Tag Archives: հոտավետ ոլոռիկ

Հոտավետ ոլոռիկ

Հոտավետ ոլոռիկը (անգլ․՝ Sweet pea, ռուս․՝ Чина душистая, Душистый горошек, լատ.՝ Láthyrus odorátus) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքին պատկանող տափոլոռի տեսակ է: Վայրի վիճակում աճում է Հարավային Իտալիայում և Սիցիլիա կղզում։ Ցողունը բարակ է, թույլ, սողացող։ Տերևները զույգ փետրաձև են, վերջանում են բեղիկներով, որոնց միջոցով բույսը կպչում է հենարանին և բարձրանում մինչև 1, 5-ից մինչև 2 մետր։ Ծաղիկները խոշոր են, հոտավետ, վառ կարմիր, երկնագույն, մուգ կապույտ գույների։ Բազմացվում է սերմերով, ծաղկում է շատ առատ։ Որպես դեկորատիվ բույս վաղուց մշակվում և օգտագործվում է այգիների, պուրակների, պատշգամբների կանաչապատման համար։
Բազմամյա բույս է, պահանջկոտ է լույսի և ջերմության նկատմամբ: Սակայն ցրտադիմացկուն էլ է, կարող է դիմանալ օդի ջերմաստիճանի մինչև -5°C կարճատև իջեցմանը:

Հոտավետ ոլոռիկ աճեցնելու հետ կապված որոշ նրբություններ
  1. Հոտավետ ոլոռիկն իմաստ չունի սածիլել, որովհետև այն լավ չի տանում տեղափոխումը: Բացի այդ, եթե մտադիր եք սածիլը աճեցնել լուսամուտի գոգին, ապա լույսը չի բավարարելու և սածիլը ձգվելու է:
  2. Սերմերը պինդ թաղանթ ունեն, այնպես որ լավ կլինի ցանելուց առաջ դրանք 2-3 ժամ թրջել գոլ ջրում ու այնուհետև ծլեցնել խոնավ լաթե անձեռոցիկի մեջ:  Ծլած սերմերն անմիջապես ցանվում են իրենց համար նախատեսված տեղում: Կա բացառություն: Հոտավետ ոլոռիկի տեսակներ կան՝ բաց դեղնավուն և սպիտակ ծաղիկներով, որոնց սերմերը թրջելուց փչանում են: Դրանց սերմերը ցանում են չոր վիճակում:
  3. Ցանել սերմերը պետք է ամենալուսավոր տեղում՝ 2-3 սմ խորությամբ: Այլ տեղերում էլ հոտավետ ոլոռիկը կծաղկի, բայց ավելի ուշ ու ոչ այնքան բուռն, որքան արևի տակ:
  4. Հողը, որտեղ աճեցնելու եք հոտավետ ոլոռիկը, պետք է պարարտ լինի, չափավոր խոնավ և ոչ թթվային (рН մինչև 7,5):
  5. Որպեսզի կողային ճյուղեր առաջանան, առաջին երեք տերևներն առաջանալուց հետո բույսի գագաթը պետք է կտրել:
  6. Բույսին պետք է աճի ճիշտ ուղղություն տալ և կապել ճյուղերը այնպես, որ կրող պատվանդանը, ցանկապատը կամ հյուսացանցը հավասարապես փաթաթված լինի բույսով:
  7. Ջրել պետք է կանոնավոր և առատ:
  8. Ամիսը երկու անգամ լրացուցիչ սնուցում կատարեք օրգանական պարարտանյութերով:
  9. Եթե ժամանակին հեռացվեն ծաղկելն ավարտած ծաղկաբույլերը, կարելի կլինի բույսի ծաղկելը երկարաձգել մինչև խոր աշուն:
  10. Խորհուրդ չի տրվում հաջորդ տարին հոտավետ ոլոռիկը նույն տեղում ցանել, բայց եթե դա անհրաժեշտ է, պետք է փոխել հողի նվազագույնը վերին շերտը և չմոռանալ կանոնավոր պարարտացնել:
Հղումներ