Tag Archives: փտախտ

Սոխի կլեպից պատրաստված թուրմը որպես պարարտանյութ և վնասատուների դեմ պայքարի միջոց

Սոխի կլեպը իսկական գանձ է օրգանական հողագործությամբ զբաղվող այգեպանի համար: Այն պարունակում է մի շարք օրգանական տարրեր, այդ թվում՝ կարոտին, ֆիտոնցիդներ, ինչպես նաև տարբեր վիտամիններ:
Կարոտինը բույսերի համար  հզոր հակաօքսիդանտ է, այն բարձրացնում է բույսերի դիմացկունությունը, օգնում է դիմադրել հիվանդություններին: Կարոտինը նաև բնական իմոնախթանիչ է:
Ֆիտոնիցիդներ կան սոխի ամբողջ զանգվածում, բայց հիմնականում կուտակվում են մակերեսային շերտերում ու կլեպի մեջ: Ֆիտոնիցիդները սպանում են վնասակար բակտերիաներին և սնկերին:
Որպես սածիլների առողջության գրավական, շատ օգտակար է սոխի կլեպից պատրաստված թուրմով դրանց ջրելը, ինչպես նաև ավելի մեծ բույսերը դրանցով ցողելը:
Թուրմով ջրելը նաև նպաստում է բույսերի արագ աճին

Կիրառումը

Սոխի կլեպներից պատրաստված թուրմի կիրառման արդյունավետությունը հաստատված է բազմաթիվ այգեգործների փորձով: Այն կիրառելի է բոլոր կլիմայական գոտիներում, բոլոր տեսակի հողերում, ինչպես նաև սենյակային և ջերմոցային բույսերի համար:
Ըստ բույսերի կան դոզավորման և կիրառման որոշակի տարբերություններ: Ստորև ներկայացված են կիրառման ձևեր՝ մի քանի ամենատարածված բույսերի համար:

Վարունգ

Ցավոք վարունգը իր աճի բոլոր փուլերում տարբեր փտախտերով հիվանդանալու հակում ունի: Դրա դեմն առնելու համար սեզոնի ընթացքում 3-4 անգամ պետք է թուփը մշակել սոխի կլեպի թուրմով:
Թփերը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր  մաքուր պաղ ջուր: Ստացված լուծույթը սրսկիչի միջոցով ցողում են վարունգի թփերի վրա :
Սոխի կլեպները կարելի է նաև անմիջականորեն խառնել վարունգի մարգի հողին, մոտավորապես 3լիտր կլեպը 1ք.մ.-ին հաշվարկով: Այդ դեպքում հետագա սնուցումների կարիք չի լինի: Ավելին, սոխի կլեպի թուրմով հետագա սնուցումները կարող են գերհագեցնել վարունգը սոխի եթերային յուղերով, ինչը կբերի վարունգի դառնությանը:

Լոլիկ

Սոխի կլեպի թուրմով ջրելը շատ օգտակար է լոլիկի համար: Թուրմով սնուցումը ոչ միայն պաշտպանում է լոլիկի թուփը փտախտից, այլև ամրացնում է թուփը և աշխուժացնում աճը:

Առաջին սնուցումն անում են սածիլները տնկելուց մի քանի օր հետո:  2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 6 լիտր  մաքուր պաղ ջուր:
Ստացված լուծույթը ոչ թե ցողում են թփերի վրա, այլ լցնում են ցողունի շուրջը՝ 0,5-ական լիտր ամեն մատղաշ թփին և 1-1,5-ական լիտր մեկ ամսյա և ավելի մեծ թփերին: Երկրորդ սնուցումն անում են ծաղկման շրջանում:
Սնուցումներն արվում են երեկոյան: Բույսերը ջրում են սնուցումից 24 ժամ հետո:
Բացի արմատային սնուցումից, թռչող և սողացող վնասատուներից պաշտպանվելու համար, սեզոնի ընթացքում 2 անգամ, արվում է թփերի ցողում: Թփերըը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր  մաքուր պաղ ջուր:

Այլ բանջարեղեն

Վերը, լոլիկի և վարունգի համար նշված ձևերով կարելի է սնուցել կարտոֆիլը, դդմիկը, շամամը, դդումը և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ:
Սոխի կլեպի թուրմը օգտագործվում է նև մրգատու ծառերի վնասատուների դեմ պայքարելու համար:

Սենյակային բույսեր

Իրականում շատ դյուրին է սենյակային բույսերի համար պարարտանյութ պատրաստելը: 1-2 սոխ կլպել, կլեպների վրա 1 լիտր տաք ջուր լցնել, սպասել 2 օր ու վերջ, կարող եք կիրառել: Քանի որ սոխի կլեպը ունի նաև վերականգնողական ազդեցություն, հիվանդ բույսերը արագ բուժելու համար կլեպները եռացնում են և ստացված ջուրով, սենյակային ջերմաստիճանի հասցնելուց հետո, ջրում են հիվանդ բույսը: Որպես կանոն, նման սնուցում ստանալուց հետո բույսերը վերակենդանանում են:
Սակայն կան սենյակային բույսեր՝ կակտուսներ, ֆիկուսներ, ալոյեներ, ընդհանրացնելով կարելի է ասել բոլոր հաստ ու հյութալի տերևներ ունեցող բույսերը, որոնց հակացուցված է սոխի կլեպից պատրաստված թուրմը: Դրանք կարող են թուրմի ազդեցությամբ դադարեցնել աճը:
***
Այսպիսով, սոխի կլեպից թուրմը էկոլոգիապես մաքուր միջոց է թե՛ բույսերը սնելու, թե՛ վնասատուներից պաշտպանելու համար: Դրա բոլոր բաղադրիչ նյութերը օրգանական են, չեն պարունակում նիտրատներ ու ամբողջությամբ կլանվում են բույսերի կողմից: Չիշտ է, համեմատած քիմիական նյութերի հետ արդունավետությունը ցածր է, բայց ձրի է և լիակատար անվտանգությունը երաշխավորված է: