Ֆիկուս բենգալյան

Բենգալյան ֆիկուսը (անգլ․՝ Indian banyan, Banyan fig, ռուս․՝ Фикус бенгальский, լատ․՝ Ficus benghalensis) թթազգիներին ընտանիքին պատկանող ծառ է, աճում է Բանգլադեշում, Հնդկաստանում և Շրի-Լանկայում։

Բնական միջավայրում այս մշտադալար ֆիկուսը 30-40 մետր բարձության է հասնում, ունի խոշոր՝ մինչև 30 սմ երկարություն ունեցող տերևներ և հարթ բուն գորշաշագանակագույն կեղեևով։ Աճում է “բանյան” ձևով՝ բարձրանում ու “թառում” է որևէ ծառի վրա, այնուհետև բաց է թողնում օդային արմատներ, որոնք հասնելով գետնին, հաստանում են և դառնում ծառի նոր բներ։

Բույսի պտուղներով սնվում են թռչունները և կաթնասունները: Սենյակային պայմաններում հասնում է մինչև 3 մետր բարձրության։

Բացի գեղեցիկ սենյակային բույս լինելուց բենգալյան ֆիկուսը համարվում է սենյակի օդը արդյունավետորեն մաքրող բույս։ Մաքրում է այնպիսի վնասակար նյութերից, ինչպիսիք են ամոնիակը, ֆորմալդեգիդը, բենզոլը, ֆենոլը։ Բացի այդ, բենգալյան ֆիկուսը արտաքին միջավայր է արտանետում մարդու ինքնազգացողությունը բարելավող նյութեր։

Բենգալյան ֆիկուսը կիրառություն ունի նաև կոսմետոլոգիայում և ժողովրդական բժշկությունում։

Խնամքը

Օդի ջերմաստիճանը: Գարուն-ամառ ժամանակահատվածում սենյակի օդի ջերմաստիճանը պետք է +18°C բարձր լինի: Ամենահարմարավետ ջերմասիճանային տիրույթը +18․․․ +22°C է, սակայն, լինելով արևադարձային բույս, դիմանում է շատ ավելի շոգին։ Ձմռան ամիսներին ջերմաստիճանը պետք է չիջնի +17°C-ից:
Օդի խոնավությունը: Հարմարավետ է սենյակի օդի 50%-60% խոնավության ցուցանիշը: Նման պայմաններ ապահովելու համար, չոր կլիմայում կիրառում են հնեցված ջրով բույսը պարբերաբար ցողելը, տերևները խոնավ սպունգով մաքրելը և/կամ ծաղկամանը ջրով և խիճով լի, սաղր տակդիրի վրա դնելը։
Լուսավորությունը։ Անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, սակայն իրեն լավ է զգում նաև ցրված, պայծառ լույսի ներքո: Հարավ-արևելք կամ հարավ նայող պատուհանի գոգը հարմար է բույսի համար:
Ջրելը: Ջրում են կանոնավոր ու չափավոր՝ թույլ չտալով որ ջուրը լճանա արմատների մոտ: Ջրել պետք է երբ ծաղկամանի հողի վերին շերտը մոտ 2 սմ խորությամբ չորանա։
Հողախառնուրդը։ Պարարտ, մի փոքր թթու կամ չեզոք: Ինքնուրույն պատրաստելիս խառնում են տերևային բուսահող (2 մաս), ավազ (1 մաս) և ճմահող (2 մաս)։
Սնուցումը: Վեգետացիոն շրջանում, երկու ամիսը մեկ սնուցում են կատարում՝ փոխնեփոխ կիրառելով օրգանական և համալիր, հանքային պարարտանյութեր:
Տեղափոխումը: Այլ, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխում են ըստ անհրաժեշտության, ձմռան վերջին շաբաթներին՝ 2 կամ 3 տարին մեկ անգամ:
Բազմացումը։ Գագաթային կտրոններով և անդալիսով: Կտրոնները կարող են արմատակալել ինչպես ջրի մեջ, այնպես էլ խոնավ սուբստրատում։
Էտը: Ձևավորող էտ արվում է ամեն տարի:
Խնամքի առանձնահատկությունները: Սենյակային պայմաններում չի ծաղկում։ Բացասաբար է արձագանքում միջանցքային քամիներին: Սաղարթի հավասարաչափ զարգացման համար ծառը պետք է պարբերաբար մի փոքր պտտել իր առանցքի շուրջ: Բույսը պարունակում է կաթնային հյութ, որը վտանգավոր է բրոնխային ասթմայով տառապող մարդկանց համար: Բույսի հետ աշխատելիս խորհուրդ է տրվում ձեռնոց հագնել:

Հնարավոր բարդություններ

Թափվում են տերևները։ Պայմանավորված է չափից շատ ջրելով և արմատները ջրախեղդ անելով։

Մեծահասակ ծառի ներքևի տերևներն են թափվում։ Սա բնական գործընթաց է, բույսը փոխում է սաղարթը:
Տերևները թոշնում են։ Բույսը ջրի խիստ պակաս ունի:
Տերևների վրա հայտնվում են շագանակագույն բծեր: Դա կարող է պայմանավորված լինել հողի մեջ չափազանց շատ պարարտանյութի պարունակությամբ, սենյակի շատ ցուրտ լինելով, կամ օդի չորությամբ:
Տերևները կորցնում են ձգությունը և թոշնում են: Ծառն աճում է չափից մեծ ծաղկամանում կամ արմատային համակարգում ջրի լճացում կա:
Խունացած սաղարթ: Չափազանց վատ լուսավորության հեևանք:
Շատ դանդաղ աճ: Բույսը ժամանակին չի սնուցվում, ունի սննդանյութերի պակաս:
Նկատվում է նորահայտ տերևների մանրացում: Ոչ բավարար լուսավորության հետևանք է:
Բույսը անբնական ձգվում է: Լույսի պակաս ունի:
Վնասատուներ: Եթե ​​բույսը երկար ժամանակ գտնվում է չոր օդում, կարող են ենթարկվել ալրատիզի, սարդոստայնային տիզի, տրիփսերի կամ վահանակիրների հարձակմանը:

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *