All posts by Partizpan

Երիցուկ

Երիցուկը (անգլ.՝ Chamomile, ռուս.՝ Ромашка, լատ.՝ Matricária) բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։

Հղումներ

Շանբերան

Շանբերան կամ առյուծաբերան (անգլ.՝ Dragon flowers կամ Snapdragons, ռուս.՝ Льви́ный зев, Антирри́нум, լատ.՝ Antirrhínum), խլածաղկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա դեկորատիվ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։ Հայաստանում մշակության մեջ է 1 տեսակ՝ Շանբերան խոշորը (Antirrhínum majus
Շանբերանը սկսում է ծաղկել գարնան վերջին ու շարունակում է մինչև աշնան առաջին ցրտերը:
Շանբերանը բազմամյա բույս է, սակայն հաճախ աճեցվում է որպես միամյա: Ցրտադիմացկուն լինելով այն կարող է ձմեռել խորը էտված և ծածկված վիճակում ու ծաղկել հաջորդ գարնանը:

Բազմացումը

Շանբերանի սերմերը մի քանի տարի պահպանում են իրենց ծլողունակությունը: Ցանել կարելի է և՛ անմիջապես բաց գրունտում, և՛ սածիլավորել: Սերմերը ծլում են 2,5-3 շաբաթ անց:

Հողը

Շանբերանի  աճի համար թեթև և պարատ հողը ամենահարմարավետն է, իսկ հողի լավագույն կազմը՝ հավասար չափերով ավազի, տորֆի և կոմպոստի խարնուրդը: Հողի ամենահարմարավետ թթվայնությունը՝ рН 6-8:
Տնկելը
Շանբերանը կարելի է աճեցնել ինչպես բաց, արևկող տեղում, այնպես էլ կիսաստվերում: Բարձրահասակ տեսակները տնկում են միմյանցից 40-50 սմ հեռավորությամբ, միջնահասկաները՝ 30 սմ, ցածրահասակները՝ 20 սմ, իսկ գաջաջները՝ 15 սմ:
Սածիլը պետք է տնկել լավ խոնավեցված գրունտի մեջ:

Խնամքը

Շանբերանը պահանջկոտ բույս չէ, առանձնահատուկ խնամքի կարիք չունի: Պարբերաբար ջրել, փխրեցնել հողը և մաքրել մոլախոտերից, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ սնուցում տալ՝ ահա ամբողջ խնամքը:
Ջրել անհրաժեշտ է միայն խիստ չոր, անանձրև եղանակին՝ գերադասելի է վաղ առավորտյան: Ջրելու հաջորդ օրը կամ նույն երեկոյան ցանկալի է փխրեցնել հողը և քաղհանել մոլախոտերը:
Բարձրահասակ տեսակները ցանկալի է կապել խշմարի: Թոշնող ծաղիկները պոկում են, որպեսզի բույսը այլևս ուժ չծաղսի դրանց վրա:
Եթե ուզում եք շնաբերանը երկար ծաղկի, թույլ մի տվեք այն սերմնազամբյուղներ ձևավորի: Հենց վերջին ծաղիկները թոշնեն, պետք է ամենաներքևի ծաղիկի տակից կտրել ծաղկաբույլի շյուղը, ինչից հետո նոր ընձյուղներ կառաջանան ու կծաղկեն:
Եթե շնաբերանը աճեցնում եք որպես բազմամյա ծաղիկ, ուշ աշնանը կտրեք դրա բոլոր ճյուղերը, թողնելով հողի մակերեսից 5-8 սմ բարձրության վրա և ծածկեք բույսը փայտի սղոցուքի ու տորֆի խառնուրդով կամ, պարզապես, չոր տերևներով:
Եթե շնաբերանն աճեցնում եք որպես միամյա ծաղիկ, ապա պետք է ժամանակին կտրել ծաղկելն ավարտած ծաղկաբույլերը, որպեսզի սերմեր չառաջանան և ինքնացանում տեղի չունենա:

Երբ և ինչպես հավաքել շանբերանի սերմերը

Շանբերանի սերմերը հավաքում են երդ դրանք դեռ ամբողջովին հասունացած չեն: Հետո դրանք չոր, լավ օդափոխվող տեղում թողնում են հասունանալու համար: Սերմերը հավաքելու համար կտրում են ծաղկաբույլի վերին, դեռ ծաղկող հատվածը իսկ ներքևի մասի վրա թղթե տոպրակ հագցնում, ներքևից տոպրակի բերանը կապում ու ճյուղը կտրում են:
Տոպրակը, շրջված վիճակում կաղում են չոր, լավ օդափոխվող տեղում և սպասում, մինչև սերմնազամբյուղները հասունանալով պահտեն և դուրս թափեն սերմերը:
Հավաքված սերմերն այնուհետև լցնում են ստվարաթղթե կամ թղթե արկղիկների մեջ ու պահում չոր տեղում՝ +3-5 ºC ջերմությամբ միջավայրում:

Հղումներ

Ձիու գոմաղբ

Ձիու թրիքը պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր) և մի շարք այլ օգտակար նյութեր: Այն կիրառելի է բույսերի մեծամասնության սնուցման համար:

Ավելի ստույգ կազմն այսպիսին է՝

  • ջուր – մոտ 70%;
  • օրգանիկա – մոտ 20%;
  • կալիում – 0,2 – 0,8 %;
  • ազոտ – 0,3-0,8%;
  • ֆոսֆոր – 0,3 до 0,7%;
  • կալցիում – մոտ 0, 35%:

Ձիու գոմաղբի կրրառումը՝

  • ապահովում է բույսերը համարյա բոլոր անհրաժեշտ տարրերով;
  • խթանում է հողի միկրոօրգանիզմների կենսագործունեությունը;
  • բարելավում է հողի կառուցվածքը, փխրեցնում է այն;
  • ավելացնում է ածխածին գազի քանակը հողում:

Ձիու գոմաղբը դասակարգում են որպես՝

  • թարմ;
  • մասնակի փտած;
  • լավ փտած;
  • փթիր (վերջնականապես քայքայված):

Ձիու թարմ գոմաղբը խորհուրդ չի տրվում օգտագործել: Ազոտի մեծ քանակությունը կարող է այրել բույսերի արմատները, բացի այդ թարմ գոմաղբում կարող են մեծ քանակությամբ սնկային մանրեներ և գելմինտներ լինել, որոնցով կվարկվի պարտեզը:
Մյուս կողմից, ձիու թարմ գոմաղբը լավ պարարտանյութ է ծաղիկների համար, մասնավորապես, վարդերի: Ծաղիկների սնուցման համար պատրաստվում է ջրային լուծույթ՝ 1 կգ գոմաղբը 10 լիտր ջրում, որով, 24 ժամ պահելուց հետո ու ավելացնելով ևս 10 լիտր ջուր, ջրում են ծաղիկները:

Ձիու թարմ գոմաղբը մարգերի համար բնական ջեռուցիչ է, դրա "այրման" աստիճանը հասնում է + 33°С, ինչը թույլ է տալիս ցուրտ կլիմայում ջերմասեր բույսեր աճեցնել:

Ձիու մասնակի փտած գոմաղբը օգտագործում են կիսաջրիկ վիճակում՝ բանջարաբոստանային մշակաբույսերը և ծաղիկները սնուցելու համար: Այդ գոմաղբը կարելի է նաև խառնել հողի վերին շերտի հետ կամ աշնանը պարզապես լցնել հողի մակերեսին:
Մասնակի փտած գոմաղբով սնուցմանը շատ լավ են “արձագանքում” դդումը, դդմիկը, վարունգը, կաղամբը, սպանախը, նեխուրը:  Հողը պարարտացնելու հաջորդող տարին, նույն տեղում հարմար է աճեցնել կարտոֆիլ, լոլիկ, գազար, ճակնդեղ և այլ պալարային բույսեր:
Մասնակի փտած գոմղբով կարելի է ցանքածածկ անել վարդի թփերի շուրջ:
Ձիու լավ փտած գոմաղբը օգտագործվում է ինչպես բույսերի պարարտացման համար, այնպես էլ սածիլների համար հողախառնուրդ պատրաստելիս: Որպես կանոն, հողախառնուրդում ներառում են 1 մաս ձիու լավ փտած գոմաղբ և 2 մաս ճմահող կամ այգու հող:
Փթիրը վերջնականապես փտած գոմաղբն է: Այդ վիճակում այն ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութն է համարվում: Փթիրը կիրառելի է այգու բոլոր բույսերի սնուցման համար:

Ձիու գոմաղբի օգտագործման տարբեր ձևեր կան, այն կիրառելի է թե՛ թարմ վիճակում, թե՛ հնացած ու չորացած:

Ձիու գոմաղբը, ցանկացած փուլում, կարելի է ավելացնել կոմպոստին:

Բույսերի սնուցում թարմ խոտի թուրմով

Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է:  Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:

Եղինջի թուրմ

Եղինջից պատրաստված թուրմը կիրառելի է համարյա բոլոր մշակաբույսերի համար, այն հարուստ է ազոտով և այլ օգտակար տարրերով: Մանրամասն եղինջի և դրանից պատրաստվող սննդարար թուրմերի մասին կարդացեք այստեղ:

Մոլախոտերի թուրմ

Բույսերի համար սննդարար թուրմ կարելի է պատրաստել համարյա բոլոր մոլախոտերից: Քարխոտը, վայրի մանանեխը, օշինդրը, երիցուկը, երեքնուկը, բոլորի կանաչ զանգվածն էլ կարելի է օգտագործել սննդարար թուրմ պատրաստելու համար: Կարելի է ավելացնել նաև գազոնի հնձած խոտը:
Թուրմ պատրաստելու համար, մոլախոտերի կանաչ զանգվածը կտրատում կամ աղում են և լցնում տակառի կամ այլ հարմար անոթի մեջ՝ մոտավորապես անոթի բարձրության 2/3 չափով: Վրան լցվում է այնքան ջուր, որ ծածկի ողջ կանաչ զանգվածը:
Որպես մերան կարելի է ավելացնել մի քիչ նախկինում պատրաստված թուրմ, կամ պատրաստի կոմպոստ, փտած գոմաղբ, թթվի ջուր:
Ոչ ցուրտ եղանակին, 7-10 օր անց թուրմը եռ գալուց հետո պատրաստ կլինի: Պատրաստ լինելու մասին վկայում է թուրմին բնորոշ սուր հոտը:
Ստացված թուրմը բացում են ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ և դրանով ջրում են բույսերը:
Մոլախոտի թուրմով բույսերի սնուցում կարելի է անել ամսական 2-3 անգամ:
Չնայած պատրաստման շատ պարզ եղանակին, մոլախոտերի թուրմը շատ լավ պարարտացնում է հողը, իսկ առաջացած թափոնը՝ նեխած խոտի մնացուկները նույնպես կարելի է օգտագործել՝ որպես պարարտանյութ խառնելով հողի վերին շերտի հետ կամ որպես ցանքածածկ:

Կարելի է օգտակար տարրերով էլ ավելի հարուստ թուրմ ստանալ, եթե լուծույթին ավելացնել թթխմոր (10 լ լուծույթին 0,25-0,5 կգ թթխմոր): Թթխմորը եռման պրոցեսը արագացնելուց բացի կհարստացնի թուրմը հետևյալ տարրերով՝
  1. Ամոնյակի սուլֆատ;
  2. Կարբամիդ;
  3. Դիամոնիումֆոսֆատ;
  4. Կալիում;
  5. Մագնիում;
  6. Ծծումբ;
  7. Կավիճ;
  8. Սոդա;
  9. Բոր;
  10. Կալցիում:

Թռչնի ծերտ

Թռրչնի ծերտը իրավամբ համարվում է ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութը: Այն պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր), և մագնիում: Ընդորում, այդ բաղադրիչների խտությունը 3-4 անգամ բարձր է քան այլ օրգանական պարարտանյութերում:
Բացի այդ թռչնի ծերտում կա կոբալտ, ցինկ, բոր և ծծումբ:
Բերքատվության վրա հավի ծերտը համարյա նույն ազդեցությունն ունի, ինչ համակցված, հանքային պարարտանյութերը:  Քանի որ հավի ծերտի միջի օգտակար նյութերը աստիճանաբար են ազատվում ու ազդում բույսերի վրա, սնուցման ազդեցությունը շարունակվում է 2-3 տարի:
Թարմ վիճակում հավի ծերտը չեն օգտագործում, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ միզաթթու, որը կարող է այրել բույսերի արմատները:
Թարմ ծերտից կարելի է պատրաստել պարարտացնող լուծույթ: Մեկ լիտր թարմ ծերտը խառնում են 20 լիտր ջրի հետ և բացոդյա պահում 6-10 օր: Ստացված լուծույթով չի կարելի ջրել արմատներին մոտ՝ միջշարքային որոգում են անում: Խորհուրդ է տրվում նման սնուցում անել բույսերը լավ ջրելուց կամ անձրևից հետո:
Թարմ ծերտը ավելացնում են կոմպոստին՝ միախառնելով չոր տերևների, փայտի սղոցուքի, տորֆի, խոտի, այգու օրգանական այլ մնացորդների և հողի հետ: Ծերտի առկայությունը կոմպոստում էականորեն արագացնում է կոմպոստի հասունացումը:
Լավ պայմանների դեպքում, աշնանը կուտակած կոմպոստը հաջորդ գարնանը պատրաստ կլինի, միզանյութը և ամոնիակը ցնդած կլինեն:

Թռչնի ծերտի թուրմ

Ազոտով հարուստ պարարտանյութ է: Պատրաստվում է հեշտ ու արագ: Ոչ թարմ, թռչնի փտած ծերտը բացում են ջրով, լավ խառնում և պահում 2-3 օր: Ստացված թուրմը պետք է լինի թույլ թեյի գույնի: Եթե ավելի մուգ գույնի է, ապա ավելացնում են այնքան ջուր, որ թուրմը անհրաժեշտ գույն ունենա:

Ուշադրություն: Թռչնի թարմ ծերտը կարող է պարունակել մեծ քանակությամբ հելմինտների ձվեր, ուստի խորհուրդ է տրվում աշխատել խալաթով ու ռետինե ձեռնոցներով:
Չոր ծերտի փոշին էլ է վտանգավոր, քանի որ կարող է մեծ քանակությամբ մարդու համար հիվանդածին է միկրոօրգանիզմներ պարունակել:

Ինչպես պարարտացնել

  • Վերը նշված  թարմ ծերտի լուծույթով կամ  ծերտի թուրմով  բույսերը սնուցում են դրանք նախապես լավ ջրելուց հետո, ինչը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում օգտակար նյութերը կլանելու համար:
  • Սնուցումն անում են ոչ թե նամիջապես արմատների մոտ, այլ շարքերի արանքում:
  • Խորհուրդ է տրվում այդպիսի սնուցումներ անել ոչ հաճախ քան շաբաթը մեկ անգամ:
  • Թռչնի ծերտով պատրաստված կոմպոստը կամ չոր, փտած ծերտը հողի վրա, որպես ցանկածածկ դնելու լավագույն ժամանակը աշունն է: Գարնանը նույն բանն անելը հակացուցված է, քանի որ կարող է դանդաղեցնել բերքի հասունացումը: Թերևս միայն ավազուտներում կարելի է օգտագործել գարնանային ցանքածածկում թռչնի ծերտից պատրաստված կոմպոստով:
  • Չոր, փտած թռչնի ծերտով հողը պարարտացնում են ամեն քառակուսի մետրին 2-3 կգ լցնելով, ինչից հետո խառնում են հողի մակերեսային շերտի հետ:

Սուկուլենտների ցուցակ

Ապտենիա

Aptenia cordifolia

Ապտենիան (անգլ.՝ Aptenia, ռուս.՝ Аптения, լատ.՝ Aptenia) մեզեմբրիանտեմային-ների ընտանիքի սուկուլենտ է: Բնական պայմաններն են՝ Աֆրիկայի մերձարևադարձային, չոր գոտիներ, կիսաանապատներ:
Մեզեմբրիանտեմայինների ընտանիքում կա 4 տեսակ՝ բոլորը մսալի տերևներով, ցածրահասակ սուկուլենտներ են:
Բնակարանում լավագույն տեղը հարավային պատուհանի մոտ է: Լավ լուսավորություն է պահանջում, լավ է տանում արևի ուղիղ ճառագայթները:
Ձմռանը +15°С ջերմաստիճանը ամենահարմարավետն է:
Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, ցանկալի է որ փխրուն լինի և լավ դրենաժ ունենա: Աճեցնում են սաղր ծաղկամաններում:
Ջրում են պարբերաբար, ոչ առատ, ձմռանն ավելի քիչ: Աշխատում են ոչ մի դեպքու ջրախեղդ չանել:
Ջրով ցողելու կարիք չկա, մթնոլորտի խոնավության նկատմամբ ապտենիան անտարբեր է:
Կակտուսի և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութերով սնուցում անում են եթե զգացվում է սնուցող նյութերի պակաս:

Aptenia yellow

Կարևոր է հետևել, որպեսզի հողը ծաղկամանում միշտ փխրուն լինի և չոր կեղև չառաջանա:
Հաճախակի տեղափոխման կարիք չկա, քանի որ ապտենիան իրեն լավ է զգում նեղվացքի մեջ:
Ցանկալի է երբեմն տերևները լվանալ գոլ ջրով:
Ցողունային կտրոններով բազմացումն անում են գարնանը կամ ամռանը՝ տնկելով ավազի կամ տորֆի մեջ:

Հնարավոր խնդիրներ

Շատ վատ է տանում գերխոնավացումը՝ մանավանդ ցուրտ եղանակին: Այդ պատճառով տերևները սմքում և թոշմում են, իսկ ցողունը կարող է նեխել:

Հղումներ

Արմատակալման բնական խթանիչներ

Բույսերի կտրոնները արմատակալման խթանիչներով մշակելը նպաստում է դժվար արմատակալող բույսերի կտրոնների արմատակալմանը, ինչպես նաև այլ բույսերի արմատակալման գործընթացի արագացմանը:

Վաճառքում հանդիպող, պատրաստի խթանիչների փոխարեն հմուտ պարտիզպանները օգտագործում են կտրոնների արմատակալման բնական  խթանիչներ:

  1. Արմատակալման խթանիչներով հարուստ ջուր է առաջանում եթե այդ ջրում, մինչև կտրոնները տեղադրելը, արմատակալման դնել Ուռենու (անգլ.՝ Willow, ռուս.՝ Ива, լատ.՝  Sálix), Անանուխի (Նանա, անգլ.՝ Peppermint, ռուս.՝ Мята перечная, լատ.՝ Mentha Piperita L.), Պատենենու (անգլ.՝ Coleus, ռուս.՝ Колеус, լատ.՝ Coleus) կտրոններ:
Willow
Ուռենի
mint-300x248
Անանուխ
Պատենենի (անգլ.՝ Coleus, ռուս.՝ Колеус, լատ.՝ Coleus) կտ

Նույն ձևով կարելի է կիրառել Բարդու և Սպիտակ խնկենու կտրոնները:

2. Մեղր

Մեղրը հարուստ է բույսերի աճին նպաստող նյութերով, ինչպես նաև ախտահանող ու իմունային համակարգ ամրապնդող հատկություններ ունի:
Սենյակային ջերմաստիճանի 3 լիտր ջրում բացել 2 թեյի գդալ անարատ մեղր:
Արմատակալման համար նախատեսված կտրոնները՝ իրենց երկարության 1/3-ի չափով ընկղմում են այդ լուծույթի մեջ և պահում մեկ գիշեր:

 3. Կարտոֆիլի պալար

Ընտրում են կարտոֆիլի խոշոր և առողջ պալար, կտրում-հանում են բոլոր աչքերը, այնուհետև դանակով երկար ուղղությամբ ճեղքում ու ճեղքի մեջ մտցնում արմատակալելու համար նախապատրաստած բույսի կտրոնը:
Կարտոֆիլի պալարը ամեն օր ջրում են:
Բացի օսլայից, կտրոնը կարտոֆիլի պալարից արմատակալումը խթանող բազմաթիվ ու բազմազան նյութեր է ստանում:

4. Հալվեի (ալոե) հյութ

Հալվեի հյութը, խթանելով բջջիջների բազմացումը, լավ նպաստում է արմատակալմանը: Ամրացնում է նաև իմունային համակարգը:
Բավարար է 5-7 կաթիլ հալվեի հյութ ավելացնել այն ջրին ուր ընկղմված են արմատակալման համար նախատեսված կտրոնները:

5. Խմորիչ

Նախքան կտրոններն արմատակալման համար ջրի մեջ դնելը, դրանք 24 ժամով ընկղմում են խմորիչի լուծույթի մեջ: Լուծույթը ստանալու համար 2 լիտր ջրին ավելացնում են 200 գրամ թարմ խմորիչ ու լավ խառնում: 24 ժամ անց կտրոնները լավ լվանում են և, հետագա արմատակալման համար, ընկղմում մաքուր ջրի մեջ:

Բաթաթ

Բաթաթը (այլ անվանումներն են՝ քաղցր փաթաթես, քաղցր գետնախնձոր, քաղցր կարտոֆիլ, անգլ.՝ Sweet potato, չին․՝ 甘薯, ռուս.՝ Батат, լատ.՝ Ipomoea) պալարա-պտղավորների

խմբին պատկանող, իպոմեա ցեղի բույս է։

Բաթաթի պտուղները արժեքավոր սննդատեսակ են մարդու և կենդանիների համար։ Դրանք պարունակում են մինչև 30% օսլա և մինչև 6% շաքար։

Աճում ու պտղաբերում է ինչպես բաց հողում, այնպես էլ ծաղկամանի մեջ։ Իր տերևաշատ և փարթամ տեսքի շնորհիվ հաճախ աճեցվում է նաև որպես դեկորատիվ բույս։

Բաթաթը սիրում է ջերմություն։ Բնականոն զարգացման համար


նվազագույն անհրաժեշտ ջերմաստիճանը +20 °C է, իսկ ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը 25—30 °С է։

Արևադարձային և մերձարևադարևային գոտիներում աճեցվում է որպես բազմամյա բույս, իսկ բարեխառնում՝ որպես մեկամյա։

Տարատեսակ բաթաթների մեծամասնությունը կորցրել է սեռական ճանապարհով բազմացման կարողությունը, սորտերի մեծամասնությունը չի ծաղկում։

Բազմացման հիմնական ձևը վեգետատիվն է՝ պալարների կամ արմատացված ցողունների միջոցով։

Պալարները, կախված սորտից և աճեցման պայմաններից, հասունանում են 2-9 ամսում։ 13—16 °C ջերմություն և 85—90 % հարաբերական խոնավություն ապահովելու դեպքում, պալարները պահպանվում են կես տարի և ավելի։

Աճեցնելու համար հարմար են այգու բաց, արևկող տեղերը և պարարտ ավազակավային կամ ավազահողային  գրունտերը:

Ինչպես են բազմացնում

Ի տարբերություն կարտոֆիլի բաթաթը բազմացնում են կամ ճյուղերի կտրոններով, կամ էլ պալարից ծլեցրած ճյուղերով:

Բաթաթի ճյուղի կտրոնը շատ արագ և առատ արմատակալում է ջրի մեջ և հեշտ կպնում հիմնական տեղում տնկելուց հետո:

Ինչպես տեղափոխել բաց գրունտ

Բաց գրունտ բաթաթը տեղափոխում են գարնանը, երբ հողը լավ տաքանում է: Կախված բաթաթի սորտից, միջշարքային տարածքի լայնությունն անում են 70-120սմ, իսկ թփերի միջև թողնում են 30-50 սմ տարածք:

Ինչպես ջրել

Բաթաթն առատ ջրում են արմատավորման ժամանակ, իսկ վեգետացիոն շրջանի երկրորդ կեսին ոչ հաճախ: Բերքահավաքից 20 օր առաջ ջրելը դադարեցնում են:

Ինչպես հավաքել բերքը

Մեկ քառակուսի մետրից բաթաթը 1-1,5 կգ բերք է տալիս: Պալարները փորելով հանում են հոկտեմբերի վերջում՝ արևային, չոր եղանակին:

Միայն այդ դեպքում է հնարավոր երկար ժամանակով, մինչև 6 ամսով, պահեստավորել պալարները: Պահեստավորում են չոր, օդափոխվող զետեղարաններում՝ օդի ջերմությունը +8…+12 °С:


 Հղումներ

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԽՈՒՐՄԱՅԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արևելյան խուրման (անգլ.՝ Kaki, ռուս.՝ Хурма́ восто́чная, լատ.՝ Diospyros kaki) էբենազգիների ընտանիքի պտղատու, սաղարթավոր ծառ է։ Երկտուն կամ միատուն բույս է։ Հայրենիքը Չինաստանն է։ Հայաստանում աճող մերձարեւադարձային կուլտուրաներից ամենացրտադիմացկունն է: Ուժեղ աճող, տերեւաթափ ծառատեսակ է, բազմանում է ստրատիֆիկացված սերմերով եւ աչքապատվաստով` կովկասյան խուրմայի սերմնաբույսերի վրա, ապրում է 60-70 տարի:
Սերմերից աճեցրած ծառը ավելի դիմացկուն է, բայց բերքատվության է անցնում 5-6 տարուց հետո, պատվաստած ծառը` երկու երեք տարուց հետո, սակայն պատվաստի ժամանակ կեղեւում եղած դաբաղանյութերը խանգարում են կպչողականությանը: Մասնագետները պատվաստը կատարում են շատ արագ, որի շնորհիվ ապահովում են բարձր կպչողականություն: Սաղարթը բրգաձեւ է կամ գնդաձեւ, մեկ տարեկան ճյուղերի հիմքից հաշված 3-6-րդ բողբոջներից առաջացած ընձյուղների վրա հիմնադրվում են ծաղկաբողբոջները, որոնք հաջորդ գարնանը ծաղկում եւ բերք են տալիս: Դրանից վերեւ գտնվող բողբոջներից գոյանում են աճող, չպտղաբերող շվերը:
Արեւելյան խուրման ձեւավորում են 5-ճյուղանի կամ նոսրացած հարկային համակարգով:
Բունը թողնում են 60-70սմ բարձրությամբ, դրանից վերեւ ստեղծում են 4-5 կմախքային ճյուղեր եւ մեկ ուղեկցող: Այնուհետեւ ձեւավորում են մյուս պտղատու տեսակների նման: Պտղաբերող ծառերը էտում են ամեն տարի, ընդ որում նոսրացման կարգով հեռացնում են անցյալ տարվա պտղաբերած ճյուղերը, չորուկները եւ սաղարթը խտացնող ավելորդ ճյուղավորումները, թույլ կարճացնում են մեկ տարեկան ճյուղերը 6-րդ բողբոջից աճի նոր վերելք ստեղծելու եւ պտղաբերող ճյուղերի թիվը ավելացնելու համար:
Արեւելյան խուրման ուշ է ծաղկում եւ գարնանային ցրտահարություններից չի տուժում, սակայն ամառային կիզիչ շոգն ու օդի չորությունը որոշ չափով բացասաբար են անդրադառնում: Պտուղները խոշոր են (100-400գ), կլորավուն կամ տափակ, հասունանում են հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եւ պահվում են մինչեւ մարտ, պարունակում են 10-14% շաքարներ (չորացրած վիճակում 60% եւ ավելի), վիտամիններ, կարոտին, օրգանական թթուներ: Ըստ պտղամսի գույնի եւ տտիպության, կապված փոշոտման ու սերմերի քանակության հետ, սորտերը բաժանվում են երեք խմբի`
– Կայուն սորտեր, որոնց պտղամսի գույնը չի փոփոխվում փոշոտումից եւ տալիս են քաղցր ոչ տտիպ) պտուղներ: Այս խմբին են պատկանում Չինեբուլի եւ Փույու սորտեր:
– Կայուն սորտեր, որոնց պտղամիսը գույնը չի փոխում փոշոտումից, բայց տալիս են (տտիպ պտուղներ (Խաչիա սորտը):
– Փոփոխվող սորտեր: Առանց փոշոտման գոյացած պտուղները բաց դեղնավուն են և տտիպ, իսկ փոշոտումից առաջացածների պտղամիսը (եթե պարունակում են չորսից ոչ պակաս սերմեր) ունենում է մուգ գորշ գույն ու քաղցր է, նույնիսկ խակ վիճակում:
Հայաստանում շրջանացված են արեւելայն խուրմայի Զենջի Մարու, Խիակումե եւ Խաչիա սորտերը:
Խիակումե
Պտուղները 300-400գ. քաշով են, կլոր կամ կլորավուն տափակ ձեւի, հյութալի, քաղցր, փոշոտվածները սերմերով մուգ շագանակագույն, փոշոտված պտուղների պտղամիսը տտիպ չէ, դաբաղանյութերը բացակայում են, մուգ նարնջագույն է, հատուկ մուգ դարչնագույն գծերով, հաճելի համով, թելավորություն չի զգացվում: Այսպիսի պտուղներն անվանում ենՙԿորոլյոկ՚: Չփոշոտվածներն առանց սերմերի` բաց դեղնավուն, դոնդողանման, հյութալի, հալվող, քաղցր, լավ որակի, լրիվ հասունացման ժամանակ տտիպ չէ, կանաչ եւ չհասունացած վիճակում` խիստ տտիպ: Պտուղն այս վիճակում սերմեր չի պարունակում: Այս սորտը համեմատաբար ցրտադիմացկուն է, ծաղկում է հունիսին, փոշոտվելիս աննշան չափով թափվում են վարսանդները եւ պտուղները: Պտուղները հավաքում են հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին, փոխադրունակ են եւ պահունակ: Ծաղիկներն իգական են, արական ծաղիկներ չունի: Պտղի միջին քաշը 195գ է: Պտուղները խնձորանման են, կլորավուն, մասամբ` տափակ: Յուրաքանչյուր ծառի վրա, պտուղների ձեւը տարբեր է, փոփոխական, կախված սերմերի քանակից եւ դասավորությունից, պտղի գագաթը կլոր է, սեւ կետով կամ շրջանագծերով, իսկ հիմքը փոս ընկած կամ համարյա հավասար:
Զենջի-մարու (շոկոլադնայա)
Այս սորտը ներմուծված է Նիկիտսկի պետական բուսաբանական այգուց, տարածված է Հայաստանի հյուսիսարեւելյան գոտում: Ծառը փոքր է, պտուղները 150գ քաշով, գնդաձեւ, քաղցր: Հանդիսանում է լավ փոշոտիչ Խիակումե եւ մյուս սորտերի համար: Ծառերը միջին մեծության են: Սաղարթը գնդաձեւ: Պտուղները մանր են` 50-55գ քաշով: Դրանց ձեւը ավելի հաճախ կլորավուն է, հազվադեպ է քիչ երկարավուն-կլոր: Հասունացած պտուղների մաշկը բարակ է, կոպիտ, մուգ նարնջակարմիր, համատարած քիչ մոխրագույն մոմափառով: երհասունացած վիճակում տտիպ չեն: Այս տեսակը բավական ցրտադիմացկուն է, ծաղկում է հունիսին, ինքնափոշոտվող է: Պտուղները հասունանում են հոկտեմբերի 2-րդ կեսին եւ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Փոխադրունակ է: Սորտը համարվում է լավ փոշոտիչ մյուս սորտերի համար:
Փույու
Ծառը միջին աճեցողության է, խաչաձեւ փոշոտվող: Պտուղները 200 եւ ավելի գրամ քաշով, քաղցր ուտվում են նաեւ չհասունացած վիճակում:
Խաչիա
Ծառն ուժեղ աճող է, պտղաբերում է առանց փոշոտման: Պտուղները 300-400գ քաշով են, լրիվ հասունացման ժամանակ շատ քաղցր եւ արժեքավոր են հատկապես չորացման համար:
Չինեբուլի (պրեւոսխոդնի)
Ծառը ուժեղ աճող է, ունի կոմպակտ պսակ եւ պտղաբերում է առանց փոշոտման: Պտուղները 250 գրամ քաշով են, տափակավուն, պտղամիսը քաղցր է եւ օգտագործվում է լրիվ չհասունացած վիճակում: Տալիս է նաեւ բարձրորակ չիր:
Կովկասյան խուրմա
Հայաստանում տարածված է Ալավերդու, Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Կապանի տարածաշրջաններում, վայրիացած վիճակում: Ծառերը գեղեցիկ են, բրգաձեւ սաղարթով, ապրում են 100 տարի եւ ավելի աճը շատ ուժեղ է, հասնում է 25 մ բարձրության: Կեղեւը մոխրագույն է, տերեւները միջակ մեծության, օվալաձեւ-երկարավուն, երկտուն բույս է, երբեմն լինում է միատուն: Բազմանում է սերմերով: Խուրմայի պտուղները լինում են մանր, մինչեւ 2-2,5սմ տրամագծով: Պտղաբերում են ամեն տարի եւ տալիս են առատ բերք: Պտուղներն օվալագնդաձեւ կամ կլոր տափակավուն են, գույնը սկզբում կանաչ, իսկ հասունանալիս` դեղնանարնջագույն, բայց այդ վիճակում դեռեւս ուտելու համար պիտանի չէ: Աշնանը պտուղները սկսում են փափկել, փոխելով իրենց գույնը, դառնում են կապտասեւ գույնի` արծաթագույն խավով պատած, ունի մեղրի համ: Պտուղները լայն չափով օգտագործվում են բնակչության կողմից:
Արեւելյան խուրմայի (արքայախնձորի, արքայանարնջի, կորոլյոկի) մշակության եւ բազմացման մի քանի առանձնահատկություններ
Գոյություն ունեն արեւելյան խուրմայի մշակության մի շարք առանձնահատկություններ, որոնց կիրառմամբ բարձրանում է բերքատվությունը, ավելանում է ծառերի երկարակեցությունը, ստացվում են որակյալ պտուղներ, ծառերը խույս են տալիս գարնանային ցրտահարությունից եւ, վերջապես, ապահովվում է խոշոր պտուղներով ամենամյա բերք:
Արեւելյան խուրման ժողովրդի կողմից ամենասիրված եւ գնահատվող պտղատեսակներից է, այն օգտագործվում է թարմ եւ չոր վիճակում, օգտակար է եւ պարունակում է մեծ քանակությամբ ջուր, շաքարներ` գյլուկոզայի եւ ֆրուկտոզայի ձեւով, օրգանական թթուներ, վիտամին C, կարոտին, երկաթ, լուսածին (ֆոսֆոր), յոդ, տանին, տտպող նյութեր: Գրականության մեջ նշվում է <<դիոսպիրոսե>> անվանումը, որը լատիներենից թարգմանաբար կոչվում է աստվածների կերակուր:
Արքայախնձորը լավ աճում է Մեղրու, Կապանի, Իջեւանի, Թումանյանի տարածաշրջաններում, ինչպես նաեւ Ղարաբաղի ցածրադիր գյուղերում` ծովի մակերեւույթից 400-700մ բարձրության վրա:
Տնկարանի կազմակերպումը – Աշնանը` նոյեմբեր ամսին, հավաքում ենք վայրի Կովկասյան կամ Վիրգենյան տեսակների սերմերը, 15-20 օր պահելուց հետո առանձնացնում ենք սերմերը պտղամսից, չորացնում եւ պահում մինչեւ հունվար ամիսը: Հունվարի երկրորդ կեսին սերմերը խառնում ենք մաքուր, լվացված ավազի հետ` 1:6 հարաբերությամբ, լցնում որեւէ ամանի մեջ, որը պետք է ներքեւի մասից անցքեր ունենա, թրջում եւ դնում ստրատիֆիկացիայի: Ավազախառը սերմերը պետք է միշտ խոնավ լինեն եւ պահվեն 10-15օC-ում, նկուղում: Մեր պայմաններում մարտի սկզբին, նկուղում պահված սերմերը սկսում են ծլել: Ավազախառը զանգվածը զգուշորեն լվանում ենք հոսող ջրի տակ, որպեսզի ծիլերը չվնասվեն: Սերմերը պատրաստ են ցանքի համար:
Ցանքը կատարում ենք արեւոտ, նախապես պարարտացված, ավազակավային մեխանիկական կազմով հողերում: Կարեւոր է ցանքի ժամանակ սերմերի խտության պահպանումը` շարքը շարքից 70-80 սմ եւ սերմը սերմից 2-2.5 սմ հեռավորության վրա: Հունիս ամսին կատարում ենք նոսրացում այն հաշվով, որպեսզի պահպանվի միջբույսային նորմալ հեռավորությունը: Հետագա գյուղատնտեսական աշխատանքները` քաղհան, փխրեցում, ոռոգում, սնուցում, կատարում ենք ըստ պահանջի`1գծմ-ից կարելի է ստանալ 20-25 ստանդարտ տնկի: Կարելի է կատարել նաեւ շախմատաձեւ, խտացված ցանք` նույն տարածքից ավելի շատ տնկի ստանալու համար:
Ցանքը կարելի է կատարել նաեւ սերմերը առանց ստրատիֆիկացիայի դնելու` նոյեմբերի սկզբին եւ լավ ոռոգել:
Տնկարանի հետ կապված հետագա աշխատանքները` պատվաստում, պատվաստի թուլացում, վայրակների հեռացում եւ այլն կատարում ենք հաջորդ տարի: Կապված գարնան զարթոնքի հետ, երբ դեռ բողբոջները քնած են, մայր դաշտի առողջ ծառերից կտրում ենք անհրաժեշտ քանակի կտրոններ: Կտրոնները պետք Է լինեն միջին հաստության (ծայրամասից եւ հիմքից կտրոններ չենք վերցնում):
Պատվաստի համար վերցրած կտրոնները կապում ենք խրձիկներով (յուրաքանչյուրում 30-40հատ) եւ ձիգ փաթաթում փայլաթիթեղով այնպես, որ բաց տեղ չլինի ու դնում ենք սառնարանի ներքեւի մասում: Պատվաստի աշխատանքները սկսելուց 2-3 ժամ առաջ սառնարանից հանում ենք խրձիկները, վերցնում անհարաժեշտ քանակով կտրոններ, հիմքի մասից հեռացնում ենք 2-3սմ եւ հիմքի մասով դնում ջրով լցված ամանի մեջ այնպես, որ 3-4սմ լինի ջրի մեջ: Ջրի մեջ1-1,5 ժամ պահելուց հետո սկսում ենք պատվաստի գործողությունը: Օգտագործում ենք միայն առողջ աչքեր:
Պատվաստակալի հյութաշարժությունը պետք Է սկսված լինի, որպեսզի կեղեւը ազատ բացվի: Բարձր կպչողականություն ապահովելու համար պետք Է վերցնել հաստ կտրոնից (պատվաստացուից) եւ հակառակը: Հետագա աշխատանքները տնկարանում նույնն են, ինչպես մյուս ծառատեսակների համար:
Արեւելյան խուրմայի տնկիների բազմացման գործում մեծ ներդրում ունեն մեղրեցիներ, գյուղատնտեսներ Յուրիկ Առաքելյանը, Ավետիք Արիստակեսյանը, Գեւորգ Մարգարյանը, մանկավարժ Արտաշես Ասլանյանը եւ շատ ուրիշներ, որոնց տնկարաններոմ աճեցված տասնյակ հազարավոր տնկիներ արդեն բերք են տալիս Ղարաբաղում, Կապանում, Իջեւանում եւ այլ վայրերում: Հիշյալ մարդկանց սերունդները եւ հարազատները այժմ էլ զբաղվում են տնկարանային տնտեսությամբ:
Մեղրու տարածաշրջանում այժմ մշակվում են արեւելյան խուրմայի 6 տեսակ, որոնցից են Խիակումեն (կարալյոկ), Ջենջի-մարուն, Խաչիան: Ամենամեծ մենածառերն արդեն 50–55 տարեկան են, նրանցից յուրաքանչյուրը կարող է 400-600կգ բերք տալ, եթե պահպանվի խնամքի ագրոտեխնիկան:
Արեւելյան խուրման պետք է պարարտացնել ազոտական, կալիումական, ֆոսֆորական եւ օրգանական պարարտանյութերով (գոմաղբ, կոմպոստ, կենսահումուս, կենսապարարտանյութեր): Խիստ կարեւոր է ուշ աշնանային ոռոգումը բերքահավաքից հետո: Բերքատվության համար կարեւոր է նաեւ միջշարային եւ միջբուսային հեռավորության պահպանումը` Մեղրու պայմաններում նպատակահարմար է շարքը շարքից 8մ եւ ծառը ծառից 6մ հեռավորությունը: Մեղրեցին միջշարքային տարածությունն օգտագործում է բանջարեղենի մշակության համար, իսկ միջծառային տարածություններում տնկում են նռնենի եւ դեղձենի, որոնք 5-6 տարի բերք են տալիս` չխանգարելով արքայախնձորի աճին:
Մեղրու բնակլիմայական պայմանները բարենպաստ են արեւելյան խուրմայի համային հատկանիշների ձեւավորման համար, այն շատ քաղցր է: Մեղրու բերքը տեղափոխման համար հարմար է, պահպանում է իր գեղեցիկ տեսքը նաեւ սառնարանային պայմաններում: Բերքահավաքը կատարում ենք ընտրովի, պտուղները կարող են մեծանալ միչեւ 250-300գ:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԽՈՒՐՄԱՅԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԸ, ՊԱՅՔԱՐԸ ՆՐԱՆՑ ԴԵՄ
Մեղրիի կեղծ վահանակիր
Ուժեղ վարակվածության դեպքում մեկը մյուսին խիստ սեղմված էգերի գաղութները լայն շերտով ծածկում են ծառերի ճյուղերը եւ նրանց չորացման պատճառ դառնում: Մարտի վերջին, ապրիլի սկզբին, թրթուրները դուրս են գալիս ծածկույթից եւ մաշկափոխվում: Արուները թռչում են ապրիլի վերջին, մայիսի սկզբին, այդ ժամանակ էլ տեղի է ունենում բեղմնավորություն եւ ձվադրություն: Հունիսի կեսին դուրս եկած թրթուրները տարածվում են ճյուղերի եւ շվերի վրա: Տարեկան տալիս է մեկ սերունդ:
Պայքարի միջոցառումներ
Հաշվի առնելով նրանց բաց կյանքի անցնելու ժամանակահատվածը` նպատակահարմար է քիմիական պայքարի աշխատանքները կատարել հունիսի 2-րդ տասնօրյակում` հետեւյալ պրեպարատներից որեւէ մեկով.
* БИ-58 Նոր 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ) կամ
* Դեցիս 0.5 լ/հա (10 լ ջրում 5-8 մլ) կամ
* Դուրսբան 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ):
Արեւմտյան տարազույգ կեղեւակեր
2-3 մմ երկարության վնասատուներ են, տարածված են ամենուրեք, վնասում են ինչպես մշակովի, այնպես էլ անտառային ծառատեսակները: Կենսակերպը ուսումնասիրված չէ: Տալիս է մեկ սերունդ:
Պայքարի միջոցառումներ
* БИ-58 Նոր 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ) կամ
* Դուրսբան 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ):
Շերտավոր պտղացեց
Թրթուները վնասում են դալար շիվերը, կրծելով մտնում են նրանց մեջ եւ փչացնում: Վնասում են նաեւ պտուղները` սնվելով նրանց մեջ: Տալիս է 3 սերունդ:
Պայքարի աշխատանքները
Առաջին սրսկումը կատարել մայիսի 2-րդ տասնօրյակում, 2-րդ` հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին:
* Սումիցիդին 1 լ/հա (10 լ ջրում 10 մլ) կամ
* Տալստար 0.6 լ/հա (10 լ ջրում 6 մլ):
Մոխրագույն փտում
Մասսայական զարգացումը եւ տարածումը նկատվում է ամառվա երկրորդ կեսերից, բարձր ջերմաստիճանի եւ խոնավության առկայության պայմաններում: Առաջին հերթին վարակվում են այն պտուղները, որոնք վնասված են լինում մեխանիկական եղանակով կամ վնասատուների կողմից: Վարակված պտուղները սկզբում ունեն մոխրագույն երանգավորում, հետագայում պտուղները ձեռք են բերում սպիտակ գունավորում: Վարակված պտուղների մեծամասնությունը թափվում են, իսկ ծառերի վրայի պտուղները չորանում եւ ձեռք են բերում մուգ կապույտ` սեւին խփող երանգավորում:
Պայքարի աշխատանքներ
Հեռացնել եւ ոչնչացնել թափված եւ ծառերի վրայի չորացած պտուղները: Ժամանակին կատարել վնասատուների դեմ պայքարի աշխատանքներ: Աշնանը կամ վաղ գարնանը ծառերը սրսկել բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով: Վեգետացիայի ընթացքում, ծաղկումից հետո 2 անգամ 15 օր ընդմիջումով սրսկել տոպսին պրեպարատի 0.2% լուծույթով (10 լիտր ջրին 20գ):
Ճյուղերի չորացում կամ ցիտոսպորոզ
Տարածված է ամենուրեք, վարակվում են հիմնականում թույլ աճ ունեցող ծառերը: Հիվանդությունն առաջացնում է որոշակի ճյուղերի կեղեւի չորացում, որի հետևանքով կարող է չորանալ նաեւ ամբողջությամբ բույսը: Վարակի հետեւանքով ծառերի կեղեւը ձեռք է բերում կարմրամոխրագույն երանգ: Կեղեւը բնափայտից անջատվում է եւ դառնում լպրծուն:
Պայքարի աշխատանքներ
Աշնանը կամ վաղ գարնանը կատարել ծառերի սրսկումներ 3% բորդոյան հեղուկով կամ 5% երկաթարջասպի լուծույթով: Վեգետացիայի ընթացքում 4 անգամ սրսկել սկորի 0.02% (10 լ ջրին 2 մլ) կամ կուպրոքսատի 0.6% (10 լ ջրին 60-70գ) կամ զատոյի 0.02% (10 լ ջրին 2-3գ) պրեպարատներից որեւէ մեկով:
Տերեւների սեւ բծավորություն
Ի հայտ է գալիս ամառվա երկրորդ կեսերից: Վարակվում են տերեւները առաջացնելով սև բծավորություն, տերեւները չորանում եւ թափվում են:
Պայքարի աշխատանքներ
Բների շրջակայքի փոր, սպիտակեցում, թափված տերեւների եւ պտուղների հեռացում ու ոչնչացում:
Աշնանը եւ վաղ գարնանը սրսկել բորդոյան հեղուկի 3% լուծույթով: Վեգետացիայի ընթացքում 2 անգամ սրսկել տոպազի 0.05% (10 լ ջրին 5 մլ) եւ սկորի 0.02% (10 լ ջրին 2 մլ) խառնուրդը կամ 3 անգամ օքսիխոմի 0.2% (10 լ ջրին 20գ) լուծույթը :
Բոտրիտիս
Առաջացնում է պտուղների նեխում եւ զանգվածային պտղաթափ: Վարակի աղբյուր են հանդիսանում ծառերի վրա մնացած պտղաբաժակները եւ վարակված պտուղները: Հիվանդության համար նպաստավոր է բարձր խոնավությունը: Արտաքին նշաններն են պտղաբաժակի եւ պտուղների միացման տեղում հյուսվածքների շագանակագույն երանգավորումը, որը հետագայում տերեւների, ընձյուղների եւ պտուղների վրա առաջացնում է մուգ բծավորություն: Վերջինիս հետեւանքով պտուղների փայլն անհետանում է եւ պտուղները խամրած տեսք են ստանում:
Պայքարի աշխատանքներ
Հեռացնել վարակված տերեւները եւ պտուղները: Աշնանը կամ վաղ գարնանը սրսկել բորդոյան հեղուկի 3% լուծույթով: Վեգետացիայի ընթացքում կիրառել ռիդոմիլ Գոլդի 0.25% լուծույթ (10 լ ջրի մեջ 20-25գ) կամ կուպրոքսատի 0.5% (10 լ ջրի մեջ 50-60գ) լուծույթներից որեւէ մեկը` 2 անգամ 15-20 օր ընդմիջումով:
Նյութը վերցված է այստեղից: