակային պայմաններում աճեցվող նվենու մահվան առաջին պատճառներից մեկը ոչ պատշաճ ջրելն է: Խոնավության պակասի հիմնական ախտանիշը տերևների գանգրացումն ու թառամելն է:
Այն, որ բույսն ավելի շատ լուսավորության կարիք ունի, ցույց է տալիս տերևների գույնի խամրումը, նոր տերևների չափի նվազումը, ընձյուղների ձգվածությունը։ Կարևոր է, որ նվենու լուսավորությունը լինի մշտապես և հավասարաչափ:
Նվենին արագ աճող բույս է, ուստի նրա դանդաղ աճը, որպես կանոն, վկայում է կամ սենյակի վատ օդափոխություն, կամ էլ հաճախակի միջանցքային քամիների մասին:
Նվենու օգտակար հատկությունները
Նվենին ունի էվկալիպտոլ պարունակող եթերային յուղ, որն ունի մանրէասպան, հակասեպտիկ և հակավիրուսային հատկություններ: Համարվում է, որ նվենու արտադրած ֆիտոնիցիդները արդյունավետորեն մաքրում են սենյակի օդը բակտերիաներից:
Մրսածության հվանդությունները կանխարգելելու համար կարելի է նվենու մի տերև տրորել ձեռքերի մեջ և շնչել բույրը։
Կարևոր է հիշել․
Նվենու տերևներն ու դրանցից պատրաստված թուրմերն ու լուծույթները ուղղակիորեն ուտելը կամ խմելը, տերևները ծամելը կարող են թունավորման պատճառ դառնալ:
Նվենու մեկ այլ կարևոր հատկությունն այն է, որ այն արդյունավետորեն վանում է սենյակից ճանճերին ու մոծակներին: