Կարմրանը, մոշա, իրղուն (անգլ.՝ Tamarix, Salt cedar, ռուս.՝ Гребенщик, Тамарикс, լատ.՝ Tamarix), կարմրանազգիների ընտանիքի բույսերի ցեղ է։
Տարածված է Արարատի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է աղուտ-ալկալի հողերում, չորացած գետերի հուներում, գետափերին, խոնավ վայրերում և այլն։
Category Archives: Դեկորատիվ թփեր
Դեկորատիվ պղպեղ
Դեկորատիվ պղպեղներ աճեցնելը հնարավորություն է ընձեռում գեղեցկացնել բնակարանը և, միևնույն ժամանակ, միշտ ձեռքի տակ ունենալ լավ կծու համամունք: Բոլոր դեկորատիվ պղպեղների “նախնին” մեքսիկական պղպեղն է (Capsicum annuum), որին շատերը Չիլի են ասում:
Լավ խնամքի դեպքում դեկորատիվ պղպեղը, որը բազմամյա բույս է, պտղաբերում է ողջ տարին:
Գոյություն ունբեն դեկորատիվ պղպեղի բազմաթիվ տեսակներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:
Ուտելի դեկորատիվ պղպեղներ
Փոքրիկ հրաշք
Վաղահաս տեսակներից է, ունի երկարավուն, գեղեցիկ, շատ կծու պտուղներ:
50-80 սմ բարձրությամբ բույսը գմբեթաձև է: Պտուղները սկզբում կանաչ են, հետո դառնում են մանուշակագույն, դեղին ու վերջում նարնջագույն են:
Մեդուզա
Ունի բարակ, երկարավուն, ոչ շատ կծու պտուղներ, դրանք սկզբում սպիտակ, դեղին կամ նարնջագույն են, հասունանալուց հետո՝ կարմիր:
25 սմ բարձրությամբ և 15 սմ լայնությամբ փոքրիկ թուփ է:
Լապտերիկ
Փոքրիկ թուփ է, ունի վառ կարմիր մոտ 45 գրամ կշռող, կծու պտուղներ: Առաջին պտուղներն առաջանում են ծլելուց 115-120 օր հետո:
Ալադին
Չափազանց արագահաս տեսակ է: Սենյակային պայմաններում հասնում է 35-40 սմ բարձրության, իսկ բաց գրունտում՝ մինչև 50 սմ:
Փյունիկ
Կոնաձև, 3-4 սմ երկարությամբ պտուղները հասունանում են 95-108 օրում: Հասունացմանը զուգընթաց պտուղները փոխում են գույնը կանաչից՝ դեղին ու դեղինից՝ կարմիր: Գնդաձև թփի բարձրությունը մոտ 35 սմ է:
Սալյուտ
Կլոր սաղավարթով թփի բարձրությունը մոտ 20 սմ է: Սուր ծայրով, կոնաձև, մոտ 6 գրամանոց պտուղներ ունի: Բուրավետ է: Հասունանալով պտուղները մուգ կանաչից դառնում են մուգ նարնջագույն:
Էկսպլոզիվ էմբեր
Մոտ 30 սմ բարձրությամբ թուփ է: Սկզբում մանուշակագույն, հետո բաց դեղնավուն, վարդագույն կամ կարմիր, սրածայր պտուղներ ունի: Պտուղները հասունանում են 115-120 օրում, ունենում են մինչև 2,5 սմ երկարություն:
Յուրահատուկ են նաև տերևները՝ դրանք մուգ մանուշակագույն են:
Զանգակ
Պտուղները զանգակներ են հիշեցնում: Պտղի պատերը քաղցրավուն են, իսկ սպիտակ միջուկը և սերմերը կծու են: Մեկ պտղի քաշը լինում է 60-100 գրամ: Պտուղները հասունանում են 150 օրում:
Բույսը ջրով պարբերաբար ցողվելու կարիք ունի:
Նոսեգեյ
Սա ամենափոքր տեսակն է: Բարձրությունը ընդամենը 15 սմ և կարելի է աճեցնել 1 լիտր տարողությամբ ծաղկամանի մեջ: Կանաչից կարմիր դարձող պտուղները կլոր են, միջին կցվությամբ:
Ֆիլիուս Բլյու
Այս տեսակի պտուղները սկզբում մանուշակագույնակապտավուն են, իսկ հետո, հասունանալով դառնում են կարմիր: Թուփը փոքր է, մոտ 20 սմ բարձրությամբ: Առատ պտղաբերում է շուրջ տարին: Լավ խնամքը ենթադրում է հաճախակի ոռոգում, լավ լուսավորություն և պարարտ հողի առկայություն:
Պուանսետիա
Միջին չափսի՝ 30-35 սմ բարձրությամբ թուփ է: Պտուղները երկարավուն են ՝ մինչև 7,5 սմ երկարությամբ:
Յուրահատկությունն այն է, որ պտուղներն աճում են փնջերով ու հեռվից ծաղիկներ հիշեցնում:
Հարսնացու
Միջին ժամկետում հասունացող տեսակ է: Կոկիկ, մոտ 30 սմ բարձրությամբ թուփ է ձևավորում: Կծու, բուրավետ պտուղները սկզբում բաց դեղնավումն են, իսկ հասունանալուց հետո դառնում են վառ կարմիր:
Ամռանը կարելի է դուրս բերել բաց երկնքի տակ:
Յամայկա
Դեղին, արտառոց տեսքով պտուղներ ունի այս տեսակը: Կծվությունը կենտրոնացած է պտղի սպիտակ միջուկի մեջ, իսկ հյութեղ պատերը կարող են քաղցր լինել:
Ղառի դամա
Մոտ 25 սմ բարձրությամբ փոքրիկ, կլոր սաղավարթով թուփ է: Ստվերադիմացկուն է: Պտուղները մանուշակագույն են:
Ոչ ուտելի պղպեղներ
Ծաղրածու
Փոքրիկ, 35 սմ բարձրությամբ թուփ է, պտուղները մի քիչ ձգված կլոր են՝ դեղին, նարնջագույն:
Գոլդֆինգեր
Ոչ ուտելի, բայց շատ գեղեցիկ, մինչև 5 սմ երկարությամբ պտուղներով տեսակ է: Թուփը փոքր է՝ մոտ 25 սմ բարձրությամբ: Լավ լուսավորության դեպքում առատ բերք է տալիս: Սեմերը կարելի է ցանել ցանկացած տիպի պարարտ հողում:
Ամփոփում
Վերը նշված պղպեղի տեսակներից յուրաքանչյուրը տանը բարեհաջող աճեցնելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների՝
- ապահովել օդի ջերմաստիճանը 25-ին մոտ;
- տեղադրել բույսը լուսավոր պատուհանի գոգին;
- պարբերաբար օդափոխել սենյակը:
Դափնեվարդ
Դափնեվարդը (անգլ.՝ Oleander, ռուս.՝ Олеандр, լատ.՝ Nerium), շնամեռուկազգիների (Apocinaceae) ընտանիքի բույսերի ցեղ է։ Հայրենիքը Փոքր Ասիան և Հարավային Եվրոպան է (Միջեկրականի ծովեզերք)։ Մշտադալար բարձր թուփ է, իր հայրենիքում աճում է գետերի ափերին, բարձրությունը հասնում է 4-5 մետրի։ Ծաղիկները բուրավետ են,սպիտակ, կարմիր, վարդագույն և դեղին երանգներով։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Մշակության մեջ հաճախ կարելի է հանդիպել սովորական ճփնուն (լատիներեն՝ N․ oleander) և նրա լիաթերթ ծաղկավոր այլատեսակին (N. o. fl. pl.):
Ընտանիքը շատ աղքատ է. բաղկացած է 10 տեսակից: Օլեանդրն ունի նեղ, բայց մինչև 40սմ երկարության հասնող տերևներ: Ծաղիկներն արտակարգ գեղեցիկ են ու խոշոր ծաղկաբույլերով: Ծաղկման շրջանը ամառն է՝ հունիս-հուլիսը: Բույսը լուսասեր է. սենյակում ամենահարմար տեղը հարավային լուսամուտներն են: Ամառը պետք է առատ ջրել, իսկ ձմռանը կարելի է պակասեցնել: Օլեանդրը ջերմասեր է, բայց պահանջկոտ չէ խոնավության նկատմամբ, լավ է դիմանում չորային պայմաններին, բայց լավ չի տանում ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները: Օլեանդրն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն: Գեղեցիկ ծաղիկներով այս բույսը թունավոր է: Այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն դնել այնպիսի սենյակում, որտեղ երեխաներ կան: Օլեանդրի հյութը պարունակում է թունավոր նյութեր, որն առաջին հերթին ազդում է նյարդային համակարգի վրա: Օլեանդրը բազմացվում է ցողունային կտրոններով: Այն տեղափոխում են տարին մեկ անգամ՝ մարտ ամսին: Թաղարի խորքային հատվածը լավ կլինի լցնել խիճ կամ ավազ, որպեսզի ապահովի ջրի անցանելիությունը:
http://ankakh.com/article/423/olyeandr
Հղումներ
Բեգոնիա
Բեգոնիա (փղականջ, անգլ.՝ Begonia, ռուս.՝ Бегония, լատ.՝ Begonia), բեգոնազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, լիանների, երբեմն՝ սուկուլենտ բույսերի ցեղ։ Հայտնի է 1000 (այլ տվյալներով՝ 800) տեսակ։ ՀՀ-ում տարածված են բազմաթիվ գեղազարդիչ տեսակներ, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և բնակարաններում աճեցնելու համար։
Հղումներ
Գարդենիա

Գարդենիան Rubiaceae ընտանիքին պատկանող, ծաղկավոր, մշտադալար բույսերի ցեղ է։ Աճում է Աֆրիկայի, Ասիայի, Մադագասկարի և Խաղաղօվկիանոսյան կղզիների արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, Ավստրալիայում:
Գարդենիան անվանակոչվել է ամերիկացի բնախույզ և բժիշկ Ալեքսանդր Գարդենի (1730—1791) պատվին:Գոյություն ունի գարդենիաների մոտ 140 տեսակ։ Թփերի կամ փոքր ծառերի բարձրությունը կարող է հասնել մինչև 2, 5 մետրի: Սենյակային տեսակների բարձրությունը չի գերազանցում մեկ մետրը: Որպես սենյակային բույս, ամենատարածվածն է Գարդենիա հասմիկանմանը, որի վերաբերյալ էլ կլինի հետագա շարադրանքը։

Գարդենիա հասմիկանմանը (անգլ.՝ Cape jasmine, ռուս.՝ Гардения жасминовидная, լատ.՝ Gardenia jasminoides) մինչև 180 սմ բարձրությամբ, մշտադալար թուփ է: Տերևները մինչև 8 սմ երկարության են:
Ունի բավականին մեծ, կաշվի նման , փայլուն տերևներ ` մուգ կանաչ գույնի, սպիտակ կամ դեղին բուրավետ ծաղիկներ: Ծաղկում է ամռանը, տարածում է ուժեղ, հաճելի բուրմունք: Ծաղիկները սկզբում վառ սպիտակ են, հետո դեղնավուն: Բնության մեջ տարածված է Ասիայի ու Աֆրիկայի արևադարձային գոտիներում:
Տեղը սենյակում
Հասմիկանման գարդենիան պետք է տեղադրել պայծառ լուսավորված տեղում, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո: Լավ կաճի արևմուտք ու արևելք նայող պատուհանների մոտ: Տաքերն ընկնելուց հետո բույսը կարելի է պահել բաց երկնքի տակ, բայց ծաղկելուց առաջ պետք է ներս բերել: Ձմռանը անհրաժեշտ օդի ջերմաստիճանը +16°…+20°C է (+16°C ոչ ցածր): Ծաղկամանի հողը նույն, կամ քիչ ավելի ջերմություն պետք է ունենա:
Լուսավորությունը
Անհրաժեշտ է պայծառ, ցրված լույս։
Ջրելը
Հողը մշտապես թեթևակի խոնավ է պետք պահել: Ջրել փափուկ, առնվազն 24 ժամ հնացված, սենյակային ջերմության ջրով: Ծաղկման շրջանում օդի բարձր խոնավություն է պահանջվում: Խորհուրդ է տրվում ծաղկամանը դնել ջրով լի, լայն տակդիրի մեջ:
Օդի խոնավությունը
Չափավոր, ծաղկման շրջանում՝ բարձր: Խորհուրդ է տրվում պարբերաբար գոլ, հնեցված ջրով ծողել բույսը և պարբերաբար, խոնավ շորով սրբել տերևների վրայի փոշին։
Սնուցումը
Պետք է պարարտացնել գարնանից մինչև աշուն: Երիտասարդ բույսերը սնուցումեն են ամիսը երկու անգամ` հերթագայելով օրգանական և հանքային պարարտանյութերը. Չափահաս բույսերը սնուցում են ամեն շաբաթ` կալցիում չպարունակող պարարտանյութերով:
Հանգստի շրջան
Ձմռանը, 4-6 շաբաթով պետք է խիստ նվազեցնել ջրելը, բայց պահպանել լավ լուսավորություն ու +16․․․ +20°C օդի ջերմություն:
Տեղափոխումը
Ձմռան ավարտին հասմիկանման գարդենիան պետք է տեղափոխել փոքր-ինչ ավելի մեծ ծաղկամանի մեջ և էտել նախորդ տարի աճած ճյուղերը՝ երկարության մոտ 1/3 չափով, ինչը կխթանի բույսի ճյուղավորումը:
Բազմացումը
Գարդենիան բազմացնում են գարնանը կամ ամռան վերջին կտրած կիսափայտացած կտրոններով, որոնք արմատակալման են դնում թեթևակի տաքացվող հողախառնուրդում՝ մինիջերմոցի տակ: Կա նաև ջրի մեջ արմատակալում ստանալու դրական փորձ։ Կարելի է բազմացնել նաև սերմերով:
Տեղափոխումը
Հասմիկանման գարդենիան սիրում է բարձր թթվայնութամբ հող: Երիտասարդ բույսերը աճեցնում են հավասար չափերով տերևային բուսահող, ճմահող, փշատերևային բուսահող, վերնատորֆ և ավազ պարունակող հողախառնուրդում: Հետագայում հողախառնուրդին ավելացնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ:
Հնարավոր բարդություններ
Հաճախ բողբոջները դադարեցնում են աճը ու թափվում են: Դրանից խուսափելու համար, պետք է ապահովել օդի ջերմաստիճանի կայուն ռեժիմ՝ ցերեկը՝ 18-20 աստիճան, իսկ գիշերը՝ 16-18, հաճախ օդափոխել սենյակը և կանոնավոր ջրել:
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում հասմիկանման գարդենիան տերևաթափ կարող է լինել:
Եթե տերևները սպիտակավուն են, ուրեմն հողի մեջ երկաթի պակաս կա ու, տարին 3-4 անգամ պետք է սնուցել բույսը միկրոտարրերով:
Վնասատուներից ամենավտանգավորները սարդոստայնային տիզն է, վահանամիջատը և ալրատիզը:
Օգտակար հատկությունները
Մի շարք երկրներում հասմիկանման գարդենիայի պտուղն ու արմատները օգտագործում են հակաբորբոքային, ջերմություն իջեցնող, արյուն մակարդող, դեղնախտ, մաշկային հիվանդություններ, մաստիտ, սոմատիտ, տոնզիլիտ բուժող եփուկներ պատրաստելու համար:
Պտուղները օգտակար են թոքերի հիվանդության և տենդի դեպքում: Մանրացված պտուղները դնում են վերքերի, այրվածքների, ուռուցքների և այտուցվածքների վրա:
Հղումներ
Լանտանա
Լանտանան (անգլ․՝ Shrub verbenas or Lantanas, ռուս․՝ Лантана, լատ․՝ Lantana) աղավնիճազգիների (Verbenáceae) ընտանիքին պատկանող գեղեցիկ, բազմամյա թուփ կամ կիսաթուփ է։ Հայրենիքը՝ Հնդկաստանի, Մեքսիկայի և Կոլումբիայի մերձարևադարձային գոտիներն են, սակայն, այժմ նաև լավ տարածվել է Միջերկրականի ափերին և Միջին Արևելքում։ Հայաստանում կարելի է աճեցնել որպես մեկամյա կամ սենյակային բույս։
Նուրբ, փոքրիկ և տարբեր գույների ծաղիկներից կազմված ծաղկաբույլերը գեղեցկացնում են թուփը ողջ ամառվա ընթացքում։
Ոչ պահանջկոտ, ակտիվ աճող բույս է։
Լանտանայի բազմացումը
Լանտանան բազմացնում են սերմերով կամ կտրոններով։ Սերմերով բազմացումը ջանքեր է պահանջում, բայց թույլ է տալիս մեծ քանակով նոր բույսեր ստանալ։ Պետք է հաշվի առնել, որ սերմերով բազմացնելիս տեսակի հատկությունները ոչ միշտ են պահպանվում։
Սերմերը խորհուրդ է տրվում ցանել ավազատորֆային խառնուրդի մեջ՝ նոյեմբերին։ Մինչև ցանելը, 1,5-2 ժամով թրջելով դրանք տաք (50-60°C) ջրում, ինչից հետո մշակելով աճի որևէ խթանիչով։ Ցանքի համար ստեղծում են ջերմոցային պայմաններ՝ +20…+22°C օդի ջերմությամբ։
Ծիլերը հայտնվում են 3-4 շաբաթից, ինչից հետո դրանք պահում են ավելի նվազ՝ +12…+14°C ջերմաստիճանում։ Աճը խթանելու համար կարող է լրացուցիչ լուսավորության անհրաժեշտություն առաջանալ։ 2-3 տերև ձևավորած ծիլերը կարելի է տեղափողել առանձին բաժակների մեջ։
Ավելի դյուրին է լանտանայի բազմացումը կտրոններով։ Գարնանը, էտելու ժամանակ պետք է առանձնացնել չորս տերևներով, տաս սանտիմետր երկարությամբ կտրոններ, որոնց արմատակալումն իրականացվում է փխրուն, պարարտ հողի մեջ։ Տնկած կտրոնները պահում են տաք, լուսավոր սենյակում , ընդորում, առաջին երկու շաբաթը պահում են մինի ջերմոցի տակ։ Այնուհետև, մի քանի ժամով մինի ջերմոցը բացում են, նորից փակում մեկ շաբաթով, ինչից հետո ընդհանրապես բացում։
Լանտանայի խնամքը
Լանտանա աճեցնելը շատ հեշտ է։ Բույսը արագ է աճում և դրա համար հատուկ պայմաններ պետք չեն։ Բույսը շատ է սիրում պայծառ լուսավորություն և երկար լուսային օր, ուստի գերադասելի է տեղադրել այն հարավային պատուհանի մոտ։ Ամռանը խորհուրդ է տրվում բույսը պատշգամբ կամ այգի դուրս հանել, որտեղ այն կփարթամանա և երկար ժամանակ կծաղկի։ Արևի ուղիղ ճառագայթներից չի վախենում նույնիսկ շատ շոգ օրերին, միայն պետք է առատ ջրել։ Ստվերում բույսի տերևները մանրանում են ու ծաղկել չի կարողանում։
Եթե ձմեռները տաք են և ցրտահարության վտանգ չկա, լանտանան կարելի է աճեցնել բաց գրունտում։
Սենյակում աճեցնելիս օդի լավագույն ջերմաստիճանը +22…+27°C է, իսկ ձմռանը՝ +10…+12°C։
Լանտանայի որոշ տեսակներ կարող են դիմանալ մինչև -2°C կարճատև ցրտահարմանը։
Լանտանան ջրով ցողելու կարիք չկա, սակայն, երբեմն արժե լվանալ տերևները։ Ծաղկման շրջանում խուսափեք ցողել ծաղիկները ՝ դա կհանգեցնի արագ թոշնելուն։
Կանոնավոր ջրելը կարևոր է՝ գրունտի հաճախակի չորանալը կարող է հանգեցնել տերևների թոշնելուն ու աճի դանդաղելուն։ Պետք է հետևել, որ գրունտի միայն վերին շերտը չորանա՝ ոչ ավել։
Ջրելու ջուրը պետք է լինի հնացված և գոլ։
Գարնան սկզբից մինչև ծաղկելու ավարտը լանտանան ամսական երկու անագամ լրացուցիչ սնուցման կարիք ունի։
Բույսի լավ տեսք ստանալու համար, այն պետք է ձևավորել էտելու միջոցով։
Լանտանայի արմատները շատ արագ են զարգանում ու տարածվում, ուստի, 1-3 տարին մեկ ծաղկաթաղարը պետք է լինում ավելի մեծով փոխարինել։ Տեղափոխումը լավ կլինի անել գարնան սկզբին։ Ծաղկաթաղարը պետք է լինի խոր և տարողունակ, պետք է ապահովվի լավ դրենաժ։
Հողախառնուրդը կազմվում է՝
- տերևային բուսահողից (4 մաս);
- ճմահողից (3 մաս);
- կենսահումուսից կամ կոմպոստից (1 մաս);
- գետի ավազից (1 մաս)։
Հիվանդությունները և վնասատուները
Ցուրտ ու խոնավ սենյակում լանտանան կարող է հիվանդանալ տերևային ժանգով (листовая ржавчина). Չափից շատ ջրելը կարող է հանգեցնել արմատների փտելուն։
Հյութեղ տերևները հաճախ են ենթարկվում վահանակիրների, ուտիճների, սպիտակաթևիկների, սարդոստայնային տիզերի և ալրատիզերի հարձակմնանը։
Բաց գրունտում լանտանան ավելի շատ է տուժում վնասատուներից, ուստի խորհուրդ է տրվում գարնանը բույսի կանխարգելիչ մշակումներ անել։
Հղումներ
Այծացախակեռաս
Այծացախակեռաս (անգլ.՝ Italian honeysuckle, ռուս.՝ Каприфоль, լատ.՝ Lonícera caprifólium) կամ այծատերև, ցեղն ընդգրկում է մոտ 200 տեսակ, որոնք ունեն ամենատարբեր կենսաէկոլոգիական առանձնահատկություններ և տարածվածություն։
Լատիներեն «caprifolium» անվանումը ծագել է լատ.՝ capra – այծ և folium – տերև բառերից։
Փաթաթվող թուփ է։ Տերևները էլիպսաձև են, խոշար, կլոր և փայլուն, կապտականաչ, նստադիր, հակադիր դասավորված։ Ծաղիկները սպիտակ են, աստիճանաբար դեղնում են, բուրումնավետ են։
Ծաղկում է մայիս-հունիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Հատապտուղները նարնջակարմրավուն են։
Օգտագործվում է ուղղաձիգ կանաչապատման համար։ Որպես դեկորատիվ բույս օգտագործվում է տաղավարները, կամարները կանաչապատելու համար։
Հղումներ
Գիշերածին
Գիշերածին (անգլ.՝ Four-o’clocks, Umbrellaworts, ռուս.՝ Мирабилис, լատ.՝ Mirabilis) գիշերածինազգիների ընտանիքի բազմամյա, պալարավոր խոտաբույս։ Ցողունները ունեն մոտ մեկ մետր բարձրություն։ եևրևները ձվաձև են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղիկները ձագարաձև են, բուրավետ, սպիտակ, դեղին և կարմիր, կուլտուրական սորտերինը՝ երբեմն զոլավոր՝ հավաքված ողկուզաձև ծաղկաբույլերում։ Ծաղիկները երեկոյան բացվում, իսկ առավոտյան փակվում են, ամպամած օրերին բացված են մնում նաև ցերեկը։ Բազմանում է հիմնականում սերմերով։ Վայրի վիճակում հանդիպում է Ամերիկայի արևադարձային շրջաններում։ Տարածված դեկորատիվ բույս է։
Հղումներ
Տոսախ մշտադալար
Տոսախ մշտադալարը (անգլ.՝ Common box, European box, Boxwood, ռուս.՝ Самшит вечнозелёный, լատ.՝ Búxus sempervírens), տոսախազգիների ընտանիքի, տոսախ ցեղի բույս է։ Հայերենում տոսախին նաև անվանում են շիմշիր կամ շիմշատ:
Հղումներ
Տզկանեփ
Տզկանեփը (անգլ.՝ Castorbean, ռուս.՝ Клещевина, լատ.՝ Ricinus) իշակաթնուկազգիների ընտանիքին պատկանող յուղատու դեղաբույս է: Թունավոր է, բույսի որևէ մաս ուտել չի կարելի: Կիրառվում է նաև որպես դեկորատիվ բույս: Հայերեն հոմանիշներն են՝ գերչակ, շանաճանճի, տզկանեփատ, տզեզի, տզկաղատ, ջղու:
Մշակության մեջ հայտնի է Սովորական տզկանեփը (Ricinus communis)` մի քանի ենթատեսակներով: Տզկանեփը ջերմասեր է, լուսասեր և խոնավասեր, չի դիմանում ցրտահարությանը և երկարատև ցրտերին: Արևադարձային և մերձարևադարձային գոտիներում տզկանեփը մինչև 10 մետր բարձրությամբ մշտադալար թուփ է, իսկ մեր՝ բարեխառն գոտում, միամյա է և հասնում է 2-3 մ բարձրության:
Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին: Պտուղը կոպիտ փշապատ եռաբուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում՝ 1 սերմ: Տզկանեփի սերմերից ստանում են յուղ, որը հայտնի է Գերչակաձեթ (Oleum Ricini, Касторовое масло) անվամբ:
Բժշկության մեջ գերչակաձեթն օգտագործում են որպես լուծողական, քսուքներն ու բալասանները՝ այրվածքների ու խոցերի բուժման նպատակով:
Բազմացումը կատարվում է սերմերով, որոնք 2-6 սմ խորությամբ ցանում են բաց գրունտում մարտին կամ ապրիլին՝ երբ հողի ջերմաստիճանը +12 °С ցածր չէ: Ցանելուց առաջ խորհուրդ է տրվում սերմերը 24 ժամ թրջել: Ծլում է 3 շաբաթվա ընթացքում:
Կարդացեք նաև “ԳԵՐՉԱԿԱՁԵԹԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ” հոդվածը։