Ընդախոտ

Ընդախոտը կամ Ընդեղեն խոտը (անգլ.՝ Sweetgrass, ռուս.՝ Зубровка, լատ.՝ Hierochloe) հացազգի, բազմամյա, բուրավետ խոտաբույսերի ընտանիք է։ Հաշվառված է 33 տեսակ։

Ընդախոտերը տարածված են երկրագնդի չափավոր և արկտիկական կլիմայական գոտիներում։Աճում են անտառաեզրերին, տափաստաններում եւ կիսաանապատներում, ճահճային վայրերում եւ ողողովի մարգագետիններում: Հանդիպում են նաև բարձր լեռնային շրջաններում։

Ընդախոտերն ունեն երկար, հորիզոնական, սողացող արմատ, որը տարածվելով, կյանք է տալիս նորանոր բույսերի։ Արդյունքում կազմավորվում է խիտ ճմածածկ։ Հարթ, ուղղահայաց ընձյուղների բարձրությունը տատանվում է 40-ից մինչեւ 70 սմ: Տերևները վառ կանաչ են։

Վեգետացիոն շրջանը սկսվում է վաղ գարնանը և արդեն մայիսին առջանում են սերմերի լայն բացված ավլափնջերը։

Ընդախոտի վերգետնյա մասերը պարունակում են կումարին, որի շնորհիվ բույսը յուրահատուկ բուրմունք ունի՝ վանիլինի եւ կոկոսի հոտի խառնուրդ է հիշեցնում։

Ժողովրդական բժշկությունում ընդախոտից պատրաստուկները կիրառվում են մաշկային, մարսողական եւ շնչառական համակարգերի բուժման համար։ Այնուամենայնիվ, պաշտոնական բժշկության մեջ լայն տարածում նման դեղամիջոցները չեն ստացել՝ կողմնակի ազդեցությունների պատճառով:

Ընդախոտը լայնորեն կիրառվում է օղի և լիկյորներ արտադրելիս: Բացի այդ, ընդախոտը հիանալի համային հավելում է տարբեր մարինադներ, թթուներ պատրաստելիս։

Աճեցնելն ու խնամքը

Ընդախոտն արագ է աճում՝ արմատի յուրաքանչյուր հանգույցից նոր թուփ է ծլում, այնպես որ, մեկ սեզոնում բույսը կարող է զավթել ու կանաչապատել բավականին մեծ տարածք։

Բացի դեկորատիվ կանաչապատումից, ընդախոտը նաև օգտագործվում է լանջերի ամրացման և հողի էրոզիան կանխելու համար։

Ընդախոտը լավ է աճում և՛ բաց գրունտում, և՛ թաղարների մեջ։ Սերմ էլ է միշտ տալիս, սակայն դրանց ծլողունակությունը խիստ ցածր է՝ մոտ 30%: Շատ ավելի հեշտ է արմատը բաժանելով բազմացումը, որն անում են ծաղկելուց առաջ կամ հետո։

Բերքահավաքն անում են ծաղկման շրջանում: Կտրած խոտը բարակ շերտով փռում են արևի տակ, կես ժամը մեկ շուռ են տալիս ու մինչև լրիվ չորանալը տերևները հյուսում են միմյանց հետ։ Չորացրած ընդախոտը իր բուժիչ եւ համային հատկությունները պահպանում է երկու տարվա ընթացքում՝ պայմանով, որ պահպանվի չոր, օդափոխվող տարածքում։

Լրացուցիչ տեղեկություններ

Ընդախոտն իրեն լավ է զգում ցանկացած հողի վրա: Սակայն, երբ աճում է ծանր, կավային հողում, պետք է հոգ տանել լավ դրենաժի մասին։

Շոգ կլիմայով շրջաններում խորհուրդ է տրվում ըդախոտն աճեցնել կիսաստվերում, իսկ ավելի զով կլիմայում անհրաժեշտ է ընտրել լավ լուսավորված տարածք:

Ջրել անհրաժեշտ է միայն առաջին տարում, հետագայում միայն ամռան շոգին։

Ընդախոտը լավ է արձագանքում օրգանական կամ համալիր հանքային պարարտանյութերով սնուցմանը: Սնուցումն արվում է սեզոնում երկու-երեք անգամ։

Ցրտադիմացկուն է՝ ձմեռում է առանց ծածկելու:

Ինվազիվ է, առանց սահմանափակող գոտիների կարող է զավթել չնախատեսված տարածքներ։

Արտաքին հղումներ

Սոյա

Սոյան (անգլ․՝ Soybean, ռուս․՝ Соя, լատ․՝ Glycine) բակլազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյան (Glycine max)։

Սոյան ջերմություն սիրող բույս է։ Լավ աճի համար անհրաժեշտ են տաք օրեր եւ առանց ցրտահարության գիշերներ: Առավել ակտիվ է աճում սոյան երբ օդի

ցերեկային ջերմաստիճանը +32 °C է, իսկ գիշերայինը՝ +22 °C : Օրվա լուսավոր ժամերի երկարությունը պետք է կազմի 12 ժամ:

Սոյայի թփի բարձրությունը միջինը 0,6-1 մետր է: Այն ունի երեքնուկ տերեւներ, որոնք բերքի հասունանալուց հետո թափվում են։

Սոյան ծաղկում մանր ծաղկաբույլերով, որոնք ուժեղ հոտ չեն ունենում, ուստի միջատներին շատ չեն հրապուրում։

Պատիճների երկարությունը չի գերազանցում 6 սմ-ը։ Դրանք առավելագույնը 4, ավելի հաճախ 2-3 կանաչավուն կամ դեղին հատիկներ են պարունակում:

Սոյա աճեցնելը

Սոյան կարեւոր գյուղատնտեսական մշակաբույս է, բուսական սպիտակուցի և ձեթի լավ մատակարար։ Բացի այդ, սոյան լավ շահութաբերություն է ապահովում։ Սոյայի աճեցման համար հատուկ պայմաններ չեն պահանջվում:

Սոյան ցանում են երբ հողը լավ տաքանում է, եւ չեն մոռանում ծաղկման շրջանում առատ ջրելու մասին:

  • Սոյան լավ կլինի ցանել այնտեղ, որտեղ նախկինում աճել են հացահատիկայիններ, եգիպտացորեն, կարտոֆիլ կամ ճակնդեղ։ Իսկ արևածաղիկից, կաղամբից կամ լոբազգիներից հետո ավելի լավ է չցանել:
  • Նույն տեղում, անընդմեջ սոյա չեն ցանում, քանի որ այն էականորեն աղքատացնում է հողը։ Սոյայից հետո, հաջորդ տարի նույն տեղում կարելի է ցորենի, րապսի, բանջարեղենի լավ բերք ստանալ:
  • Սոյա ցանելու համար, հողը պետք է պատրաստել նախապես։ Ընտրված տարածքում աշնանը անհրաժեշտ է կատարել հողի մոտ 20-30 սմ խորությամբ պարարտացում:

Սոյան ցանում են երբ հողը, ցանելու խորությամբ՝ 5 սմ վրա տաքանում է մինչև +10 °C և գիշերային ցրտահարությունների վտանգ այլևս չկա։ Շատ ավելի լավ է սպասել մինչև +12…+14 °C տաքանալը, այնպես որ, հաճախ ապրիլ-մայիսին են ցանում։ Բարենպաստ պայմանների դեպքում, առաջին ծիլերը հայտնվում են մեկ շաբաթից։

Սոյան շատ պահանջկոտ է ցանքի խորության նկատմամբ ։ Եթե ցանքը 5 սմ-ից խորն է, ապա բույսը չի ծլի: Շարքերի միջեւ հեռավորությունը թողնում են 40-60 սմ: Յուրաքանչյուր մետրին ցանում են մոտ 40 սերմ: Կարեւոր է հողի խոնավությունը, այն պետք է պահվի տարբեր ագրոտեխնիկական միջոցների կիրառմամբ: Օրինակ, հողի մակերեսը շատ թույլ են փխրեցնում, որ այն շուտ չչորանա։ Ցանքածածկը շատ լավ կօգնի այդ հարցում։

Սոյայի համար կարեւոր է հողի թթվայնությունը․ նախընտրելի են չեզոք կամ թույլ թթվային հողերը: Օպտիմալ տարբերակը pH 6,2 … 8 է: Ցածր pH արժեքների դեպքում սոյա չեն մշակում:

Սոյան պահանջկոտ է նաև լույսի նկատմամբ, երբ այն անբավարար է բույսը ձգվում է և վատ պտղաբերում։

Օդի +14 °C -ից ցածր ջերմաստիճանում սոյայի աճը դադարում է։

Կարևոր է ժամանակին քաղհան անել մոլախոտերը, փխրեցնել միջշարային հողը։ Առանց ջրելու և պարարտացնելու սոյայի լավ բերք չի ստացվում։

Սոյայի սերմեր ծլեցնելը

Սոյայի ծլած սերմերը սովորական սերմերից ավելի հարուստ են վիտամիններով և կենսաակտիվ նյութերով։ Սոյայի ծլեցված սերմերը պարունակում են մարդուն անհրաժեշտ ամինաթթուների ողջ տեսականին։

Դրանց ուտելը բարելավում է օրգանիզմի նյութափոխանակությունը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, օժանդակում է լյարդի աշխատանքին, բարելավում է գլխուղեղի աշխատանքը, հանում է մարդուն նյարդային վիճակից։

Ուշադրություն

  • Ծլեցնելու համար պետք չէ օգտագործել գնետիկ մոդիֆիկացիայի ենթարկված սոյա;
  • Օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը ծլեցնելու համար +20…+22°C է;
  • Ուտում են միայն հատիկից աճած ծիլերը, հատիկները չեն ուտում։
Ծլեցնելու համար՝
  1. Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սոյայի զանգվածն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, դեն են նետում կոտրված կամ վնասված հատիկները։ Այնուհետև լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 5-6 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 8-12 ժամ թրջվեն։
  2. Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակային բույսերը ջրելու համար։
  3. Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, նորից լավ լվանում են և լավ քամում, այնուհետև դնում են մութ տեղում՝ թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ սերմերի համար օդափոխանակություն լինի։
  4. Օրական 3-4 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը ողողում են և նորից քամում ու դնում նույն դիրքով։ Դա անում են այնքան ժամանակ մինչև անհրաժեշտ երկարության ծիլեր աճեն։ Ընթացքում, օրական համտեսում են ծիլերը (ոչ հատիկները), որպեսզի, ըստ համի, որն օրեցօր փոփոխվում է, և ճաշակի, ընտրեն բերքահավաքի պահը։

Սովորաբար, 5-7 օրվա ընթացցում ծիլերն աճում են մոտ 5 սմ և պատրաստ են ուտելու համար։ Ուտելուց առաջ սերմերը լավ լվանում են։

Պահպանման ժամկետը

Սոյայի ծիլերը պահում են սառնարանում, ընթացքում օրը 2 անգամ և օգտագործելուց առաջ լվանալով։

100 գրամ ծլեցված սոյան պարունակում է՝
Սպիտակուցներ36,5±0,2 գԿրածին277±5 մգ
Ճարպեր20,0±0,2 գԵրկաթ15,7±0,7 մգ
Ածխաջրեր30,2 գՄագնիում280±9 մգ
Վիտամին А1 մկգՖոսֆոր704±11 մգ
Վիտամին В60,377±0,065մգԿալիում1797±29 մգ
Վիտամին В9375 մկգՆատրիում2±1 մգ
Վիտամին С6 մգՑինկ4,9±0,1 մգ

Հղումներ

Ներգործուն մանրէների տեխնոլոգիա

Ի՞նչ է ներգործուն մանրէների տեխնոլոգիան՝ ՆՄ տեխնոլոգիան

ՆՄ տեխնոլոգիան (անգլ․՝ Effective microorganisms technology [EM technology], ռուս․՝ технология эффективных микроорганизмов [ЭМ технология]) հողագործական գործընթաց է, որով, ներգործուն մանրէների օգտագործմամբ, հողը պահվում է կենսաբանորեն ակտիվ վիճակում: Արդյունքում հողը առողջանում է և բերրի դառնում, ինչը թույլ է տալիս առատ, որակյալ և էկոլոգիապես մաքուր բերք ստանալ։

ՆՄ տեխնոլոգիան օրգանական հողագործության հենասյուներից է: Դրա կիրառումը թույլ է տալիս՝

  • էականորեն նվազեցնել կամ ընդհանրապես հրաժարվել հանքային պարարտանյութեր օգտագործելուց;
  • էականորեն բարելավել հողի կառուցվածքը, դարձնել այն փխրուն ու թափանցիկ օդի և ջրի համար;
  • արագացնել հողում գտնվող օրգանական նյութերի ֆերմենտացիան;
  • ամրապնդել բույսերի իմունային համակարգը, բարձրացնել կայունությունը հիվանդությունների նկատմամբ;
  • պաշտպանել բույսերը վնասատուներից;
  • բույսերի հզոր արմատներ ձևավորել, բարձրացնել դրանց ցրտադիմացկունությունը:

Ներգործուն մանրէների տեխնոլոգիայի կիրառումը ենթադրում է օրգանական հողագործության հետևյալ հետևյալ կանոններին հետևելը՝

  1. Հողը չեն փորում։ Միայն մակերեսային (5-10 սմ) փխրեցում կարելի է անել։ Հողի տարբեր շերտերում, տարբեր տիպի բակտերիաներ են բնակվում։ Խոր փորելը խորքի, 15 սմի-ից ներքև ապրող, անաէրոբ բակտերիաները դուրս է բերում մակերես, որտեղ դրանք չեն կարող ապրել և հակառակը՝ աէրոբներին ուղարկում է խորք՝ խեղդվելու։ Խախտվում ու խցանվում են նաև հողի “շնչառական ուղիները”։
  2. Բաց, մերկ, պարապ հող չպետք է լինի այգում։ Ազատ տեղ առաջանալու դեպքում, եթե աճեցնելու այլ բան չկա, հողը կամ պետք է ցանքածածկվի (մուլչապատվի) կամ էլ սեդերատներ ցանվեն։
  3. Հրաժարում քիմիայից և հանքային պարարտանյութերից; Ցանկացած քիմիական սնուցում թմրանյութի ազդեցություն ունի հողի վրա։
  4. Օրգանական պարարտանյութերը չեն թաղում հողի մեջ՝ փռում են մակերեսին՝ ցանքածածկի տակ։ Աճեցվող բույսերի արմատներից հեռու, ցանքածածկի տակ կարելի է նաև առողջ թռջնի, կովի, ձիու թարմ գոմաղբ հողին շաղ տալ։
  5. Կերակրում են ոչ թե բույսերը այլ հողի կենդանական աշխարհը՝ սկսած օգտակար միկրոօրգանիզմներից, վերջացրած որդերով։ Դրանց կենսագործունեության արդյունքներն են ապահովում բույսերին աճի և բերքատվության համար անհրաժեշտ նյութերով։

Վերը թվարկված կանոնների 5-րդ կետի կարևորությունը պայմանավորված է հետևյալով։

Բնական պայմաններում, օրինակ անտառներում, ոչ ոգ հոգ չի տանում վայրի ծառերի, թփերի, ծաղիկների նկատմամբ։ Ոչ ոք չի փորում, փխրեցնում կամ պարարտացնում հողը։ Տեղի են ունենում ինքնակարգավորվող գործընթացներ։ Տերևները, չոր ճյուղերը, մեռած բույսերն ու փոքր ու մեծ կենդանիները հայտնվում են հողի մակերեսին, որտեղ միլիարդավոր մանրէներ վերամշակում են դրանք։ Վերամշակվածը, ինչպես նաև մշակողներին ուտում են քիչ ավելի մեծ էակները և նոր վերամշակում է տեղի ունենում։ Վերջնարդյունքում հողում առաջանում են բույսերի համար անհրաժեշտ, ի տարբերություն հանքային պարարտանյութերի, շատ ավելի հեշտ յուրացվելի տարրեր, որոնք էլ ապահովում են բույսերի կյանքը։

Ավելին, կենսագործունեության ընթացքում այդ միլիարդավոր մանրէները արտադրում են բույսերի համար կենսական անհրաժեշտություն ունեցող ածխածին գազ։

Եթե այգեգործին հաջողվում է վերը նկարագրված բնական գործընթացների ավելի ինտենսիվ տարբերակը ներդնել իր այգում, ապա թե՛ առատ ու որակյալ բերքն է ապահովվում, թե՛ հողն է միշտ առողջ ու բերրի մնում, թե շրջակա միջավայրին ոչ մի վանաս չի հասցվում։

Ցանկացած տիպի հողի դեպքում, եթե ցանքացածկի ու օրգանական պարարտանյութերի տեսքով մշտական սնունդ ապահովվի մանրէների համար, նույն ցանքածածկի ու ժամանակին ջրելու միջոցով հարմարավետ խոնավություն ու կիզիչ արևից պաշտպանություն լինի, շատ շուտ կստացվի առողջ, փխրուն ու բերրի հող։

Բնականաբար, ոչ բոլոր միկրոօրգանիզմներն են օգտակար հողի ու բույսերի համար։ Խնդիրը հենց օգտակարներին բազմացնելու և դրանց քանակով վնասակարներին ճնշելու ու վանելու մեջ է։

Տերուո Հիգա (Teruo Higa)

Մոտ կես դար առաջ, ճապոնացի գիտնական Տերուո Հիգային (Teruo Higa) հաջողվեց ոչ միայն առանձնացնել մի խումբ օգտակար միկրոօրգանիզմներ, այլև հայտնագործել, որ դրանք, մի մասը լինելով անաէրոբ, մյուսը՝ աէրոբ, կարող են սիմբիոզ կազմել ու հրաշքներ գործել։

Տարբեր տեսակի 80 միկրոօրգանիզմներից կազմված այդ սիմբիոզին, որում ընդգրկված են կաթնաթթվային և ֆոտոսինթեզող մանրէներ, խմորիչներ, ակտինոմիցեթներ (actinomycets), սնկեր, գիտնականը անվանեց «ՆՄ Ներգործուն մանրէներ» («EM» – Effective Microorganisms)։

Իր կյանքի ընթացքում պրն․ Հիգան ստեղծեց տարբեր ոլորտներում կիրառվող ՆՄ մի քանի ենթատեսակներ։ Հիմա, տարիներ անց, բացի հողագործությունից, «ՆՄ» տեխնոլոգիան կիրառում է գտել բազմաթիվ այլ ոլորտներում՝ սկսած բժշկությունից, վերջացրած շինարարությունով։

ՆՄ տեխնոլոգիան լայն կիրառում է գտել աշխարհի շատ երկրներում։ Ռուսաստանում մեծտարածում են գտել ՆՄ սեփական, ըստ մասնագետների, ավելի պարզունակ տեսակները։ Վաճառքում, մասնավորապես, կարելի է գտնել՝

  • Байкал ЭМ-1
  • Сияние 1,2,3
  • “ЭМ-БИО” Восток ЭМ-1
  • Бокаши
  • Тамир биозащита (биофунгицид)
  • Тамир биобарьер (биоинсектицид)

Անշուշտ, Համացանցի միջոցով կարելի է գտնել և գնել ճապոնական, ամերիկյան, չինական և այլ երկրների արտադրած ՆՄ պատրաստուկներ։

ՆՄ պատրաստուկների հետ աշխատելու մի քանի ընդհանուր կանոններ կան՝

  • պետք է հաշվի առնել, որ դրանք կենդանի օրգանիզմներ են պարունակում, ուստի սառեցնել, կարճատև ցրտահարել, կիզիչ արևի կամ բառձր ջերմաստիճանի ազդեցության տակ թողնել չի կարելի;
  • լուծույթներ պատրաստելիս, պետք բացառել ծորակի քլորացված ջուր օգտագործելը;
  • բույսերի և հողի մշակումը ՆՄ պատրաստուկներով կատարվում է անմիջապես պատրաստելուց հետո, առավելագույնը մեկ օրվա ընթացքում;
  • լուծույթներ պատրաստելիս, պետք է օգտագործել պլաստիկ, ապակյա կամ էմալապատ տարա։

Ձեռք բերված ՆՄ պատրաստուկներից յուրաքանչյուրն ունենում է դրանց հետագա պատրաստման (ակտիվացման, միկրոօրգանիզմների արթնացման), չափաբաժինների և կիրառման եղանակների մասին կից հրահանգներ։

Ընդհանուր առմամբ ՆՄ պատրաստուկները այգեգործությունում կիրառվում են՝

  • սերմերի եւ տնկանյութի նախնական մշակման համար;
  • հողի հարստացման համար;
  • ՆՄ կոմպոստի պատրաստման համար;
  • բույսերի արտաարմատային կամ արմատային սնուցման համար;
  • մոլախոտերի վերացման համար։

ՆՄ օգտագործմամբ պատրաստում են նաև բոկաշի թեփ (մերան), որի պատրաստման ու օգտագործման ոլորտների մասւն կարող եք կարդալ պարտիզպանի «Բոկաշի» հոդվածում։

ՆՄ տեխնոլոգիային առընչվող պարտիզպանի այլ հոդվածներ էլ կան՝

Բոկաշի

Բոկաշին (անգլ.՝ Bokashi, ռուս.՝ Бокаши) գործընթաց է, որի արդյունքում սննդային թափոնները եւ նմանատիպ օրգանական նյութերը վերածվում են պարարտանյութի, որը օգտակար տարրերով հարստացնում է հողը ու բարելավում է հողի կառուցվածքը:

Միևնույն ժամանակ բոկաշին, որը ճապոներեն նշանակում է ֆերմենտացված օրգանական նյութ, նաև մերան (kickstarter) հանդիսացող նյութի անունն է:

Բոկաշի մերանը ցորենի կամ այլ ացազգիների թեփի հիմքի վրա աճեցված, ներգործուն մանրեներ կոչվող, միլիարդավոր կաթնաթթվային բակտերիաների (Lactobacillus casei), ֆոտոսինթեզող բակտերիաների (Rhodopseudomonas palustris) եւ խմորիչների (Saccharomyces cerevisiae) խառնուրդ է։

Թարմ բոկաշի մերանը ինքնին պատրաստի պարարտանյութ է և լայնորեն օգտագործվում է օրգանական հողագործությունում, սակայն այն երկար կյանք չունի՝ պետք է անմիջապես կիրառվի։ Երկարատեև օգտագործման համար բոկաշին չորացնում են ու պահում հերմետիկ ամաններում կամ փաթեթավորում են ու հանում վաճառքի։ Պահպանման ժամկետը 2 տարի է:

Չորացված բոկաշին նույնպես պատրաստի օրգանական պարարտանյութ է ու, միևնույն ժամանակ, օգտագործվում է բոկաշի կոմպոստ պատրաստելու համար։

Բոկաշի կոմպոստ պատրաստելը

Կոմպոստ պատրաստելու ավանդական եղանակից բոկաշին տարբերվում է հետևյալով.

  • Առաջնանյութը բոկաշիում ոչ թե քայքայվում է, այլ ֆերմենտացվում է հատուկ բակտերիաների օգնությամբ;
  • Ֆերմենտացված նյութը կարելի է անմիջապես խառնել այգու հողի հետ՝ հասունացման լրացուցիչ ժամանակ չի պահանջվում։ Արդյունքում, գրեթե բոլոր օգտակար տարրերը մնում են հողում։

Բոկաշին անօդ (անաէրոբ) գործընթաց է, որտեղ խոհանոցային թափոնների ֆերմենտացման համար օգտագործվում Է հատուկ մանրէներով բնակեցված թեփ ու ելքում ստացվում է հարուստ, օրգանական պարարտանյութ, ինչպես նաև բույսերը ջրելով սնուցելու համար նախատեսված, սննդարար բոկշի թեյ։

Բոկաշիում, ի տարբերություն աէրոբ եղանակով ընթացող դասական կոմպոստավորման, կարելի է ֆերմենտացնել ամեն տեսակի խոհանոցային թափոն, այդ թվում, մսամթերք եւ կաթնամթերք, սակայն պարտիզպանը, միևնույն է, խորհուրդ է տալիս չանել դա։

Թափոնները մանրացվում են և շերտ առ շերտ լցվում են կոմպոստերի դույլի մեջ։ Շերտերն իրարից բաժանում են վաղօրոք մանրեներով բնակեցված թեփի՝ բոկաշի թեփի բարակ շերտով։ Բերնեբերան լցվելուց հետո, դույլը հերմետիկ փակում են և 10-12 օրով մի կողմ դնում: Ֆերմենտացիայի ընթացքում հեղուկ է դուրս ծորում դույլի հատակի անցքերից։ Այդ հեղուկը կոչվում է բոկաշի թեյ և շատ հարուստ է օգտակար նյութերով։ Այն հավաքում են շշերի մեջ և օգտագործում բույսերը սնուցելու համար։

Բոկաշիի համար վաճառվում են հատուկ խոհանոցային կոմպոստերներ և մանրեներով բնակեցված պատրաստի թեփ, որոնց օգնությամբ գործն առավել դյուրին է դառնում։

This image has an empty alt attribute; its file name is kitchen_composter_400x400.jpg

Երբ 10-12 օր անց կոմպոստի դույլը բացում են, միջի մթերքի մասնիկները դեռ լիովին քայքայված չեն լինում, սակայն արդեն ֆերմենտացված են։ Կարելի է շարունակել ֆերմենտացումը, բայց, եթե հնարավորություն կա, կարելի է բույսերի արմատներից քիչ հեռու թաղել այդ զանգվածը հողում փորված ակոսների մեջ՝ որպեսզի գործընթացն ավարտվի հողում և բոլոր օգտակար նյութերը մնան այնտեղ։

Բոկաշի մերանի կիրառման այլ եղանակներ

Որպես պարարտանյութ

  • Հողի գարնանային/աշնանային նախապատրաստման ընթացքում, կախված հողի հյուծվածության և/կամ քիմիկատներով աղտոտվծության աստիճանից, 1 մ2 -ին շաղ են տալիս 25-100 գ (0,5-2 բաժակ) բոկաշի։ Երեկոյան ժամերին, կամ ամպամած եղանակին բոկաշին, լավ կլինի սիդերատների սերմերի հետ խառնած, հավասարաչափ սփռում են հողի մակերեսին, այնուհետև թեթևակի փոցխով խառնում են մակերեսը և մուլչապատում։
  • Սերմեր ցանելիս, կամ բոկաշին խառնում են սերմերի հետ, կամ էլ լցնում են սերմերի, սոխուկների, պալարների կողքին՝ կախված բույսի մեծությունից և առանձնահատկությունից, 1 պտղունցից մինչև 1 բուռ։
  • Սածիլներ, տնկիներ, թփեր և ծառեր տնկելիս, փոսի հատակին բոկաշի են լցնում, ծածկում հողի շերտով, այնուհետև տնկում են բույսը։ Կարելի է նաև շաղ տալ բոկաշին նոր տնկած բույսի շուրջը և մուլչապատել։
  • Բույսերի արմատային սնուցման համար, բույսի բնից 10-50 սմ հեռավորության վրա շաղ են տալիս բոկաշին, մուլչապատում են և եթե կարիք կա, ջրում են։ Սնուցումների հաճախականությունը որոշում են հողի և բույսի վիճակից ելնելով։ Հողի 1 մ2 -ին տալիս են 25-100 գ (0,5-2 բաժակ) բոկաշի։
  • Սենյակային բույսերին սնուցելու համար, բոկաշին նույն ձևով է կիրառվում՝ կամ խառնում են ծաղկամանի հողի վերին շերտի հետ, կամ էլ շաղ տալիս ու մուլչապատում։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ բոկաշին շատ ուժեղ ներգործող է՝ չափն անցնել պատք չէ։ Սնուցումների աճախականնությունն ու չափաբաժինները պետք որոշել ամենացածր չափաբաժիններից սկսելով։
  • Սածիլներ աճեցնելու համար հողախառնուրդ պատրաստելիս, 1 դույլ 30% խոնավությամբ հողախարնուրդին ավելացնում են 25- 50 գ (0,5-1 բաժակ) բոկաշի, հետո լավ խառնում են, փաթեթավորում հերմետիկ տոպրակի կամ ամանի մեջ ու տաք, մութ տեղում պահում 20-30 օր։

Բոկաշին որպես ավանդական կոմպոստի հասունացման արագացուցիչ

Ավանդական կոմպոստի հասունացումն արագացնելու համար, շերտերի միջև շաղ են տալիս հող և բոկաշի մերանը՝ 10 կգ օրգանական զանգվածին 100 գ բոկաշի հաշվարկից ելնելով։

Բոկաշի թեյը նույնպես արագացնում է կոմպոստավորումը։ 1:10 ջրով բացված բոկաշի թեյով ջրում են կոմպոստի ամեն նոր շերտ՝ 1 մ2-ին 2 բաժակ։

Կանաչ խոտից ՆՄ թուրմ պատրաստելը

Կանաչ խոտից ՆՄ թուրմ պատրաստելու համար, ոչ մետաղական ամանի մեջ, 3/4-ի չափով լցնում են ցանկացած մանրեցված կանաչ խոտ (ամենաօգտակարն են՝ սեզախոտը, եղինջը, առվույտը, սագախոտը), վրան ջուր են լցնում և 15 լիտր ջրի հաշվարկով, ավելացնում են 1 բաժակ մուրաբա կամ քաղցր սիրոպ (մելասա, molasses, меласса) և 2-3 բաժակ բոկաշի։ Ստացված լուծույթը փակում են և, օդի +25…+35 °C ջերմության դեպքոմ, թողնում են 3-5 օր «եփվի»։

Պատրասի թուրմը, զտելուց հետո 1:10 հարաբերակցությամբ բացում են ջրով և օգտագործում են ջրելով բույսերը սնուցելու համար։

Ինչպես ինքնուրույն ներգործուն մանրեներից (ՆՄ) բոկաշի պատրաստել

Պատրաստի, չոր բոկաշի (բոկաշի թեփ, բոկաշի մերան) կարելի է գնել առցանց խանութներից։ Սակայն, ավելի էժան է գնել ներգործուն մանրեներ (ՆՄ) և ինքնուրույն պատրաստել բոկաշի։

Ինքնուրույն պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • 1 կիլոգրամ ցորենի կամ այլ հացազգիների թեփ;
  • 100 միլիլիտր ներգործուն մանրեների լուծույթ, օրինակ «Байкал», «Сияние», ՆՄ-ից ինքնուրույն պատրաստված կամ ցանկացած այլ։
  • 100 գրամ շաքարավազ (ցանկալի է շագանակագույն տեսակը);
  • 100 գրամ ծովի աղ;
  • 600 միլիլիտր թորած, անձրևային, ձնհալի կամ, ծայրահեղ դեպքում, առնվազն 24 ժամ հնեցված՝ քլորազերծ ջուր։ Ջուրը լավ կլինի գոլ լինի, ոչ տաք +36 °С-ից։
  1. Սկզբում ջրին խառնում են ծովի աղը հետո շաքարավազը։
  2. Աղի եւ շաքարի լուծվելուց հետո, ավելացնում են ներգործուն մանրեներին (ՆՄ):
  3. Ստացված լուծույթը լցնում են թեփի վրա ու լավ խառնում՝ այնպես, որ զանգվածը հավասարաչափ խոնավանա և բռի մեջ հնարավոր լինի գունդ սարքել, որը, սակայն, դիպչելուց հեշտությամբ կփխլվի։ Անհրաժեշտ խոնավությունը ստանալու համար, խառնելու ընթացքում կարելի է, ըստ անհրաժեշտության, մի քիչ ջուր կամ մի քիչ թեփ ավելացնել։
  4. Ստացված խառնուրդը լցնում են սև, ամուր ու հերմետիկ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, լավ սեղմում են, որ մեջը օդ չմնա։ Որքան քիչ օդ մնա փաթեթում, այնքան բարձր կլինի պատրաստի արտադրանքի որակը։ Տոպրակի բերանը պինդ կապում են ու այդ վիճակում 2 շաբաթ պահում են տաք սենյակում, մթության մեջ։ Այդ ընթացքում ներգործուն մանրեները, բազմանում են և բնակեցնում թեփի ողջ զանգվածը։

Եթե 2 շաբաթ անց փաթեթը բացելուց հետո խնձորի կամ թարմ թխած հացի ու կվասի հոտ է գալիս, ուրեմն ամեն ինչ ճիշտ է ընթացել և բոկաշին պատրաստ է։ Զանգվածի մակերեսին առաջացած միկրոսկոպիկ սպիտակ սնկերի հետքերը նույնպես վկայում են գործընթացի ավարտը։ Եթե սնկերի նշված հետքերը չկան, ուրեմն գործընթացն ավարտված չէ։ Պետք է նորից հանել օդը պարկից, կապել և ևս 1 շաբաթ շարունակել ֆերմենտացիան։

Իսկ եթե զանգվածից նեխածի հոտ է գալիս, նշանակում է ինչ-որ բան սխալ է ընթացել և ստացվածը օգտագործելի չէ։

ԻՆչպես հետագա օգտագործման համար պահպանել բոկաշին

Պատրաստված բոկաշին պետք է օգտագործել անմիջապես։ Իսկ եթե անհրաժեշտ է պահպանել այն հետագա օգտագործման համար, ապա պետք է մեկ օրում, մութ, տաք տեղում փռել և չորացնել այն:

Չորացնելուց հետո բոկաշին լցնում են ամուր, սև պոլիէթիլենային տոպրակի մեջ, օդը հանում են ու բերանը կապելուց հետո պահում են ջերմ մութ տեղում: Մոտ ամիսը մեկ անգամ բացում են տոպրակը, որպեսզի համոզվեն, որ բոկաշին լավ վիճակում է։ Եթե նյութից դեռ հաճելի՝ խնձորի, թարմ հացի կամ կվասի հոտ է գալիս, ուրեմն ամեն ինչ լավ է, կարելի է շարունակել նույն կարգով պահպանումը։ Իսկ եթե տհաճ հոտ կամ ավելորդ խոնավություն է առաջացել, անհրաժեշտ է նորից չորացնել բոկաշին։

Ինչպես առանց ներգործուն մանրեների (ՆՄ), բրնձի ջրից, կաթից, մելասայից և ցորենի թեփից, ինքնուրույն բոկաշի թեփ ստանալ

Առանց ներգործուն մանրեների կիրառման հնարավոր չէ ստանալ իրական բոկաշի, սակայն շատ այգեգործներ պնդում են, որ ներքո ներկայացվող ձևով ստացված բոկաշին համարյա ոչնչով չի զիջում իսկականին։

  1. Անլվա բրինձը (1 մաս) խառնում են թորած, անձրևային, ձնհալի կամ, ծայրահեղ դեպքում, առնվազն 24 ժամ հնեցված՝ քլորազերծ  ջրի հետ (2 մաս) լավ խառնում են և ստացված սպիտակ հեղուկն առանձնացնում են որևէ անոթի մեջ։ Անոթի բերանը փակում են մի քանի տակ ծալած մառլյայով։
  2. Ստացված հեղուկը մոտ մեկ շաբաթ պահում են մութ և զով տեղում։
  3. Մոտ մեկ շաբաթ անց հեղուկի վրա առաջանում է բարակ թաղանթ՝ սեր, իսկ անոթի հատակին՝  մի փոքր նստվածք կարող է լինել։ Առանց ցնցելու, միջնամասից պետք է քաշել հեղուկը և խառնել կաթի հետ՝ 10 մաս կաթ, 1 մաս հեղուկ համամասնությամբ։
  4. Ստացված նոր հեղուկը լցնում են որևէ անոթի մեջ (ոչ շատ պինդ ձգված կափարիչով փակված, որպեսզի առաջացող գազերը դուրս գան) և մոտ 2 շաբաթ պահում են մութ և զով տեղում։
  5. Մոտ 2 շաբաթ անց անոթի վերին մասում կուտակվում է կաթնաշոռատիպ զանգված իսկ ներքևում հետագա քայլերի համար անհրաժեշտ, դեղնավուն շիճուկն է։
  6.  Մոտ 3 լիտր քլորազերծ, տաք, բայց ոչ եռման ջրին խառնում են 4 ճաշի գդալ մելասա, այնուհետև խառնուրդին ավելացնում են 4 ճաշի գդալ (60 մլ) ստացված շիճուկից։
  7. Ստացված լուծույթը լցնում են մոտ 5,5 կգ ցորենի թեփի վրա և լավ խառնում՝ այնպես, որ զանգվածը հավասարաչափ խոնավանա և բռի մեջ հնարավոր լինի գունդ սարքել, որը, սակայն, դիպչելուց հեշտությամբ կփխլվի։ Անհրաժեշտ խոնավությունը ստանալու համար, խառնելու ընթացքում կարելի է, ըստ անհրաժեշտության, մի քիչ ջուր կամ մի քիչ թեփ ավելացնել։
  8. Ստացված խառնուրդը լցնում են սև, պինդ ու հերմետիկ, ցելոֆանե տոպրակի մեջ, լավ սեղմում են, որ մեջը օդ չմնա, տոպրակի վիզը կապում են ու այդ վիճակում 2 շաբաթ պահում են տաք սենյակում, մթության մեջ։ Այդ ընթացքում լակտոբացիլները, սնվելով մելասայով, բազմանում են և բնակեցնում թեփի ողջ զանգվածը։
  9. Երկու շաբաթ անց, բոկաշի թեփը պատրաստ է օգտագործման համար։ Իսկ եթե անհրաժեշտ է այն որոշ ժամանակ պահել, ապա բոկաշի թեփը բարակ շերտով փռում են ու չորացնում, որից հետո պահում են հերմետիկ ամանների մեջ։ Տոպրակը բացելուց հետո, ճիշտ պատրաստված բոկաշի թեփը պետք է ոչ տհաճ թթվահոտ ունենա։

Արտաքին հղումներ

Ինդոլ-3-քացախաթթու

Ինդոլ-3-քացախաթթուն, ԻՔԹ (անգլ.՝ Indole-3-acetic acid, չին․՝ 吲哚-3-乙酸, ռուս.՝ Гетероауксин), աուքսինների դասի ամենատարածված բնական բուսական հորմոնն է։ Այն աուքսիններից ամենահայտնին է։

ԻՔԹ-ն ինդոլի ածանցյալն է, որը պարունակում է կարբօքսիմեթիլ խումբ։ Այն անգույն պինդ նյութ է, որը լուծվում է բևեռային օրգանական լուծիչներում։

Ինդոլ-3-քացախաթթվի կիրառումը բույսեր աճեցնելիս

Ինդոլ-3-քացախաթթուն կիրառվում է պտղատու, հատապտղային և դեկորատիվ մշակաբույսերի, սոխուկավոր և պալարային, բանջարեղենային և ծաղկային մշակաբույսերի սածիլների արմատավորումը խթանելու համար։

Ինդոլ-3-քացախաթթվով մշակելուց հետո լավ զարգացած արմատները նպաստում են բույսերի ճյուղերի ու տերևների արագ զարգացմանը, որոնք, իրենց հերթին, ապահովում են բույսի բարձր կենսունակություն և բերքատվություն:

Ինդոլ-3-քացախաթթվով բույսերը մշակում են հետևյալ դեպքերում․

  • Բույսը շատ թուլացած է, մահանում է, անհրաժեշտ է շտապ վերակենդանացում;
  • Պետք է սոխուկները թրջել և նախապատրաստել տնկելուն;
  • Տնկաշիվերով (կտրոններով) բազմացման համար։ Ինդոլ-3-քացախաթթվի լուծույթի մեջ տնկաշիվերի նախապես թրջելը արագացնում է արմատների առաջացումԸ;
  • Սենյակային պայմաններում սերմից աճեցված բույսերը (մանգո, լիմոն, նարինջ, մանդարին, ավոկադո և այլ) պատվաստելիս;
  • Բույսի ավելի առատ և երկարատև ծաղկման շրջան ստանալու համար (ջրելով);
  • Սնկայն հիվանդությունից տուժած, այնուհետև ֆունգիցիդով բուժված բույսերի վերակենդանացման համար;
  • Էպիֆիտ բույսերի, օրինակ խոլորձների, արմատների վիճակը կարգավորելու համար։

Ինդոլ-3-քացախաթթվի հաբերը կամ փոշին սկզբում տարալուծում են էթիլային սպիրտի մեջ (տաքացնելով), հետո նոր խառնում ջրի հետ։

Շատ կարևոր է հստակորեն կատարել փաթեթի վրա գրված հրահանգները և չխախտել նշված չափաբաժինները։ Չափաբաժնի մեծացումը բերում է միանգամայն հակառակ արդյունքի։

Արտաքին հղումներ

Ինչպես փրկել ջրախեղդ եղած բույսերը

Սենյակային բույսերի մահվան հիմնական պատճառներից մեկը չափից շատ ջրելն է: Նորմալ կենսագործունեության համար, բույսերի արմատները թթվածնի կարիք ունեն:

Երբ ծաղկամանի մեջ ջուրը կուտակվում է և չի հեռացվում, հողը ճահճանում է, բույսի արմատները չեն կարողանում շնչել, դրանք բառացիորեն ջրախեղդ են լինում և սկսում են փտել:

Բույսը կարող է ջրախեղդ լինել տարբեր հանգամանքներում՝

  • Եթե ծաղկամանը շատ ավելի մեծ է բույսի արմատային համակարգից, բույսը չի կարողանում օգտագործել հողի ողջ խոնավությունը, եւ “պարապ” մնացած հողն ուղղակի ցեխի է վերածվում կամ ճահճանում է։
  • Երբ սենյակում ցուրտ է, գոլորշիացումը դանդաղ է ընթանում և հողը երկար ժամանակ չի չորանում։
  • Երբ չկան դրենժային անցքեր կամ դրանք խցանվել են, ապա ավելորդ ջուրը չի կարողանում դուրս գալ ծաղկամանից։
  • Կան նաև բույսեր, որոնք պարզապես չեն սիրում հաճախակի ջրվել։ Օրինակ՝ թանձրատերևուկները։

Բույսի ջրախեղդության նշանները

Առողջ բույսն աչքի է ընկնում նոր, վառ գույնի տերևներով ու ճյուղերով, արմատները սպիտակ և ճկուն են լինում, իսկ հողը հաճելի հոտ է ունենում։ Հակառակ դրան ջրախեղդ եղած բույսի հողից սկսում է նեխելու հոտ գալ, տերևները թուլանում, դալկանում են ու թափվում։ Փտող արմատները չեն կարողանում կլանել և դեպի տերևները մղել հողի միջի ջուրը, փոխարենը, փտելու հետևանքով առաջացող քայքայիչ, վնասակար նյութեր են հասնում դրանց։

Ի՞նչ պետք է անել

  • Դադարեցնել ջրելն ու պարարտացնելը։ Այևս ոչ մի կաթիլ ջուր, ոչ մի պարարտանյութ պետք չէ ավելացնել, որքան էլ բույսը շարունակի թառամել կամ կորցնել տերևները։
  • Տեղափոխել: Եթե ​​բույսը ուժեղ լուսավորությամբ տեղում է, այն պետք է տեղափոխել ավելի մեղմ լույսով տեղ: Պայծառ լույսի ներքո բույսն ավելի շատ ջրի կարիք է ունենում։
  • Ստուգել ծաղկամանի դրենաժը։ Եթե դրենաժային անցքերը խցանված են, ապա անհրաժեշտ է վերականգնել դրանց գործառույթը՝ մաքրելով կամ լրացուցիչ անցքեր բացելով։
  • Չորացնել հողախառնուրդը։ Հողի վրա անձեռոցիկներ կամ թղթյա սրբիչներ փռել, սպասել մինչև ջրի ներծծելը, այնուհետև փոխել նորերով։
  • Ավելացնել օդ: Խեղդվող բույսի արմատները օդի կարիք ունեն։ Անհրաժեշտ է հնարավորին չափ փխրեցնել ծաղկամանի հողը և բարակ ձողիկով, չվնասելով արմատները, խոր անցքեր բացել հողի մեջ։
  • Ցողել տերևները։ Քանի որ խափանվում է տերևների ջրամատակարարումը, անհրաժեշտ է հնեցված, գոլ ջրով հաճախակի ցողել բույսի սաղարթը։
  • Սպասել մեկ շաբաթ։ Սովորաբար մեկ շաբաթից մինչև 10 օրվա ընթացքում վերականգնման նշաններ են ի հայտ գալիս: Մինչև հետևողական նոր աճ չարձանագրվի, բույսը պարարտացնել պետք չէ:
  • Նոր հողախառնուրդ։ Եթե ​​բույսը շատ մեծ չէ, ապա այն փրկելու ամենաարդյունավետ և արագ միջոցը բույսը ծաղկամանից հանելն է ու հողախառնուրդը փոխելը։ Արմատներն անհրաշեշտ է զգուշորեն ազատել հին հողից, լվանալ, հեռացնել դրանց բոլոր փտած ու վնասված մասերը (կարելի է դրանից հետո, 15-20 րոպեով ընկղմել արմատները կալիումի պերմանգանատի թույլ լուծույթի մեջ), այնուհետև տնկել բույսը նոր հողախառնուրդի մեջ։ Եթե առողջ մնացած արմատների զանգվածը էականորեն փոքր է նախկինից, ապա, համապատասխան, ավելի փոքր ծաղկաման է պետք ընտրել։ Եթե հին ծաղկամանն է օգտագործվելու, ապա այն պետք է նախապես օճառով լավ լվանալ։