Tag Archives: երեքնուկ

Բույսերի սնուցում թարմ խոտի թուրմով

Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է:  Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:

Եղինջի թուրմ

Եղինջից պատրաստված թուրմը կիրառելի է համարյա բոլոր մշակաբույսերի համար, այն հարուստ է ազոտով և այլ օգտակար տարրերով: Մանրամասն եղինջի և դրանից պատրաստվող սննդարար թուրմերի մասին կարդացեք այստեղ:

Մոլախոտերի թուրմ

Բույսերի համար սննդարար թուրմ կարելի է պատրաստել համարյա բոլոր մոլախոտերից: Քարխոտը, վայրի մանանեխը, օշինդրը, երիցուկը, երեքնուկը, բոլորի կանաչ զանգվածն էլ կարելի է օգտագործել սննդարար թուրմ պատրաստելու համար: Կարելի է ավելացնել նաև գազոնի հնձած խոտը:
Թուրմ պատրաստելու համար, մոլախոտերի կանաչ զանգվածը կտրատում կամ աղում են և լցնում տակառի կամ այլ հարմար անոթի մեջ՝ մոտավորապես անոթի բարձրության 2/3 չափով: Վրան լցվում է այնքան ջուր, որ ծածկի ողջ կանաչ զանգվածը:
Որպես մերան կարելի է ավելացնել մի քիչ նախկինում պատրաստված թուրմ, կամ պատրաստի կոմպոստ, փտած գոմաղբ, թթվի ջուր:
Ոչ ցուրտ եղանակին, 7-10 օր անց թուրմը եռ գալուց հետո պատրաստ կլինի: Պատրաստ լինելու մասին վկայում է թուրմին բնորոշ սուր հոտը:
Ստացված թուրմը բացում են ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ և դրանով ջրում են բույսերը:
Մոլախոտի թուրմով բույսերի սնուցում կարելի է անել ամսական 2-3 անգամ:
Չնայած պատրաստման շատ պարզ եղանակին, մոլախոտերի թուրմը շատ լավ պարարտացնում է հողը, իսկ առաջացած թափոնը՝ նեխած խոտի մնացուկները նույնպես կարելի է օգտագործել՝ որպես պարարտանյութ խառնելով հողի վերին շերտի հետ կամ որպես ցանքածածկ:

Կարելի է օգտակար տարրերով էլ ավելի հարուստ թուրմ ստանալ, եթե լուծույթին ավելացնել թթխմոր (10 լ լուծույթին 0,25-0,5 կգ թթխմոր): Թթխմորը եռման պրոցեսը արագացնելուց բացի կհարստացնի թուրմը հետևյալ տարրերով՝
  1. Ամոնյակի սուլֆատ;
  2. Կարբամիդ;
  3. Դիամոնիումֆոսֆատ;
  4. Կալիում;
  5. Մագնիում;
  6. Ծծումբ;
  7. Կավիճ;
  8. Սոդա;
  9. Բոր;
  10. Կալցիում:

ԵՐԵՔՆՈՒԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Երեքնուկը (լատ.՝ Trifólium) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Դաշտավարության մեջ մշակվում են բազմամյաներից՝ կարմիր Երեքնուկի, վարդագույն Երեքնուկ, միամյաներից՝ պարսկական Երեքնուկ, կամ շաբդարը (T․ resupinatum) և ալեքսանդրիական կամ եգիպտական Երեքնուկ կամ բերսիմը (T․ alexandrinum)։ Առավել տարածվածը կարմիր Երեքնուկն է։ Ունի միահար և երկհար ենթատեսակներ։ Միահարը ուշահաս Է, երկարակեցությունը՝ 3—4 տարի, մշակվում է հյուսիսային պայմաններում։ Երկհարը վաղահաս Է, երկարակեցությունը՝ 2—3 տարի։
Այգիներում կարմիր երեքնուկը ցանվում է և՛ որպես  գրունտը ծածկող բույս, և՛ որպես սիդերատ: Որպես սիդերատ երեքնուկը, քայքայվելով, շատ լավ սնում է հողը հեշտ յուրացվող օրգանական տարրերով, ազոտով և կալիումով: Մյուս կողմից արմատները փխրեցնում են հողը և բարելավում կառուցվածքը, պաշտպանում են էրոզիայից:
Կարմիր երեքնուկն աճեցնում են մինչև 3 տարվա ընթացքում, վարդագույնը՝ 8, իսկ սպիտակը (գազոնների համար) մինչև 20 տարի:
Երեքնուկը խստապահանջ է հողի խոնավության նկատմամբ, բայց չի դիմանում ճահճացմանը: Կարմիր երեքնուկը լավ է աճում բերրի, քույլ թթվայնություն ունեցող ավազակավային հողերում: Մյուս տեսակները նվազ խստապահանջ են, բայց կարիք ունեն փխրուն հողի, որպեսզի հիմնականում մակերեսային արմատներին մատչելի լինեն խոնավությունն ու մթնոլորտի գազերը:
Երեքնուկը ցրտադիմացկուն է, սակայն մինուս17-ից ցածր ջերմաստիճանը կարող է բույսի մահվան պատճառ դառնալ:
Կարմիր երեքնուկը, ցանկալի է սկարիֆիկացված սերմերով, ցանում են գարնանը՝ 1-3 սմ խորությամբ:
Հնձում են երեքնուկը մինչև սերմնարանների առաջանալը՝ սածիլները տնկելուց 15, այլ մշակաբույսեր ցանելուց 20 օր առաջ:

Հղումներ