Ելակի մշակությունը ցանքածածկման եղանակով լավացնում է բերքի որակը և հեշտացնում ու քչացնում է մշակության աշխատանքները: Ցանքածածկի նյութերը ճնշում են մոլախոտերի աճը, հատկապես` միամյաների: Ցանքածածկի տակ գտնվող հողը ամռանը պահպանում է խոնավությունը, իջնում ոռոգման ջրի պահանջը: Դրա համար ցանքածածկը պետք է փռել անձրևից կամ ջրելուց հետո:
Ցանքածածկված հողը քիչ է տաքանում ու բույսի արմատների և ընդհանուր աճի համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում:
Մի շարք դեպքերում, ցանքածածկի նյութերը բույսերին պաշտպանում են վնասատուներից և հիվանդություններից: Օրինակ, եղինջը որպես ցանքածածկ օգտագործելուց, բույսերին պաշտպանում է կողինջներից, գազարի և սոխի ճանճից, նեմատոդներից, բարելավվում է հողի կառուցվածքը: Բարձրանում է հումուսի պարունակությունը հողի մեջ, ակտիվանում է անձրևաորդերի կենսագործունեութթյունը, որի արդյունքում հողը դառնում է ավելի փխրուն, չի կեղևակալում:
Որոշ ցանքածածկող նյութեր, օրինակ, փտած գոմաղբը ակմ այգու կոմպոստը, բույսերին ապահովում են լրացուցիչ սննդանյութերով:
Փխրուն ցանքածածկային նյութերը, որոնք պարունակում են կոպիտ օրգանական տարրեր, հանդիսանում են լավ մեկուսիչներ` դրանք հողը պահպանում են այն վիճակում, որ վիճակում ցանքածածկվել է: Հետևաբար բույսի առավել բարենպաստ աճի համար հողը պետք է ցանքածածկել, երբ այն տաք է և խոնավ:
Նախքան հողի մուլչապատումը պետք է կատարել քաղհան, արմատներով հանել բազմամյա մոլախոտերը, այնուհետև հողի մակերեսին շաղ տալ անհրաժեշտ օրգանական պարարտանյութեր, փխրեցնել հողի վերին շերտը, փռել ցանքածածկող նյութը և փոցխով հավասարեցնել:
Բանջարանոցային մարգերում ցանքածածկում են միջշարային և միջբուսային տարածությունները: Բազմամյա տնկիների և բանջարեղենի շուրջը ամռանը ցանքածածկը չեն շարժում և աշնանը չեն հավաքում, այլ հաջորդ տարվա գարնանը փռում են նոր շերտ: Եթե որպես ցանքածածկ օգտագործվել է տորֆ կամ փտած գոմաղբ, ապա ցանքածածկը կարելի է գարնանը խառնել հողի վերին շերտի հետ: Նույնը կարելի է անել նաև ծղոտի կտրվածքի հետ` ավելացնելով ազոտով հարուստ պարարտանյութ: Որպես ցանքածածկ կարելի է օգտագործել հետևյալ օրգանական նյութերը.
Տորֆը լավ է պաշտպանում հողը արևի ճառագայթներից, պահպանում է խոնավությունը, ծանր կավային հողերը դարձնում է փուխր, թեթև և օդաթափանց, իսկ ավազայինը` առավել կպչուն և խոնավատար: Համատարած ցանքածածկման համար պիտանի չէ:
Փայտի սղոցուքը, տաշեղը և ծառի կեղևը հարմար է օգտագործել պտղատու ծառերի և թփերի ցանքածածկման համար:
Սոճու և եղևնու փշերը հանդիսանում են լավագույն ցանքածածկ նյութեր ելակի համար: Միջշարքերում փռվածքը խոչընդոտում է գորշ փտման տարածմանը, միաժամանակ բաց գրունտում պտուղները մաքուր են մնում անձրևից հետո:
Փտած գոմաղբը ցանքածածկման նպատակով լավ է խառնել հողի վերին շերտի հետ, որպեսզի սննդանյութերը, հատկապես ազոտական, չկորչեն:
Այգու կոմպոստը բարելավում է հողի կառուցվածքը, միաժամանակ պաշտպանում գերտաքացումից և սառեցումից:
Հնձած խոտը օգտագործվում է ինչպես այգիների միջշարքերի այնպես էլ բանջարային մշակաբույսերի, ելակի մարգերի մուլչապատման համար: Օգտագործելուց առաջ պետք է արևի տակ լավ չորացնել:
Օրգանական նյութերով ցանքածածկումը ունի շատ առավելություններ: Ցանքածածկումը աշխատատար չէ: Այն առաջացնում է կոմպոստ նաև հանդիսանում է օրգանական պարարտանյութ: Առաջացնում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը տարածվում և օգտագործվում է ոչ միայն տվյալ բույսի կողմից, այլ նաև հարևան բույսերի կողմից:
Բացի օրգանական նյութերից, որպես ցանքածածկ կարելի է օգտագործել սև պոլիէթիլենային թաղանթ: Այն ևս պաշտպանում է մարգերը չորացումից, քամիների և ոռոգման ջրի բերած մոլախոտերի սերմերը չեն ծլում, պահպանվում է հողի փխրունությունը, վաղ գարնանը հողը շուտ է տաքանում, ինչը նպաստում է բույսերի վաղ աճին և բերքատվությանը:
Նույնը կարելի է ասել ստվարաթղթով և/կամ թերթերի տրցակով ցանքածածկման մասին: Ստվարաթուղթն, իհարկե, գերադասելի է, բայց եթե չկա, ապա 20 շերտանոց թերթերի տրցակը լիովին կփոխարինի դրան:
Հողը սկզբում մաքրում են մոլախոտերից, փխրեցնում, հետո ծածկում ստվարաթղթով կամ թերթերի տրցակով՝ այնպես, որ բաց տեղեր չլինեն ու կտորները առնվազն 20 սմ միմյանց վրա գան: Այնուհետև, պարտիզպանի փոքր բահով անցքեր են բացվում ստացված ցանքածածկի մեջ, ուր տնկվում են ելակի թփերը: Տնկելուց հետո լավ ջրում են նույն անցքերի միջով՝ չոր թողնելով ցանքածածկի մյուս մասերը: Հնարավարության դեպքում, կարելի է ծղոտից ցանքածածկի ևս մեկ շերտ ավելացնել:
Նյութը վերցված է այստեղից և մի բոքր խմբագրված է և լրացված:
All posts by Partizpan
Կենսահեղուկ. ստացումը և օգտագործոելը

Գյուղատնտեսության վարման այլընտրանքային տեխնոլոգիաներից է կենսահումուսի օգտագործելը, որն առավել արդյունավետ է և էկոլոգիապես անվտանգ։
Կենսահումուսն անգերազանցելի բնական պարարտանյութ է, որը հանդիսանում է կալիֆոռնիական կարմիր որդերի կենսագործունեության արդյունք;
Կենսահումուսի ջրային լուծույթը / կենսահեղուկ/ բաղկացած է մի շարք բաղադրիչներից` գումատներ, ֆուլվոթթուներ և ֆիզիոլոգիական ակտիվ նյութեր, ինչպես նաև միկրո և մակրոտարրեր, հողային միկրոօրգանիզմներ; Նշված նյութերը բույսի կողմից յուրացվում են բջջային մակարդակով` ուժեղացնելով նրա իմունային համակարգը։ Վերջինիս շնորհիվ բարձրանում է բույսերի կայունությունն ախտածին գործոնների, ինչպես նաև բիոտիկ և աբիոտիկ սթրեսներրի / երաշտի, բարձր և ցածր ջերմաստիճաններ և այլն/ ազդեցության նկատմամբ։
Կենսահումուսի ջրային լուծույթի պատրաստում։
Կենսահումուսի ջրային լուծույթը բաց դարչնագույն հեղուկ է, որն օժտված է մանրէասպան և սնկասպան հատկություններով։ Կենսահեղուկը պատրաստելու համար անհրաժեշտ է 2կգ կենսահումուսը լուծել եռացրած, մինչև սենյակային ջերմաստիճան հասցրած 10լ ջրում և թողնել 12 ժամ։ Լուծույթի նստվածքի վրայի հեղուկը հենց կենսահումուսի լուծույթն է 0.03% խտությամբ։ Այն պետք է զգուշորեն առանձնացնել նստվածքից, քամել և լցնել շշերի մեջ։ Կենսահեղուկը պահանջվող խտություններով օգտագործելու ընթացքում նոսրացնում են ջրով։
Կենսահեղուկով պարարտացված բույսերը առանձնանում են մուգ կանաչ գունավորմամբ, փարթամ են, զերծ են այլասերման հիվանդությունների նշաններից։ Կենսահեղուկը նպաստում է ցողունների ճյուղավորմանը և տերևային մակերեսի ավելացմանը։ Բույսերը հիվանդություններից պաշտպանելու համառ կենսահեղուկն օգտագործում են սերմերի նախացանքայի մշակման համար, նաև բույսերի արտարմատային սնուցման համար։
Սերմերի նախացանքային մշակում։
Սերմերի նախացանքային մշակումը ճնշում է հիվանդությունների հարուցիչներին, բարձրացնում է սերմերի ծլունակությունը և ծլարձակման էներգիան, խթանում արմատագոյացումը։ Բանջարային մշակաբույսերի սերմերի մշակումը կատարվում է 1։5 հարաբերությամբ լուծույթում /100մլ կենսահեղուկը 0.5լ ջրում/ Սերմերի մշակումը կատարվում է թանզիֆե պարկիկներում 8 ժամ տևողությամբ։
Կարտոֆիլի պալարները մշակում են 1։25 հարաբերությամբ լուծույթով /400մլ կենսահեղուկ 10լ ջրում/։ Կարտոֆիլի մեծ քանակության դեպքում անհրաժեշտ է պալարները փռել մեկ շերտով լույսից պաշտպանված տեղում և ցողել լուծույթով մինչև թրջվելը, այնուհետև ծածկել 10-12 ժամ տևողությամբ։
Խաղողի կտրոնները և պտղատու տնկիների արմատները թրջում են 1։25 հարաբերությամբ լուծույթով 24 ժամ տևողությամբ։
Արտարմատային սնուցում։
Հանդիսանում է հիվանդություններից պաշտպանության և բերքատվության բարձրացման առավել արդյունավետ միջոց։ Մշակումը պետք է կատարել 1։10 հարաբերությամբ լուծույթով /100մլ կենսահեղուկը 1լ ջրում/ 2-3 անգամ վեգետացիայի ընթացքում։ Ցողել առավոտյան ժամերին, մանր դիսպերսիոն սրսկիչով, մառախուղի տեսքով։
Բանջարանոցային բույսերի առաջին արտարմատային սնուցումը կատարվում է 5-6 տերևի փուլում, սածիլով մշակելու դեպքում ` սածիլացման 3-4-րդ օրը։ Հետագա սրսկումներն անցկացնել 10-14 օր հետո` լոլիկի , վարունգի, սմբուկի ծաղկման փուլում, ճակնդեղի, բողկի,գազարի արմատապտուղ կազմելու ընթացքում, կարտոֆիլը ծլելուց հետո։
Կենսահումուսի ջրային լուծույթը համատեղելի է թունաքիմիկատների հետ և թույլ է տալիս սնուցումը զուգակցել հիվանդությունների դեմ տարվող պայքարի հետ։ Թունաքիմիկատների հետ կենսահեղուկի զուգակցված օգտագործման տեխնոլոգիան իջեցնում է թունաքիմիակատների նեգատիվ ազդեցությունը, բարձրացնում է բույսերի դիմացկունությունը, ինչպես նաև քիմիական պաշտպանության միջոցների չափաքանակների իջեցման շնորհիվ հնարավորությունը է տալիս նվազեցնել թունաքիմիկատային ծանրաբեռնվածությունն ագրոհամակեցությունների վրա։ Օրինակ` կարտոֆիլի լուսակոփված տնկանյութը թունաքիմիկատի և կենսահեղուկի զուգակցված լուծույթով մշակելու դեպքում թունաքիմիկատի չափաքանակի մինչև 25% կրճատելու շնորհիվ իջնում է դրա ֆիտոթունավոր ազդեցությունը մշակաբույսերի վրա և ապահովվում է բարձր բերքի ստացում։ Հացազգի բույսերի դեպքում ախտահանիչների չափաքանակի նվազեցումը /25-50%/ համակցումը կենսահեղուկի հետ զգալիորեն բարելավում է բույսերի աճը, զարգացումը և արդյունավետությունը, միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս կրճատել օգտագործվող թունաքիմիակտների չափաքանակները, ինչը կարող է նկատելի բարելավել շրջակա միջավայրի իրավիճակը։ Նույն մեթոդը կարելի է կիրառել հերբիցիդների օգտագործման դեպքում։
Ռ.Օսիպովան, Ա.Ոսկանյանը, ԵԳԿ, կենսաբանական գիտությունների թեկնածուներ
Նյոթը վերցված է այստեղից:
Փայտի սղոցուքը պարտեզում
Շատ պարտիզպաններ փայտի սղոցուքն օգտագործում են միայն որպես ջերմամեկուսիչ՝ բույսերը ցրտերից առաջ ծածկելու համար: Իրականում փայտի սղոցուքը (հետագա տեքստում կօգտագործենք կարճ անվանումը՝ թեփ), կարելի է նաև օգտագործել որպես օրգանական պարարտանյութ, ավելի ստույգ, որպես պարարտանյութի հիմք կամ որպես ցանքածածկ:
Փայտի սղոցուքը որպես օրգանական պարարտանյութ
Ուշադրություն: Թեփն առանձին, որպես պարարտանյութ հողին խառնել չի կարելի: Դա սկսնակ պարտիզպանների ամենատարածված սխալն է:
Հողին խառնված "հում" թեփը խիստ աղքատեցնում է հողը:
Փայտի մեջ շատ քիչ օգտակար տարրեր կան՝ 1-2% ազոտ կա ու մնացածը բալաստային նյութեր են, որոնք ձևավորում են ծառի բունը և ծառայում են սննդարար հյութերի տեղափոխմանը: Բայց կտրատած փայտի կամ փայտի թեփի վրա, ժամանակի ընթացքում հայտնվում և ապրում են միկրոօրգանիզմներ, որոնք հարստացնում են նյութը օգտակար նյութերով: 2-3 տարի պարտեզի մի անկյունում լցված թեփը սևանում է, ինչը փտելու հետևանք է: Փտման գործընթացն ավելի արագացնելու համար թեփն ավելացնում են կոմպոստին, որտեղ քայքայվում է այլ օրգանական մնացուկների հետ խառնված և հարստացվում:
Թեփով լրացված կոմպոստն ավելի շուտ է տաքանում ու հասունանում, իսկ ստացված պարարտանյութն ավելի փխրուն է լինում և օդաթափանցիկ:
Ինչպես թեփով կոմպոստ պատրաստել
Թեփով կոմպոստը պատրաստում են հետևյալ բաղադրիչներից՝
- Փայտի թեփ – 20 կգ;
- Միզանյութ – 0,25 կգ;
- Ջուր – 5 լ;
- Մոխիր – 1 լ;
- Խոտ, տերևներ, խոհանոցի օրգանական մնացուկներ – 10 կգ:
Միզանյութը բացում են ջրով ու այդ լուծույթով ջրում են շերտ առ շերտ լցված թեփի, մոխիրի, խոտի ու տերևների և խոհանոցայն մնացուկների վրա:
Մեկ այլ բաղադրատոմսում ավելի շատ օրգանական նյութեր են օգտագործվում՝ ազոտի մեծ պահանջ ունեցող բույսերի համար:
- Թեփ – 20 կգ;
- Կովի գոմաղբ – 5 կգ;
- Հնձած խոտ – 10 կգ;
- Խոհանոցի օրգանական մնացուկներ – 3 կգ;
- Ջուր – 5 լ:
Թեփով ցանքածածկում
Թեփով ցանքածածկումն անում են մոլախոտերի աճը զսպելու և հողի խոնավությունը պահպանելու համար: Բացի այդ, ինչպես վերը նշվեց, 2-3 տարի անց թեփը, միկրոօրգանիզմների ներգործությամբ հարստանում է օգտակար նյութերով և կոմպոստ պատրաստելու համար լավ հիմքանյութ դառնում:
Սակայն, պետք է հիշել, որ նույնիսկ գետնին փռված վիճակում, թեփը շատ օգտակար նյութեր է կլանում այնտեղից: Ուստի թեփով ցանքածածկ անելիս պետք է նախատեսել բույսերի՝ ազոտով հարուստ օրգանական պարարտանյութերով լրացուցիչ սնուցում:
Թեփի կիրառումը որպես փխրեցնող հավելանյութ
Չնայած չնչին սննդարար հատկությանը, թեփը հաճախ են խառնում հողի հետ՝ որպես փխրեցնող հավելանյութ: Պատճառն այն է, որ հեշտ ճարվող, էժան, թեթև բայց մեծ ծավալ ունեցող նյութ է: Միակ թերությունն, արդեն ասվեց, որ հողից օգտակար նյութեր է կորզում, ինչը ստպված ենք լինում կոմպենսացնել այլ պարարտանյութեր խառնելով:
Թեփի կիրառումը որպես ջերմամեկուսիչ
Թեփն, ինչպես վերն ասվեց, օգտագործում են ձմռան ցրտերից առաջ բույսերը ծածկելու համար: Դա անում են ուշ աշնանը, որպեսզի ծածկը մկների բույն չդառնա: Որպես կանոն, թեփով ծածկն էլ ծածկում են ջրամեկուսիչ ծածկով, որպեսզի թեփը չխոնավանա ու սառչի:
Եղինջ

Եղինջ (անգլ.՝ Urtica, ռուս.՝ Крапива, լատ.՝ Urtica), կծան խոտ, կճան մրմռուկ, աղինջ, դաղդղան, դարդահան, եղինջազգիների (Urticaceae) ընտանիքի միամյա և բազմամյա, եղինջ երկտուն (Urtica dioica L.), հազվադեպ՝ եղինջ այրող
(Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում։
Ի՞նչ կա եղինջի մեջ
100 գրամ եղինջում կա.
- Սպիակուց – 3.7 գ
- Ածխաջրեր – 5.4 գ
- Ճարպեր – 0.5 գ
- Ձուր – 85 գ
- Բջջանյութ – 3.1 գ
- Մոխիր – 2 գ
Վիտամիններ
- Վիտամին А – 1.15 մգ
- Վիտամին В1 – 0.2 մգ
- Վիտամին В2 – 0.16 մգ
- Վիտամին В4 – 17.4 մգ
- Վիտամին В5 – 0.3 մգ
- Վիտամին В6 – 0.1 մգ
- Վիտամին В9 – 30 մկգ
- Վիտամին С – 333 մգ
- Վիտամին К – 498.6 մկգ
- Վիտամին Е – 0.8 մգ
- Վիտամին H – 0.5 մկգ
- Նիացին – 0.39 մգ
Մակրոտարրեր
- Կալցիում – 481 մգ
- Կալիում– 334 մգ
- Մագնիում – 57 մգ
- Նատրիում – 80 մգ
- Լուսածին (ֆոսֆոր) – 71 мг
- Քլոր – 150 мг
Միկրոտարրեր
- Երկաթ – 1.64 մգ
- Պղինձ – 76 մկգ
- Մարգանեց – 779 մկգ
- Սելեն – 0.3 մկգ
- Ցինկ– 0.34 մգ
Կալորիականությունը՝ մոտ 42 կկալ
Եղինջը դեղաբույս է
Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչառական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։ Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում։
Եղինջից պատրաստված թեյը կամ եփուկը թեթևացնում են դաշտանի ցավերը և մեղմում են արնահոսությունը:
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ։Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։
Եղինջը որպես ուտեստ
Եղինջ ուտելուց բարձրանում է հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ, ինչպես նաև շատանում է էրիտրոցիտների քանակը:
Եղինջի ընձյուղներից պատրաստում են համեղ սալաթներ, ապուրներ, կոտլետներ, թեյեր, վիտամինային կոկտեյլներ…
Եղինջը որպես պարարտանյութի հիմք
Եղինջից պարարտանյութ պատրաստելը դժվար չէ՝ վերգետնյա մասերը լցնում են ջրի մեջ և սպասում մինչև եփ գա:
Թուրմը պատրաստելիս պետք է հետևել հետևյալ կանոններին.
- Ընձյուղներն հավաքում են մինչև սերմերի գոյանալը;
- Բույսը պետք է առողջ ու անվնաս լինի;
- Թուրմը պետք է շաբաթական 2-3 անգամ խառնել;
- Թուրմը ավելի լավ է պատրաստել արևի տակ, քանի որ բարձր ջերմությունները արագացնում են խմորման գործընթացը;
- Խմորումն արագացնելու համար կարելի է լուծույթին, որպես կատալիզատոր, խմորիչ (դրոժ), կամ նախորդ անգամ պատրաստվածից մի փոքր մերան ավելացնել;
- Մերանը կարելի է երկար ժամանակ պահել պլասիկ անոթի մեջ, ձմռանը տաք տեղում;
- Թուրմով սնուցումն անել երկու շաբաթը մեկ անգամ: Սնուցումից հետո բույսերը պետք է լավ ջրել:
Թուրմի վատ հոտից կարելի է ազատվել եթե հեղուկի մեջ գցել Կատվախոտի (валериана лекарственная) արմատ:

Եղինջի թուրմի պատրաստման բաղադրատոմսեր
Եղինջի թուրմի հիմքով պատրաստվող պարարտանյութերի տարբեր բաղադրատոմսեր կան, որոնք նախատեսված են տարբեր բույսեր սնուցելու համար:
Եղինջից ու հացից պատրաստված պարարտանյութ
Ջրի մեջ լցնում են եղինջի վերգետնյա մասեր, հացի, բուլկեղենի, պաքսիմատի մնացորդներ և խմորիչ (թթխմոր, դրոժ): Լուծույթը խմորում են 3-5 օր:
Տակառը, որում պատրաստվում է թուրմը պետք է լցված լինի եղինջի թփերով 3/4-ով, ծածկվի նույն բարձրությամբ ջրով, որպեսզի եռ գալու ընթացքում թուրմը չթափվի:
Պատրաստի թուրմը քամում են և, բույսերը սնուցելուց առաջ, բացում ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ:
Եղինջից և կաթնուկից պատրաստված պարարտանյութ
Պատրաստման ձևը նույնն է, ինչ վերը նկարագրվածը: Կաթնուկը և եղինջը հավաքում են մինչև սերմեր առաջանալը, մի քիչ չորացնում են, կտրատում ու լցնում տակառի մեջ: Լուծույթը խմորում են 4-5 օր: Պատրաստի թուրմին կարելի է փայտի մոխիր ավելացնել:
Բացի Կաթնուկից, լուծույթի մեջ կարելի է թորել հետևյալ բույսերի կանաչ զանգվածը՝
- Լոլիկի հեռացված, ավելորդ ընձյուղները;
- Հովվամախաղ;
- Քարխոտ;
- Օշինդր;
- Հազարատերևուկ;
- Սիզախոտ, արմատների հետ;
- Տատրակ;
- Երիցուկ:
Ցուցակից երևում է, որ պարտեզի համարյա բոլոր մոլախոտերը կարելի է օգտագործել: Բայց կան բույսեր, որոնք չի կարելի օգտագործել: Դա Պատատուկ դաշտայինն է, այն թունավոր է, ինչպես նաև հացազգիները, որոնք կարող են վնասակար, սպիրտ պարունակող միացություններ գոյացնել:
Մեթանային խմորման եղանակը
Վերը նշված պատրաստման եղանակները կարելի է կատարելագործել՝ եռման շրջանում ռետինե թաղանթով հերմետիկ փակելով տակառը, ինչը թույլ կտա առավելագույնս պահպանել ընթացքում առաջացող նյութերը, օրինակ ազոտը:
Մեթանային խմորումը ընթանում է մոտ 2 շաբաթ:
Որ բույսերի համար է օգտակար եղինջից պատրաստված թուրմը
Եղինջից պատրաստված թուրմը օգտակար է համարյա բոլոր բույսերի համար:
Ելակի համար շատ օգտակար է եղինջից և հացից պատրաստված թուրմը՝ հեշտ յուրացվող կալիումի և ազոտի շնորհիվ: Կալիումը քաղցրեցնում է պտուղները, իսկ ազոտը բույսի ընդանուր սնուցման համար է:
Եղինջի թուրմով ջրված հողում շատանում են Անձրևավորդերը:
Լոլիկի, տաքդեղի, կաղամբի, վարունգի համար էլ ազոտի, կալիումի և կալցիումի առկայությունը շատ օգտակար է: Սնուցումն անում են 2 շաբաթը մեկ անգամ:
Ուշադրություն: Սնուցման համար պատրաստված թուրմը պետք է առնվազն 1 շաբաթվա խմորում անցած լինի: Այլապես կարող է վնաս հասցնել բույսերին:
Ծաղիկներն էլ են պարարտացնում եղինջի թուրմով, սակայն առանց խմորիչի են պատրաստում, քանի որ շատ ծաղիկներ լավ չեն տանում խմորիչի առկայությունը:
Որ բույսերը պետք չէ սնուցել եղինջի թուրմով
Եղինջի թուրմը բացասաբար է ազդում սոխի, սխտորի և բոլոր բակլազգիների վրա:
Եղինջի օգտագործման այլ ոլորտներ
Եղինջի տերևներից ստանում են կանաչ ներկ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ: Ցողուններից՝ թուղթ, բարձրորակ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։
Հղումներ
Տորֆ

Տորֆը օգտակար հանածո է, որն առաջանում է ճահճում աճող բույսերի բնական չորացման և առատ խոնավության ու օդի դժվարեցված ներհոսքի պայմաններում ոչ լրիվ տրոհման պրոցեսում։
Տորֆի օրգանական նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից։
Ըստ առաջացման պայմանների և հատկությաունների տորֆերը բաժանվում են
- վերնատորֆի (թույլ քայքայված)
- միջանկյալ տիպի (միջին քայքայվածության)
- ներքնատորֆի (խիստ քայքայված)
Տորֆն ունի բարդ քիմիական կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմ. կազմությամբ և քայքայման աստիճանով։ Տորֆի զանգվածի տարրային կազմն է.
- ածխածին` 50-60%
- ջրածին 5-6.5%
- թթվածին` 30-40 %
- ազոտ` 1-3%
- ծծումբ` 0.1-1.5%
Տորֆը պարտեզում կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, որպես ցանքածածկ, որպես հողախառնուրդների բաղադրիչ, որպես կոմպոստի նյութ:
Տորֆի միջի ազոտը քիչ է և դժվար յուրացվելի բույսերի համար, ուստի երբ տորֆն օգտագործվում է բույսերի պարարտացման համար, ապա համատեղվում է այլ՝ ազոտով հարուստ օրգանական պարարտանյութերի հետ:
Կիրառումը ջերմոցներում
Տորֆն ունի խոնավություն կլանելու հատկություն, ինչն անփոխարինելի է դարձնում այն ջերմոցների համար, որտեղ օդը միշտ բարձր խոնավություն ունի: Բացի այդ տորֆի կիրառումը որպես պարարտանյութ նվազեցնում է ախտածին մանրեների պարունակությունը հողում, ինչը, փակ գրունտի պայմաններում, կարևոր է:
Ջերմոցներում բարձր բերք ստանալու համար, հողը ամեն տարի պետք է նորացվի: Տորֆով պարարտացնելն այդ դեպքում ամենահարմար տարբերակն է: Տորֆի ծավալը հողի մեջ կարելի է հասցնել մինչև 70%, պայմանով, որ կկիրառվեն նաև ազոտով հարուստ այլ պարարտանյութեր:
Տորֆային գրունտի բաղադրատոմս.
- Պարտեզի հող – 40%;
- Ներքնատորֆ – 40%;
- Կովի գոմաղբ – 10%;
- Փայտի մոխիր – 5%;
- Փայտի սղոցուք -5 %.
Տորֆային կոմպոստ
Տորֆը օգտակար տարրերով հարստացնելու ամենահեշտ ձևը դրա հիմքի վրա կոմպոստ պատրաստելն է:
Տորֆի կիրառման օգուտները
- Տորֆով խառնված գրունտը դառնում է ավելի թեթև, ծակոտկեն, ավելի շատ օդ ու ջուր է մատակարարում բույսերի արմատներին:
- Ազոտով հարուստ այլ պարարտանյութերի հետ խառնված տորֆը շատ լավ հարստացնում է ոչ բերրի, հյուծված հողերն ու ավազուտները:
- Տորֆը բնական հակասեպտիկ է, օգնում է վնասազերծել ախտածին բակտերիաներն ու սնկերը:
Պետք է հաշվի առնել, որ տորֆը ավելացնում է հողի թթվայնությունը: Որոշակի բույսերի համար դա օգտակար է, բայց մեծամասնության համար՝ ոչ:
Ուշադրություն: Տորֆի սխալ, ոչ տեղին կիրառումը կարող է դանդաղեցնել բույսերի աճը, երբեմն էլ սպանել դրանց:
Տորֆը, որպես պարարտանյութ կիրառելիս, պետք է խուսափել հետևյալ տարածված սխալները կրկնելուց.
Չի կարելի՝
- Կիրառել վերնատորֆ: Վերնատորֆն օգտագործում են միայն ցանքածածկ անելու համար;
- Օգտագործել միայն տորֆ, առանց հարստացնող հավելյալ պարարտանյութերի:
Հղումներ
Անձրևաորդեր
Անձրևաորդ (անգլ.՝ Еarthworm, ռուս.՝ Земляной червь, Дождевой червь, լատ.՝ Lumbricina), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ։
Դժվար է գերագնահատել անձրևավորդերի դերը հողի բերրիության համար: Դրանք փորում են հողը ու 60-80 սմ խորությամբ, իսկ խոշոր տեսակները մինչև 8 մ խորությամբ բներ են սարքում իրենց համար, ինչով խառնում, փխրեցնում են հողը ու նպաստում հողի աէրացիային ու ջրակլանողունակությանը:
Անձրևից հետո անձրևավորդերը դուրս են գալիս գետնի երես, քանի որ գերխոնավ միջավայրում դժվարանում են շնչել:
Անձրևավորդերը հողի մեջ շարժվում են հողը բրդբրդելով կամ կուլ տալով, սնվում են հողի մեջ կամ մակերեսին եղած փտած օրգանական մնացուկներով, որոնք, անցնելով որդի մարսողական ուղիով, դառնում են հիանալի պարարտանյութ:
Անձրևավորդերի՝ օրգանական թափոնները որպես պարարտանյութ վերամշակելու ունակությունը լայնորեն օգտագործվում է կենսահումուս արտադրելու համար:
ԱՄՆ գիտնականները բուծել են անձրևավորդի մեծ արտադրողականություն ունեցող հիբրիդ, որը կոչվում է Կալիֆորնիական կարմիր որդ: Կան նաև Ռուսաստանի համար տեղայնացված հիբրիդներ:
Կենսահումուս արտադրելու բազմաթիվ տեխնոլոգիաներ կան՝ սկսած փոքր, տանը արտադրելու համար նախատեսված սարքերից, վերջացրած արդյունաբերական ծավալներով:
Հղումներ
Կենսահումուս
Գոմաղբը, անձրևաորդերի մարսողական ուղիյով անցնելուց հետո, դառնում է շատ արժեքավոր պարարտանյութ՝ կենսահումուս, որը շատ չափանիշներով գերազանցում է այլ օրգանական և հանքային պարարտանյութերին:
Կենսահումուսը (որդակոմպոստը), հարուստ է բույսերի աճի համար բոլոր անհրաժեշտ քիմիական տարրերով: Բացի այդ հագեցած է հարուստ միկրաֆլորայով, որը բույսերի վրա աներևակայելի լավ է ազդում: Այդ միկրոօրգանիզմները այնքան են ամրացնում բույսերի իմունային համակարգըիտետը, որ շատ հիվանդությունների վտանգն իսպառ վերանում է:
Ռուսերեն տեսանյութ կենսահումուսի մասին
Որդեր տեսակները
Կարելի է հենց պարտեզի հողից, կամ մեկ այլ տեղից որդեր փորել ու դրանց բաց թողնելով գոմաղբի կույտի վրա կազմակերպել կենսահումուսի արտադրություն: Սակայն ավելի արդյունավետ է հատուկ այդ նպատակի համար բուծված, ավելի խոշոր ու շատակեր որդերով աշխատել:
Իրենց լավագույն հատկանիշերով հայտնի են Կարմիր կալիֆորնիական կոչվող որդերը: Մեկ տարում, գոմաղբի կույտում բազմանալով, այդ որդերը կարող են 500 անգամ մեծացնել իրենց ընդհանուր ծավալը:
Կալիֆորնիական կարմիր որդ
Կալիֆորնիական կարմիր որդի միջոցով կենսահումուսի արտադրության նորմալ ընթացքի համար պետք է ընտրել քամիներից պաշտպանված, որոշ թեքությամբ, ամուր հատակով տարածք, որի վրա փռել 5-10 սմ ծղոտի կամ խոտի մնացորդ, այնուհետև լցնել 30-40 սմ կիսափտած /3-6 ամիս հնությամբ / գոմաղբ, հետո նորից ծղոտ ու լավ խառնել: Գոմաղբի հետ միասին կարելի է օգտագործել բուսական և կենցաղային մնացորդներ, թուղթ, ստվարաթուղթ և այլն: Պատրաստի խառնուրդի խոնավությունը պետք է լինի 70-80%, թթվայնությունը՝ չեզոք: Նշված եղանակով պատրաստված հարթակի վրա, 1 քմ հաշվով, հավասարապես պետք է ցրել 1000 որդ, որոնց բնակեցումը պետք է կատարել առավոտյան և երեկոյան ժամերին: Հարթակն անհրաժեշտ է ծածկել ծղոտով կամ բուսական այլ մնացորդներով: Խոնավության պակասն ու գերխոնավացումը վնասակար են որդերի համար: Որդերի ակտիվ գործունեությունը սկսվում է հատակից՝ բարձրանալով վեր: Գոմաղբի վերամշակման վերջում, երբ որդերը հասնում են 35-40 սմ մակարդակի, կարելի է ավելացնել ֆերմենտացիայի ենթարկված գոմաղբ և մանրացրած բուսական մնացորդներ կամ կատարել որդերի անջատում կենսահումուսից: Գործընթացը կատարվում է հետևյալ կերպ՝ հարթակի վրա լցնում են 5-10 սմ հաստությամբ թարմ կեր / խառնուրդ /, 5-6 օր հետո վերցնում են այդ նույն շերտը որդերի հետ միասին և լցնում նոր պատրաստված հարթակի վրա: Նշված գործողությունը կատարում են 2-3 անգամ: Այդ ընթացքում հաջողվում է որդերի գրեթե լրիվ քանակը անջատել / 90-95 տոկոս/: Որդերն անջատելուց հետո մնում է որդակոմպոստը, որի խոնավությունը 80-82 տոկոս է: Երբ կույտի խոնավությունն իջնում է մինչև 50-60, անհրաժեշտ է այն մաղել և օգտագործել կամ լցնել պոլիէթիլենային պարկերի մեջ: Մաղի վրա մնացած կոմպոստի չվերամշակված մնացորդները, որդերի հետ միասին, պետք էլցնել նոր հարթակի վրա:
Կենսահումուսից որդերի անջատումը կարելի է կատարել նաև ավելի պարզ եղանակով. Հարթակի կույտի երկարությանը զուգահեռ լցնել 30-40 սմ հաստությամբ թարմ խառնուրդ, որի մեջ կքաշվեն որդերը: Որոշ ժամանակ անց՝ 3-5 օր, որդերից ազատված կենսահումուսն անջատել կույտից, մաղել և պահեստավորել:
1տ խառնուրդ /գոմաղբ/ պարունակող հարթակից գործընթացի վերջում ստացվում է 600 կգ կենսահումուս և 100 կգ որդի զանգված՝ բաղկացած մինչևբ 100.000 տարբեր հաստության և մեծության որդերից:
Ձմռան պայմաններում զգալիորեն իջնում է որդերի ակտիվությունը: Հնարավորության դեպքում կարելի է գործընթացը կազմակերպել փակ տարածքում՝ սնուցումն ակտիվացնելով և վերին շերտը պարբերաբար ակտիվացնելով:
Կենսահումուսը նպաստում է սերմերի ծլմանը, ուժեղացնում սածիլների կպչողականությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ: Կենսահումուսով աճեցված բերքը էկոլոգիապես մաքուր է, չի պարունակում նիտրատներ ու ծանր մետաղներ:
Ռուսերեն տեսանյութ: Հասարակ կոմպոստեր
Դույլերից սարքված, ինքնաշեն վերմիկոմպոստեր
Ինչպես օգտագործել կենսահումուսը
Կենսահումուսով պարարտացում կարելի է անել վեգետացիոն ողջ շրջանում:
Կենսահումուսով հողի պարարտացման հետևյալ նորմաներն են խորհուրդ տրվում.
- Կարտոֆիլ տնկելիս՝ մեկ փոսի մեջ 200 գրամ;
- Ելակ տնկելիս՝ մեկ թփին 150 գրամ;
- Աշնանացանի համար մարգի ողջ մակերեսը պարարտացնելիս՝ 700 գրամ 1 ք.մ.-ին (խառնել հողի վերին շերտի հետ);
- Գարանանը՝ կանաչեղենի և բանջարեղենի համար հողը նախապատրաստելիս՝ 500 գրամ 1 ք.մ.-ին;
- Մրգատու ծառեր տնկելիս՝ կախված տնկիի մեծությունից, 5-10 կգ մեկ տնկափոսին:
Ընդհանրապես, կենսահումուս խառնելով կարելի է պարարտացնել ցանկացած բույսի տակի և շրջակա հողը, վեգետացիայի ողջ շրջանում: Կարելի է նաև կենսահումուսով ցանքածածկ անել:
Ռուսերեն տեսանյութ: Ինչպես օգտագործել կենսահումուսը բույսեր տնկելիս
Կենսահումուսի լուծույթ
Հեղուկ կենսահումուսով բույսերը սնուցում են անմիջապես արմատի մոտ ջրելով կամ տերևները ցողելու միջոցով:
Սերմերի ծլողունակությունն է բարձրանում, կտրոնների արմատակալումն էլ խթանվում է, եթե դրանք նախապես թրջել կենսհումուսի լուծույթի մեջ:
Կենսահումուսի լուծույթ պատրաստելու համար 1 դուլ գոլ ջրի մեջ լուծում են 1 բաժակ կենսահումուս: Լուծույթը, ընթացքում պարբերաբար խառնելով, 24 ժամ թողնում են սենյակային ջերմությամբ միջավայրում:
Պատրաստի լուծույթով կարելի է բույսերի սնուցման բոլոր եղանակները կիրառել:
Հարգելի այցելու, Պարտիզակի առցանց կրպակում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:
և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:
- Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
- Խթանում է բույսերի արմատների զարգացումը;
- Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
- Խթանում է բույսերի աճը;
- Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
- նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
- Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
- Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
- Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:
Հղումներ
Թարխուն
Թարխունը (անգլ.՝ Tarragon, ռուս.՝ Эстраго́н, Тарху́н, լատ.՝ Artemísia dracuncúlus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է։ Տարածված տերևաբանջար է, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։
Բացի տերևաբանջար լինելուց, եթերային յուղերով հարուստ թարխունը բուժիչ հատկություններ էլ ունի: Վերականգնում է ախորժակը, մաքրում է արյունը, համարվում է շատ օգտակար օրգանիզմում վիտամին C-ի պակասության դեպքում:
Թարխունը կարող է մինչև 1,5 մետր հասակ առնել, ունի ուղիղ ցողուններ և երկար, նշտարանման տերևներ:
Որտեղ և ինչպես ցանել
Թարխունը պահանջկոտ բույս չէ, սակայն, ինչպես ցանկացած մշակաբույս, ունի իր առանձնահատուկ պահանջները:
- Թարխունը կարող է աճել ծառերի ու թփերի ստվերում, սակայն առավել հարմարավետ է իրեն զգում և ինտենսիվորեն կանաչ զանգված է ձևավորում պայծառ լուսավորված տեղերում:
- Հողի նկատմամբ գլխավոր պահանջը թեթև, լավ ջրա և օդաթափանց լինելն է: Այնպես որ ծանր կավահողերում թարխուն ցանելուց/տնկելուց առաջ հողին ավազ, տորֆ ու փտած գոմաղբ են խառնում:
- Թարխունը չի սիրում բարձր թթվայնություն ունեցող հողեր: Բարձր թթվայնությունը նվազեցնում են հողի хет փայտի մոխիր, աղացած կավիճ, կիր կամ դոլոմիտի ալյուր խառնելով:
- Թարխունի համար հարմար չեն նաև ճահճացող ու գերխոնավ հողերը: Այդպիսի տեղերում անհրաժեշտ կլինի բարձր մարգեր սարքել:
- Թարխունի համար ոչ նպաստավոր նախորդող մշակաբույսեր են գետնատանձը (топинамбур), հազարը, եղերդը (цикорий): Նպաստավոր նախորդողներ են բակլազգիները:
- Կարելի է ինչպես գարնանացան, այնպես էլ աշնանացան անել: Մանր սերմերը պարզապես սփռում են նախապես պատրաստված տեղում և ծածկում բարակ հողի շերտով:
- Թարխունը ցանում են միմյանցից 30 սմ հեռու շարքերով:
- Սերմերը ծլում են 1-2 շաբաթից: Որոշ ժամանակ անց պետք է նոսրացում կատարել:
- Ավելի վաղ բերք ստանալու համար թարխունը կարելի է տանը կամ ջերմոցում սածիլել և այգի տեղափոխել տաքերն ընկնելուն պես:
- Թարխունը բազմամյա բույս է և կարող է նույն տեղում մի քանի տարի աճել: Բայց տարիքն առած բույսի տերևներն ավելի կոշտ են լինում: Խորհուրդ է տրվում 5-7 տարին մեկ նոր տնկարկ անել:
Բազմացման այլ եղանակներ
Թարխունը սերմերով բազմացնելը ամենահեշտ, բայց ոչ ամենաարդյունավետ ձևն է: Ամեն վեգետացիոն բոլորապտույտից հետո սերմերի վորակն ընկնում է, բույսերում նվազում է եթերային յուղերի պարունակությունը, ինչը նվազեցնում է թարխունի բուրմունքը: Ահա թե ինչու հմուտ պարտիզպանները գերադասում են բազմացման վեգետացիոն եղանակը՝ բույսի բաժանումով կամ կտրոններով:
- Թուփը բաժանելով բազմացնելու համար, վաղ գարնանը կամ աշնան սկզբում թուփը փորում, հանում են հողից և զգուշորեն բաժանում են երկու կամ ավելի մասերի: Ստացված նոր թփերը տնկում են նախապես պատրաստված տեղերում: Հնարավորության դեպքում, լավ կլինի թփերի արմատները տնկելուց առաջ թաթախել աճի խթանիչի մեջ և փոշոտել ակտիվացված ածխով կամ փայտի մոխիրով: Տնկելուց հետո առատ ջրում են:
- Կտրոններով բազմացնելու համար, գարնանը, թարխունի ճյուղերից կտրում են 10-15 սմ երկարությամբ կտրոններ: Կտրոնների ներքևի կտրվացքն անում են թեք: Կտրոնները խրում են խոնավ ավազի մեջ և ծածկում պոլիէթիլենային թաղանթով կամ պլաստիկ շշերով: Հնարավորության դեպքում, լավ կլինի կտրոնները 24 ժամով ընկղմել որևէ արմատառաջացման խթանիչի մեջ: Մոտ մեկ ամսից կառաջանան արմատներ և կսկսի բույսի ձևավորումը: Այդ փուլում բույսերը կարելի է տեղափոխել բաց գրունտ:
Խնամքը
Թարխունի խնամքը բարդ չէ, պետք է պարբերաբար փխրեցնել հողը, քաղհանել մոլախոտերը, ջրել և, անհրաժեշտության դեպքում պարարտացնել: Уход за тархуном не представляет особенной сложности и включает традиционные мероприятия: рыхление, удаление сорняков, поливы и подкормки.
- Առաջին տարում բույսը չի ծաղկում, միայն ձևավորվում է:
- Որպես օրգանական պարարտանյութ խորհուրդ է տրվում կիրառել փտած գոմաղբ: Շատ ազոտ պարունակող պարարտանյութեր կիրառել պետք չէ, քանի որ դա կարող է հանգեցնել համային որակի կորստի:
- Ջրել, մանավանդ ստվերում աճող բույսերը, պետք է չափավոր, թույլ չտալով հողի գերխոնավացում:
- Ցրտերից առաջ լավ կլինի թարխունի արմատները տորֆով կամ փայտի սղոցուքով ցանքածածկել, իսկ վերգետնյա մասը կամ կտրել, կամ էլ թողնել մինչև գարուն:
Հղումներ
Օշինդր
Օշինդր (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան, նգածաղիկ) (անգլ.՝ Mugwort , ռուս.՝ Полынь, լատ.՝ Artemísia) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։ Հայտնի է օշինդրի մոտ 350 տեսակ։
Տարածված ողջ հուսիսային կիսագնդում:
Հայաստանում աճում է օշինդրի 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։
Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում է ցանքերը։ Մշակության մեջ տարածված է Թարխունը (Artemisia dracunculus, Полынь эстрагонная, или Эстрагон), օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։
Օշինդրի լավ դեկորատիվ տեսք ունի ողջ սեզոնի ընթացքում: Նրա ցանցկեն, առծաթի տարբեր երանգներ ունեցող տերևները շատ նրբաճաշակ են ու գեղեցիկ: Տեսակից կախված, ունեն 20-100 սմ հասակ, որոշ տեսակներ հիանալի դիմանում են կտրատմանը:
Պահանջկոտ բույս չէ, երաշտադիմացկուն է, ինչը թույլ է տալիս աճեցնել շատ արևկեզ տեղերում:
Օշինդրի ցածրահասակ տեսակները
Ստելերի Օշինդր (Artemisia stelleriana, Полынь Стеллера)
Հանդիպում է Ճապոնիայի, Ալյասկայի, Հեռավոր Արևելքի, Նորվեգիայի ժայռերի վարա: Լայնորեն տարածվել է Հյուսիսային Ամերիկայում:
Ստելերի Օշինդրը բազմամյա բույս է, արծաթագույն տերևներով ճյուղերը հասնում են 40 սմ բարձրության:
Ծաղկաբույլերն ավելի լավ է պոկել, որպեսզի չխաթարեն Ստելերի Օշինդրի հիմնական գեղեցկությունը՝ տերևները:
Շատ հարմար է հենապատերի և քարքարոտ բլրակների վրա տնկելու համար: Լավ համադրվում է Մեխակի, Շյուղախոտի, Մուսկաթային Եղեսպակի, Ցմախի ու Թանթռնիկի հետ:
Շմիդտի Օշինդր
Հայրենիքը Հեռավոր Արևելքն է: Հանդիպում է նաև Ճապոնիայում, Կուրիլյան կղզիների հարավում, Սախալինում: Աճում է ծովեզերքին և սարերում՝ աղքատ հողերի վրա: Տարածված է Նանա տեսակը, որի բազմաթիվ ճյուղերը կազմում են ցանցկեն, կլոր, 25 սմ բարձրությամբ թփեր: Տերևներն արծաթականաչավուն են: Ծաղկում է օգոստոսին:
Օշինդր դաշտային (Artemisia campestris, Полынь полевая)
Տարածված է Սիբիրում: Աճում է սոճուտներում, տափաստաններում, ավազուտներում ու պարապուտներում:
15-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է: Կարմրավուն ցողունը ճյուղավորված է: Ծաղկում է հուլիսին: Ծաղիկները կարմրավուն են կամ դեղին, գտնվում են ձվաձև զամբյուղներում:
Օշինդրի բարձրահասակ տեսակները
Դառը Օշինդր (Artemisia absinthium, Полынь горькая)
Ամենադառը բույսն է: Սիրում է բաց՝ արևկեզ տեղերը: Դառը Օշինի կողքին վատ կամ ընդհանրապես չեն աճում նույնիսկ ամենա-ոչպահանջկոտ խոտերը: Դրա արտադրած ֆիտոնցիդները ճնշող ազդեցություն ունեն այլ բույսերի վրա: Իսկ բուրմունքը լավն է: Ծաղկում է հուլիսին: Չնայած մանր և ոչ գրավիչ ծաղիկներին, Դառը Օշինը լավ դեկորատիվ տեսք ունի:
Օշինդր Լուիզիանական (Artemisia ludoviciana, Полынь луизианская)
Բազմամյա, մոտ 1 մ բարձրությամբ խոտաբույս է: Կազմում է ընդարձակ թփուտներ: Ամռանը հայտնվում են անշուք, շագանակագույն ծաղիկները, որոնք ավելի լավ է պոկել՝ տեսքը չփչացնելու համար: Սիրում է արևկող տեղերը, ցրտադիմացկուն չէ, ձմռանը պետք է ծածկել: Տանել չի կարողանում ջրախեղդ վիճակը:
Օշինդր Մեկամյա (Artemisia annua, Полынь однолетняя)
Տարածված է Հարավային և Հարավարևելյան Եվրոպայում, Ասիայում, ներմուծվել է նաև Հյուսիսային Ամերիկա:
Միամյա բույս է, կազմավորում է 150 սմ բարձրությամբ, բրգաձև թուփ: Տերևները մուգ կանաչ են, տրորելու դեպքում բուրում են: Ծաղիկները գեղեցիկ չեն: Լավ է դիմանում կտրելով ձևավորմանը:
Օշինդր Պոնտոսյան (Artemisia pontica, Полынь понтийская.)
Տարածված է Կովկասում և Սիբիրում: Աճում է անտառային և անտառա-տափաստանային գոտիների չոր հատվածներում:
Պոնտոսյան Օշինդրը ունի սողացող ընդերացողուն, բարակ, տերևներով խիտ պատված: Տերևները վերևից գորշ կանաչավուն են, իսկ ներքևից սպիտակ: Ծաղկում է օգոստոսին: Ձմեռն անցկացնում է առանց ծածկելու:
Հղումներ
Բանանի կեղև
Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:
Բանանի կեղևը որպես պարարտանյութ օգտագործելու 4 ձև
-
Խառնել հողի հետ
Ամենահեշտ ձևն է: Մկրատով կամ դանակով պետք է կտրատել բանանի կեղևները և խառնել հողի մակերեսային շերտի հետ: Մոտ 10 օրում բանանի կեղևի կտորները իսպառ վերանում են՝ դրանք վերամշակում են հողի միջի մանրեները:
2. Պատրաստել թուրմ
- Երեք լիտրանոց բանկայի մեջ գցել 3 բանանի կեղև, վրան լցնել սենյակային ջերմության ջուր ու սպասել 2 օր:
- Ջուրը քամել, ստացված թուրմին ավելացնել նույն քանակությամբ ջուր:
- Ստացված լուծույթով ջրել սածիլները և բույսերը:
- Բանաի կեղևի մնացորդները, որպես պարարտանյութ խառնել հողի հողի հետ կամ լցնել կոմպոստի կույտի վրա:
3. Չորացնել և աղալ
- Բանանի կեղևները չորացնել արևի տակ կամ ջեռուցման սարքերի վրա;
- Չորացած կեղեվները աղալ սրճաղացով;
- Ստացված փոշուց մեկական թեյի գդալ ավելացնել սածիլների ամեն մի բաժակին կամ, ըստ չափսերի 1-10 ճաշի գդալ լցնել թփերի ու ծառերի տնկափոսերի մեջ:
4. Ավելացնել կոմպոստի կույտին
Բանանի կեղևները կտրատել և լցնել կոմպոստի կույտի վրա: Կարելի է կոմպոստը պատրաստել զուտ բանանի կեղեվի կտորների ու հողի կիրառմամբ, սակայն, որպես կանոն, այգում միշտ էլ կգտնվեն կոմպոստին խառնելու այլ օրգանական մնացուկներ:
Ուշադրություն: Բանանները կլպելուց առաջ պետք է հոսող ջրով լավ լվանալ, քանի որ դրանք, երկարատև պահպանման համար, կարող են մշակված լինել տարբեր, այդ թվում կանցերոգեն, նյութերով: