Չերրի լոլիկ

Լոլիկի այս տեսակն իր անվանումը ստացել է անգլերեն «cherry» բառից՝ այն պատճառով, որ դրա պտուղները նման են բալենու պտուղներին։ Չերրի լոլիկի ամենափոքր պտուղները կշռում են մոտ 10 գ, իսկ առավելագույն քաշը կարող է հասնել 25-30 գրամի։

Դրանց համը, կախված սորտից, կարող է լինել ինչպես սովորական լոլիկի համի, միայն ավելի քաղցր և հարուստ, այնպես էլ հիշեցնել սեխի, ազնվամորու, հապալասի կամ այլ հատապտուղների համերը:

Բաց գրունտում սածիլներով Չերրի լոլիկ աճեցնելը

Բաց գրունտում Չերրի լոլիկ աճեցնելու տեխնոլոգիան գործնականում չի տարբերվում խոշոր պտուղներով լոլիկների աճեցումից:

Չերրի լոլիկի սերմերը կարելի է անմիջապես բաց գրունտում ցանել, բայց վաղահաս լոլիկ վայելելու համար ավելի լավ է սածիլներ ստանալու համար սերմերը ցանել երբ դեռ դրսում ցուրտ է՝ փետրվարին կամ մարտին։

  • Սերմերը ցանում են 2-4 մմ-ից ոչ ավելի խորությամբ և հնեցված, գոլ ջրով առատ ջրում են։
  • Ցանքի համար անհրաժեշտ է ստեղծել օպտիմալ պայմաններ՝ օդի +25․․․+ 28°C ջերմաստիճան և ցերեկային լուսավորություն 10-12 ժամ լուսավորություն:
  • Առաջին ծիլերը հայտնվում են 5-ից 10 օր հետո: Սածիլների հայտնվելուց հետո ցանքը կարելի է տեղափոխել մի փոքր ավելի զով տեղ, բայց ոչ պակաս քան +20°C:
  • Սածիլները պարբերաբար ջրում են։ Չերրի լոլիկները չեն սիրում երաշտ, բայց շատ ջրելն էլ է վնասակար:
  • Երբ սածիլի վրա հայտնվում են 3-4 իսկական տերևներ, մեկ արկղում ցանված սածիլները առանձնացնում և տեղափոխում են 250-500 մլ տարողությամբ բաժակների մեջ: Բաժակի մեջ սածիլը տնկում են խորացրած՝ որպեսզի ցողունից լրացուցիչ արմատներ գոյանան:
  • Սածիլները դնում են տաք, լուսավոր տեղում։ Եթե ​​փակ պատշգամբում բավականաչափ տաք է (առնվազն +16°C), կարելի է դրանք դուրս բերել այնտեղ: Իսկ եթե ​​դեռ ցուրտ է, ապա պահում են տան պատուհանագոգին։
  • Սածիլները կարելի է բաց գրունտ տեղափոխել երբ արդեն սառնամանիքների վերադարձի վտանգ չկա և նվազագույն ջերմաստիճանը +10°С է։
  • Նախքան սածիլները բաց գրունտում տնկելը, դրանց պետք է կոփել: Եթե ​​հնարավոր է, ապա տնկելուց մեկ շաբաթ առաջ սածիլները ցերեկային ժամերին սկսում են հանել տանից դուրս՝ աստիճանաբար երկարացնելով դրսում գտնվելու ժամանակը։
  • Տնկելուց մեկ օր առաջ սածիլները չեն ջրում։ Այգում նախօրոք պատրաստված մարգում, 7-15 սմ խորությամբ փոսեր են փորում, սածիլները հանում են բաժակներից, դնում են փոսերի մեջ և լավ ջրում։
  • Բույսերի միջև հեռավորությունը պետք է լինի 70 սմ-ից մինչև 1 մ, կախված ապագա թփի չափսից: Ցածր աճող թփերը ավելի շատ ազատ տարածություն կպահանջեն, իսկ բարձրահասակները՝ ավելի քիչ։
  • Երբ բույսերը արմատավորվեն և բարձրանան մինչև 30-40 սմ, դրանց կողքին տեղադրում են հենարաններ, որոնց կապում են աճող ճյուղերը։
  • Սածիլների ծլելուց 80-90 օր անց թփերը սկսում են պտղաբերել: Ցողունից աճում են մոտ 20 պտուղներով ճյուղեր, որոնց վրա լոլիկները գրեթե միաժամանակ են հասունանում։
  • Չերրի լոլիկը բաց գրունտում շարունակում է պտղաբերել մինչև օդի ջերմաստիճանը իջնի +8․․․+10°C, ինչից հետո զարգացումը դադարում է:
  • Ցանկության դեպքում, փոքր թփերը կարելի է զգուշորեն փորել և տեղափոխել 10-20 լիտր տարողությամբ տարաների մեջ, տանել տուն և շարունակել թարմ լոլիկ ստանալ։ Ընդ որում, դրանց արտադրողականությունը որոշակիորեն կնվազի։

Բնակարանում կամ պատշգամբում Չերրի լոլիկ աճեցնելը

Սենյակային պայմաններում կամ պատշգամբում կարելի է աճեցնել միայն գաճաճ սորտեր։ Դրանք ունեն ավելի թույլ զարգացող արմատային համակարգ:

Սածիլներն աճեցնում են ինչպես արդեն նկարագրված է վերևում: Այնուհետև դրանք տեղափոխում են 4-20 լիտր տարողությամբ տարաների մեջ։ Ոմանք պնդում են, որ 8-10 լիտրը կլինի օպտիմալ, իսկ մյուսները հաջողությամբ աճեցնում են 4 լիտրանոց շշերի մեջ:

Պտուղների ձևաորման համար օդի պահանջվող ջերմաստիճանը առնվազն 16°C է: Լուսավորությունը՝ օրական 12-16 ժամ:

Սենյակը, որտեղ աճում է Չերրի լոլիկը պետք է հաճախ օդափոխվի։

Չերրի լոլիկի խնամքի առանձնահատկությունները

  • Չերրի լոլիկները չեն հանդուրժում չոր հողը, ուստի պետք է հաճախ ջրվեն։
  • Բույսերի միջև հեռավորությունը պետք է լինի այնքան, որպեսզի ապահովվի արևի լույսի և օդի հավասարաչափ բաշխում:
  • Եթե ​​հողի բավականաչափ խոնավություն չի ապահովվում, լոլիկը ծածկվում է շագանակագույն ճաքերով։ Իսկ եթե ​​խոնավությունը շատ է, պտուղները ջրիկանում են ու ճաքճքում։
  • Թփերը անպայման պետք է կապվեն հենարանից: Ցանկալի է բույսերի տակի հողը ցանքածածկել, որպեսզի պտուղները չկեղտոտվեն, իսկ հողը չտաքանա։

Չերի լոլիկը նույն հիվանդություններն ու վնասատուներն ունի, ինչ սովորական լոլիկը։

Սուկինաթթու

Սուկինաթթուն (CH2)2(CO2H)2 (անգլ․՝ Succinic acid, ռուս․՝ Янтарная кислота) կազմված է սպիտակ, անհոտ, թթվաշ բյուրեղիկներից։ Առաջին անգամ այս նյութը ստացվել է XVII դարում՝ բնական սաթից։

Սուկինաթթուն բավականին արագ լուծվում է գոլ ջրում։ Օգտագործվում է ինչպես բժշկության, այնպես էլ այգեգործության մեջ։ Չափավոր օգտագործման դեպքում, մարդու, կենդանիների կամ բույսերի համար վտանգավոր չէ։ 

Վաճառվում է դեղատներում՝ դեղահաբերի տեսքով և ագրոքիմիական խանութներում՝ փոշու տեսքով։

Այս նյութը կարգավորում է հողի միկրոֆլորան, օգնում է բույսներին ավելի արդյունավետ յուրացնել սննդարար նյութերը և պարարտանյութերը, խթանում է աճը, բողբոջման պրոցեսները,  հիանալի է ազդում սենյակային բույսերի վրա, ինչպես նաև բարձրացնում է բանջարանոցային բույսերի բերքատվությունը:

Սուկինաթթուն պարատանյութ չէ, ուստի դրա կիրառումը չի վերացնում օրգանական կամ հանքային պարարտանյութերով բույսերի սնուցման անհրաժեշտությունը։

Սուկինաթթվի կիրառումը

Սերմերի մշակում

0.4 գրամ սուկինաթթուն (4 հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։  Ցանելուց առաջ սերմերը 12-24 ժամ թրջում են այդ լուծույթի մեջ։ Բույսերը մշակումից հետո աճում են ավելի լավ և առողջ։ 

Բույսերը ցողելու համար

Առողջ ու գեղեցիկ բույսեր ունենալու համար, 0.1 գրամ (1 հաբ) սուկինաթթուն (փոշի կամ հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Այդ լուծույթով ցողում են սենյակային բույսերը կամ լվանում են դրանց տերևները։

Ավելացնելով ամոնյակ կարելի է բույսերը ցողելու համար պատրաստել ավելի ուժեղացված և արդունավետ լուծույթ (ամոնյակի սուկցինատ)․
0.2-0.3 գրամ սուկինաթթու (2-3 հաբ) + 2 մլ ամոնյակի 10%-նոց լուծույթ + 1 լիտր ջուր։

Բույսերը ջրելու համար

0.2-0.3 գրամ սուկինաթթուն (2-3 հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։  Հասուն բույսերը ջրում են շաբաթը մեկ անգամ՝ մինչև բույսի առողջանալն ու ամրապնդվելը։ 

Խոլորձների (орхидея) համար

Սուկինաթթվի կանոնավոր կիրառումը ավելացնում է խոլորձի սթրեսադիմացկունությունը, ամրություն է հաղորդում տերևներին և երկարաձգում է բույսի ծաղկման շրջանը: Բացի այդ, վերականգնվում է հողի թթվաալկալային հավասարակշռությունը,ինչը նպաստում է, որ խոլորձներն ավելի առողջ լինեն:

0.2 գրամ սուկինաթթուն (2 հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են մոտ 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Այդ լուծույթով ջրում կամ ցողում են խոլորձները, կամ լվանում են դրանց տերևները։

Անհետաձգելի, արագ բուժման համար կարելի է սուկինաթթվի քնակը հասցնել 0.4 գրամի (4 հաբի)։

Իրականում կիրառման մի քանի արդյունավետ տարբերակներ կան.

Արմատների համար. Խոլորձը տեղափոխելիս, արմատը թաթախում են սուկինաթթվի լուծույթի մեջ, ինչն օգնում է բույսին հարմարվել և կանխում է փտելը։ Սուկինաթթվի 1 հաբը լուծում են 0,5 լիտր ջրի մեջ և բույսի արմատը 30 րոպեով իջեցնում են լուծույթի մեջ, այնուհետև չորացնում օդում։ Դրանից հետո բույսը տնկում են նոր սուբստրատով ծաղկամանի մեջ։ Մի քանի շաբաթ անց կհայտնվեն նոր արմատները։

Տերևների համար. Խոլորձների սուկինաթթվով սաղարթային մշակումը ամենից հաճախ հանգում է տերևները լուծույթով սրբելուն։ Այդպիսով դրանք արագ կլանում են օգտակար նյութերը։ Այս մեթոդը հատկապես արդյունավետ է, եթե տերևները կնճռոտված են և դեղնած։ Անհրաժեշտ է սուկինաթթվի 1 հաբը լուծել 1 բաժակ ջրի մեջ, լուծույթով թրջել բամբակյա սկավառակը և դրանով սրբել տերևները։ Դա անում են ամեն առավոտ՝ մինչև բույսի տուրգորը վերադառնա: Բացի սրբելուց, կարելի է ցողել ծաղիկը: Լուծելու չափաբաժինն այս դեպքում՝ 1 հաբը 0,5 լ ջրին։ Ծաղկելը խթանելու համար բույսերը ամեն օր են ցողում, բուժելու համար՝ 2 օրը մեկ անգամ, իսկ որպես կանխարգելիչ միջոց՝ շաբաթական 1 անգամ։

Ջրելու համար. Սուկինաթթվի 1 հաբը լուծում են 1 լիտր ջրի մեջ և բարակ շիթով, դանդաղ ջրում են խոլորձը մինչև ողջ սուբստրատի թրջվելը։

Սուկինաթթվից պատրաստված լուծույթները խորհուրդ չի տրվում 3 օրից ավել պահել։
Եթե սուկինաթթվի լուծույթը ընկել է աչքի մեջ, պետք է աչքը անմիջապես լվանալ մեծ քանակությամբ մաքուր ջրով, կարմրությունների, քորի դեպքում, պետք է դիմել բժշկի։ Մեծ քանակությամբ սաթաթթու խմելու դեպքում նույնպես շտապ պետք է դիմել բժշկի։ 

Արտաքին հղումներ

Ռեհան կիտրոնային

Կիտրոնային ռեհանը (անգլ․՝ Lemon basil, Hoary basil, Thai lemon basil, Lao basil, ռուս․՝ Лимонный базилик , Седой базилик , Тайский лимонный базилик, Лаосский базилик, լատ․՝ Ocimum × africanum) Ռեհանի (Ocimum basilicum) և Ամերիկյան ռեհանի (Ocimum americanum)

հիբրիդ է։ Խոտաբույսն աճեցվում է հիմնականում հյուսիսարևելյան Աֆրիկայում և Հարավային Ասիայում՝ իր անուշահոտ կիտրոնի բույրի համար և օգտագործվում է զանազան խորտիկներ պատրաստելիս:

Կիտրոնային ռեհանի ցողունները կարող են աճել մինչև 20–40 սմ: Այն ամառան վերջից մինչև աշնան սկզբը ծաղկում է սպիտակ ծաղիկներով: Տերեւները նման են ռեհանի տերեւներին, բայց մի քիչ ավելի նեղ են՝ թեթև ատամնավոր եզրերով: Բույսի վրա, ծաղկելուց հետո սերմեր են գոյանում և չորանում բույսի վրա։

Կիտրոնային ռեհանի ագրոտեխնիկան չի տարբերվում ռեհանի ագրոտեխնիկայից։

Արտաքին հղումներ

Շալոտ

Շալոտը կամ սոխ-շալոտը (անգլ․՝ Shallot, ռուս․՝ Лук-шалот) բազմամյա, սոխազգի խոտաբույս է: Անվանումը աշկելոնյան կամ ասկալոնյան բառի ֆրանսերենում տրանսֆորմացվելու արդյունք է:

Պրասի և կտրող սոխի նման, շալոտն էլ Allium ցեղի, Amaryllidaceae ընտանիքին պատկանող բույս է: Այն ավելի դիետիկ է քան գլուխ սոխը, ավելի շատ ասկորբինաթթու, վիտամին C և B, եթերայուղեր և հանքանյութեր է պարունակում, ինչպես նաև ֆոսֆոր, կալցիում և երկաթ: Շալոտը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, մասնավորապես, տեսողության և մարսողության վրա: Ոչ պակաս առավելություններից է շալոտի համը։ Այն նուրբ է և զուրկ դառնությունից։ Ի տարբերություն սոխի, ունի նկատելի շաքարի պարունակություն։ Շալոտը կտրելուց գործնականում արցունք չի լինում, այն նաև շատ հեշտ է մաքրել՝ ընդամենը պետք է տաս րոպեով սոխը գցել եռացող ջրի մեջ ու կլեպը ինքնուրույն կանջատվի:

Շալոտի ամենահայտնի երկու տեսակներն են ֆրանսիականը՝ Allium oschaninii և հոլանդականը՝ Allium cepa var: aggregatum, կամ հիբրիդներ, որոնք ստացվել են դրանցից մեկից կամ երկուսից էլ:

Շալոտ ֆրանսիական (Allium oschaninii)
Շալոտ հոլանդական (Allium cepa var: aggregatum)

Մեկ այլ տեսակը՝ Allium stipitatum, հայտնի է որպես պարսկական շալոտ (Musir): Այն վայրի աճում է արևմտյան Ասիայի տարբեր մասերում, ավելի շատ սխտորի, քան սոխի համ ունի և օգտագործվում է իրանական և այլ խոհանոցներում:

Ինչպես սոխն ու սխտորը, շալոտի սոխուկը պատված է բարակ, կարմիր կամ դեղին կլեպով: Ներսից դրանք շերտավորված են սոխի նման, բայց, շալոտի մոտ, սխտորի պես, մեծ սոխուկը կարող է երկու և ավելի առանձին գլխիկներից կազմված լինել։

Շալոտ աճեցնելը

Ե՛վ ֆրանսիական, և՛ հոլանդական շալոտները կարելի է աճեցնել իրենց սոխուկներով, բայց միայն հոլանդականը՝ սերմերով, քանի որ ֆրանսիականը համարյա երբեք չի ծաղկում։

Ի դեպ, սերմից աճեցված հոլանդական շալոտի մեկ բույսը կտա ընդամենը երեք-չորս սոխուկի բերք: Իսկ երբ սերմացու սոխուկից է աճեցվում, 8-12 նոր սոխուկներ կաճեն շուրջը:

Սածիլներով աճեցնելը

Գարնան վերջին ցրտերի ամսաթվից 8-10 շաբաթ առաջ, սածիլավորման բաժակների մեջ լցնում են պարարտ, փխրուն, խոնավ հողախառնուրդ և մոտ 1,5 սմ խորությամբ փոսիկների մեջ գցում են երկուական սերմ: Այնուհետև փոսիկները ծածկում են հողով, ջրում են ցողիչով և բաժակները դնում տաք, լուսավոր տեղում։ Բաժակների հողը պետք է խոնավ պահել մինչև սերմերի ծլելը, ինչը տեղի կունենա 10-14 օրվա ընթացքում:

Հենց սերմերը ծլեն, բաժակները պետք է տեղափոխել պատուհանագոգին՝ արևի ուղիղ ճառագայթների տակ կամ ապահովել արհեստական լուսավորություն՝ ապահովելով օրական 6-8 ժամ պայծառ լուսավորություն:

Երբ սածիլները 5-7 սմ բարձրության հասնեն, պետք է հեռացնել ավելի թույլերը՝ ամեն բաժակի մեջ թողնելով մեկական սածիլ:

Բաց գրունտ սածիլները տեղափոխում են ծլելուց մոտ ութ շաբաթ անց, կամ երբ դրանց հասակը 13-15 սմ և ունեն առնվազն երեք բարակ, երկար տերևներ:

Բաց գրունտում ցանելը

Շալոտ աճեցնելու համար անհրաժեշտ է 6-8 ժամ լիարժեք արև և պարարտ, լավ դրենաժով հող` 6.0-7.0 pH թթվայնությամբ: Ավազակավային հողերը շատ հարմար են։ Հողից ջրահեռացումը խթանելու համար, ավելի կարծր հողերի դեպքում առաջարկվում են բարձր մարգեր կամ բարձր շարքերում ցանել:

Հողը պարարտացնելուց և հարթեցնելուց հետո միմյանցից 15-20 սմ հեռու և շարքերի միջև 30 սմ հեռավորություն պահելով բացվում են 1,5 սմ խորությամբ փոսիկներ, որոնց մեջ գցում են 2-ական սերմ։

Մինչև սերմերի ծլելը, հողը պետք է մշտապես խոնավ պահվի, բայց ցեխ չլինի։ Ծլելուց հետո ավելի քիչ են ջրում՝ շաբաթական 2,5 սմ տեղումների չափ։

Սերմեր ցանելուց հետո, առաջին տարում կազմավորվում են սոխ, որը բաղկացած է լինում 4 փոքր սոխուկներից, որոնք, չորանալուց հետո հեշտ առանձնանում են։ Այդ սոխուկները տնկում են հաջորդ սեզոնին՝ և ավելի մեծ բերք են տալիս, նոր սոխուկներըկարելի է օգտագործել հետագա բազմացման համար ոչ ավելի, քան 4 տարի: Այնուհետև տնկանյութը պետք է թարմացնել` սորտային հատկությունները պահպանելու համար:

Սոխուկներով աճեցնելը

Շալոտի սոխուկները տնկում են խոր աշնանը՝ առաջին ցրտահարությունից հետո, կամ գարնան վերջին ցրտերի ամսաթվից 2-4 շաբաթ առաջ:

Առաջին բերքը կարելի է հավաքել 30 օր հետո, երբ փետուրների բարձրությունը հասնում է 22-24 սմ-ի։

Խնամքը

  • Ողջ վեգետացիոն շրջանում շալոտի ցաքը պետք է կանոնավոր և պարբերաբար ջրվի: Բերքահավաքից մեկ ամիս առաջ ջրելը դադարեցնում են, որպեսզի վերգետնյա մասը դեղնի ու չորանա:
  • Քաղհան անելու ու հողը փխրեցնելու կարիք միշտ կա։ Մոլախոտերը շատ են խանգարում շալոտի աճին։
  • Առաջին ծիլերի հայտվելուց հետո կարելի է ցանքը պարարտացնել ազոտով, հումուսով կամ միզանյութով: Սոխուկների ձևավորման փուլում անհրաժեշտ կլինի կալիումով, մոխրով և թռչնաղբով սնուցումը:
  • Եթե ​​ցանկություն կա մեծ սոխուկներ աճեցնել, անհրաժեշտ է ցանքը նոսրացնել։ Հուլիսի սկզբին պետք է հեռացնել մանր սոխուկները հեռացնել՝ փոսիկներում թողնելով մոտ 4 մեծ սոխուկներ։
  • Շալոտը հազվադեպ է հիվանդանում, բայց դա կարող է տեղի ունենալ երկարատև ցուրտ և խոնավ եղանակի դեպքում: Այդ դեպքերում վնասված բույսերը պարզապես հեռացնում են, իսկ առողջ թփերը մշակում են հակասնկային միջոցներով։ Երբ շալոտը որդնում է, սոխուկները մշակում են աղի ջրային լուծույթով։ Սոխի ճանճին վանելու համար, բույսերի վրա փայտի մոխիր են շաղ տալիս։
  • Բերքահավաքն անում են օգոստոսի սկզբին։

Հղումներ