Մրոտող սունկ

Մրոտող սունկը կամ մրոտող բորբոսը (անգլ․՝ Sooty mold, ռուս․՝ Чернь կամ Сажистый грибок) բույսերի տարածված սնկային հիվանդություն է։ Ascomycete խմբի այս սնկերն աճում են բույսերի, դրանց պտուղների, նաև շրջակա օբյեկտների վրա, ինչպիսիք են ցանկապատերը, այգու կահույքը, քարերը և այլն:

Մրոտող սունկը սնվում է բույսի կամ պտղի արտադրած շաքարային արտազատումներից, կամ, եթե բույսը վարակված է մեղրաբույծ արտազատող միջատներով, դրանց մեղրաբույծով։ Մրոտող սունկը հաճախակի հայտնվում է թրփսերի, ալրատիզերի, վահանակիրների, սպիտակաթևիկների հարձակմանը ենթարկված, թուլացած բույսերի վրա։

Մրոտող սունկը ինքնին քիչ է վնասում բույսին, բայց աստիճանաբար տարածվելով արգելակում է տերևներում ընթացող ֆոտոսինթեզը և ապականում է բույսի տեսքը:

Մրոտող սնկից ազատվելու համար, առաջին հերթին պետք է վերացնել վնասատուներին, որոնց մեղրաբույծ արտազատումներով են սնվում դրանք։

Երբ բույսի տերևներին հայտնվում են մրոտող սնկերը, դրանց հեշտ չէ հեռացնել:

Լավագույն մեթոդներից մեկը վնասված բույսը ջրի և աման լվալու հեղուկի խառնուրդի մեջ ընկղմելն է: Մեկ ճաշի գդալ (15-18 մլ) աման լվալու հեղուկը լուծում են 4,5 լիտր ջրի մեջ։ Եթե ընկղմել հնարավոր չէ, այդ նոյն լուծույթով ցողում են բույսերը և/կամ առանձին-առանձին լվանում են տերևները: 15 րոպե անց բույսի սաղարթը լվանում են հոսող ջրի տակ: Հնարավոր է անհրաժեշտ լինի մի քանի շաբաթվա ընթացքում, մի քանի անգամ կրկնել այս բուժումը:

Բույսը լվալու համար կարելի է նաև օգտագործել սպիրտային թույլ լուծույթ կամ գարեջուր։ Վերջինը նաև փայլ է հաղորդում բույսի տերևներին։

Խոշոր բույսերը, ներառյալ ծառերը, բուժում են պղնձի և օճառի լուծույթով (5 գ պղնձի սուլֆատ և 150 գ օճառ 10 լիտր ջրի դիմաց): Կարելի է նաև Բորդոյի հեղուկով սրսկել։

Ընդհանրապես, եթե միջատները վերացվեն, մրոտող սունկը աստիճանաբար կչորանա և կթափվի։

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *