Ջրածնի պերօքսիդը (անգլ․՝ Hydrogen peroxide, ռուս․՝ Пероксид водорода կամ Перекись водорода) H2O2 , պերոքսիդների ամենա պարզ ներկայացուցիչն է։ Անգույն, անհոտ հեղուկ է, ցանկացած հարաբերու-թյամբ լուծվում է ջրում, սպիրտում, էթիլեթերում։
Ջրածնի պերօքսիդի խիտ լուծույթը պայթյունավտանգ է։ Սովորաբար օգտագործվում են դրա 33 կամ 3%-անոց ջրային լուծույթները։
Կենցաղային կարիքների համար վաճառքում երեք տեսակի ջրածնի պերօքսիդ է լինում՝
- Ծաղկաբուծության մեջ օգտագործվող ձևը դեղատան շիշն է` 3% ջրային լուծույթով:
- Պերհիդրոլ՝ 30-35% ջրածնի պերօքսիդ: 3% խտության հասնելու համար, այն պետք է խառնվի ջրի հետ 1:10 հարաբերակցությամբ:
- Հիդրոպերիտ՝ վաճառվում է դեղահաբերի տեսքով: 3% լուծույթ պատրաստելու համար, հարկավոր է 1 ճաշի գդալ ջրում լուծել հիդրոպերիտի 1 դեղահաբ:
Ջրածնի պերօքսիդի կիրառումը այգեգործության մեջ
Շնորհիվ ջրածնի պերօքսիդի ոչ տոքսիկ լինելուն, էժանության և հեշտ կիրառության, այն լայնորեն օգտագործվում է բուսաբուծության մեջ:
Ջրածնի պերօքսիդի ջրային լուծույթը օզոնով հագեցած անձրևաջրի նման է և բույսերի վրա նույն բարերար ազդեցությունն է ունենում։
Ջրածնի պերօքսիդը կարող է կիրառվել ինչպես այգում, այնպես էլ սենյակային բույսերի, սածիլների, տնկիների մշակման համար:
Ջրածնի պերօքսիդը հատկապես բարերար ազդեցություն է ունենում թուլացած բույսերի վրա, որոնց արմատները վնասվել են չափից շատ ջրելու հետևանքով։
Ջրածնի պերօքսիդը՝
- հագեցնում է հողը թթվածնով, ինչը պաշտպանում է բույսի արմատները փտելուց;
- ունի մեղմ հակասնկային և մանրէասպան ազդեցություն;
- արագացնում է բույսի ծաղկելը;
- խթանում է բույսի արմատային համակարգի զարգացումը։
Բույսերը ջրելու համար 1 ճաշի գդալ (15-18 մլ) ջրածնի պերօքսիդի 3%-նոց լուծույթը լավ խառնել 0,5 լիտր հնեցված, գոլ ջրի հետ։
Ամեն օր ջրելու դեպքում, 1 լիտր հնեցված, գոլ ջրին խառնում են 2-5 կաթիլ ջրածնի պերօքսիդի 3%-նոց լուծույթ։
Բույսերը ցողելու համար 1 ճաշի գդալ (15-18 մլ) ջրածնի պերօքսիդի 3%-նոց լուծույթը լավ խառնել 1 լիտր հնեցված, գոլ ջրի հետ։
Սերմերն ախտահանելու համար, դրանք 10 րոպե թրջում են մինչև 36…37°C տաքությամբ ջրածնի պերօքսիդի 3%-նոց լուծույթի մեջ, այնուհետև փռում են ու չորացնում։
Հետագայում ցանելու կամ որևէ բույս տնկելու համար նախատեսված հողախառնուրդը ախտահանելու համար, այն ջրում են ջրածնի պերօքսիդի 3%-նոց լուծույթով և ցանում կամ տնկում են հողախառնուրդի չորանալուց հետո միայն։
Ֆիտոպաթոգենների դեմ պայքարելու համար, բույսերը ջրում են ջրածնի պերօքսիդի և յոդի լուծույթով։ Ցանկացած ոչ մետաղական տարայի մեջ 2 ճաշի գդալ (30-36 մլ) 3%-նոց ջրածնի պերօքսիդը և 30-40 կաթիլ յոդը խառնում են 1 լիտր ջրի հետ: Այս լուծույթը հաջողությամբ օգտագործվում է նաև սարդոստայնային տիզերի, ուտիճների և վահանակիրների դեմ: Լավ արդյունքներ է ցույց տալիս ֆիտոֆտորոզի դեպքում: