Հալվե վերան (անգլ.՝ Aloe vera, ռուս.՝ Алоэ настоящее, Алоэ вера, լատ.՝ Alóe véra, Aloe Barbadensis Miller) Հալվե ցեղի սուկուլենտ բույս է: Հայրենիքը Աֆրիկան է և Մադագասկար կղզին, աճում է անապատային և կիսաանապատային վայրերում, չոր կլիմայում:
Հալվե վերան լայն կիրառություն է գտել բժշկության և կոսմետոլոգիայի բնագավառներում: Ժողովրդական բժշկության մեջ նույնպես շատ է կիրառվում:
Հալվե վերան, որպես սենյակային բույս, հաջողությամբ աճեցվում է ողջ աշխարհում: Լավ խնամքի դեպքում այն կարող է նույնիսկ ծաղկել սպիտակ, դեղին կամ նարնջագույն ծաղիկներով:
Խնամքը
Հալվե վերան պահանջկոտ բույս չէ, մի քանի հեշտ կանոնների հետևելով կարելի է շատ լավ բույս աճեցնել:
Լուսավորությունը
Հալվե վերային լավ աճի համար անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, բայց արևի ուղիղ ճառագայթների ներքո բույսի վրա կարող են այրվածքներ արաջանալ: Այրվածքները կարող են լինել մուք շագանակագույն կամ նարնջագույն բծերի տեսքով:
Խորհուրդ է տրվում սենյակում Հալվե վերան տեղադրել արևելյան կամ արևմտյան լուսամուտների գոգին:
Հողախառնուրդը և պարարտացումը
Հալվե վերան տնկելու կամ այլ ծաղկաման տեղափոխելու համար կարելի է կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ գնել:
Ինքնուրույն պատրաստելու համար առաջարկվում են հետևյալ բաղադրատոմսերը՝
- Տարբերակ
Հավասար ծավալներով խառնել
- խանութից գնված պատրաստի հողախառնուրդ սենյակային բույսերի համար;
- գետի, լվացած, խոշոր ավազ կամ գրանիտի մանրախիճ:
2. Տարբերակ
Հավասար ծավալներով խառնել
- խանութից գնված պատրաստի հողախառնուրդ սենյակային բույսերի համար;
- գետի, լվացած, խոշոր ավազ;
- ագրոպեռլիտ կամ կարմիր ավազ:
3. Տարբերակ
Խառնել
- Ճիմահող – 2 մաս;
- Տերևային բուսահող – 1 մաս;
- Փտած գոմաղբ կամ կոմպոստ – 1 մաս;
- Խոշոր գետի ավազ կամ կարմիր ավազ – 1 մաս:
Բոլոր տարբերակներով պատրաստված հողախառնուրդներին կարելի է ավելացնել շատ փոքր քանակություններով փայտի մոխիր և/կամ չեզոք կամ թույլ թթվային տորֆ:
Ծաղկամանը պետք է լավ դրենաժային շերտ ունենա, իսկ հողախառնուրդը արմատների համար ապահովի առավելագույն ջրա և օդաթափանցիկություն:
Հալվե վերայի սնուցումը պարարտանյութերով կատարվում է տարին մեկ անգամ, գարնանը կամ ամռանը՝ բույսի ակտիվ աճի շրջանում:
Օդի ջերմաստիճանը
Զմռանը, երբ Հալվե վերան մտնում է հանգստի ռեժիմ, ցանկալի է ապահովել +14 – +17°C: Տարվա մյուս եղանակներին ամենից հարմարավետ ջերմաստիճանը +18 – +26°C է:
Օդի խոնավությունը
Ճիշտ և ժամանակին ջրելու դեպքում օդի խոնավությունը բույսի համար կարևոր նշանակություն չունի: Ջրով ցողելու անհրաժեշտություն նույնպես չկա:
Ջրելը
Հալվե վերան հաստ, հյութալի տերևներ ունի, որոնց մեջ պաշարում է ջուրը: Ուստի հաճախակի ջրելու անհրաժեշտություն չկա և պետք է խուսափել բույսը ջրախեղդ անելուց, ինչը կարող է փտեցնել բույսը:
Հալվե վերան ջրում են գոլ, հնացված ջրով, ծաղկամանի հողը չորանալուց հետո:
Ջրելիս պետք է խուսափել բույսի տերևները թրջելուց:
Տեղափոխումը
Առողջ Հալվե վերան արագ է աճում և բույսի կողերից շատ “ձագուկներ” են բուսնում:
Տեղափոխումը ավելի մեծ ծաղկամանի մեջ անում են երբ բույսի արմատներն ամբողջությամբ զբաղեցնեն եղած ծաղկամանը: Նախընտրելի են լայն, ոչ շատ խորը ծաղկամանները, քանի որ Հալվե վերայի արմատները ավելի շատ մակերեսայն աճ ունեն:
Խորհուրդ է տրվում տեղափոխումը կատարել բույսի արմատները զգուշորեն ազատելով հին հողից, քանի որ հին հողն արդեն ամբողջովին զուրկ կլինի սննդարար տարրերից:
Տեղափոխելուց հետո բույսը պետք է լավ ջրել ու այլևս չջրել մոտ 3 շաբաթ:
Տեղափոխությունից հետո կարող է տեղի ունենալ բույսի գույնի փոփոխություն:
Բազմացումը
Հալվե վերան կարելի է բազմացնել կողային “ձագուկներով”,
տերևներով և սերմերով:
“Ձագուկներով” բազմացնելու համար ախտահանված սուր դանակով առանձնացնում են առնվազն 3-4 տերև ձևավորած “ձագուկը” մորից: Առաջացած վերքերը մշակում են ակտիվացված ածխի փոշիով: Եթե առանձնացված “ձագուկն” ունի սեփական արմատներ, ապա այն կարելի է անմիջապես տնկել, իսկ եթե ոչ, ապա պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են տերևով բազմացնելիս:
Տերևով բազմացնելու համար ախտահանված, սուր դանակով կտրում են տերևը և կտրած տեղը մշակում ակտիվացված ածխի փոշիով: Այնուհետև կտրված տերևը թողնում են 2-3 օր՝ որպեսզի վերքը չորանա:
Ծաղկամանի մեջ լցնում են մաքուր, խոնավ ավազ, որի մեջ էլ տնկում են տերևը: Մոտ մեկ շաբաթից տերևը կարմատակալի:
Սերմերով բազմացնելու համար, հողախառնուրդով լի ծաղկաթաղարի մեջ, 2 սմ միմյանցից հեռու դնում են Հալվե վերայի սերմերը և սեղմելով մի թեթև խրում հողի մեջ: Հետո ավազի բարակ շերտով ծածկում են սերմերը:
Ծաղկաթաղարը իր բարձրության 1/3-ով ընկղմում են ջրի մեջ, ծածկում ցելոֆանով կամ ապակիով և տեղադրում լուսավոր տեղում: Ստեղծված մինիջերմոցում պետք է լինի +25 – +32°C: 3-4 օրից պետք է հայտնվեն առաջին ծիլերը:
Առանձին ծաղկամաների մեջ նոր բույսերը կարելի կլինի տեղափոխել տերևների ձևավորվելուց հետո:
Ոչ բարենպաստ պայմաններ
- Լույսի պակաս: Բույսը շատ է ձգվում վեր: Պետք է ավելացնել լուսավորությունը:
- Հողի գերխոնավություն: Փտում են բույսի արմատներն ու ցողունի ներքին հատվածը կամ դալկանում ու չորանում են տերևները: Դադարեցնել ջրելը և ջրել միայն հողը չորանալուց հետո:
- Սառը ջրով ջրելը: Տերևները հանկարցակաի պոկվում են: Պետք է բացառել սառը ջրով ջրելը:
- Քիչ ջրելը: Տերևների վրա շագանակագույն բծեր են առաջանում: Պետք է ավելի առատ ջրել:
- Սնկով վարակվելը: Փափուկ, մուգ բծեր տերևների վրա: Պետք է մշակել բույսը ֆունգիցիդով, իսկ կանխարգելման համար, հաճախ օդափոխել սենյակը:
Վնասատուները
- Ալրատիզ
- Վահանամիջատ
- Սարդոստայնային տիզը
- Նեմատոդա
- Տրիփսեր
- Ֆիլոքսերա
Արտաքին հղումներ
- Ալոեի 10 օգտակար հատկությունները:
- Aloe vera. From Wikipedia, the free encyclopedia.
- How to Grow and Care for an Aloe Vera.
- Aloe vera – Medicinal Aloe, Barbados Aloe.
- 7 Amazing Uses for Aloe Vera.
- 10 Things You Can Do With Aloe Vera.
- Алоэ настоящее. Материал из Википедии — свободной энциклопедии.
- Болезни и вредители алоэ.