Ալրատիզ

Ալրատիզը (անգլ․՝ Mealybug, ռուս․՝ Мучнистый червец, լատ․՝ Pseudococcidae) սենյակային բույսերի վտանգավոր վնասատու է, որն արագ բազմանում է խոնավ ու տաք միջավայրում։

Նկարագրված է ալրատիզի ավելի քան 2200  տեսակ, որոնցից 330-ը տարածված են Եվրոպայում։

Ալրատիզի որձերը, ի տարբերություն էգերի և թրթուրների թևավոր են ու անվնաս՝ քանի որ զուրկ են բերանից։ Իսկ էգերն ու թրթուրները գոյատևում են բույսերի հյութը ծծելով։

Էգերը, ձվադրելու համար, բույսի վրա ընտրում են թաքուն, դժվարամատչելի տեղեր և մեկ անգամից կարող են 300-2000 ձու դնել։

Թրթուրները շատ շարժունակ են, արագ տարածվում են բույով մեկ և կարող են բույսից բույս տեղափոխվել քամու, մարդու կամ կենդանու միջոցով։

Ալրատիզերն արտաթորում են կպչուն զանգված, որը մնալով բույսի վրա, դառնում է սնկային հիվանդության օջախ։

Ալրատիզի դեմ պայքարը

Կանխարգելում

  • Անհրաժեշտ է պարբերաբար, ուշադիր զննել բույսերը, մանավանդ ալրատիզի համար հարմար մասերը՝ տերևների ներքին մակերեսը, կոկոնները, մատղաշ և նեղ տեղերը։
  • Պետք է մշտապես հետևել բույսի և ծաղկանոցի մաքրությանը, հեռացնել թափված ու չորացած տերևները, կտրել վնասված մասերը, խոնավ լաթով մաքրել տերևները, լողացնել բույսերը ցնցուղի տակ (տե՛ս, թե ինչպես մաքրել սենյակային բույսերի տերևները==>
  • Պետք է միշտ թեթևակի խոնավ պահել ծաղկամանի հողը, քանի որ ալրատիզը խորշում է թաց հողից։
  • Պատուհանի գոգին կամ ջերմոցում պետք չէ շատ խիտ տեղադրել բույսերը։
  • Նոր բույս ձեռք բերելու դեպքում, այն պետք է 1-2 շաբաթ մեկուսի՝ կարանտինում պահել և միացնել մյուս բույսերին միայն համոզվելուց հետո, որ բույսն առողջ է։

Պայքարի տնայնագործական միջոցներ

Եթե բույսերի վրա ալրատիզերի քանակը շատ մեծ չէ, կարելի է փորձել դրանց վերացնել հետևյալ միջոցներով՝

  1. Օճառաջուր։ Տնտեսական կամ կանաչ օճառի ջրային լուծույթի մեջ թաթախված բամբակով մշակել բույսի բոլոր տերևներն ու ճյուղերը։
  2. Օճառի սպիրտային լուծույթ։ Տեսանելի սպիտակ բծերը հեռացնելուց հետո, 1լ գոլ ջրին խառնում են 15 գ հեղուկ օճառ և 10 գ սպիրտ կամ օղի ու այդ լուծույթով լավ ցողում են բույսը։ Մի քանի ժամ անց բույսը լվանում են ցնցուղի տակ։
  3. Սխտոր։ Ճզմած սխտորը խառնում են 70%-ոց սպիրտի և ջրի հետ՝ 1:1:3 հարաբերակցությամբ, զտելուց հետո, ստացված հեղուկով ցողում են բույսը։
  4. Ցիտրուսային թուրմ։ 50-100 գ ցիտրուսային մրգի կլեպի վրա լցնում են 1 լիտր գոլ ջուր և 24 ժամից զտում են ու ցողում բույսը։
  5. Վաղենակի թուրմ։ 100 գ վաղենակի չորացրած ծաղիկների վրա լցնում են 1 լ գոլ ջուր և թրմում են 24 ժամ։ Զտելուց հետո ցողում են բույսը։

Միջատասպան թունաքիմիկատներ

Ծանր դեպքերում, երբ տնայնագործական միջոցները չեն օգնում, միակ փրկությունը հատուկ միջատասպան (insecticide) նյութերն են՝ Актара, Фитоверм, Биотлин, Моспилан։

Վերը թվարկված համակարգային միջատասպան նյութերի գործողության ժամկետը մոտ 2 շաբաթ է, ուստի, ալրատիզի բոլոր սերունդներից ազատվելու համար անհրաժեշտ է լինում բույսի 2-3 մշակում անել՝ 14 օրը մեկ պարբերականությամբ։

Կարդացեք նաև մեկ այլ նյութ, թե ինչպես սենյակային բույսերը պաշտպանել վնասատուներից ==>

Արտաքին հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *