Սուկինաթթուն (CH2)2(CO2H)2 (անգլ․՝ Succinic acid, ռուս․՝ Янтарная кислота) կազմված է սպիտակ, անհոտ, թթվաշ բյուրեղիկներից։ Առաջին անգամ այս նյութը ստացվել է XVII դարում՝ բնական սաթից։
Սուկինաթթուն բավականին արագ լուծվում է գոլ ջրում։ Օգտագործվում է ինչպես բժշկության, այնպես էլ այգեգործության մեջ։ Չափավոր օգտագործման դեպքում, մարդու, կենդանիների կամ բույսերի համար վտանգավոր չէ։
Վաճառվում է դեղատներում՝ դեղահաբերի տեսքով և ագրոքիմիական խանութներում՝ փոշու տեսքով։
Այս նյութը կարգավորում է հողի միկրոֆլորան, օգնում է բույսներին ավելի արդյունավետ յուրացնել սննդարար նյութերը և պարարտանյութերը, խթանում է աճը, բողբոջման պրոցեսները, հիանալի է ազդում սենյակային բույսերի վրա, ինչպես նաև բարձրացնում է բանջարանոցային բույսերի բերքատվությունը:
Սուկինաթթուն պարատանյութ չէ, ուստի դրա կիրառումը չի վերացնում օրգանական կամ հանքային պարարտանյութերով բույսերի սնուցման անհրաժեշտությունը։
Սուկինաթթվի կիրառումը
Սերմերի մշակում
0.4 գրամ սուկինաթթուն (4 հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Ցանելուց առաջ սերմերը 12-24 ժամ թրջում են այդ լուծույթի մեջ։ Բույսերը մշակումից հետո աճում են ավելի լավ և առողջ։
Բույսերը ցողելու համար
Առողջ ու գեղեցիկ բույսեր ունենալու համար, 0.1 գրամ (1 հաբ) սուկինաթթուն (փոշի կամ հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Այդ լուծույթով ցողում են սենյակային բույսերը կամ լվանում են դրանց տերևները։
Ավելացնելով ամոնյակ կարելի է բույսերը ցողելու համար պատրաստել ավելի ուժեղացված և արդունավետ լուծույթ (ամոնյակի սուկցինատ)․
0.2-0.3 գրամ սուկինաթթու (2-3 հաբ) + 2 մլ ամոնյակի 10%-նոց լուծույթ + 1 լիտր ջուր։
Բույսերը ջրելու համար
0.2-0.3 գրամ սուկինաթթուն (2-3 հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Հասուն բույսերը ջրում են շաբաթը մեկ անգամ՝ մինչև բույսի առողջանալն ու ամրապնդվելը։
Խոլորձների (орхидея) համար
Սուկինաթթվի կանոնավոր կիրառումը ավելացնում է խոլորձի սթրեսադիմացկունությունը, ամրություն է հաղորդում տերևներին և երկարաձգում է բույսի ծաղկման շրջանը: Բացի այդ, վերականգնվում է հողի թթվաալկալային հավասարակշռությունը,ինչը նպաստում է, որ խոլորձներն ավելի առողջ լինեն:
0.2 գրամ սուկինաթթուն (2 հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են մոտ 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Այդ լուծույթով ջրում կամ ցողում են խոլորձները, կամ լվանում են դրանց տերևները։
Անհետաձգելի, արագ բուժման համար կարելի է սուկինաթթվի քնակը հասցնել 0.4 գրամի (4 հաբի)։
Իրականում կիրառման մի քանի արդյունավետ տարբերակներ կան.
Արմատների համար. Խոլորձը տեղափոխելիս, արմատը թաթախում են սուկինաթթվի լուծույթի մեջ, ինչն օգնում է բույսին հարմարվել և կանխում է փտելը։ Սուկինաթթվի 1 հաբը լուծում են 0,5 լիտր ջրի մեջ և բույսի արմատը 30 րոպեով իջեցնում են լուծույթի մեջ, այնուհետև չորացնում օդում։ Դրանից հետո բույսը տնկում են նոր սուբստրատով ծաղկամանի մեջ։ Մի քանի շաբաթ անց կհայտնվեն նոր արմատները։
Տերևների համար. Խոլորձների սուկինաթթվով սաղարթային մշակումը ամենից հաճախ հանգում է տերևները լուծույթով սրբելուն։ Այդպիսով դրանք արագ կլանում են օգտակար նյութերը։ Այս մեթոդը հատկապես արդյունավետ է, եթե տերևները կնճռոտված են և դեղնած։ Անհրաժեշտ է սուկինաթթվի 1 հաբը լուծել 1 բաժակ ջրի մեջ, լուծույթով թրջել բամբակյա սկավառակը և դրանով սրբել տերևները։ Դա անում են ամեն առավոտ՝ մինչև բույսի տուրգորը վերադառնա: Բացի սրբելուց, կարելի է ցողել ծաղիկը: Լուծելու չափաբաժինն այս դեպքում՝ 1 հաբը 0,5 լ ջրին։ Ծաղկելը խթանելու համար բույսերը ամեն օր են ցողում, բուժելու համար՝ 2 օրը մեկ անգամ, իսկ որպես կանխարգելիչ միջոց՝ շաբաթական 1 անգամ։
Ջրելու համար. Սուկինաթթվի 1 հաբը լուծում են 1 լիտր ջրի մեջ և բարակ շիթով, դանդաղ ջրում են խոլորձը մինչև ողջ սուբստրատի թրջվելը։
Սուկինաթթվից պատրաստված լուծույթները խորհուրդ չի տրվում 3 օրից ավել պահել։
Եթե սուկինաթթվի լուծույթը ընկել է աչքի մեջ, պետք է աչքը անմիջապես լվանալ մեծ քանակությամբ մաքուր ջրով, կարմրությունների, քորի դեպքում, պետք է դիմել բժշկի։ Մեծ քանակությամբ սաթաթթու խմելու դեպքում նույնպես շտապ պետք է դիմել բժշկի։