Ընդախոտը կամ Ընդեղեն խոտը (անգլ.՝ Sweetgrass, ռուս.՝ Зубровка, լատ.՝ Hierochloe) հացազգի, բազմամյա, բուրավետ խոտաբույսերի ընտանիք է։ Հաշվառված է 33 տեսակ։
Ընդախոտերը տարածված են երկրագնդի չափավոր և արկտիկական կլիմայական գոտիներում։Աճում են անտառաեզրերին, տափաստաններում եւ կիսաանապատներում, ճահճային վայրերում եւ ողողովի մարգագետիններում: Հանդիպում են նաև բարձր լեռնային շրջաններում։
Ընդախոտերն ունեն երկար, հորիզոնական, սողացող արմատ, որը տարածվելով, կյանք է տալիս նորանոր բույսերի։ Արդյունքում կազմավորվում է խիտ ճմածածկ։ Հարթ, ուղղահայաց ընձյուղների բարձրությունը տատանվում է 40-ից մինչեւ 70 սմ: Տերևները վառ կանաչ են։
Վեգետացիոն շրջանը սկսվում է վաղ գարնանը և արդեն մայիսին առջանում են սերմերի լայն բացված ավլափնջերը։
Ընդախոտի վերգետնյա մասերը պարունակում են կումարին, որի շնորհիվ բույսը յուրահատուկ բուրմունք ունի՝ վանիլինի եւ կոկոսի հոտի խառնուրդ է հիշեցնում։
Ժողովրդական բժշկությունում ընդախոտից պատրաստուկները կիրառվում են մաշկային, մարսողական եւ շնչառական համակարգերի բուժման համար։ Այնուամենայնիվ, պաշտոնական բժշկության մեջ լայն տարածում նման դեղամիջոցները չեն ստացել՝ կողմնակի ազդեցությունների պատճառով:
Ընդախոտը լայնորեն կիրառվում է օղի և լիկյորներ արտադրելիս: Բացի այդ, ընդախոտը հիանալի համային հավելում է տարբեր մարինադներ, թթուներ պատրաստելիս։
Աճեցնելն ու խնամքը
Ընդախոտն արագ է աճում՝ արմատի յուրաքանչյուր հանգույցից նոր թուփ է ծլում, այնպես որ, մեկ սեզոնում բույսը կարող է զավթել ու կանաչապատել բավականին մեծ տարածք։
Բացի դեկորատիվ կանաչապատումից, ընդախոտը նաև օգտագործվում է լանջերի ամրացման և հողի էրոզիան կանխելու համար։
Ընդախոտը լավ է աճում և՛ բաց գրունտում, և՛ թաղարների մեջ։ Սերմ էլ է միշտ տալիս, սակայն դրանց ծլողունակությունը խիստ ցածր է՝ մոտ 30%: Շատ ավելի հեշտ է արմատը բաժանելով բազմացումը, որն անում են ծաղկելուց առաջ կամ հետո։
Բերքահավաքն անում են ծաղկման շրջանում: Կտրած խոտը բարակ շերտով փռում են արևի տակ, կես ժամը մեկ շուռ են տալիս ու մինչև լրիվ չորանալը տերևները հյուսում են միմյանց հետ։ Չորացրած ընդախոտը իր բուժիչ եւ համային հատկությունները պահպանում է երկու տարվա ընթացքում՝ պայմանով, որ պահպանվի չոր, օդափոխվող տարածքում։
Լրացուցիչ տեղեկություններ
Ընդախոտն իրեն լավ է զգում ցանկացած հողի վրա: Սակայն, երբ աճում է ծանր, կավային հողում, պետք է հոգ տանել լավ դրենաժի մասին։
Շոգ կլիմայով շրջաններում խորհուրդ է տրվում ըդախոտն աճեցնել կիսաստվերում, իսկ ավելի զով կլիմայում անհրաժեշտ է ընտրել լավ լուսավորված տարածք:
Ջրել անհրաժեշտ է միայն առաջին տարում, հետագայում միայն ամռան շոգին։
Ընդախոտը լավ է արձագանքում օրգանական կամ համալիր հանքային պարարտանյութերով սնուցմանը: Սնուցումն արվում է սեզոնում երկու-երեք անգամ։
Ցրտադիմացկուն է՝ ձմեռում է առանց ծածկելու:
Ինվազիվ է, առանց սահմանափակող գոտիների կարող է զավթել չնախատեսված տարածքներ։