Tag Archives: պարարտանյութ

Թռչնի ծերտ

Թռրչնի ծերտը իրավամբ համարվում է ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութը: Այն պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր), և մագնիում: Ընդորում, այդ բաղադրիչների խտությունը 3-4 անգամ բարձր է քան այլ օրգանական պարարտանյութերում:
Բացի այդ թռչնի ծերտում կա կոբալտ, ցինկ, բոր և ծծումբ:
Բերքատվության վրա հավի ծերտը համարյա նույն ազդեցությունն ունի, ինչ համակցված, հանքային պարարտանյութերը:  Քանի որ հավի ծերտի միջի օգտակար նյութերը աստիճանաբար են ազատվում ու ազդում բույսերի վրա, սնուցման ազդեցությունը շարունակվում է 2-3 տարի:
Թարմ վիճակում հավի ծերտը չեն օգտագործում, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ միզաթթու, որը կարող է այրել բույսերի արմատները:
Թարմ ծերտից կարելի է պատրաստել պարարտացնող լուծույթ: Մեկ լիտր թարմ ծերտը խառնում են 20 լիտր ջրի հետ և բացոդյա պահում 6-10 օր: Ստացված լուծույթով չի կարելի ջրել արմատներին մոտ՝ միջշարքային որոգում են անում: Խորհուրդ է տրվում նման սնուցում անել բույսերը լավ ջրելուց կամ անձրևից հետո:
Թարմ ծերտը ավելացնում են կոմպոստին՝ միախառնելով չոր տերևների, փայտի սղոցուքի, տորֆի, խոտի, այգու օրգանական այլ մնացորդների և հողի հետ: Ծերտի առկայությունը կոմպոստում էականորեն արագացնում է կոմպոստի հասունացումը:
Լավ պայմանների դեպքում, աշնանը կուտակած կոմպոստը հաջորդ գարնանը պատրաստ կլինի, միզանյութը և ամոնիակը ցնդած կլինեն:

Թռչնի ծերտի թուրմ

Ազոտով հարուստ պարարտանյութ է: Պատրաստվում է հեշտ ու արագ: Ոչ թարմ, թռչնի փտած ծերտը բացում են ջրով, լավ խառնում և պահում 2-3 օր: Ստացված թուրմը պետք է լինի թույլ թեյի գույնի: Եթե ավելի մուգ գույնի է, ապա ավելացնում են այնքան ջուր, որ թուրմը անհրաժեշտ գույն ունենա:

Ուշադրություն: Թռչնի թարմ ծերտը կարող է պարունակել մեծ քանակությամբ հելմինտների ձվեր, ուստի խորհուրդ է տրվում աշխատել խալաթով ու ռետինե ձեռնոցներով:
Չոր ծերտի փոշին էլ է վտանգավոր, քանի որ կարող է մեծ քանակությամբ մարդու համար հիվանդածին է միկրոօրգանիզմներ պարունակել:

Ինչպես պարարտացնել

  • Վերը նշված  թարմ ծերտի լուծույթով կամ  ծերտի թուրմով  բույսերը սնուցում են դրանք նախապես լավ ջրելուց հետո, ինչը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում օգտակար նյութերը կլանելու համար:
  • Սնուցումն անում են ոչ թե նամիջապես արմատների մոտ, այլ շարքերի արանքում:
  • Խորհուրդ է տրվում այդպիսի սնուցումներ անել ոչ հաճախ քան շաբաթը մեկ անգամ:
  • Թռչնի ծերտով պատրաստված կոմպոստը կամ չոր, փտած ծերտը հողի վրա, որպես ցանկածածկ դնելու լավագույն ժամանակը աշունն է: Գարնանը նույն բանն անելը հակացուցված է, քանի որ կարող է դանդաղեցնել բերքի հասունացումը: Թերևս միայն ավազուտներում կարելի է օգտագործել գարնանային ցանքածածկում թռչնի ծերտից պատրաստված կոմպոստով:
  • Չոր, փտած թռչնի ծերտով հողը պարարտացնում են ամեն քառակուսի մետրին 2-3 կգ լցնելով, ինչից հետո խառնում են հողի մակերեսային շերտի հետ:

Տորֆ

Տորֆը օգտակար հանածո է, որն առաջանում է ճահճում աճող բույսերի բնական չորացման և առատ խոնավության ու օդի դժվարեցված ներհոսքի պայմաններում ոչ լրիվ տրոհման պրոցեսում։

 Տորֆի օրգանական նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից։
Ըստ առաջացման պայմանների և հատկությաունների տորֆերը բաժանվում են

  • վերնատորֆի (թույլ քայքայված)
  • միջանկյալ տիպի (միջին քայքայվածության)
  • ներքնատորֆի (խիստ քայքայված)

Տորֆն ունի բարդ քիմիական կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմ. կազմությամբ և քայքայման աստիճանով։ Տորֆի զանգվածի տարրային կազմն է.

  • ածխածին` 50-60%
  • ջրածին 5-6.5%
  • թթվածին` 30-40 %
  • ազոտ` 1-3%
  • ծծումբ` 0.1-1.5%

Տորֆը պարտեզում կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, որպես ցանքածածկ, որպես հողախառնուրդների բաղադրիչ, որպես կոմպոստի նյութ:
Տորֆի միջի ազոտը քիչ է և դժվար յուրացվելի բույսերի համար, ուստի երբ տորֆն օգտագործվում է բույսերի պարարտացման համար, ապա համատեղվում է այլ՝ ազոտով հարուստ օրգանական պարարտանյութերի հետ:

Կիրառումը ջերմոցներում

Տորֆն ունի խոնավություն կլանելու հատկություն, ինչն անփոխարինելի է դարձնում այն ջերմոցների համար, որտեղ օդը միշտ բարձր խոնավություն ունի: Բացի այդ տորֆի կիրառումը որպես պարարտանյութ նվազեցնում է ախտածին մանրեների պարունակությունը հողում, ինչը, փակ գրունտի պայմաններում, կարևոր է:

Ջերմոցներում բարձր բերք ստանալու համար, հողը ամեն տարի պետք է նորացվի: Տորֆով պարարտացնելն այդ դեպքում ամենահարմար տարբերակն է: Տորֆի ծավալը հողի մեջ կարելի է հասցնել մինչև 70%, պայմանով, որ կկիրառվեն նաև ազոտով հարուստ այլ պարարտանյութեր:

Տորֆային գրունտի բաղադրատոմս.
Տորֆային կոմպոստ

Տորֆը օգտակար տարրերով  հարստացնելու ամենահեշտ ձևը դրա հիմքի վրա կոմպոստ պատրաստելն է:

Տորֆի կիրառման օգուտները
  • Տորֆով խառնված գրունտը դառնում է ավելի թեթև, ծակոտկեն, ավելի շատ օդ ու ջուր է մատակարարում բույսերի արմատներին:
  • Ազոտով հարուստ այլ պարարտանյութերի հետ խառնված տորֆը շատ լավ հարստացնում է ոչ բերրի, հյուծված հողերն ու ավազուտները:
  • Տորֆը բնական հակասեպտիկ է, օգնում է վնասազերծել ախտածին բակտերիաներն ու սնկերը:

Պետք է հաշվի առնել, որ տորֆը ավելացնում է հողի թթվայնությունը: Որոշակի բույսերի համար դա օգտակար է, բայց մեծամասնության համար՝ ոչ:

Ուշադրություն: Տորֆի սխալ, ոչ տեղին կիրառումը կարող է դանդաղեցնել բույսերի աճը, երբեմն էլ սպանել դրանց: 

Տորֆը, որպես պարարտանյութ կիրառելիս, պետք է խուսափել հետևյալ տարածված սխալները կրկնելուց.

Չի կարելի՝

  1. Կիրառել վերնատորֆ: Վերնատորֆն օգտագործում են միայն ցանքածածկ անելու համար;
  2. Օգտագործել միայն տորֆ, առանց հարստացնող հավելյալ պարարտանյութերի:

Հղումներ

Բանանի կեղև

Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:

Բանանի կեղևը որպես պարարտանյութ օգտագործելու 4 ձև
  1. Խառնել հողի հետ

Ամենահեշտ ձևն է: Մկրատով կամ դանակով պետք է կտրատել բանանի կեղևները և խառնել հողի մակերեսային շերտի հետ: Մոտ 10 օրում բանանի կեղևի կտորները իսպառ վերանում են՝ դրանք վերամշակում են հողի միջի մանրեները:

2. Պատրաստել թուրմ
  • Երեք լիտրանոց բանկայի մեջ գցել 3 բանանի կեղև, վրան լցնել սենյակային ջերմության ջուր ու սպասել 2 օր:
  • Ջուրը քամել, ստացված թուրմին ավելացնել նույն քանակությամբ ջուր:
  • Ստացված լուծույթով ջրել սածիլները և բույսերը:
  • Բանաի կեղևի մնացորդները, որպես պարարտանյութ խառնել հողի հողի հետ կամ լցնել կոմպոստի կույտի վրա:
3. Չորացնել և աղալ
  • Բանանի կեղևները չորացնել արևի տակ կամ ջեռուցման սարքերի վրա;
  • Չորացած կեղեվները աղալ սրճաղացով;
  • Ստացված փոշուց մեկական թեյի գդալ ավելացնել սածիլների ամեն մի բաժակին կամ, ըստ չափսերի 1-10 ճաշի գդալ  լցնել թփերի ու ծառերի տնկափոսերի մեջ:
4. Ավելացնել կոմպոստի կույտին

Բանանի կեղևները կտրատել և լցնել կոմպոստի կույտի վրա: Կարելի է կոմպոստը պատրաստել զուտ բանանի կեղեվի կտորների ու հողի կիրառմամբ, սակայն, որպես կանոն, այգում միշտ էլ կգտնվեն կոմպոստին խառնելու այլ օրգանական մնացուկներ:

Ուշադրություն: Բանանները կլպելուց առաջ պետք է հոսող ջրով լավ լվանալ, քանի որ դրանք, երկարատև պահպանման համար, կարող են մշակված լինել տարբեր, այդ թվում կանցերոգեն, նյութերով:

Ձվի կճեպ

Ձվի կճեպը կազմում կան.

  • Հեշտ յուրացվող կալցիումից – 93%;
  • Օրգանական նյութեր – 3-4 %
  • Մագնիում – 0,55%;
  • Լուսածին (ֆոսֆոր) – 0,12%;
  • Կալիում – 0,08%;
  • Երկաթ, ծծումբ, ալյումինիում …

Ուշադրություն: Եթե որոշել եք հավաքել ձվի կճեպները  որպես պարարտանյութ օգտագործելու համար, ապա ձուն կոտրելուց հետո, կճեպները անհրաժեշտ է մինչև չորանալը լավ լվանալ, որպեսզի կճեպի վրա չմնան սպիտակուցի մնացորդներ: Բանն այն է, որ սպիտակուցը, հայտնվելով հողում, սկսում է փտել, ինչը կարող է խթանել բույսերի համար հիվանդածին  բակտերիաների զարգացումը: Լվացված կճեպները պետք է չորացնել: Որոշ այգեգործներ նաև խարկում են կճեպները՝  լիակատար ախտահանման և, հողի հետ խառնվելուց հետո, ավելի արագ քայքայման հասնելու համար:
Ի դեպ: Եփած ձվի կճեպը, բույսերը սնուցելու տեսանկյունից, համարյա անպետք է: Իմաստ ունի օգտագործել միայն հողի կամ կոմպոստի կառուցվածքը բարելավելու համար: Իսկ ջրով, որում եփել եք ձուն, սառչելուց հետո, կարելի է ջրել սենյակային բույսերը՝ այնտեղ կալցիում և այլ օգտակար տարրեր կան:

Ինչպես օգտագործել ձվի կճեպը այգում

Ձևավորված կարծիք կա, որ 1 ք.մ. գրունտը լավ պարարտացնելու համար անհրաժեշտ է 100 ձվի աղացած կամ մանրեցված կճեպ: Սակայն ավելի խնայողաբար և թիրախային կիրառման ձևեր էլ կան:
Ձվի կճեպը, նույնիսկ մեծ քանակի դեպքում, չի վնասում բույսերին, ուստի այն, մանրեցված կամ աղացած վիճակում, հանգիստ կարելի է լցնել տնկափոսերի մեջ՝ ցանկացած բույս տնկելուց առաջ:

Սենյակային բույսերի պարարտացում

Սենյակային բույսերի պարարտացման համար օգտագործում են աղացած կամ մանրեցված ձվի կճեպով պատրաստված թուրմ: 2-3 աղացած ձվի կճեպների վրա լցնում են 2լ ջուր ու սպասում 2-3 օր, մինչև կճեպից ջրին անցնեն օգտակար տարրերը:
Ի դեպ: Ձվի կճեպով կարելի է ծաղկա-թաղարներում դրենժային շերտ պատրաստել: Չորացրած և մանրեցված կճեպները 2-3 սմ հաստությամբ շերտով լցնում են ծաղկաթաղարի հատակին, այնուհետև ավելացնում են հողախառնուրդը:

Բոստանային մշակաբույսերի արմատային սնուցում

4-5 ձվի աղացած կճեպների վրա լցնում են 2 լ եռացրած ջուր, փակում են անոթը կափարիչով ու թողնում 5-7 օր, որ լուծույթը հասունանա: Այդ ընթացքում, օրական 1-2 անգամ լուծույթը խառնում են: Պատրաստի լուծույթը 1:3 հարաբերակցությամբ բացում են ջրով և ջրում են տաքդեղի, բադրիջանի և այլ բանջարեղենի սածիլները:

Հողի թթվայնության նվազեցում

Հայտնի է, որ հողի բարձր թթվայնությունը բացասաբար է ազդում բույսերի մեծամասնության վրա: Ձվի կճեպի օգնությամբ հողի թթվայնությունը նվազեցնում են, աստիճանաբար, տարեցտարի խառնելով այն գրունտի հետ՝ 1 ք.մ.-ին մինչև 100 ձվի կճեպ:

Հողի կառուցվածքի բարելավում

Ձվի կճեպը, բացի հողը պարարտացնելուց, բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնում է այն ավելի փխրուն և օդով հագեցած:

Վնասատուների դեմ

Իշախառանչը պալարային ու սոխուկային բույսերի համար ամենավտանգավոր վնասատուն է:  Իշախառանչին վանելու համար մանրեցված ձվի կճեպները խառնում են արևածաղկի ձեթի հետ և թաղում են կարտոֆիլի կամ սոխուկավորների շարքերի արանքում կամ շուրջը փորված ակոսներում: Մեկ ամիս անց իշախառանչ այդ հատվածում չի լինի:
Բույսերի շուրջը լցված ձվի մանրեցված կճեպները պատնեշ են դառնում լորձնէակների համար, որոնք չեն սիրում խորդուբորդ մակերեսներով անցնել:

Սուրճի և թեյի մնացորդներ

Լավ այգեպանի մոտ ոչ մի օգտակար բան չի թափվում, նույնիսկ խմած սուրճի մրուրն ու թեյի խոտը կարելի է հավաքել և օգտագործել այգում: Չէ որ դրանք օրագանական նյութեր են ուրեմն քայաքյվելով, թեկուզ ոչ էականորեն, բայց կհարստացնեն հողը:  Իրականում սուրճի մրուրն ունի ացխածին-ազոտ 20:1 հարաբերակցություն կամ 1,5% ազոտի պարունակություն, ինչը համեմատելի է հնձած/կտրած խոտի հետ:
Մնացուկներում կան նաև մագնիում և կալիում, շատ քիչ լուսածին, կալցիում և երկաթ:
Այդ մնացորդները կարելի է խառնել հողի հետ, ինչը կբարելավի հողի կառուցվածքը: Կարելի է ցանքածածկ անել կամ լցնել տնկափոսերի մեջ, ի վերջո, կարելի է ավելացնել կոմպոստի կույտին: Սուրճի և թեյի մնացորդենի թթվայնությունը կնպաստի կոմպոստի արագ փտմանն ու հասունացումը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ բույսի շուրջ լցված սուրճի մրուրը վանում է այգուց լորձնէակներին: Սուրճի մեջ կա նաև ծծումբ, որը օգտակար է սխտորի աճի համար, քանի որ պաշտպանում է բույսը նեխելուց:
Նկատել են նաև, որ կատուներին որևէ տեղ կեղտոտել չթողնելու համար բավական է այդ տեղում լցնել սուրճի մնացորդներ և նարինջի կեղևի կտորներ:

Բույսերի սնուցում թռչնաղբի լուծույթով

Թռչնաղբը (թռչունների ծերտը) բարձրակարգ ու լիակազմ օրգանական պարարտանյութ է, օգտակար նյութերի կազմով ոչնչով չի զիջում և նույնիսկ գերազանցում է հանքային պարարտանյութերին: Օգտակար նյութերով առավել հարուստ են  հավերի և աղավնիների թռչնաղբերը:
Առանց մշակման թռչնաղբը կարելի է խառնել հողի հետ ուշ աշնանը, երբ չկա բույսերի արմատները այրելու վտանգ:
Ավելի հաճախ թռչնաղբը օգտագործում են դրա ջրային լուծույթով բույսերը սնուցելու համար: Լուծույթ պատրաստելու համար տակառի կամ դույլի 1/3-ի չափով լցնում են թռչնաղբ, 2/3-ի՝ ջուր: Լուծույթը լավ խառնում են և թողնում 2-4 օր “եփվելու”: Ջրելուց առաջ լուծույթին խառնում են 3-4 անգամ ավելի ծավալով ջուր: Ջրում են մոտավորապես 1,5 լ լուծույթ 1 քմ մակերեսին հաշվարկից ելնելով:
Ըստ նոր հետազոտությունների, լուծույթը 2-4 օր “եփելու” անհրաժեշտություն չկա: Խորհուրդ է տրվում անմիջապես օգտագործել լուծույթը:

Հավելյալ տեղեկություններ
  • Մեկ հավից միջին հաշվով, տարեկան կարելի է հավաքել 5-6, բադից՝ 8-9, սագից՝ 10-11 կգ թռչնաղբ:
  • Հատիկով կերակրվող թռչունների՝ հավ, աղավնի, հնդկահավ, թռչնաղբն ավելի շատ ազոտ և ֆոսֆոր է պարունակում, քան առավելապես խոտով սնվող թռչուններինը:
  • Թռչնաղբի մեջ ազոտի, ֆոսֆորի և կալիումի պարունակությունը կախված է թռչնի ստացած կերի որակից և քանակությունից:

Սոխի կլեպից պատրաստված թուրմը որպես պարարտանյութ և վնասատուների դեմ պայքարի միջոց

Սոխի կլեպը իսկական գանձ է օրգանական հողագործությամբ զբաղվող այգեպանի համար: Այն պարունակում է մի շարք օրգանական տարրեր, այդ թվում՝ կարոտին, ֆիտոնցիդներ, ինչպես նաև տարբեր վիտամիններ:
Կարոտինը բույսերի համար  հզոր հակաօքսիդանտ է, այն բարձրացնում է բույսերի դիմացկունությունը, օգնում է դիմադրել հիվանդություններին: Կարոտինը նաև բնական իմոնախթանիչ է:
Ֆիտոնիցիդներ կան սոխի ամբողջ զանգվածում, բայց հիմնականում կուտակվում են մակերեսային շերտերում ու կլեպի մեջ: Ֆիտոնիցիդները սպանում են վնասակար բակտերիաներին և սնկերին:
Որպես սածիլների առողջության գրավական, շատ օգտակար է սոխի կլեպից պատրաստված թուրմով դրանց ջրելը, ինչպես նաև ավելի մեծ բույսերը դրանցով ցողելը:
Թուրմով ջրելը նաև նպաստում է բույսերի արագ աճին

Կիրառումը

Սոխի կլեպներից պատրաստված թուրմի կիրառման արդյունավետությունը հաստատված է բազմաթիվ այգեգործների փորձով: Այն կիրառելի է բոլոր կլիմայական գոտիներում, բոլոր տեսակի հողերում, ինչպես նաև սենյակային և ջերմոցային բույսերի համար:
Ըստ բույսերի կան դոզավորման և կիրառման որոշակի տարբերություններ: Ստորև ներկայացված են կիրառման ձևեր՝ մի քանի ամենատարածված բույսերի համար:

Վարունգ

Ցավոք վարունգը իր աճի բոլոր փուլերում տարբեր փտախտերով հիվանդանալու հակում ունի: Դրա դեմն առնելու համար սեզոնի ընթացքում 3-4 անգամ պետք է թուփը մշակել սոխի կլեպի թուրմով:
Թփերը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր  մաքուր պաղ ջուր: Ստացված լուծույթը սրսկիչի միջոցով ցողում են վարունգի թփերի վրա :
Սոխի կլեպները կարելի է նաև անմիջականորեն խառնել վարունգի մարգի հողին, մոտավորապես 3լիտր կլեպը 1ք.մ.-ին հաշվարկով: Այդ դեպքում հետագա սնուցումների կարիք չի լինի: Ավելին, սոխի կլեպի թուրմով հետագա սնուցումները կարող են գերհագեցնել վարունգը սոխի եթերային յուղերով, ինչը կբերի վարունգի դառնությանը:

Լոլիկ

Սոխի կլեպի թուրմով ջրելը շատ օգտակար է լոլիկի համար: Թուրմով սնուցումը ոչ միայն պաշտպանում է լոլիկի թուփը փտախտից, այլև ամրացնում է թուփը և աշխուժացնում աճը:

Առաջին սնուցումն անում են սածիլները տնկելուց մի քանի օր հետո:  2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 6 լիտր  մաքուր պաղ ջուր:
Ստացված լուծույթը ոչ թե ցողում են թփերի վրա, այլ լցնում են ցողունի շուրջը՝ 0,5-ական լիտր ամեն մատղաշ թփին և 1-1,5-ական լիտր մեկ ամսյա և ավելի մեծ թփերին: Երկրորդ սնուցումն անում են ծաղկման շրջանում:
Սնուցումներն արվում են երեկոյան: Բույսերը ջրում են սնուցումից 24 ժամ հետո:
Բացի արմատային սնուցումից, թռչող և սողացող վնասատուներից պաշտպանվելու համար, սեզոնի ընթացքում 2 անգամ, արվում է թփերի ցողում: Թփերըը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր  մաքուր պաղ ջուր:

Այլ բանջարեղեն

Վերը, լոլիկի և վարունգի համար նշված ձևերով կարելի է սնուցել կարտոֆիլը, դդմիկը, շամամը, դդումը և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ:
Սոխի կլեպի թուրմը օգտագործվում է նև մրգատու ծառերի վնասատուների դեմ պայքարելու համար:

Սենյակային բույսեր

Իրականում շատ դյուրին է սենյակային բույսերի համար պարարտանյութ պատրաստելը: 1-2 սոխ կլպել, կլեպների վրա 1 լիտր տաք ջուր լցնել, սպասել 2 օր ու վերջ, կարող եք կիրառել: Քանի որ սոխի կլեպը ունի նաև վերականգնողական ազդեցություն, հիվանդ բույսերը արագ բուժելու համար կլեպները եռացնում են և ստացված ջուրով, սենյակային ջերմաստիճանի հասցնելուց հետո, ջրում են հիվանդ բույսը: Որպես կանոն, նման սնուցում ստանալուց հետո բույսերը վերակենդանանում են:
Սակայն կան սենյակային բույսեր՝ կակտուսներ, ֆիկուսներ, ալոյեներ, ընդհանրացնելով կարելի է ասել բոլոր հաստ ու հյութալի տերևներ ունեցող բույսերը, որոնց հակացուցված է սոխի կլեպից պատրաստված թուրմը: Դրանք կարող են թուրմի ազդեցությամբ դադարեցնել աճը:
***
Այսպիսով, սոխի կլեպից թուրմը էկոլոգիապես մաքուր միջոց է թե՛ բույսերը սնելու, թե՛ վնասատուներից պաշտպանելու համար: Դրա բոլոր բաղադրիչ նյութերը օրգանական են, չեն պարունակում նիտրատներ ու ամբողջությամբ կլանվում են բույսերի կողմից: Չիշտ է, համեմատած քիմիական նյութերի հետ արդունավետությունը ցածր է, բայց ձրի է և լիակատար անվտանգությունը երաշխավորված է:

Մոխիրը պարտեզում

Մոխիրը լավ բնական պարարտանյութ է, այն դյուրակլանելի տեսքով պարունակում է կալիում, կրածին, ֆոսֆոր, մարգանեց նաև մի շարք միկոէլեմենտներ: Ծղոտի մոխիրը ամենից հարուստն է, բայց ավելի մատչելի փայտատեսակների մոխիրը պակաս օգտակար չէ:

Մոխիրը որպես սերմերի ծլողականության խթանիչ

Սերմերի ծլելը արագացնելու համար ծղոտի կամ փայտի մոխրից պատրաստված թուրմի մեջ 3-6 ժամ թրջեք ցանկացած բանջարեղենի սերմերը, հետո չորացրեք ու ցանեք: Թուրմը պատրաստելու համար 2 ճաշի գդալ մոխիրը բացեք 1 լիտր ջրով և 48 ժամ դադարից հետո քամեք ու օգտագործեք: Ստացված թուրմը կարելի է նաև օգտագործել որպես պարարտանյութ՝ սածիլները կամ սենյակային բույսերը ջրելու համար:

Մոխիրը որպես պարարտանյութ

Մոխիր կարելի է խառնել գործնականում բոլոր բույսերի հողին: Երևի միայն գազարը չի սիրու մոխիրով հարստացված հողը: Մոխիրը կամ ուղղակիորեն խառնում են հողի հետ, կամ պատրաստում են թուրմ և դրանով ջրում կամ ցողում բույսերը:

Մոխիրը պտղատու ծառերի և թփերի համար

Ցանկացած ծառ կամ թուփ տնկելիս, որպեսզի տնկիները արագ կպչեն և զարգացնեն արմատները, խորհուրդ է տրվում փոսի մեջ մոտ 1 կգ մոխիր լցնել: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն 4 տարին մեկ մոխիրով հարստացնել ծառի կամ թփի շրջակա հողը: Այդ նպատակով ծառի բնի շուրջ փորվում է ոչ շատ խորը ակոս, որտեղ լցվում է 2 կգ մոխիր ու ծածկվում հողով:

Մոխիրը սոխի համար

Մոխիրն օգտագործվում է որպես լրացուցիչ սնուցման բաղադրիչ սոխի համար:

Մոխիրը կաղամբի համար

Միխիրն ավելացվում է կաղամբի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին, իսկ այնուհետև, հիմնական տեղը տնկելիս ավելացվում է տնկափոսի մեջ:

Միխիրն ավելացվում է պզպեղի և բադրիջանի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին: Մոխիրը այս բույսերի համար նախատեսված օրգանական և համալիր պարարտանյութերի մաս է կազմում: Բացի այդ, խոնավ և զով ամառներին, երբ այս բույսերին ավելի շատ կալիում է անհրաժեշտ, խորհուրդ է տրվում մոխիրը լցնել անմիջապես բույսերի տակ՝ 1-2 բաժակ ամեն քառակուսի մետրին:

Մոխիրը ելակի համար

Ելակին գարնան սկզբում լրացուցւիչ սնուցում են տալիս մոխրի թուրմով կամ մոխիրը խառնում են թփերին շրջակա հողին: Այսպիսի սնուցումը նպաստում է պտուղների շատացմանը: Ելակի նոր մարգ ստեղծելիս էլ մոխիր են լցնում տնկափոսորակների մեջ:

Մոխիրը շաղգամի համար

Մոխիր են լցնում այն ակոսների մեջ, ուր ցանում են շաղգամի սերմերը: Այնուհետև մոխիր են լցնում շաղգամի առաջին ծիլերի վրա: Հետագայում, երկու շաբաթը մեկ անգամ ջրում են մոխրի թուրմով (մեկ բաժակ մոխիր մեկ դույլ ջրին): Մոխիրը շաղգամի համար լավագույն պարարտանյութն է:

Մոխիրը վարունգի համար

Վարունգի սածիլը տնկելիս, ամեն փոսի մեջ լցնում են մեկական բաժակ մոխիր:

Մոխիրը լոլիկի համար

Մոխրի թուրմով սնուցում են լոլիկի սածիլները: Սածիլները տնկելիս ամեն փոսի մեջ ավելացնում են 2 ճաշի գդալ մոխիր:

Մոխիրը կարտոֆիլի համար

Խորհուրդ է տրվում ցանելուց առաջ սերմացու կարտոֆիլը փոշոտել մոխիրով կամ մեկ բուռ մոխիր լցնել տնկափոսի մեջ:

Մոխիրը բողկի համար

Հողը կալիումով հարստացնելու նպատակով խորհուրդ է տրվում մոխիր ավելացնել ցանման ակոսի մեջ: Եթե հողի մեջ կալիումի պակաս կա, բողկի արմատապտուղ չի  գոյանում:

Մոխիրը կոմպոստի համար

Մոխիրն արագացնում է օրգանական մնացուկների քայքայումը, ուստի այն լայնորեն կիրառվում է կոմպոստ սարքելիս և տաք մարգերում: Մոխիրը նաև հարստացնում է կոմպոստը, հագեցնում այն հանքանյութերով և միկրոէլեմենտներով:

Մոխիրը որպես վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց

Անհիշելի ժամանակներից մոխիրն օգտագործվում է վնասարար մանրեների և միկրոօրգանիզմների դեմ: Կիրառվում է ինչպես մխրի թուրմով բույսերը, դրանց տերևները ցողելը, այնպես էլ դրանց վրա և դրանց շուրջ մոխիր ցանելը:

Մոխիրը որպես բերքի պահպանման միջոց

Մոխիրը հակասեպտիկ և հակասնկային հատկություն ունի, ուստի մոխիրով հաճախ մշակում են երկարատև պահպանման դրվող բանջարեղենը: Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը փոշոտում են մոխրով, սխտորը դարսում են տուփի մեջ մոխիր լցնելով շերտերի արանքում:

Մոխիրի այլ կիրառումներ

Մոխիրն անհրաժեշտ է խառնել թթվային հողերի հետ: Այն բարելավում է հողի կառուցվածքը, բարենպաստ պայմաններ է ստեղծում հողում ապրող միկրոօրգանիզմների համար և նվազեցնում է թթվայնությունը: Միևնույն ժամանակ մոխրի կիրառումը հողի թթվայնությունը նվազեցնելու համար շատ ավելի անվտանգ է քան հանգած կրինը:

Մոխրով մշակում են բույսերի կտրվածքներն ու վնասված տեղերը:

Մոխիրը խառնում են փայտի թեփի հետ և օգտագործում են որպես ցանքածածկ:

Մի խոսքով, մի շտապեք թափել այգում առաջացող փայտանյութը; ` այրեք այն և օգտագործեք ի նպաստ ձեր բույսերի: