Անգլերենում ծխեցման այդ գործընթացը կոչվում է «smudging» իսկ ռուսերենում «окуривание травами»:
Բնակարանի ծխեցումը տարբեր երկրներում և հասարակություններում կիրառվում է երկու՝ կիրառական և հոգևոր նպատակներով։
Համարվում է, որ բնակարանի կամ այլ փակ տարածքի օդը բուրավետ դեղաբույսերի ծխով մշակելը մաքրում է թե՛ օդը, թե՛ տարածքի աուրան։
Որքան էլ թերահավատորեն է մոտենում պարտիզպանը վերը նշված երկրորդ բաղադրիչին, ստորև, շեշտը, բնականաբար, դնելով բույսերի ընտրության և օգտագործման կարգի վրա, համառոտ կանդրադառնանք նաև այդ բաղադրիչներին։
Դեռ նախամարդուց սկսած, մարդն ու ծուխը անբաժան են։ Հնուց մարդիկ իրենց տներում այրել են անուշահոտ խոտաբույսեր եւ խեժեր, որոնց միջոցով օդը մաքրել են ախտածին մանրէներից ու «չար էներգիայից» և լիցքավորել բուժիչ բուրմունքներով ու «պաշտպանիչ ուժերով»։ Կարծիք կա, որ մաքրագործող ծուխը նպաստում է հիվանդների բուժմանը, վերականգնում է առողջ քունը, հանդարտեցնում է ագրեսիվ կամ անհանգիստ մարդկանց, իր հետ տանում է փոխադարձ վիրավորանքները, վեճերը և կռիվները, նախապատրաստում է տարածքը ծիսակատարություններ կատարելու համար:
Անշուշտ, առաջին հերթին պետք է հիշատակել խնկարկելու ավանդույթը մեզանում։ Հայտնի է, որ տարբեր բուսախեժերից կազմված խունկն ունի հականեխչ և բուժիչ հատկություններ։ Նաև շատերը լսած կլինեն հնդկական բուրավետ ձողիկների ծխով սենյակի օդը բարելավելու մասին։
Իսկ ավանդական չինական բժշկության մեջ մինչ օրս էլ լայնորեն կիրառվում է օշինդրից փաթաթված «սիգարներով» բուժումը, երբ դրա ծխով ու ջերմությամբ մշակում են ցավող տեղերն ու կենսաակտիվ կետերը։
Ինչևիցէ, գիտականորեն ապացուցվել է, որ այրվող դեղաբույսերի միջոցով մեկ ժամվա ընթացքում ծխեցված տարածքում, օդի միջի բակտերիաների քանակը նվազում է 94%-ով։ (աղբյուրը)
Ինչ բույսեր են օգտագործվում ծխեցման համար
Ծխեցման համար, առանձին-առանձին կամ խառը փնջի մեջ, օգտագործում են՝
Եղեսպակ (անգլ.՝ Sage, ռուս.՝ Шалфе́й, լատ.՝ Salvia)
Եղեսպակն ամենից հաճախ են օգտագործում տան ծխեցման համար։ Համարվում է, որ եղեսպակի ծուխը բուժիչ է, մաքրում է օդը, «օրհնում ու մաքրում է տարածքի էներգիան»։ Եղեսպակի տարբեր տեսակներ կան, լավագույնն է համարվում Salvia Apiana տեսակը։
Մայրու ճյուղ (անգլ.՝ Cedar, ռուս.՝ Кедр, լատ.՝ Cedarus)
Մայրու ճյուղի ծուխը ասոցացվում է պաշտպանության հետ: Հնդկացիներն, օրինակ, հավատում են, որ մայրիները հին, իմաստուն եւ հզոր հոգիներ են կրում։ Այրվող մայրու ճյուղով բնակարանը ծխեցնում են նորամուտից առաջ։ Համարվում է, որ ցուխը ցրում է բնակարանի անցանկալի էներգիան։ Ծխեցում հաճախ անում են բնակարանամուտի ժամանակ՝ տան մաքրման համար: Այն վանում է անցանկալի էներգիան և պաշտպանում է նոր բնակիչներին։ Որոշակի սենյակի հետ կապված հիշողություններից եւ կապանքներից ազատվելու համար էլ են ծխեցնում։
Ընդախոտ կամ Ընդեղեն խոտ (անգլ.՝ Sweetgrass, ռուս.՝ Зубровка, լատ.՝ Hierochloe)
Համարվում է, որ ընդախոտի ծուխն իր անուշ բուրմունքով ոչ միայն օդն է մաքրում, այլև մարդկանց հոգիները։
Նարդոս (անգլ.՝ Lavender, ռուս.՝ Лаванда, լատ.՝ Lavandula)
Նարդոսը բազմաթիվ, գիտականորեն ապացուցված օգուտներ ունի։ Ասում են, դրա ծուխը կարող է ազատել գլխացավերից եւ անհանգստությունից: Համարվում է, որ նարդոսով ծխեցումը վարակների դեմն է առնում և բացում է «սրտի չակրաները»։
Ծխեցման համար երբեմն նաև օգտագործում են չորացրած օշինդր, ուրց, եղինջ, անանուխ, խնկենի, սրոհունդ (hypericum, зверобой, hypericum), խնկունի, գիհի ծառի ճյուղ։
Տունը ծխեցնել սկսում են մուտքից։ Ծխացող խոտերի փնջով կամ ափսեով, ժամացույցի սլաքի ուղղությամբ, շրջում են ողջ տնով՝ բաց չթողնելով ոչ մի խուց կամ նեղ, մութ անկյուն։ Ոմանք դրանով էլ չեն սահմանափակվում՝ բացում և ծխեցնում են դարակներն ու պահարանները, տան կենդանիներին ու սեփական մարմինը։
Խոտերը քաղելու լավագույն ժամանակը նախքան դրանց ծաղկելն է, այդ ժամանակահատվածում եթերային յուղերի պարունակությունը ամենաբարձրն է:
Չորացնելու համար խոտաբույսերը կապում են փնջերով եւ կախում են տաք, լավ օդափոխվող տեղում: Պահել չորացված խոտաբույսերը ավելի լավ է ստվարաթղթե արկղերի կամ փակ բանկաների մեջ։
Անվտանգության խնդիրներ
- Անհայտ խոտերով ծխեցում անելը վտանգավոր է։ Թունավոր խոտերի ծուխն էլ է թունավոր լինում։
- Հղի կանանց ներկայությամբ ծխեցում չեն անում։ Հղիության շրջանում շատ խոտաբույսեր հակացուցված են եւ դրանց ծուխը նույնպես:
- Շնչառական ուղիների հիվանդություններով տառապող մարդիկ նույնպես պետք է խուսափեն ծխեցումներից։
- Ծխեցում անելիս պետք է շատ զգույշ վարվել այրվող խոտի հետ՝ մանավանդ նեղ խցեր ու մարմնի մասեր ծխեցնելիս։ Եթե ծխեցումն արվում է հյուսված խոտի փնջով, ապա այն հանգցնելու համար, մոտակայքում պետք է ավազով կամ ջրով լի ափսե ունենալ։