Մանանեխը (անգլ․՝ Mustard, ռուս․՝ Горчица, լատ․՝ Sinapis) կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի (Sinapis և Brassica) ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույսերի անունն է։
Տարածված մանանեխներ են Սպիտակ մանանեխը (Sinapis alba), Կապտամոխրագույն մանանեխը (Brassica juncea) և Սև մանանեխը (Brassica nigra)։ Ընդորում, վերջին երկուսը մանանեխ ցեղին չեն պատկանում։
Մանանեխ աճեցնելը
Տնային պայմաններում մանանեխ կարող է աճեցնել նույնիսկ սկսնակ այգեպանը: Շատերն աճեցնում են որպես լավ համեմունք և աղցանի բաղադրիչ, կան նաև որպես սիդերատ ցանողներ՝ հողի կառուցվածքի բարելավման, ազոտ պարունակող նյութերի կուտակման եւ մոլախոտերի աճի կանխարգելման նպատակով:
Մանանեխի համար նախընտրելի է բերրի, չեզոք կամ թույլ ալկալինային հողը։ Այն հարմար է ցանել այնտեղ, որտեղ նախկինում աճում էին կարտոֆիլ եւ այլ բանջարեղեն, բայց ոչ կաղամբազգիներ: Հողը նախապատրաստում են աշնանը: Ոչ բերրի հողի հետ խառնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ, պարարտացնում են սուպերֆոսֆատով եւ կալիումային պարարտանյութով։ Նույնը կարելի է անել բերրի հողի հետ, բայց պարարտանյութերի շատ ավելի քիչ չափաքանակով։ Հողի բարձր թթվայնության դեպքում, կիր են խառնում հողի հետ։ Գարնանը հողը մինչեւ 10 սմ խորությամբ փխրեցնում են:
Տնամերձ հողամասում մանանեխը կարող է ցանվել առանձին մարգով կամ այլ վաղահաս կանաչեղենի հարեւանությամբ: Սեզոնի ընթացքում ցանել և բերք ստանալ կարելի է մի քանի անգամ։ Միայն խորհուրդ չի տրվում աճեցնել ամռան շոգին, քանի որ բույսն այդ պայմաններում արագ ընձյուղվում է: Սերմերը ցանում են ոչ ավել քան 2 սմ խորությամբ, միմյանցից 10 սմ հեռավորության վրա, միջշարային 30-40 սմ տարածք թողնելով։ Առաջին ծիլերը հայտնվում են 3-4 օրում՝ եթե օդի միջին ջերմաստիճանը պահպանվում է +20°С աստիճան: Շատ խիտ տնկարկը խորհուրդ է տրվում նոսրացնել, ինչը հնարավորություն կտա լավ բերք ստանալ:
Բույսերի սնուցումը կատարում են առաջին իսկական տերեւների առաջացումից հետո: Սնուցող լուծույթը պատրաստվում է միզանյութից (1 թեյի գդալ) եւ ջրից (10 լիտր): 1 քմ-ի համար պետք է նախատեսել 3 լիտր լուծույթ: Հետագա խնամքը մոլախոտերից ազատելն է և շաբաթական 2 անգամ առատ ջրելը: Եթե բույսի տերեւները կոշտանում և դառնանում են, պետք է ավելի հաճախ ջրել։
Պատուհանագոգին մանանեխ աճեցնելը
Մանանեխ կարելի է աճեցնել նաև պատուհանի գոգին։ Միայն շոգն ու տոթը կարող են խանգարել լավ աճին։ Նախքան սերմերը ցանելը, դրանք պետք է թրջել 1%-նոց կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթում: Նույն լուծույթով պետք է մշակել ծաղկաթաղարը։ Այնուհետև սերմերը պետք է ծլեցնել՝ կամ ծլեցման համար նախատեսված ամանում, կամ մշտապես խոնավ պահվող լաթի մեջ։ Որպես հողախառնուրդ կարելի է վերցնել այգու հողը, խառնել դրան կոկոսի մանրաթել/պերլիտ և հարստացնել կենսահումուսով կամ կոմպոստով։ Պետք չէ մոռանալ դրենաժային շերտի անհրաժեշտության մասին։
Սերմերը ցանում են 1-2 սմ խորությամբ, ցանքը լավ ջրում են և ծածկում ապակյա կամ պոլիէթիլենային ծածկով:
Ցրտադիմացկուն սորտերը ծլում են նույնիսկ + 1°С ջերմաստիճանին, բայց տնային պայմանների համար ավելի լավ է ընտրել ջերմասեր տեսակներ, ինչպիսիք են սեւ կամ ֆրանսիական մանանեխը։
Ծիլերի հայտնվելուց հետո թափանցիկ ծածկը հանում են:
Մանանեխի աճի եւ զարգացման համար օդի լավագույն ջերմաստիճանը + 23°С է: Եթե սենյակում շատ շոգ է, բույսը մատղաշ տերևներ ձևավորելու փոխարեն սկսում է ընձյուղվել:
Ուտելու կամ ճաշատեսակներին ավելացնելու համար, արդեն 3-րդ շաբաթից կարելի է կտրել բույսի ստորին տերեւները:
Ժամանակից շուտ ընձյուղվելը կանխելու համար անհրաժեշտ է բույսը ամեն օր առատ ջրել։
Մանանեխի սերմեր ծլեցնելը
- Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սերմերի զանգվածն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 5-6 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 6-12 ժամ թրջվեն։
- Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակային բույսերը ջրելու համար։
- Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, նորից լավ լվանում են և լավ քամում, այնուհետև դնում են մութ տեղում՝ թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ սերմերի համար օդափոխանակություն լինի։
- Օրական 2-3 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը 3-4 անգամ լավ ողողում և քամում են, այնուհետև դնում են նույն դիրքով։
- Երրորդ օրվանից սկսած ծլեցման ամանը հանում են մթից և դնում լուսավոր տեղում, բայց ոչ արևի տակ։
- Շարունակում են 4-րդ կետում գրվածն անել և, ծլեցման 5-6-րդ օրը, երբ փոքրիկ տերևներն արդեն բացված են և դրանց մեծ մասը կանաչել է, ծիլերը պատրաստ են ուտելու համար։
Մանանեխի ծլեցված սերմերը գրգռում են ախորժակը, ուժեղացնում են ստամոքսային հյութի արտադրությունը, ունեն հակաբորբոքային և հակասեպտիկ ազդեցություն, հիանալի հակացինոտինային միջոց են, օգտագործում են աղիների մաքրման համար, բուժում են հազը:
Մանանեխի ծլեցված սերմերն ուտում են հում վիճակում՝ առանձին կամ ավելացնելով աղցաններին:
Մանանեխի միկրոկանաչի աճեցնելը
- Սաղր ամանի մեջ, 3-4 սմ բարձրությամբ, հող կամ այլ սուբստրատ (կտավատի կամ կոկոսի մատեր; արհեստական քեչա կամ հանքային բամբակ, ջուտի ծղոտ, վերմիկուլիտ, պեռլիտ, թղթյա անձեռոցիկներ կամ սրբիչներ) են լցնում և լավ խոնավացնում են:
- Սերմերը հավասարապես բաշխում են սուբստրատի ողջ մակերեսով ու նորից ցողում են։
- Ցանքը ծածկում են ոչ թափանցիկ կափարիչով կամ այլ հարմարեցված ծածկով՝ սերմերը խոնավ և մութ միջավայրում պահելու համար։
- Երբ մանանեխի ծիլերի վրա սկսում են երևալ տերեւները, կափարիչը հեռացնում են եւ ցանքը տեղափոխում են լավ լուսավորված վայր:
- Միկրոկանաչին պատրաստ է լինում 5-14 օր անց, երբ բույսերն ունեն 4- 8 սմ բարձրություն և 2 իսկական տերևները բացվել են։
- Միկրոկանաչին մկրատով կամ սուր դանակով կտրում են հողից կամ սուբստրատից մի քանի միլիմետր բարձրության վրա։
Ըստ գիտական հետազոտությունների, զարգացման 2 իսկական տերև ձևավորած փուլում բույսը պարունակում է տասնյակ անգամ ավելի շատ վիտամիններ, հանքանյութեր եւ կենսաբանորեն ակտիվ նյութեր, քան նույն բույսի ծիլերն ու ավելի մեծահասակները: Հավաքված բերքը օգտագործվում է միայն թարմ տեսքով, միկրոկանաչու ջերմային մշակումը էականորեն նվազեցնում է դրա օգտակարությունը:
Մանանեխի միկրոկանաչին պարունակում է՝
- այլ բույսերում հազվադեպ հանդիպող E եւ P վիտամիններ;
- արժեքավոր հանքանյութեր (կալցիում, մագնեզիում, սելեն, ցինկ, ֆոսֆոր, մանգան);
- մեծ քանակությամբ վիտամին C եւ ռուտին;
- եթերային յուղեր;
- սննդային մանրաթելեր;
- օմեգա-3 եւ օմեգա-6 թթուներ:
Մանանեխի միկրոկանաչի ուտելը ամրացնում է օրգանիզմի իմունիտետը, բարձրացնում է կենսունակությունը, արագացնում է նյութափոխանակությունը: Մշտական օգտագործման դեպքում այն օգնում է ամրապնդել անոթների պատերը, կանխարգելում է ուռուցքային հիվանդությունների զարգացումը, մեղմացնում է կլիմաքսի ախտանիշները: Մանանեխի ծիլերն ունեն նաեւ հակասեպտիկ եւ հակաբորբոքային հատկություններ:
Մանանեխի միկրոկանաչին կարելի է ուտել առանձին կամ օգտագործել տարատեսակ սմուզիներ, վիտամինային կոկտեյլներ, աղցաններ պատրաստելիս։ Դրանք լավ խավարտ կլինեն մսով և ձկով ճաշերի համար։
Կարդացեք նաև “ՄԱՆԱՆԵԽԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ” հոդվածը ==>