Ռեհան աճեցնելը տանը և բակում. Ռեհանի տեսակները. Ռեհանի արագ բազմացումը տնկաշիվերով:
Ռեհանը օգտակար բույս է և անփոխարինելի համեմունք: Առանձնապես համով է ռեհանը լոլիկի հետ: Ռեհանը հարուստ է եթերային յուղերով և С, В1, В2, РР վիտամիններով: Ռեհանն օգտագործվում է նաև որպես տնական խոտային կոսմետիկայի բաղադրիչ: Լավ պայմաններում ռեհանն աճում է և՛ բաց երկնքի տակ, և՛ ջերմոցներում, և՛ պատշգամբի թաղարներում և, նույնիսկ տանը՝ լուսամուտի գոգին:
Ռեհան (անգլ.՝ Basil, ռուս.՝ Базилик, լատ.՝ Ocimum), այլ անուններն են՝ շահասպրամ, արքայիկ, ասպրամ, պատրուճ: Հայրենիքը Հնդկաստանն է, լայնորեն օգտագործվում է հնդկական և թամիլական բժշկության մեջ: Հայաստանի բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին (Ocimum basilicum): Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։ Ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր:
Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։ Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
Սուրբ Ռեհանը 0,5-1,5 մ բարձրությամբ արևադարձային թուփ է: Տերևներն ունենում են 2-4 սմ երկարություն: Մանր, գեղեցիկ ու բուրումնավետ ծաղիկները կազմում են ծաղկաբույլեր: Սուրբ Ռեհանը հինդուիստական կրոնական խորհրդանիշերից է:
Բուրավետ ռեհան (Ocimum basilcum)
Ռեհան Բուրավետը, կամ Ռեհան Կամֆարայինը ամենատարածված տեսակն է, որն աճեցվում է ողջ աշխարհում: Այս տեսակի թփերը հասնում են մինչև 50 սմ բարձրության և ունեն բավականին տտիպ, մեխակի համը հիշեցնող համ:
Բուրավետ ռեհանի լավագույն տեսակներն են.
Ռեհան Կախարդական Միքայել (Basil Magical Michael) — շատ լավ թփակալում է:
Ռեհան Մամոնտ (Basil Mammoth) — ունի խոշոր տերևներ և բավականին սուր համ:
Դարչնային, կամ Մեքսիկական ռեհանը ունի մանուշակագույն ծաղիկներ, թուփը հասնում է մինչև 50 սմ բարձրության, իսկ տերևներն համն ունի դարչնային երանգ:
Մանուշակագույն ռեհան
Հայաստանում ամենատարածված տեսակը մանուշակագույն ռեհանն է: Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20–80 սմ: Տերևները ձվաձև են, ատամնաեզր: Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն: Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանման է: Մանուշակագույն ռեհանի տարածված տեսակներ են՝ Osmin Purple, Red Rubin, Purpurascens և Purple Ruffles:
Կիտրոնային ռեհանն ունի ուժեղ լիմոնի հոտ և համ: Այս տեսակը գոյացնում է մեծ ծավալի տերևային զանգված՝ մինչև 250 գրամ մեկ թփից: Կիտրոնային ռեհանը հաճախ է օգտագործվում ձկնային ուտեստներում: Հայտնի են Կիտրոնային ռեհանի Mrs. Burns, Lesbos տեսակները:
Ռեհան թաիլանդական կամ անիսոնային
Ռեհանի աճեցման առանձնահատկությունները
Շրջակա միջավայրի պայմանները
Ռեհանը շատ ջերմասեր է և չի հանդուրժում նույնիսկ փոքր սառնամանիքները (0°C և ցածր), այն շատ վատ է աճում ցածր դրական ջերմաստիճաններում: Սերմերը արագ ծլում են միայն բարձր ջերմաստիճանում: Օդի +25…+35 °Cջերմության դեպքում ծիլերը հայտնվում են 4–7 օրվա ընթացքում, +20…+22 °C–ի դեպքում` 9–11 օրում։ +10°C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում սերմերը սկսում են փտել և գրեթե չեն ծլում: Ռեհանի սածիլները լավ են աճում մինչև 10 սմ խորության վրա հողի +18…+20°C ջերմության դեպքում։ Ռեհանի աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը +25°C է։
Ռեհանը պահանջում է մշտապես չափավոր խոնավ հող, խոնավության պակասը բացասաբար է անդրադառնում բույսերի վեգետատիվ զանգվածի վրա։ Հողում խոնավությունը պահպանելու և մոլախոտերին ճնշելու համար, խորհուրդ է տրվում ցանքածածկ անել ռեհանի շուրջը։
Ռեհան լավ է աճում արևկող, լավ լուսավորված վայրերում: Կիսաստվերում նվազում է կանաչ զանգվածի բերքատվությունը, ինչպես նաև եթերայուղի քանակն ու որակը։
Ռեհանը պահանջում է լավ դրենաժով, բերրի հող՝ օրգանական նյութերի բարձր պարունակությամբ: Այն կարող է աճել 4,3-8,2 pH-ով հողերում, սակայն ռեհանի համար pH 6,4-ը օպտիմալ է։ Եթե հողում բավարար քանակությամբ սննդանյութեր չկան, հիմնական պարարտանյութին ավելացվում է 135–135–135 կգ/հա N–P2O5–K2O։
Ռեհանի համար լավագույն նախորդներն են վարունգը, կարտոֆիլը, լոբազգիները։ Շատ լավ տարբերակ է սպիտակ մանանեխ + գարնանային գարին որպես ծածկույթ, որն օգնում է հողը մաքրել մոլախոտերից և ռեհանի կանաչի մեջ մակրոէլեմենտներ (ազոտ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, կալցիում) կուտակել։
Հիվանդությունների ուժեղ զարգացման վտանգի պատճառով, խորհուրդ չի տրվում ռեհան աճեցնել առանց ցանքաշրջանառության, ինչպես նաև Lamiaceae ընտանիքի մշակաբույսերից հետո (անանուխ, եղեսպակ, կիտրոնի բալասան, սուսամբար և այլն)։
Ռեհանի բազմացումը սերմով և տնկաշիվերով
Մեծամասամբ ռեհանը բազմացնում են պարզապես սերմերը ցանելով: Ընդորում, կարելի է ցանել անմիջապես բաց երկնքի տակ, կամ սկզբում սածիլներ աճեցնել ջերմոցում կամ տանը:
Ցանելուց առաջ խորհուրդ է տրվում սերմերը 1-2 օր պահել խոնավ կտավի կամ ջրի մեջ:
Սերմերը ծլում են 5-7 օրում: Ծիլերը լավ լուսավորության կարիք ունեն՝ օրական առնվազն 16 ժամվա ընթացքում: 5 սմ բարձրության հասած սածիլները կարելի է տեղափոխել իրենց մշտական տեղը: 4-6 տերևներ գոյանալուց հետո կարելի է կտրել բույսի ծայրը, որպեսզի կողային շիվեր աճեն և թփակալում լինի:
Ռեհանի աճող թփից կամ, նույնիսկ խանութից գնված թարմ ռեհանից կարելի է հեշտությամբ ստանալ նոր տնկաշիվեր: Պետք է պարզապես գագաթից կամ մեջտեղից կտրված շյուղը դնել ջրի մեջ: 5-7 օրից շյուղերը կսկսեն արմատակալել, իսկ 2 շաբաթից պատրաստի սածիլները կարելի կլինի տնկել մշտական տեղում:
Խնամքը
Ռեհանի աճեցման գլխավոր պայմաններն են՝ պարբերաբար ջրարփիացվող փխրուն, ջրանցիկ հողը, արևկող տեղը, տաք եղանակը: Ռեհանը շատ լավ աճում է նաև ծաղկաթաղարի մեջ, սակայն թաղարի մեջ աճեցվող բույսերը լրացուցիչ սնուցման կարիք ունեն: Ռեհանի համար խորհուրդ է տրվում սնուցում անել ազոտով հարուստ օրգանական պարարտանյութերով: Ձմռանը ռեհանով ծաղկաթաղարը պետք է տեղափոխել տաք տեղ՝ թեկուզ խոհանոցի լուսամուտի գոգը: Եվ ընդհանրապես, սենյակում, լավ լուսավորության առկայությամբ ռեհան կարելի է աճեցնել շուրջ տարին: Լավագույն ջերմաստիճանը ռեհանի աճեցման համար +25⁰ է:
Այգում աճեցնելիս, նկատի ունեցեք, որ ռեհանի համը հաճելի է նաև վնասատուներին: Բույսը պետք է պաշտպանել խխունջներից ու մաղասէակներից:
Ռեհանի համար լավ “հարևան” են լոլիկը, պղպեղը, ծնեբեկը, հազարը, կաղամբը:
Ինչպես հավաքել ռեհանը
Լրացուցիչ բերքից չզրկվելու համար ճիշտ կլինի ոչ թե արմատներով հանել ռեհանը հողից, այլ կտրել վերևի մասից՝ բույսի վրա թողնելով առնվազն 4 տերևներ: Եթե սերմ կամ ծաղիկներ ստանալու անհրաժեշտություն չկա, գոյանալուն պես պետք է կտրել նաև սերմակոկոնները:
Ռեհանի ծլեցված սերմեր և միկրոկանաչի աճեցնելը
Ուտելու համար ռեհանի սերմեր ծլեցնելը
Սերմերը լավ լվանում են և 2-3 օր թրջում են՝ փոխելով ջուրը յուրաքանչյուր 12 ժամը մեկ (կամ ավելի հաճախ)։
Ինչպես ռեհանի միկրոկանաչի աճեցնել
Թրջելը: Ոչ, անհրաժեշտություն չկա։
Ողողել/քամել: Պարտադիր չէ, ցողելը լավագույն ձևն է խոնավությունն ապահովելու համար:
Ծլելու ժամկետը։ 2-3 օր։
Պատրաստ լինելը։ Մոտ 15 օրից:
Ավելի մանրամասն աճեցման մասին
Քայլ 1․Նախապատրաստում
Լավ կլինի ստուգված մատակարարից որակյալ սերմեր ձեռք բերել: Աճեցնելու համար անհրաժեշտ է սաղր աման (օրինակ 25սմ x50սմ չափի մատուցարան), որի վրա պետք է լցնել 2-2,5 սմ բարձրությամբ ստերիլ հող կամ այլ, օրինակ կոկոսի մանրաթելի, սուբստրատ։
Քայլ 2․ Ցանելը
Հողը կամ սուբստրատը լավ խոնավացնում են և ռեհանի սերմերը խիտ ու հավասարաչափ ցանում են ողջ մակերեսին։ Սերմերը խոնավությունը պետք է կլանեն սուբստրատից, այնպես որ շատ կարևոր է այն մշտապես խոնավ պահել։ Ցանքը ծածկելու կարիք չկա։
Քայլ 3․ Խնամքը
Ցանելուց 2-3 օր անց սերմերը կսկսեն ծլել։ Ցանքը պետք է տեղադրել լուսավոր վայրում և պարբերաբար ցողել։
Քայլ 4․ Բերքահավաք
Մոտ 15 օրից ռեհանի ծիլերը հասնում են 5-8 սմ բարձրության և պատրաստ են բերքահավաքին։
Ռեհանի միկրոկանաչու օգտակարությունը
Ռեհանի միկրոկանաչին լի է օգտակար տարրերով, այն պարունակում է պրոտեին, E, A, K, B6 և C վիտամիններ, ինչպես նաև կրածին, երկաթ, ցինկ, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր և կալիում։
Բացի այդ ռեհանի միկրոկանաչին ունի՝
Հակաբորբոքայի և հակաբակտերիալ հատկություն։
Կրածինի շնորհիվ ատամներն ու ոսկորները ամրացնելու հատկություն։
Հորմոնալ կարգավորման հատկություն։
Արյան արտադրության խթանման և մակարդելիության կարգավորման հատկություն։