Ձիակասկը (անգլ.՝ Horse chestnut, Buckeye ռուս.՝ Конский каштан, լատ.՝ Aesculus) ձիակասկազգիների ընտանիքի ծառերի ցեղ է։ Հայտնի է 15 (այլ տվյալներով՝ 25) տեսակ։ Հայաստանում մշակության մեջ է մեկ տեսակ՝ Ձիակասկ սովորականը (Aesculus hippocastanum)։ Աճում է խոնավ և զով շրջաններում (հյուսիսային անտառներ, Սևանի ավազան, Շիրակի հարթավայր)։
Լավ է տանում վերատնկումը մեծ տարիքում և համարայա չի հիվանդանում (միջատները չեն վնասում): Ստվերասեր է, դիմանում է սառնամանիքներին։ Լայնորեն օգտագործվում է կանաչապատման բնագավառում։
Երևանում ևս աճեցվում է տնկարաններում և տեղափոխվում քաղաքի այգիներն ու մայթերը։ Հատկապես գեղեցիկ է ձիակասկը ծաղկման շրջանում, երբ գեղեցիկ սաղարթի միջից վեր են խոյանում սպիտակավուն կամ բաց վարդագույն ծաղիկները։
Խոշոր ծառ է, մինչև 30 մ բարձրությամբ, 1-2 մ բնի տրամագծով: Բունը գլանաձև է, ծածկված գորշամոխրագույն, ճաքճքված կեղևով: Ընձյուղները հաստ են, դարչնագույն, ծածկված ոսպնյակներով: Արմատներն առանցքային են, համակարգը՝ հզոր և լավ ձևավորված կողային արմատներով: Բողբոջներն անսովոր խոշոր են, մինչև 2,5 սմ երկարությամբ, գորշակարմրավուն, կպչուն: Տերևները կազմված են 5-7 նստադիր տերևիկներից, որոնք հակառակ ձվաձև են՝ 10 սմ երկարությամբ, 3-10 սմ լայնությամբ, սրված գագաթով, անհավասարաչափ կրկնակի սղոցեզր: Ծաղիկները սպիտակ են, հավաքված գագաթնային խոշոր 20-30 սմ երկարությամբ, 8-10 սմ լայնությամբ հուրաններում:
Պտուղները համարյա գնդաձև են, 3-6 սմ տրամագծով, փշոտ, կանաչավուն, բացվում են 3 փեղկերով, գորշակարմրավուն խոշոր սերմերով: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին:
Բնականորեն աճում է Բալկանյան թերակղզու հյուսիսում, որտեղ աճում է լեռնային լայնասաղարթ խառը անտառներում, 1000-1200 մ բարձրությունների վրա: Հանդիպում է նաև Իրանի լեռնայի և Հիմալայների նախալեռնային շրջաններում:
Ծառի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութեր: Պտուղներն ուտելի չեն: Պտուղներում պարունակվող էսցին սապոնինն օգտագործվում է դեղագործության մեջ: