Tag Archives: ծերտ

Բույսերի սնուցում թռչնաղբի լուծույթով

Թռչնաղբը (թռչունների ծերտը) բարձրակարգ ու լիակազմ օրգանական պարարտանյութ է, օգտակար նյութերի կազմով ոչնչով չի զիջում և նույնիսկ գերազանցում է հանքային պարարտանյութերին: Օգտակար նյութերով առավել հարուստ են  հավերի և աղավնիների թռչնաղբերը:
Առանց մշակման թռչնաղբը կարելի է խառնել հողի հետ ուշ աշնանը, երբ չկա բույսերի արմատները այրելու վտանգ:
Ավելի հաճախ թռչնաղբը օգտագործում են դրա ջրային լուծույթով բույսերը սնուցելու համար: Լուծույթ պատրաստելու համար տակառի կամ դույլի 1/3-ի չափով լցնում են թռչնաղբ, 2/3-ի՝ ջուր: Լուծույթը լավ խառնում են և թողնում 2-4 օր “եփվելու”: Ջրելուց առաջ լուծույթին խառնում են 3-4 անգամ ավելի ծավալով ջուր: Ջրում են մոտավորապես 1,5 լ լուծույթ 1 քմ մակերեսին հաշվարկից ելնելով:
Ըստ նոր հետազոտությունների, լուծույթը 2-4 օր “եփելու” անհրաժեշտություն չկա: Խորհուրդ է տրվում անմիջապես օգտագործել լուծույթը:

Հավելյալ տեղեկություններ
  • Մեկ հավից միջին հաշվով, տարեկան կարելի է հավաքել 5-6, բադից՝ 8-9, սագից՝ 10-11 կգ թռչնաղբ:
  • Հատիկով կերակրվող թռչունների՝ հավ, աղավնի, հնդկահավ, թռչնաղբն ավելի շատ ազոտ և ֆոսֆոր է պարունակում, քան առավելապես խոտով սնվող թռչուններինը:
  • Թռչնաղբի մեջ ազոտի, ֆոսֆորի և կալիումի պարունակությունը կախված է թռչնի ստացած կերի որակից և քանակությունից: