Tag Archives: գարդենիա հասմիկանման

Բույսեր ձեր ննջասենյակի համար

Նարդոս (անգլ.՝ Lavender, ռուս.՝ Лаванда, լատ.՝ Lavandula) 

Նարդոսը հայտնի է իր քնաբեր բուրմունքով, այն մեղմում է սթրեսային վիճակը, իջեցնում արյան ճնշումը, ինչը քնելու ցանկություն է առաջացնում:
Նարդոսը օժանդակում է թեթև քնին և կրճատում է քնի “աչքերի արագ շարժի” փուլը:

Հալվե վերա (անգլ.՝ Aloe vera, ռուս.՝ Алоэ настоящее, Алоэ вера, լատ.՝ Alóe véra, Aloe Barbadensis Miller)

Հալվե վերան սենյակի օդը մաքրելով նպաստում է քնին: Գիշերները այն թթվածին է արտադրում, ինչը նույնպես նպաստում է խոր և հանգիստ քնին:
Տեղադրեք բույսը ննջարանի ամենալուսավոր պատուհանի գոգին, քանի որ այն սիրում է պայծառ լուսավորություն:

Հասմիկ (անգլ.՝ Jasmine , ռուս.՝ Жасмин, լատ.՝ Jasmínum)

Ժասմինի բույրը հին ժամանակներից է հայտնի  իր հանգստացնող հատկությամբ: Բույսն ունի սեդատիվ հատկություններ, որոնք դրական ազդեցություն են ունենում քնի որակի վրա: Գիշերները ձեր մահճակալին հնարավորին մոտ դրեք Հասմիկին:

Սանսևիերիա (Զոքանչի լեզու, անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Snake plant, ռուս.՝ Сансевие́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera)


Զոքանչի լեզվի պարզ կանաչ կամ կանաչ եւ դեղին, ուղղաձիգ տերեւները կարող են հրաշալի ներդաշնակվել ցանկացած ինտերիերի հետ: Սանսևիերիան ունի օդի մաքրման մեխանիզմ, որը նման է Հալվե վերայի մեխանիզմին, այն գիշերվա ժամերին նույնպես թթվածին է արտադրում ու մաքրում օդը՝ դարձնելով քունը խաղաղ ու հանգիստ:

Քլորոֆիտում (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)

Քլորոֆիտումը, ինչպես Հալվե վերան եւ Սանսևիերիան, մաքրում է օդը, իսկ մարդիկ մաքուր օդում խաղաղ են քնում: Քլորոֆիտումն ուի մեկ այլ հրաշալի հատկություն, այն կարող է օդից հեռացնել վնասակար ֆորմալդեհիդների մոտ 90%-ը: Առողջ ու հանգիստ քուն ապահովելու համար, կարելի է մի քանի Քլորոֆիտում տեղադրել ննջարանում:

Գարդենիա (անգլ.՝ Gardenia, ռուս.՝ Гардения, լատ.՝ Gardénia) կամ Գարդենիա հասմիկանմանը (անգլ.՝ Cape jasmine, ռուս.՝ Гардения жасминовидная, լատ.՝ Gardenia jasminoides)


Երկու տիպի Գարդենիաներն էլ, իրենց քնաբեր հատկությամբ կարող են համեմատվել դեղատնից գնված քնաբեր հաբերի հետ:
Եթե ձեզ հակասթրեսային կամ քնաբեր հաբեր են նշանակել, մինչև դրանց անցնելը փորձեք Գարդենիայի ազդեցությունը:


Երկու տիպի Գարդենիաներն էլ անքնություն բուժեղ, անհանգիստ քնից ու տագնապից ազատող արդունավետ միջոց են համարվում:

Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)

Հայտնի է, որ Բաղեղը մեղմում է ալերգիկ և ասթմատիկ երևույթները, քանի որ ունի օդը տոքսինների 94%-ից ու բորբոսների 78%-ից մաքրելու հիանալի հատկություն:  Սա թեթևացնում է շնչառական պրոբլեմներ ունեցողների քունը:

Գարդենիա

Գարդենիան Rubiaceae ընտանիքին պատկանող, ծաղկավոր, մշտադալար բույսերի ցեղ է։ Աճում է Աֆրիկայի, Ասիայի, Մադագասկարի և Խաղաղօվկիանոսյան կղզիների արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, Ավստրալիայում:

Գարդենիան անվանակոչվել է ամերիկացի բնախույզ և բժիշկ Ալեքսանդր Գարդենի (1730—1791) պատվին:Գոյություն ունի գարդենիաների մոտ 140 տեսակ։ Թփերի կամ փոքր ծառերի բարձրությունը կարող է հասնել մինչև 2, 5 մետրի: Սենյակային տեսակների բարձրությունը չի գերազանցում մեկ մետրը: Որպես սենյակային բույս, ամենատարածվածն է Գարդենիա հասմիկանմանը, որի վերաբերյալ էլ կլինի հետագա շարադրանքը։

Գարդենիա հասմիկանմանը (անգլ.՝ Cape jasmine, ռուս.՝ Гардения жасминовидная, լատ.՝ Gardenia jasminoides) մինչև 180 սմ բարձրությամբ, մշտադալար թուփ է: Տերևները մինչև 8 սմ երկարության են:

Ունի բավականին մեծ, կաշվի նման , փայլուն տերևներ ` մուգ կանաչ գույնի, սպիտակ կամ դեղին բուրավետ ծաղիկներ: Ծաղկում է ամռանը, տարածում է ուժեղ, հաճելի բուրմունք: Ծաղիկները սկզբում վառ սպիտակ են, հետո դեղնավուն: Բնության մեջ տարածված է Ասիայի ու Աֆրիկայի արևադարձային գոտիներում:

Տեղը սենյակում

Հասմիկանման գարդենիան պետք է տեղադրել պայծառ լուսավորված տեղում, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո: Լավ կաճի արևմուտք ու արևելք նայող պատուհանների մոտ: Տաքերն ընկնելուց հետո բույսը կարելի է պահել բաց երկնքի տակ, բայց ծաղկելուց առաջ պետք է ներս բերել: Ձմռանը անհրաժեշտ օդի ջերմաստիճանը +16°…+20°C է  (+16°C ոչ ցածր): Ծաղկամանի հողը նույն, կամ քիչ ավելի ջերմություն պետք է ունենա:

Լուսավորությունը

Անհրաժեշտ է պայծառ, ցրված լույս։

Ջրելը

Հողը մշտապես թեթևակի խոնավ է պետք պահել: Ջրել  փափուկ, առնվազն 24 ժամ հնացված, սենյակային ջերմության ջրով: Ծաղկման շրջանում օդի բարձր խոնավություն է պահանջվում: Խորհուրդ է տրվում ծաղկամանը դնել ջրով լի, լայն տակդիրի մեջ:

Օդի խոնավությունը

Չափավոր, ծաղկման շրջանում՝ բարձր: Խորհուրդ է տրվում պարբերաբար գոլ, հնեցված ջրով ծողել բույսը և պարբերաբար, խոնավ շորով սրբել տերևների վրայի փոշին։

Սնուցումը

Պետք է պարարտացնել գարնանից մինչև աշուն: Երիտասարդ բույսերը սնուցումեն են ամիսը երկու անգամ` հերթագայելով օրգանական և հանքային պարարտանյութերը. Չափահաս բույսերը սնուցում են ամեն շաբաթ` կալցիում չպարունակող պարարտանյութերով:

Հանգստի շրջան

Ձմռանը, 4-6 շաբաթով պետք է խիստ նվազեցնել ջրելը, բայց պահպանել լավ լուսավորություն ու +16․․․ +20°C օդի ջերմություն:

Տեղափոխումը

Ձմռան ավարտին հասմիկանման գարդենիան պետք է տեղափոխել փոքր-ինչ ավելի մեծ ծաղկամանի մեջ և էտել նախորդ տարի աճած ճյուղերը՝ երկարության մոտ 1/3 չափով, ինչը կխթանի բույսի ճյուղավորումը:

Բազմացումը

Գարդենիան բազմացնում են գարնանը կամ ամռան վերջին կտրած կիսափայտացած կտրոններով, որոնք արմատակալման են դնում թեթևակի տաքացվող հողախառնուրդում՝ մինիջերմոցի տակ: Կա նաև ջրի մեջ արմատակալում ստանալու դրական փորձ։ Կարելի է բազմացնել նաև սերմերով:

Տեղափոխումը

Հասմիկանման գարդենիան սիրում է բարձր թթվայնութամբ հող: Երիտասարդ բույսերը աճեցնում են հավասար չափերով տերևային բուսահող, ճմահող, փշատերևային բուսահող, վերնատորֆ և ավազ պարունակող հողախառնուրդում: Հետագայում հողախառնուրդին ավելացնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ:

Հնարավոր բարդություններ

Հաճախ բողբոջները դադարեցնում են աճը ու թափվում են: Դրանից խուսափելու համար, պետք է ապահովել օդի ջերմաստիճանի կայուն ռեժիմ՝ ցերեկը՝ 18-20 աստիճան, իսկ գիշերը՝ 16-18, հաճախ օդափոխել սենյակը և կանոնավոր ջրել:
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում հասմիկանման գարդենիան տերևաթափ կարող է լինել:
Եթե տերևները սպիտակավուն են, ուրեմն հողի մեջ երկաթի պակաս կա ու, տարին 3-4 անգամ պետք է սնուցել բույսը միկրոտարրերով:
Վնասատուներից ամենավտանգավորները սարդոստայնային տիզն է, վահանամիջատը և ալրատիզը:

Օգտակար հատկությունները

Մի շարք երկրներում հասմիկանման գարդենիայի պտուղն ու արմատները օգտագործում են հակաբորբոքային, ջերմություն իջեցնող, արյուն մակարդող, դեղնախտ, մաշկային հիվանդություններ, մաստիտ, սոմատիտ, տոնզիլիտ բուժող եփուկներ պատրաստելու համար:
Պտուղները օգտակար են թոքերի հիվանդության և տենդի դեպքում: Մանրացված պտուղները դնում են վերքերի, այրվածքների, ուռուցքների և այտուցվածքների վրա:

Հղումներ