Պախիրա

Pachira

Պախիրան (անգլ․՝ Malabar chestnut, French peanut, Guiana Chestnut, ռուս․՝ Пахира, լատ․՝ Pachira) արևադարձային ծառերի ցեղ է, որը տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Հնդկաստանում:

Պախիրաները պատկանում են փիփերթազգիների ընտանիքին։ հայտնի է շուրջ 77 տեսակ: Դրանք ձևավորում են հնգաթև տերևներով փոքր կամ մեծ ծառեր, իսկ պտուղը օվալաձեւ է, փայտացած, ունի մի շարք խոռոչներ, որոնք պարունակում են բազմաթիվ սերմեր:

Պախիրաներից ամենահայտնին Մալաբարյան շագանակն է (անգլ․՝ Malabar chestnut, French peanut, Guiana chestnut, Provision tree, Saba nut, ռուս․՝ Пахира водная, լատ․՝ Pachira aquatica)։ Բույսեր վաճառող խանութներում այն երբեմն վաճառվում է Փողի ծառ (Money tree), իսկ Չինաստանում՝ Բախտի ծառ (Fortune tree) անվամբ։

Մալաբարյան շագանակի չափսերն ուղղակիորեն կախված են աճեցման պայմաններից: Սենյակային պայմաններում այն դանդաղ է ​ճում, իսկ բարձրությամբ կարող է հասնել առավելագույնը 3 մետրի: Իսկ ահա բնական պայմաններում մինչև 20 մ բարձրությամբ ծառ է:

Սենյակային պայմաններում մալաբարյան շագանակը չի ծաղկում և պտուղներ չի ձևավորում: Լավ խնամքի պայմաններում այն կարող է մոտ 10 տարի ապրել սենյակում:

Դեկորատիվության, սաղարթի յուրահատուկ գեղեցկության շնորհիվ, տան առատության խորհրդանիշ համարվող մալաբարյան շագանակը ոչ միայն տների ինտերիերն է զարդարում, այլև խանութների ու գրասենյակների մուտքերն ու սրահները։ Բույսն ունի նաև բուժիչ հատկություններ: Արևելյան ժողովրդական բժշկության մեջ դրա կեղևը օգտագործվում է ստամոքսի կամ կոկորդի ցավերի համար: Պտուղները լայնորեն օգտագործվում են խոհարարության մեջ՝ տաք խմիչքներ են պատրաստվում, տապակվում են կամ աղացած վիճակում օգտագործվում են հաց թխելիս:

Մալաբարի շագանակի խնամքը սենյակային պայմաններում

Օդի ջերմաստիճանը: Ամենահարմարավետը +23…+25°C ​​տիրույթն է: Ձմեռը ջերմաստիճանը չպետք է նվազի +16°C-ից։

Օդի խոնավությունը: Օդի խոնավությունը պետք է բարձր լինի՝ մոտ 60%: Բույսը պետք է պարբերաբար ցողել հնեցված ջրով։

Լուսավորությունը։ Լույսը պետք է պայծառ ու ցրված լինի: Հարավ-արևմտյան կամ հարավային պատուհանագոգերը ամենահարմարն են:

Ոռոգումը: Ամռան շոգ օրերին ծառը ջրում են շաբաթական 2 – 3 անգամ ՝ օգտագործելով հնեցված, սենյակային ջերմաստիճանից փոքր-ինչ տաք ջուր: Ձմռան ամիսներին հազվադեպ են ջրում, չթողնելով չորանա հողի վերին շերտը:

Հողախառնուրդը։ Հարմար է հավասար չափերով ճմահողից, տերևային բուսահողից և ավազից պատրաստված հողախառնուրդը։ Ծաղկամանը լավ դրենաժ պետք է ունենա։

Սնուցումը։ Բույսը պարարտացնում են 20 օրը մեկ անգամ՝ սկսած գարնան սկզբից, մինչև խոր աշուն։ Խորհուրդ է տրվում օգտագործել դեկորատիվ-սաղարթային բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութ։

Տեղափոխումը։ Երիտասարդ բույսերը մի փոքր ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են տարին մեկ, իսկ մեծերը՝ 2 տարին մեկ։

Բազմացումը։ Սերմերը ցանում են գարնանը, իսկ կտրոնները արմատակալման են դնում ամռան վերջում կամ աշնանը։

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *