Category Archives: Բույսեր

Հոտավետ ոլոռիկ

Հոտավետ ոլոռիկը (անգլ․՝ Sweet pea, ռուս․՝ Чина душистая, Душистый горошек, լատ.՝ Láthyrus odorátus) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքին պատկանող տափոլոռի տեսակ է: Վայրի վիճակում աճում է Հարավային Իտալիայում և Սիցիլիա կղզում։ Ցողունը բարակ է, թույլ, սողացող։ Տերևները զույգ փետրաձև են, վերջանում են բեղիկներով, որոնց միջոցով բույսը կպչում է հենարանին և բարձրանում մինչև 1, 5-ից մինչև 2 մետր։ Ծաղիկները խոշոր են, հոտավետ, վառ կարմիր, երկնագույն, մուգ կապույտ գույների։ Բազմացվում է սերմերով, ծաղկում է շատ առատ։ Որպես դեկորատիվ բույս վաղուց մշակվում և օգտագործվում է այգիների, պուրակների, պատշգամբների կանաչապատման համար։
Բազմամյա բույս է, պահանջկոտ է լույսի և ջերմության նկատմամբ: Սակայն ցրտադիմացկուն էլ է, կարող է դիմանալ օդի ջերմաստիճանի մինչև -5°C կարճատև իջեցմանը:

Հոտավետ ոլոռիկ աճեցնելու հետ կապված որոշ նրբություններ
  1. Հոտավետ ոլոռիկն իմաստ չունի սածիլել, որովհետև այն լավ չի տանում տեղափոխումը: Բացի այդ, եթե մտադիր եք սածիլը աճեցնել լուսամուտի գոգին, ապա լույսը չի բավարարելու և սածիլը ձգվելու է:
  2. Սերմերը պինդ թաղանթ ունեն, այնպես որ լավ կլինի ցանելուց առաջ դրանք 2-3 ժամ թրջել գոլ ջրում ու այնուհետև ծլեցնել խոնավ լաթե անձեռոցիկի մեջ:  Ծլած սերմերն անմիջապես ցանվում են իրենց համար նախատեսված տեղում: Կա բացառություն: Հոտավետ ոլոռիկի տեսակներ կան՝ բաց դեղնավուն և սպիտակ ծաղիկներով, որոնց սերմերը թրջելուց փչանում են: Դրանց սերմերը ցանում են չոր վիճակում:
  3. Ցանել սերմերը պետք է ամենալուսավոր տեղում՝ 2-3 սմ խորությամբ: Այլ տեղերում էլ հոտավետ ոլոռիկը կծաղկի, բայց ավելի ուշ ու ոչ այնքան բուռն, որքան արևի տակ:
  4. Հողը, որտեղ աճեցնելու եք հոտավետ ոլոռիկը, պետք է պարարտ լինի, չափավոր խոնավ և ոչ թթվային (рН մինչև 7,5):
  5. Որպեսզի կողային ճյուղեր առաջանան, առաջին երեք տերևներն առաջանալուց հետո բույսի գագաթը պետք է կտրել:
  6. Բույսին պետք է աճի ճիշտ ուղղություն տալ և կապել ճյուղերը այնպես, որ կրող պատվանդանը, ցանկապատը կամ հյուսացանցը հավասարապես փաթաթված լինի բույսով:
  7. Ջրել պետք է կանոնավոր և առատ:
  8. Ամիսը երկու անգամ լրացուցիչ սնուցում կատարեք օրգանական պարարտանյութերով:
  9. Եթե ժամանակին հեռացվեն ծաղկելն ավարտած ծաղկաբույլերը, կարելի կլինի բույսի ծաղկելը երկարաձգել մինչև խոր աշուն:
  10. Խորհուրդ չի տրվում հաջորդ տարին հոտավետ ոլոռիկը նույն տեղում ցանել, բայց եթե դա անհրաժեշտ է, պետք է փոխել հողի նվազագույնը վերին շերտը և չմոռանալ կանոնավոր պարարտացնել:
Հղումներ

Տափոլոռը որպես սիդերատ

Տափոլոռը (լատ.՝ Láthyrus vérnus) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է:
Ինքնափոշոտվող է։ Պտուղն ունդ է, պարունակում է 2–5 սերմ։ Գարնանացան է։ Սերմերը ծլում են 2–3°C պայմաններում։ Ծիլերը դիմանում են կարճատև սառնամանիքների (մինչև – 11°C)։ Չորադիմացկուն և աղադիմացկուն է։ Վեգետացիայի տևողությունը՝ 80–110 օր։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չի։
Ձևավորում է բավականին մեծ կանաչ զանգված, այնպես որ արժե աճեցնել որպես կանաչ պարարտանյութ:
Տափոլոռը հեշտությամբ է տանում կարճատև երաշտը՝ կանգնեցնելով տերևների աճը: Գրունտի նկատմամաբ շատ պահանջկոտ չէ: Լավագույն հողը տափոլոռի համար ավազակավայինն է: Ավազահողային և ավազային հողերում, լավ բերք ստանալու համար անհրաժեշտ կլինի հողի պարարտացում:
Տափոլոռի համար հարմար են թեթև ալկալիական և չեզոք գրունտերը, իսկ թթվային, գերխոնավ ու ճահճային գրունտերում շատ վատ է աճում:
Ի տարբերություն շատ այլ բակլազգիների, տափոլոռը հնձելուց հետո նորից արագ աճ է տալիս:
Տափոլոռի որոշ տեսակներ շատ գեղեցիկ ծաղիկներր ունեն և հոտավետ են: Դրանցից ամենատարծված տեսակն է Հոտավետ ոլոռիկը (լատ.՝ Lathyrus odoratus), որն ունի  մոտ 1000 ենթատեսակներ:

Հղումներ

Սիսեռը որպես սիդերատ

Սիսեռը,  (լատ.՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա  խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռը (Cicer arietinum
Հյաստանում վայրի վիճակում աճում են երկու տեսակներ՝

  • Սիսեռ շատ փոքրիկ (Cicer minutum)
  • Սիսեռ անատոլիական (Cicer anatolicum

Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Վաղահաս սիսեռի վեգետացիոն շրջանը 90-100 օր է, մնացածների դեպքում 150-220 օր:
Ծլում է օդի 3-5 աստիճան տաքության դեպքում: Ծիլերը կարող են դիմանալ մինուս 8-11 աստիճան կարճատև ցրտահարությանը:
Ծաղկելու և պտուղներ ձևավորելու շրջանում, օդի ամենահարմարավետ ջերմությունը +24-28°C է:

Կիրառում
  • Պարենային մշակաբույս է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։
  • Լավ սիդերատ է, արմատները հարստացնում են հողը ազոտով, իսկ մինչև ծաղկելը հնձված կանաչ զանգվածը, խառնվելով հողի հետ ու քայքայվելով, հարստացնում է հողը օրագանական և հանքային տարրերով:
  • Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է` մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։

Սիսեռը ցրտադիմացկուն է և չի պահանջում հաճախակի ճրարբիացում:

Հղումներ

Ինչպես կորիզից աճեցնել ավոկադո

Ավոկադենի, Avocado tree, Авокадо

Ավոկադոն, ավոկադենին (լատ.՝ Persea americana) մշտադալար պտղատու բույսերի տեսակ է, պատկանում է Lauraceae ընտանիքին: Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիներով և կարևոր հանքային նյութերով:
Ավոկադոյի կորիզը, որը ամբողջ պտղի քաշի մոտ կեսի կշիռն ունի, որպես կանոն դեն է նետվում: Սակայն դրանից կարելի է աճեցնել ավոկադոյի նոր լիարժեք ծառ, եթե իհարկե բնակլիմայական պայմանները թույլ տան, կամ սենյակային բույս: Որպես սենյակային բույս էլ ավոկադոն բավականին ոչ խստապահանջ է և առանձնահատուկ խնամքի կարիք չի զգացվում:

Աճեցման փուլերը

Նախ պետք է ընտրել և վերցնել արդեն հասած ավոկադոյի կորիզը և լվանալ: Շագանակագույն կլեպը կարելի է հանել, միևնույն է այն շուտով կքայքայվի: Այնուհետև պետք է կորիզը կախել բաժակում լցված ջրի մեջ՝ տափակ մասով դեպի ներքև: Ամենահեշտ ձևը կորիզը՝ իր բարձրության կեսից 2-3 մմ վերև, երեք տեղից ատամի չոփիկներով ծակելն է և դրանց վրա հենելը:  Եթե չոփիկները չեն ծակում կորիզի կեղևը, կարելի է բարակ շաղափով մինչև 5 մմ խորությամբ անցքեր բացել:
Անհրաժեշտ կլինի սպասել 3 շաբաթից 3 ամիս մինչև կորիզի ճեղքվելը, այնպես որ բաժակը պետք է դնել երևացող տեղ և  համարյա ամեն օր ջուր ավելացնել՝ այնպես, որ ջուրը 1-2 մմ ներքև լինի չոփիկների անցքերից:
Կորիզի ճեղքվելը նշան է, որ կորիզն արթնացել է և սկսում է ծլել: Ուրեմն պետք է կորիզը տեղափոխել և նույն դիրքով տնկել ոչ մեծ ծաղկաթաղարի հողի մեջ: Ծաղիկների համար նախատեսված սովորական հողախառնուրդը լիովին կբավարարի ավոկադոյի աճման պայմաններին: Կարելի է օգտագործել նաև այգուց վերցված սովորական հող:
Կորիզի կեսը թողնում ենք հողից դուրս: Աճեցման ողջ ընթացքում ջրելը պետք է լինի չափավոր, բայց հողը երբեք չպետք է չորանա, ուստի լավ դրենաժ պետք է լինի:
Մեկ, երկու շաբաթից կհայտնվի կարմրավուն ծիլը և կսկսի արագ աճել՝ օրական մոտ 1 սմ:

Ավոկադոյի խնամքը

Ավոկադոն արևադարձային բույս է, ուստի սիրում է խոնավ միջավայր: Տերևների հաճախակի ծողումը ջրով թույլ կտա բույսի համար բնականին մոտ պայմաններ ապահովել սենյակում: Եթե տերևները սկսում են չորանալ, ուրեմն օդը սենյակում շատ չոր է: Սենյակում ծառին հատկացված տեղը պետք է լինի լուսավոր, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ, որոնք կարող են այրվածքների պատճառ դառնալ:  Օդի ջերմաստիճանը չպետք է նվազի +12 աստիճանից:
Սկզբում ավոկադոն զարմանալիորեն արագ է աճում՝ առաջին 3 ամսում մոտ 50 սմ: Հետո աճը մի քիչ դանդաղում է: Ձևավորվում են մոտ 35 սմ երկարության, գեղեցիկ տերևներ: Երբ ծառը հասնի ձեզ անհրաժեշտ/հարմար բարձրության, անհրաժեշտ է գագաթը կտրել, որպեսզի կողային ճյուղեր սկսեն աճել:
Մեծ չափերի ավոկադենի աճեցնելու համար անհրաժեշտ է տարին մեկ ծառը տեղափոխել ավելի մեծ թաղարի մեջ և նորացնել հողը: Երբեմն ծառը կարող է տերևաթափ լինել, բայց դա չի նշանակում, որ ծառը մահացել է: Շարունակեք խնամքը նույն ձևով և շուտով նոր տերևներ կգոյանան:
Բնության մեջ ավոկադոն հասնում է 17 և ավելի մետր բարձրության: Բնականաբար, տանը նման աճի համար տեղ ապահովելն անհնար է: Վաղ թե ուշ ծառը կմահանա, բայց, մինչ այդ, մի քանի տարի կգեղեցկացնի ձեր բնակարանը իր փառթամ տերևներով և, չի բացառվում, ծաղիկներով: Իսկ պտուղներ սպասե սենյակային պայմաններում չարժե:

Հղումներ

Ոսպը որպես սիդերատ

Ոսպը (անգլ.՝ Lentil, ռուս.՝ Чечевица, լատ.՝ Lens), միամյա բույս է, պատկանում է բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին։ Հայտնի է մոտ 6 տեսակ։
Կախված տեսակից, Ոսպի վեգետացիոն շրջանը կազմում է 75-115 օր: Ծիլերը հայտնվում են ցանելուց 6-10 օր հետո:
Մինչև ծաղկելը Ոսպը դանդաղ է աճում, իսկ ծաղկելուց հետո սկսում է բուռն աճել ու ճյուղավորվել:
Որպես սիդերատ աճեցվող Ոսպը, հնձում և հողին են խառնում մինչև ծաղկելը:
Ոսպի սերմերը սկսում են ծլել +4 և ավելի ջերմաստիճանի դեպքում: Ծիլերը կարող են դիմանալ կարճաժամկետ ցրտահարությանը: Աճի և զարգացման համար ամենահարմար ջերմաստիճանների տիրույթն է +17-+22 աստիճանը:
Առանձնապես սկզբնական շրջանում, Ոսպը շատ պահանջկոտ է ջրի նկատմամբ: Ոսպ աճեցնելու համար ամենահարմարն են փխրուն ավազակավային և ավազահողային, կրով հարուստ հողերը:  Ծանր, թթվային և աղուտ հողերում Ոսպը շատ ցածր բերքատվություն ունի:

Հղումներ

ԲԱՆՋԱՐԱՅԻՆ ՖԻԶԱԼԻՍ

Ֆիզալիսը (լատ.՝ Physális philadélphica) լոլիկի բարեկամներից է, պատկանում  է մորմազգիների ընտանիքին: Միջատների միջոցով   փոշոտվող մշակաբույս է:  Այս   մշակաբույսը   պահանջկոտ չէ հողի նկատմամբ, կարող է   աճել բոլոր   տիպի  հողերում,  բացառությամբ  թթու հողերից   /PH=4,5/:
    Արարատյան հարթավայրում  ցանքը պետք է կատարել  մարտի երկրորդ, իսկ  նախալեռնային  շրջաններում` ապրիլի առաջին տասօրյակում: Բանջարանային  ֆիզալիսի սերմերը կարող են ծլել 15C  ջերմաստիճանի դեպքում, իսկ համերաշխ  ծիլերը ի հայտ  են գալիս  25C ջերմաստիճանի դեպքում. 14-15 օր հետո: 40 օրական սածիլները դաշտ պետք է տեղափոխել  90 x 70սմ սխեմայով, բույսը  բույսից տնկելով 30սմ հեռավորությամբ:
Բանջարային ֆիզալիսը օգտագործում են սննդաարդյունաբերության մեջ և դեկորատիվ նպատակներով:  Նրանց ստանում են  ներկեր: Պտուղները  օգտագործում  թարմ վիճակում, ինչպես նաև նրանցից  պատրաստում են  մուրաբաներ, մարմելադներ, թթուներ: Օգտագործում են հրուշակեղենի  և սալաթների մեջ: Ի տարբերություն պոմիդորի, այս  մշակաբույսի  պտուղները շատ պահունակ և փխրուն են:

Հղումներ

Լոբին որպես սիդերատ

Լոբին (լատ.՝ Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս է։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու հանքային աղեր։
Լոբին աճելիս նաև հարստացնում է հողը ազոտով:
Լոբին ջերմասեր մշակաբույս է, սերմերը ծլում են 12-15 աստիճան ջերմության դեպքում, իսկ ծիլերը և բույսը չեն դիմանում 0 ստիճանին:
Ցանելուց առաջ լոբու սերմերը 20 րոպե թրջում են կալիումի պերմանգանատի 1 տոկոսանոց (10 գ՝ 1 լ ջրին)  լուծույթի մեջ, հետո լավ լվանում հոսող ջրի տակ, այնուհետև չորացնում ստվերում:
Եթե լոբին ցանվում է բերքի համար ապա.
Թփային լոբին ցանում են 5-6 սմ խորությամբ, իրարից 20-25 սմ հեռավորության վրա, իսկ շարքերի միջև թողնում են 40 սմ: Փաթաթվող լոբու շարքերի միջև թողնում են 50 սմ տարածություն և ցանում են 25-30 սմ իրարից հեռու: Ամեն բույսի համար տնկում են մինչև 1,5 մ բարձրությամբ ձողեր կամ նախատեսում են այլ հարմարություններ, որպեսզի բույսը փաթաթվելով վեր աճի:
Լոբին գերադասում է չեզոք և թույլ թթվայնություն ունեցող հողեր (рН 6-7):
Սիդերացիայի համար լոբին ցանում են շատ ավելի խիտ և հնձում ու հողին են խառնում մինչև ծաղկելը:

Սոյան որպես սիդերատ

Սոյա, (լատ.՝ Glycine), պատկանում է բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղին։ Այն ունի մի քանի տասնյակ տեսակ։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյա (Glycine․ hispida կամ Clycine max)։ Սոյա մշակովին միամյա է, վեգետացիոն շրջանը 90-160 օր է։ Արմատները խորանում են մինչև 1,5 մ և ավելի: Դրանց վրա բնակվում են բակտերիաներ, որոնք օդից ազոտ են կորզում, ինչով ոչ միայն ապահովում են սոյային, այլև որոշ քանակությամբ պաշարում են հողում:
Սոյան ճյուղավորվում է ու կազմում է մինչև 1 մ բարձրության թուփ:
Բակլազգիների մեջ սոյան առաջատար բույսի համարում ունի, քանի որ, բացի սիդերատ լինելուց, լայնորեն օգտագործվում է որպես սննդամթերք և անասնակեր: Սոյայի սպիտակուցը, իր հատկություններով, շատ մոտ է կենդանական ծագման սպիտակուցներին: Սոյայի չոր խոտը արժեքավոր անասնակեր է և իր սննդարարությամբ չի զիջում առվույտին ու  երեքնուկին:
Սոյան որպես սիդերատ հնձում և խառնում են հողին մինչև ծաղկելը:

Հղումներ

Չերվիլ

Չերվիլը (լատ.՝ Anthriscus cerefolium) հովանոցավորների (նեխուրազգիների) (Umbelliferae, Apiaceae) երկշաքիլ բույսերի ընտանիքին պատկանող միամյա, հոտավետ խոտաբույս է: Շատ նման է մաղադանոսին: Համն էլ ունի մաղադանոսի և անիսոնի երանգներ: Օգտագործվում է որպես համեմունք և դեղաբույս: Որպես համեմունք օգտագործում են թարմ վիճակում, քնի որ չորացված չերվիլը կորցնում է հոտը: Երկար պահպանելու համար կարելի է սառեցնել:

Աճեցման առանձնահատկությունները

Ավելի հեշտ աճեցվող բույս դժվար գտնվի: Չերվիլը պահանջկոտ չի հողի նկատմամբ, ունակ է աճել ստվերում և չի վախենում կարճատև ցրտահարումներից: Բնականաբար, պարարտ հողում ավելի լավ է աճում ու ավելի շատ կանաչ զանգված է ձևավորում:
Հետաքրքիր է, որ ամռան վերջում ցանված չերվիլը կարող է բարեհաջող ձմեռել ձյան տակ: Իսկ ամռան շոգին, հակառակը, վատ է աճում, ուստի գարնանը ցանում են ստվերում կամ կիսաստվերում:
Բավարար լուսավորություն և ջերմություն ապահովելով չերվիլը շուրջ տարին կարելի է աճեցնել նաև տանը, օրինակ, լուսամուտի գոգին:

 Երբ ցանել

Չերվիլի սերմերը սև են, մանր ու երկարավուն: Մոտ չորս տարի պահպանում են ծլողունակությունը: Կարելի է աշնանացան անել կամ ցանել վաղ գարնանաը: Ցանելուց հետո չերվիլը հասնում է 4-6 շաբաթվա ընթացքում: Որպես կանոն կտրում են թփի ողջ կանաչ մասը, քանի որ նոր ծիլեր համարյա չեն առաջանում: Որպեսզի այգում միշտ թարմ բերք լինի, 2-3 շաբաթը մեկ նոր ցանք են անում:
Սերմը ցանում են 0,5 սմ խորությամբ, առաջին ծիլերը հայտնվում են 2-3 շաբաթից: Երբ ծիլերը հասնում են 5 սմ բարձրության նոսրացնում են այնպես, որ առնվազն 15 սմ իրարից հեռու լինեն:
Խնամքը բարդ չէ ՝ անհրաժեշտ է պարբերաբար փխրեցնել հողը և ջրել:
Անբավարար խոնավության և ուժեղ շոգին չերվիլի տերևները շուտ կոշտանում են և բույսը արագ ծաղկում է: Բազմաթիվ հասած սերմերը թափվում են քետնին և առատ ինքնացանք անում: Եթե պետք է հավաքել սերմերը, ապա ցողունները կտրում են երբ սերմերը սկսում են գորշանալ և թողնում են հասնեն ու չորանալ ստվերում:

Չերվիլը որպես դեղաբույս

Կիրառվում է որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող, մարսողությունը բարելավող, միզամուղ, ինչպես նաև հակաբորբոքային միջոց՝ շնչառական ուղիների հիվանդության և դեղնախտի դեպքում:

Հղումներ

Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլների աճեցումը

Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլները Արարատյան հարթավայրի պայմաններում կարելի է աճեցնել ջերմատան, տաքացվող և արևային ջերմոցներում, բաց գրունտի սածիլանոցներում, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում միայն տաքացվող ջերմոցներում:
Սածիլի աճեցումը ջերմատան պայմաններում
Ցանքը կատարել 5x5x5սմ3 սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես սուբստրատ կարելի է օգտագործել տորֆ, 3 մաս տորֆ 1 մաս կենսահումուս կամ ըստ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում կատարած փորձերի արդյունավետ է նաև 4 մաս տորֆ, 4 մաս ճմահող, 2 մաս կենսահումուս խառնուրդի օգտագործումը: Նախքան ցանելը լավ ջրվում են խոռոչիկները սննդարար լուծույթով: Փայտիկի օգնությամբ յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվոմ են տորֆի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով հավասարաչափ ծլելու համար: Այրումներից խուսափելու համար պոլիէթիլենայինթաղանթը ծածկել թերթով:
Շուտ ծլելու համար կարելի է տեղադրել ջեռուցման խողովակների վրա: Ջերմությունը հավասարչափ բախշելու համար պետք է խոռոչիկները տեղադրվեն խողովակներից բարձր 20-30սմ: Եթե խոռոչիկները տեղադրվում են հողի վրա, ապա այն պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված լինի սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց /արմատները կվնասվեն վերատնկման ժամանակ/ և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Ծլելուց անմիջապես հետո հեռացնել պոլիէթիլենային թաղանթը, որ չայրի սածիլները և ջրել սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթը պատրաստել 10լ ջրին ավելացնելով ամոնյակային սելիտրա 5-10գ; սուպերֆոսֆատ 40-50գ; ծծմբաթթվային կալիում 15-20գ: Եթե հնարավոր չէ ճարել բոլոր նշված պարարտանյութերը ապա օգտագործել նիտրոամոֆոսի 40-60գ-ը 10լ ջրում լուծույթը; Խոնավության և լավագույն ջերմաստիճանի (24-260C)–ի պայմաններում սովորաբար պոմիդորի սերմերը ծլում են 4-5 օրում: Շաքիլատերևների բացվելուց հետո ջերմաստիճանը իջեցվում է մինչև ցերեկը 18-200C իսկ գիշերը 15-160C, որը պահպանում է սածիլները ձգվելուց: Մի շաբաթ հետո ջերմաստճանը բարձրացվում է ցերեկը արևային եղանակին 20-220C, ամպամած օրերին մինչև 18-190C, գիշերը 17-180C : Սածիլները ջրել չափավոր: Ցանկալի է ջրել առավոտյան շուտ:
Տաքդեղի համար ջերմաստիճանային պայմանները ավելի բարձր են : Մինչև սերմերի ծլելը 25-300C 4-7 օրվա ընթացքում մինչև ծլելը, որից հետո իջեցնում են 16-180C ցերեկը և գիշերը 12-140C: Հաջորդ օրերը արևոտ եղանակին մինչև 22-280C, ամպամաշ օրերին մինչև 18-200C ցերեկը և գիշերը 15-160C: Տաքդեղի սածիլները ջրում են ավելի առատ, քանի որ նրանք ավելի զգայուն են խոնավության անբավարվածությանը:
Բադրիջանի սածիլները աճեցվում են տաքդեղի սածիլների նման: Հաշվի պետք է առնվի այն հանգամանքը, որ բադրիջանի սածիլները ավելի զգայուն են հողի բերրիությանը, ավելի ջերմասեր են և դանդաղ են զարգանում վաղ հասակում: Կարելի է սածիլները խոռոչիկներից անմիջապես տեղափոխել դաշտ մինչև 40 օրական հասակը:
Վերատնկում
Եթե դաշտ են տեղափոխվելու 40-65 օրական սածիլներ, ապա անպայման պետք է վերատնկվեն ավելի մեծ մակերես ապահովող ամանների մեջ: Ամենահարմար ժամկետը վերատնկման համար 1-2 իսկական տերևի փուլն է, որը ծլելուց 10-14օր հետո է: Ընտրում են առողջ, լավ զարգացած բույսերը: Խոռոչիկների հողը լավ ջրում ենք և 1-2 ժամ հետո շատ հեշտությամբ դուրս են գալիս փոքրիկ թաղարիկները: Տեղափոխում ենք ամանների մեջ, որոնք ունեն 10×10 x10 սմ խոր. ծավալ: Տաքդեղը և բադրիջանը կարող են վերատնկվել ավելի փոքր 6-8 սմ տրամգիծ ունեցող ամանների մեջ: Ամանները կարող են լինել թղթից, պլասմասայից, կարող են լինել պոլիէթիլենային տոպրակներ, որոնց տակը պետք է լինեն անցքեր օդի թափանցման համար:
Նախքան վերատնկելը ամանների տորֆը ջրում ենք համեմատաբար ավելի խիտ սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթների խտությունների տարբերությունը խթանում է արմատային համակարգի զարգացմանը: Վերատնկումից հետո օգտագործել սննդարար լուծույթ գ/լ – ամոնյակային սելիտրա-10, սուպերֆոսֆատ-50, ծծմբաթթվային կալիում-20, մագնեզիումի սուլֆատ-10: Սնուցում ենք առաջին անգամ 1-2 շաբաթ անց վերատնկումից հետո և 7-10 օր դաշտ տեղափոխելուց առաջ: 10 լ լուծույթի ծախսը 1.5-2.5քառ.մ-ին Երբ բույսերի տերևները կպնում են իրար, անհրաժեշտ է հեռացնել իրարից, անհրաժեշտ լուսավորվածություն ապահովելու համար: Սածիլները կարելի է դաշտ տեղափոխել ծաղկած և կոկոնակալած վիճակում, 50-65 օրական սածիլներ:
Սածիլի աճեցումը արևային ջերմոցներում
Ջերմոցներում օգտագործվում է 3 մաս տորֆ, 1 մաս բուսահող, 1 մաս ճմահող հողախառնուրդը, որի յուրաքանչյուր խորանարդ մետրին ավելացվում է 2-4 կգ ազոտական պարարտանյութ, 4-5 կգ սուպերֆոսֆատ և 2-2.5 կգ կալիումական պարարտանյութ: Ջերմոցի հողը անյպես պետք է լցնել, որ շրջանակը ծածկելուց հետո հողի մակերեսի և ապակու միջև 12-15սմ ազատ տարածություն մնա: Ջերմոցում հողախառնուրդը լցնում են 15-18 սմ շերտով: Պոմիդորը ցանելու համար օգտագործում են ատամնավոր, իսկ բադրիջանի և տաքդեղի սածիլների համար` ճաղավոր մարկյոռներներ: Ցանելուց հետո սերմերը ծածկում են 0.5-1սմ հողաշերտով: Սերմերը ցանելուց հետո պետք է ջրել, ծածկել ապակեպատ շրջանակներով և տաք ծածկոցներով: Մինչև սերմերի ծլելը ջերմոցներում պահպանում են 22-240 ջերմություն: Ծիլերը երևալուց հետո մինչև առաջին իսկական տերևը և ցերեկը, և գիշերը ջերմաստիճանը պետք է իջեցնել 12-150–ի: Առաջին տերևները երևալուց հետո մինչև դաշտ փոխադրելը, ցերեկները ջերմաստիճանը պետք է պահպանել 22-240-ի սահմաններում, իսկ գիշերը իջեցնել 12-140 , որպեսզի բույսերը չձգվեն, լավ արմատային համակարգ կազմակերպեն, լինեն կարճ և հաստ: Արևոտ տաք օրերին, երբ դրսում ջերմությունը հասնում է 12-150-ի, անհրաժեշտ է ջերմոցները ցերեկվա ընթացքում բոլորովին բաց պահել և շրջանակները ծածկել միայն գիշերները: Սերմերը ծլելուց հետո ամենակարևոր աշխատանքը խիտ ծլած բույսերը ժամանակին նոսրացնելն է: Պետք է նոսրացնել առաջին իսկական տերևները երևալու ժամանակ և թողնել շարքում բույսը- բույսից 5-6սմ, իսկ լեռնային շրջաններում 8-10սմ հեռավորությամբ: Հանած բույսերը կարելի է վերատնկել այլ ջերմոցում: Բադրիջանի և տաքդեղի բույսերը կարելի է ավելի խիտ թողնել: Սածիլի ելքը 1քառ.մ կարող է լինել 400-500հատ: Վերատնկման դեպքում 300հատ նոսրացրած բույսերի վրա շաղ տալ հողախառնուրդ մինչև շաքիլատերևը և ջրել, որը նպաստում է մազարմատների առաջացմանը: Հետագա խնամքի աշխատանքներն են` օդափոխություն, քաղհան, փխրեցնում, ջրում, սնուցում: Սածիլները պետք է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Առաջին սնեցումը տալ թռչնաղբահեղուկով, որը պատրաստվում է հետևյալ ձևով.1 մաս չոր թռչնաղբին ավելացվում է 1 մաս ջուր և թողնվում մինչև պճպճա, որից 4-5օր հետո 1 դույլը նոսրացվում է 8-10դույլ ջրով: 1դույլ նոսրացրած լուծույթը տալ 250-300 բույսին, որից հետո ջրել 2 դույլ մաքուր ջրով: Երկրորդ սնեցումը տալ 15 օր հետո հանքային պարարտանյութերի լուծույթով, որը պատրաստվում է հետևյալ կերպ. 18-20գ ամոնիակային սելիտրա, 40-50գ սուպերֆոսֆատ,15-20գ կալիումական աղ լուծում են 1-2 դույլ մաքուր ջրում: Երրորդ սնեցումը կատարվում է գոմաղբահեղուկով տնկելուց 10օր առաջ: Տավարի թարմ գոմաղբը նոսրացվում է 5-6 անգամ: Գոմաղբահեղուկը հողին տալիս է կպչողականություն և ապահովում է սածիլները հողագնդով դաշտ տեղափոխելը: Լավ աճեցրած սածիլը դաշտ տեղափոխելուց պետք է ունենա 5-7 տերև, լինի կարճ, հաստ և մուգ կանաչ գույնի, ունենա լավ զարգացած արմատային համակարգ:
Աղբյուրը` «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն»