Սերիսա ճապոնականը (անգլ․՝ Snowrose, Tree of a thousand stars, Japanese boxthorn, չին․՝ 六月雪, ռուս․՝ Серисса японская, լատ․՝ Serissa japonica) արևադարձային, մշտադալար, ծաղկող թուփ է։ Աճում է Արևմտյան Ասիայում՝ Հնդկաստանից և Չինաստանից մինչև Ճապոնիա:
Սերիսան լայնորեն աճեցվում է թե՛ որպես գեղեցիկ սենյակային բույս, թե՛ բոնսայ եղանակով աճեցնելու համար։
Խնամքը
Օդի ջերմաստիճանը
+10°C-ից ցածր ջերմաստիճանը կարող է կործանել բույսը։ +18…+30°C օդի լավագույն ջերմաստիճանային տիրույթն է, իսկ ձմռանը՝ +14…+15°C է։
Ջրելը
Ծաղկամանի հողը պետք է միշտ չափավոր խոնավ լինի։ Ջրել պետք է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։ Ժամանակին չջրելու հետևանքով բույսը կարող է տերևաթափ լինել։ Այդ դեպքում անհրաժեշտ է շարունակել ջրել բույսը, բայց շատ ավելի քիչ ու զգուշավոր՝ մինչև նոր տերևներ ձևավորվեն։
Օդի խոնավությունը
Սերիսան խոնավասեր է, օդի խոնավությունը պետք է 50%-ից ցածր չլինի։ Ամենահարմարավետը օդի 60-80% խոնավության տիրույթն է։ Չոր կլիմայի պայմաններում խորհուրդ է տրվում օրը 2 անգամ ցողել բույսը և/կամ բույսը ծաղկամանով տեղադրել ջրով ու խիճով լի, լայն տակդիրի վրա՝ այնպես, որ ծաղկամանը ջրից բարձր մնա, բայց հասանելի լինի գոլորշիացող հոսքին։
Սնուցումը
Աճի շրջանում սերիսան պարարտացնում են 10-14 օրը մեկ անգամ՝ բացառապես հեղուկ պարարտանյութով: Գերադասելի են օրգանական պարարտանյութերը, բայց կարող են նաև օգտագործվել համալիր հանքային պարարտանյութեր (փաթեթի վրա առաջարկվող դոզայի 1/2 մասով): Ձմռանը, զով պայմաններում պահելիս, սնուցում չի տրվում, իսկ սովորական պայմաններում սնուցում են 4-6 շաբաթը մեկ:
Տեղափոխումը
Այլ, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ սովորաբար, 1-2 տարին մեկ։ Բույսի մատղաշ արմատները վատ հոտ ունեն՝ անհանգստանալու կարիք չկա։
Հողախառնուրդը
Անհրաժեշտ է փխրուն, լավ դրենաժային հատկություն ունեցող , պարարտ հաղախառնուրդ։ Հողախառնուրդի թթվայնությունը՝ 5.5pH-7pH
Բազմացումը
Որպես կանոն, սերիսան բազմացնում են կտրոններով։ Դրա համար կտրում են մոտ 10 սանտիմետր երկարությամբ, առնվազն երեք հանգույց ունեցող, կիսափայտացած գագաթային ճյուղերը: Արմատավորելու համար կտրոնները տնկում են պեռլիտի և տորֆի խառնուրդի մեջ և ստեղծում են ջերմոցային պայմաններ: Գործընթացն արագացնելու համար, կտրոնները կարելի է մշակել արմատավորման խթանիչներով (Clonex, Հետերոաուկսին, Корневин) և/կամ հողախառնուրդը տակից տաքացնել:
Հնարավոր է նաև ջրի մեջ արմատակալումը։
Վնասատուները և հիվանդությունները
Ալրատիզերը, վահանակիրները, սարդոստայնային տիզերը կամ ուտիճները կարող են վնասել սերիսային:
Ջրախեղդ անելու հետևանքով և/կամ ոչ փխրուն, կարծր հողախառնուրդի պատճառով կարող են փտել բույսի արմատները:
Հնարավոր բարդություններ և խորհուրդներ
- Եթե բույսը չի ծաղկում, ուրեմն լուսավորությունը բավարար չէ։
- Բույսի տերևները դեղնում են, փչանում և թափվում հողի ավելորդ խոնավության պատճառով:
- Սենյակը, որում գտնվում է բույսը, պետք է պարբերաբար օդափոխվի:
- Գարնանը խորհուրդ է տրվում կտրել թույլ զարգացած ճյուղերը և քշտել ճյուղերի ծայրերը՝ ավելի լավ ճյուղավորում ստանալու համար:
- Բոլոր ստորին ճյուղերը կտրելով, կարելի է փոքրիկ ծառի տեսք տալ սերիսային: